Օրինագիծը` որպես պատժամիջոց, նախատեսում էր մեկ տարվա ազատազրկում կամ տուգանք` 45 հազար եվրոյի չափով: Օրինագծի հեղինակն է Ֆրանսիայի Ազգային ժողովի մարսելցի պատգամավոր Վալերի Բուայեն, որին այս օրինագծի պատճառով Ֆրանսիայի թուրքերը նույնիսկ սպառնացել էին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը 2011-ի դեկտեմբերի 22-ին ձայների մեծամասնությամբ ընդունեց օրինագիծը, որը թեժ քննարկումների պատճառ դարձավ Թուրքիայում:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք սպառնալիքներ ուղղեց Ֆրանսիային: Պաշտոնական Անկարան նույնիսկ հետ կանչեց իր դեսպանին Փարիզից: Էրդողանը սպառնացել է, որ եթե Սենատն ընդունի օրինագիծը, ապա Թուրքիան էլ իր որոշումները կիրականացնի: Թե կոնկրետ ինչ որոշումների մասին է խոսքը, թուրք վարչապետը չի մանրամասնել: Ավելին` Էրդողանը երդվել է օրինագծի ընդունման դեպքում այլեւս ոտք չդնել Ֆրանսիա:
Հիշեցնենք, որ Փարիզում ցույցի էին դուրս եկել թե ֆրանսահայերը` աջակցելու օրինագծի ընդունմանը, թե Ֆրանսիայում բնակվող թուրքերը` արտահայտելու իրենց դժգոհությունը:
Մոտ 7,5 ժամ տեւած քննարկումն ավարտվեց Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ: Ավելի վաղ, մեկ ամիս առաջ` դեկտեմբերի 22-ին, օրինագիծն ընդունել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի ստորին պալատը: Իսկ ավելի ուշ, Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի առաջարկը` օրինագծի անընդունելի լինելու մասին, սենատորների կողմից չէր ընդունվել: Նշենք, որ չորեքշաբթի օրը Սենատի իրավական հարցերով հանձնաժողովն անընդունելի էր համարել նման օրինագիծը եւ առաջարկով էր հանդես եկել` չքննարկել ու քվեարկության չդնել լիագումար նիստում Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը: Այդ օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում կամ 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Ֆրանսիայի Սենատում մի անգամ արդեն դրվել է այդօրինակ օրինագիծ, սակայն այն մերժվել էր: Այդ օրինագիծը միայն հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին էր, իսկ ներկայիս օրինագիծը վերաբերում է մարդկության դեմ գործած ոճիրներին: Ֆրանսիան պաշտոնապես այդպիսին է համարում հայերի եւ հրեաների ցեղասպանությունը:





