11/17/2018

ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆ. «...Ամեն հայի մեջ մի տող Սահյան ապրեցնենք»

ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆ. «...Ամեն հայի մեջ մի տող Սահյան ապրեցնենք»

ԱՅՑԵՔԱՐՏ Շչորս Դավթյան. բանասիրական գիտությունների դոկտոր, լրագրող, պատմաբան, պետական-հասարակական գործիչ, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ: Ամուսնացած է, ունի երեք որդի, յոթ թոռ եւ մեկ ծոռ:

Ծնվել է 1938թ. մարտի 12-ին Էջմիածին քաղաքում, զինվորականի ընտանիքում: Ծնողները սերում են Գորիսի Ազատաշեն (Արեգունի) գյուղից: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Եղել է Սիսիանի «Որոտան» թերթի խմբագիր, Սիսիանի կուսշրջկոմի 1-ին քարտուղար (1979-1988թթ.), ապա աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր (1988-1991թթ.): 15 տարի (1980-1995թթ.) եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր: Այնուհետեւ կատարել է լրագրողական, պետական ու հասարակական աշխատանք:

Պարգեւատրվել է ԽՍՀՄ շքանշաններով ու մեդալներով, վերջին քսան տարում` «Մարշալ Բաղրամյան» եւ «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալներով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից` շնորհակալագրով, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով:

Հեղինակ է մոտ քսան գրականագիտական, պատմագիտական, եկեղեցական եւ այլ գրքերի, այդ թվում` «Շուշի-ողբերգական ճակատագրի քաղաքը», «Սիսիանի բնակավայրերի պատմությունը», «Սյունյաց ազնվաշնորհ տիկնայք», «Ականավոր սյունեցիներ», «Համո Սահյան բանաստեղծի հավատամքը», «Լոր, հնամենի գյուղ, հարյուրամյա դպրոց», «Համո Սահյան. կյանքը եւ գործը», «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը», «Աշոտ Սաթյան-100»: Կազմել եւ հրատարակել է Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք», «Համո Սահյան. 60 եւ մեկ հայրեն», «Համո Սահյանի, Եղիշե Չարենցի եւ Սայաթ-Նովայի քառյակներ» ժողովածուները եւ այլն: Վերջերս պետական աջակցությամբ հրատարակել է Համո Սահյանի ստեղծագործությունների քառահատորի առաջին գիրքը, մոսկվայաբնակ սիսիանցիներ Արամ եւ Արմեն Ստեփանյանների հովանավորությամբ` «Համո Սահյան. հանրագիտարանը», իսկ մի քանի օր առաջ լույս տեսավ Համո Սահյանի «Ընտրանին»:

Վերջին երկու տարում, կենտրոնի նախաձեռնությամբ, անց են կացվել բազմաթիվ գիտաժողովներ, գիտական թեզերի պաշտպանություններ, միջոցառումներ Համո Սահյանի գրական ժառանգության եւ անցած ուղու վերաբերյալ: Մայրաքաղաքի Կասյան փողոցի N3 շենքի վեմին (որտեղ ապրել է բանաստեղծը) տեղադրվել է հուշաքար: Այժմ կենտրոնը շարունակում է իր գործունեությունը հայ մեծ բանաստեղծի գրական ժառանգության արժեւորման, նրա ստեղծագործությունների հրատարակման եւ հիշատակի հավերժացման ուղղությամբ:


Նախքան Շչորս Դավթյանին հանդիպելը տպագրված գրքերից, համացանցից լիովին տեղեկացվել-իրազեկվել էի նրա մասին հնչած սրտաբուխ խոսքերից, կարծիքներից, ուսումնասիրել նրա կյանքն ու գործունությունը, փորձել քննել-բացահայտել խորհրդային ժամանակներում արդեն իսկ կայացած պետական, կուսակցական, հասարակական գործչի, բանասերի, լրագրող-խմբագրի, գիտնական-դոկտորի զարմանալի ֆենոմենը, չջարդվող կենսասիրության, վերընձյուղվելու աղբյուրը: Անգամ մանրազնին ընթերցեցի արվեստի եւ գրականության մեծերի (Համո Սահյան, Վահագն Դավթյան, Հրանտ Մաթեւոսյան, Էդուարդ Միրզոյան, Զորի Բալայան, Սոս Սարգսյան, Ռազմիկ Դավոյան եւ այլք), կուսակցական, ռազմական գործիչների (մարշալ Հովհաննես Բաղրամյան, Անաստաս Միկոյան, Կարեն Դեմիրճյան, Վլադիմիր Մովսիսյան…)` Շչորս Դավթյան անձնավորությանը նվիրված ջերմ պատումները, հուշագրությունները: Մի խոսքով` ամբողջովին «զինված» էի մարդու այդ հետաքրքիր տեսակին հանդիպելու համար: Ավելին, հանդիպումից ժամ առաջ լրացուցիչ «վերազինվեցի» Շչորս Դավթյանի այժմեական հակառակորդների համացանցային գրոհ-«մատենագիտությամբ», մարդկայնորեն չկայացած ինչ-որ ինքնություն-իշխանավորների բողոք-լուտանքներով… Այնքան բան գիտեի արդեն, որ, թվում էր, սպասվող հարցազրույցի պատասխաններն էլ գիտեմ` տողատակերի չասվածով… Սկզբում հասկացա` ուժեղ մարդ է Շչորս Դավթյանը (որ մնացել է անկոտրելի), մեծ ճանապարհ է անցել, եւ ուրեմն լրագրողական մի փոքրիկ հոդվածում մեր զրույցն ամփոփելը դյուրին չի լինի: Հետո մտածեցի` մեծարելն ու հայհոյելն էլ մեզանում իրարից անբաժան են, բնական, եթե փորձել ես փոքր-ինչ վեր բարձրանալ, եթե փորձել ես առանձնանալ համընդհանուր գորշությունից: Եթե փորձել ես քո կուսակցական կյանքում անկուսակցական աշխարհ կերտել եւ սեփական բնի վրա` ճախրող արծվի թեւեր աճեցնել… Շաքեի ջրվեժի գլխին, աստղերով ծփացող երկնքի տակ, ազգի մեծերով շրջապատված, մինչեւ ուշ գիշեր… Համոյի աստղաբույր, հողաբույր տողերը հնչեցնել… Եվ ամենասովորական օրը դարձնել հայոց պոեզիայի մի իսկական խրախճանք… Եվ հանկարծ պարզեցի` ես, իրականում, ոչինչ էլ չգիտեմ Շչորս Դավթյանի մասին: Թերեւս միայն այն, որ մանկությունից հաճախ եմ լսել նրա անունն իմ հայրական օջախում, մեկ էլ, որ նրա անունը հաճախ է մեկտեղվել, զուգորդվել Համո Սահյանի անվան հետ` թե՛ որպես բանաստեղծի պոեզիայի նվիրյալի, թե՛ որպես գրողի գրական ժառանգության հետազոտող-ներկայացնողի…

Սիսիանի տունը, որտեղ ապրում է Շչորս Դավթյանը, իր որմին կրում է Համո Սահյանի քանդակը` քանդակված Արա Շիրազի կողմից: Ամեն ինչ հասկանալի է. բանաստեղծի հանդեպ պաշտամունքը սկսվում է հենց մուտքից:

Մարդ է, որ իր կուսակցական երկարամյա անցյալից կարողացել է կամուրջ նետել մեր օրերի մեջ եւ իրեն նվիրել Սահյանի գրական ժառանգության վերհանմանն ու պանծացմանը:

Դա էլ նրա առաքելությունն է այս կյանքում, եւ ոչ ոք չէր կարող կանգնեցնել այն: Կասեի` գեղեցիկ առաքելությունը, որը, դուրս լինելով նեղ մասնագիտական մենաշնորհից, ժողովրդական բնույթ է կրել` իրական ծառայությամբ ու բանաստեղծի գրական երկերի վերահրատարակմամբ` հայության լայն զանգվածներին ու աշխարհին ներկայացնելով մեծ բանաստեղծին:

«Երանի թե այդպիսի նվիրվածությամբ եւ բծախնդրությամբ օժտված շատ նվիրյալներ լինեին, ովքեր սիրով ու պատասխանատվությամբ զբաղվեին մեր գրողների` Պարույր Սեւակի, Մարո Մարգարյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Գեւորգ Էմինի, Վահագն Դավթյանի, մյուսների գրական ժառանգության հետազոտմամբ ու հրատարակմամբ», - ասում են Շչորս Դավթյանի ընկերներն իրենց հուշագրություններում: Իսկ ես ավելացնում եմ. «Այսօր ապրող ու ստեղծագործող գրողներն այնքան պաշտպանության կարիք չունեն, որքան` մեր դասականները, որոնց վաստակն ու կյանքը սերունդներին ներկայացնելու, անընդհատ պայծառացնելու այնքան անհրաժեշտություն կա…»:

Նախատեսել էինք ընդամենը երեք հարց, որոնք, թեպետ, արտաքուստ իրար հետ քիչ կապ ունեն, սակայն, իրականում, անմիջականորեն առնչվում են Շչորս Դավթյան մարդու եւ կուսակցական նախկին ղեկավարի, մտավորականի եւ ազգային շահերն ու խնդիրները գիտակցող ուղղամիտ գործչի հետ, որի ոգեշնչման աղբյուրը մշտապես եղել է Հայաստան աշխարհը, նրա պատմությունը, բնությունը, ամեն քար ու թուփ` ունկնդիր հայրենի ձորերում արձագանքող նախնիների ձայնին, ժողովրդի հոգսին, նրա հարատեւման մեղեդիներին…

- Պարո՛ն Դավթյան, Սոս Սարգսյանն իր հուշագրության մեջ ասում է. «Անկեղծ ասած, Համո Սահյանի պոեզիային ինձ հաղորդակից դարձրեց Շչորս Դավթյանը, ով հազար անգամ կարդացել է ինձ համար Համոյի տողերը…»: Ո՞վ է Ձեզ համար Համո Սահյանը եւ, արդյո՞ք այսօր մեծ բանաստեղծը բավականաչափ է ներկայացված ընթերցողին… Արդյո՞ք արմատներով գորիսեցի Շչորս Դավթյանը, առանց գորիսեցիների «խանդն» առաջացնելու, կարող էր այդքան սիրահարված լինել Սիսիանին… Ինչպե՞ս սկսվեց կուսակցական գործչի եւ բանաստեղծի ձեր ընկերությունը, եւ ինչպե՞ս ծնվեց Համո Սահյան բանաստեղծին թեկնածուական, դոկտորական թեզերով պաշտպանելու, հետագայում` նրա ստեղծագործությունները տարբեր ժողովածուներով հրատարակելու միտքն ու առաքելությունը:

- Սկսեմ իմ գորիսյան արմատներից: Այո՛, արմատներով գորիսեցի եմ: Քանի որ հայրս զինվորական էր, ես գրեթե չեմ առնչվել Գորիսի հետ. ծնվել եմ Էջմիածնում, ապրել եւ կայացել Սիսիանում ու Երեւանում: Բայց դա ամենեւին չի խանգարել, որ հավասարաչափ սիրեմ ոչ միայն Գորիսը, այլեւ` ողջ Հայաստանը, նրա ամեն քաղաքն ու գյուղը: Չգիտեմ, գուցե, անկախ ինձանից, առիթ եմ տվել «խանդի», բայց ինձ ճանաչող եւ ոչ մի գորիսեցի այդպես չի մտածում. Գորիսում իմ արմատներն են, Սիսիանում` իմ ճյուղերը: Գորիսն ու Սիսիանը, ինչպես նաեւ Համո Սահյանն ու Ակսել Բակունցը հավասարաչափ սիրելի եւ կուռք են ինձ համար: Ավելին, Ակսել Բակունցի ստեղծագործություններն ավելի բարձր եւ արժեքավոր եմ դասում: Եվ եթե հրատարակել եմ Սահյանի ստեղծագործությունները, միաժամանակ հրատարակել եմ նաեւ Ակսել Բակունցի «Մթնաձոր»-ն ու «Կյորես»-ը, Եղիշե Չարենց եւ Սայաթ-Նովա, Դանիել Վարուժան եւ Աշոտ Սաթյան…

Ո՞վ է ինձ համար Համո Սահյանը: Քիչ կլինի, եթե ասեմ` ընկեր, խորհրդատու, սիրելի բանաստեղծ կամ ազգային արժեք: Ինձ համար Սահյանն այն բանաստեղծն է, ով իր պոեզիայով արժեւորել է իմ կյանքը, տվել ուժ եւ իմաստնություն, եղել իմ ներաշխարհի անբաժան ուղեկիցը, սիրո եւ հավատո հանգանակը, այն անսահման օվկիանը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել հայ ժողովրդի կենսագրությունը, նրա հարատեւման գաղտնիքները: Հրանտ Մաթեւոսյանն է ասել. «Սահյանը տարածությունների ու ժամանակների մեր այս ջղուտ ու դյուրագրգիռ խաչմերուկի հայ մարդը եղավ, եւ իր խոսքը մեր երթի համար օրհներգ եւ իր գործը` մեր դրոշի պատկերը դարձավ»:

- Պարո՛ն Դավթյան, Սահյանն ինքը հարցազրույցներից մեկում ասել է. «Գրականությունը ժողովրդի ճակատագիրն է: Բանաստեղծի, արվեստագետի մեծ անհատականություն լինելը պետության, մի ամբողջ տերության գոյություն է նշանակում…»: Ավելին, նա կարծում էր, որ մենք անհատականությունների ժողովուրդ ենք, եւ Գյոթեի` «Ազգը պիտի փնտրես նրա տասը տոկոսի մեջ» արտահայտությունը մեջբերելով` սիրում էր ավելացնել. «Մենք մեր ոգով ապահովում ենք այդ տոկոսը…»: Արդյո՞ք Համո Սահյանը լիարժեք պատկերացնում էր, որ ինքն էլ ներառված է այդ տասը տոկոսի մեջ: Չէ՞ որ երբեմն մեծն ինքն էլ կենդանության օրոք չգիտե, որ բռնել է անմահության ուղին:

- Նրա շատ-շատ սքանչելի գործեր վկայում են, որ ինքը պատկերացրել է իր անմահությունը, ժողովրդի հավերժության մասնիկը լինելը, ինչպես ինքն է ասել` ժողովրդի ճակատագիրը լինելը: Չնայած, ասեմ, Սահյանը, լինելով բացառիկ համեստ անձնավորություն, ընկերության մեջ երբեք այդ մասին չի բարձրաձայնել, երբեք չի գովաբանել իր ստեղծագործությունները եւ ոչ էլ փորձել է պաշտպանել դրանք: Դա հենց նրա տաղանդի ու մեծության ակնհայտ երաշխիքն է եղել: Այդ մեկն էլ թողել է մեզ, որ այսօր ասենք: Եվ ես երբեք չեմ հոգնում կրկնելուց` թե՛ հանդիպումների, թե՛ միջոցառումների ժամանակ, որ Համո Սահյանի քնարերգությունը հայ ժողովրդի դարավոր մշակույթի հավերժական գանձերից է: Նա իր ստեղծագործության հսկայական նշանակությամբ եւ ճանաչողական իմաստների մեծությամբ, ընդհանրացումների տիեզերականությամբ, լեզվական կատարելությամբ մտավ բանաստեղծական զարգացման համաշխարհային ուղեծիր` շփման մեծ եզրեր ունենալով հին եւ նոր բոլոր խոշորագույն քնարերգուների հետ: Ավելին, այսօր նա ոչ միայն ամենաընթերցվող բանաստեղծն է, այլեւ նրա ակունքները, բխելով սյունյաց աշխարհի բնությունից, բնապատմական բանաստեղծական ամբողջությունից, ամենահողածին, հողոտ ու հողեղեն բանաստեղծն է, ով մարդու մեջ տեսավ բնությունը եւ բնության մեջ` մարդուն: Նա երբեք չապրեց ու չստեղծագործեց երազային հայեցողությամբ ու անրջանքով, բնության մեջ չորոնեց խորհրդավորություն` այնքան բնական ու ներդաշն համարելով կարմիր մասուր, կարմիր սարսուռ տանող առուն, ձորի վրա ծիվ-ծիվ հավքերը, քարանձավի ծերպերի մեջ ամպերի երգը, հոնքը ծռված քարայրը, Նորին մեծություն փլված երկինքը…

Այսօր ոչ միայն հայ, նաեւ օտար գրականագետներն են հետաքրքրվում Սահյան բանաստեղծով: Համո Սահյանն, ինչ խոսք, բավականաչափ ներկայացված է, բայց նրա պոեզիան ու փիլիսոփայությունն այնքան խորն են, որ դարձյալ մնում են լիարժեք չվերծանված: Անվերջ կարիք կա նորից ու նորից, նոր լույսի տակ ներկայացնելու… Ասեմ, որ այդպես են մեր բոլոր մեծերը, եւ բոլորն էլ հավասարաչափ իրենց ներկայացնող ու հրատարակող նվիրյալների կարիք ունեն: Հիշում եմ, աշխատում էի «Որոտան» թերթում` խմբագրի տեղակալ: 1968 թվականն էր: Տպագրվել էր Համո Սահյանի «Քարափների երգը» բանաստեղծությունների ժողովածուն: Նրա հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ես նույնպես ելույթ ունեցա սահյանական պոեզիայում բնության եւ մարդու մեծ սիրո, նրանց փոխառնչությունների մասին: Հենց այդ օրվանից էլ սկսվեց մեր ընկերությունը, որը տարիների ընթացքում վերաճեց կատարյալ բարեկամության, բանաստեղծի պոեզիայի պաշտամունքի: Այդ տարիներին պաշտպանեցի թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություն` «Բնությունը եւ մարդը Համո Սահյանի պոեզիայում» եւ «Համո Սահյան. կյանքը եւ գործը» թեմաներով: 25 տարի տեւեց մեր այդ մեծ բարեկամությունը` մինչեւ բանաստեղծի մահը: Սահյանի մահվանից մինչեւ այսօր էլ հրատարակում եմ նրա գրքերը` հատորների, հանրագիտարանի, ընտրանու տեսքով: Տպագրել եմ բանաստեղծի հայրենները` առանձին գրքով, նրա խոսքերով ստեղծված երգերը` «Մայրամուտի երգեր» վերտառությամբ: Վերջերս հրատարակել եմ «25 տարվա բարեկամություն» գիրքը, որը պատմում է բանաստեղծի հետ իմ ընկերության մասին: Շուտով կհրատարակեմ Սահյանի հետ շուրջ 800 լուսանկարից բաղկացած ալբոմ-գիրքը, որը դարձյալ անգնահատելի ծառայություն կմատուցի սահյանագետներին: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հաշվին (տնօրեն` Աշոտ Կիրակոսյան) շուտով կավարտվեն բանաստեղծի ծննդավայր Լոր գյուղի հայրական տան վերանորոգման աշխատանքները: Համո Սահյանի ծննդյան 100-ամյակի օրը տունը, լիովին վերանորոգված, կգործի որպես բանաստեղծի տուն-թանգարան: «Համո Սահյան գիտամշակութային կենտրոնը» այսօր էլ շարունակում է իր գործունեությունը` բանաստեղծի գրական ժառանգության արժեւորման, նրա ստեղծագործությունների տպագրության, նրա հիշատակի հավերժացման ուղղությամբ: Հետամուտ եմ Համո Սահյանի արձանը Երեւան քաղաքում տեղադրելուն:

Իմ նվիրումը Համո Սահյանի կյանքին ու գործին, ինչպես Սոս Սարգսյանն է ասում, օրակյանք թիթեռնիկ չէ. այն ձգվելու է մինչեւ իմ կյանքի վերջը: Եվ կարեւոր չէ` դա ինչպես է ընկալվում կամ գնահատվում. երբեմնի կուսակցական գործչի ու բանաստեղծի ընկերությու՞ն, թե՞ մեծ բանաստեղծի պաշտամունք: Կուսակցական գործիչ լինելուց առաջ ես բանասեր եմ, հայ մարդ, գրականության սիրահար: Եթե մեր այսօրվա իշխանություններն ավելի շատ հասկանային ու սիրեին գրականությունը, մեր մեծերին, առհասարակ մշակույթ, արվեստ, երեւի հասարակական մթնոլորտն ավելի բարի, կիրթ եւ լուսավոր կլիներ, մարդկանց հոգիները` առավել բարձր ու ջերմ, իսկ գործերը` հայրենանվեր-անձնուրաց: Եվ մշակույթն ու մեր մեծերն էլ այս օրին չէին լինի` երբեմն մոռացված, չընթերցված…

Իմ նպատակն է ամեն հայի մեջ մի տող Սահյան ապրեցնել, որ հավասարազոր է մի աշխարհ մարդանալուն ու մաքրվելուն…

- Մեծ բանաստեղծի մասին մեր զրույցը կարող է հաճելիորեն ձգվել եւ չավարտվել… Բայց ուրիշ հարցեր էլ ունենք: Արդ, կուզենայինք Ձեր կարծիքն իմանալ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի մասին, ով վերջերս հրատարակեց «Քարե երազներ» գիրքը եւ ադրբեջանական ժողովրդի ու նրա իշխանությունների կողմից արժանացավ հալածանքի եւ քարկոծման:

- Ասել, որ Ադրբեջանի ժողովուրդը եւ իշխանությունը սխալ են վարվում` կնշանակի ոչինչ չասել: Ասեմ` ինչու: Վերջին 25 տարում շատ է խորացել երկու ժողովուրդների միջեւ ատելությունն ու թշնամանքը, կարծրացել-թանձրացել է փոխադարձ մահացու վիրավորանքների տարափը: Սառցե հաստ պատ է գոյացել հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ: Այս պայմաններում սպասել, որ Աքրամի ճակատը կհամբուրեին Ադրբեջանի ժողովուրդն ու նրա իշխանավորները, կնշանակի, մեղմ ասած, անտեղյակ ձեւանալ: Աքրամն, օրինակ, ասում է, որ ինքը չէր սպասում իր երկրի կողմից նման բուռն արձագանքի: Զարմանալ կարելի է. ինչպե՞ս կարող է Աքրամի պես հայտնի գրողը չսպասեր նման հուժկու արձագանքի, ընդհուպ` գրքերի հրապարակային այրման: Պետք է նա սպասեր, քանի որ, կրկնում եմ, թշնամանքն ու խոր ատելությունն առկա են երկու ժողովրդի միջեւ: Առկա է սառցե պատնեշը, որը մեկ օրում հնարավոր չէ հալեցնել: Ավելին, օր օրի ավելի է խորացվում այդ թշնամանքը հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Հատկապես ադրբեջանցիների մոտ դա հասել է ծայրահեղ դրսեւորումների, ատելությունը հայերի հանդեպ պարզապես կուրացրել է նրանց աչքերը:

Երկար տարիներ աշխատելով Սիսիանի կուսշրջկոմի առաջին քարտուղար` կամա-ակամա շփման եզրեր են եղել ադրբեջանական գյուղերի, ինչպես եւ սահմանամերձ ադրբեջանական գյուղերի բնակչության ու նրա ղեկավարության հետ: Վիճահարույց ամեն մի հարց փորձում էինք լուծել փոխըմբռնման պայմաններում: Այլ կերպ հնարավոր չէր: Այլ կերպն արյունահեղություն կարող էր առաջ բերել, կարող էր մեկընդմիշտ այնպիսի թշնամանք ստեղծել, որ հետագա յուրաքանչյուր շփում հովվի, հողագործի, այնտեղ բնակվող մեր ազգակիցների, յուրաքանչյուր մեկիս համար ավարտվեր ծանր հետեւանքներով: Մենք հարեւան էինք եւ այժմ էլ հարեւան ենք աշխարհագրական անբեկանելի դասավորությամբ, ուզում ենք դա, թե ոչ:

Աքրամի գիրքն ընթերցել եմ ծայրից ծայր: Հիացած եմ, բայց ոչ միայն, որ հայերի մասին համակրանքով եւ ճշմարտությամբ է արտահայտվում, այլեւ նրա համարձակությամբ եւ գրողական բարձր կերպարով: Ողջունում եմ գրող Աքրամ Այլիսլիի միտքը. «….Ես միշտ դեմ եմ եղել հայերի ու ադրբեջանցիների միջեւ թշնամանք սերմանելուն: Իմ ստեղծագործությունը քաղաքական չէ, այն ուղղված է ժողովուրդների միջեւ ատելություն ներշնչելու քաղաքականության դեմ: Դա հարիր չէ ո՛չ ադրբեջանցիներին եւ ո՛չ էլ հայերին»: Աղմկահարույց վեպի հեղինակին ճանաչել եմ դեռ 80-ականներից: Այդ ժամանակ որդիս ծառայում էր Նախիջեւանում: Գնացել էի Օրդուբադ եւ հանդիպել տեղի կուսշրջկոմի 1-ին քարտուղարի հետ: Մի հրաշալի, բարի եւ համեստ անձնավորություն էր (ինչո՞ւ չասել): Մանկությունից որբ է եղել, ապրել է Հանդամեջ գյուղում, եւ նրան մեծացրել է մի բարի հայ կին: Քարտուղարը, լինելով մուսուլման, պատկերացրեք, ինձ խնդրել է կնոջ եւ երկու երեխայի հետ իրեն տանել Էջմիածին: Վանքում նրանք մոմ են վառել, հայավարի խաչակնքել: Միշտ ասում էր. «Իմ կյանքով պարտական եմ հայերին»: Ո՞ւր գնաց, ո՞ւր մնաց այդ գիտակցումը, այդ բարիդրացիական հարաբերությունները մի՞թե հնարավոր չէ կամաց-կամաց շտկել: Հենց ինքն էլ ինձ ծանոթացրեց ու ներկայացրեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին, ում իսկական ազգանունը Նայիբով է: Տպավորությունը լավ էր: Զգացի` կարգին, անաչառ գրող է: Հիշում եմ հիացմունքով արտահայտած նրա խոսքերը Համո Սահյանի, Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությունների մասին: «Ապշած եմ նրանց գրչով, տաղանդով», - ասում էր նա: Անձամբ ճանաչում էր Սուրեն Այվազյանին:

Աքրամն ագուլիսցի է: Իսկ Ագուլիսը հին հայկական բնակավայր էր` իր 12 վանք-եկեղեցիով: Ժամանակին ուներ 40 հազար հայ բնակիչ, կազմված էր վերին եւ ներքին Ագուլիսներից: Անկրկնելի ճարտարապետական կառույցներ ուներ` ստորգետնյա ջրերով, խելացի մտածված քաղաքային մշակույթով: Հենց այդ մթնոլորտում էլ ծնվել ու մեծացել է Աքրամը` աչքի դեմ մշտապես ունենալով Սուրբ Թովման եւ մյուս եկեղեցիները, հայերի մաքրաբարո կենցաղն ու ազնվական հոգին:

Ես Աքրամի «Քարե երազներ»-ը սխրանք եմ համարում: Ցավոք, այն ճիշտ չընկալվեց իր կառավարության ու ժողովրդի կողմից: Ժողովուրդն էլ մեղավոր չէ. սառույցը դեռ չի հալվել: Պետք է երկու երկրում էլ ժողովրդական դիվանագիտությունն աշխատի` զերծ մնալով ամեն արտաքին միջնորդություններից: Պետք է երկու կողմերն էլ կարողանան կանգ առնել եւ վերանայել, շտկել դրացիական հարաբերությունները: Ի սեր ժողովրդի, ի սեր երկու երկրների հետագա զարգացման, հարատեւման, ի սեր այլեւս անշրջելի հարեւանության, ի սեր խաղաղության: Գիտեմ, դժվար բան եմ ասում, բայց… Հինգ տարի աշխատել եմ կառավարությանն առընթեր փախստականների վարչությունում: Ինչո՞ւ եմ դա ասում: Դարձյալ Աքրամի մասին է խոսքը: Լավ տեղեկացված եմ. հայ-ադրբեջանական հակամարտության օրերին ադրբեջանցի տղամարդիկ լքում էին իրենց հայ կանանց, նրանց միայնակ ուղարկում Հայաստան, իսկ հայ տղամարդիկ, ովքեր ամուսնացած էին ադրբեջանուհիների հետ, նրանց էլ իրենց հետ բերում էին, չէին լքում: Ահա տեսեք, թե ատելությունը հայերի նկատմամբ ինչ աստիճանի էր հասնում ադրբեջանցիների շրջանում, եւ պատկերացրեք Աքրամի վիճակը… Գրողն ընդամենը փորձել է կոտրել սառույցը` երկու ժողովրդի միջեւ, փորձել ճշմարտության մասին բարձրաձայնել, նա առաջին սխրալի քայլն է արել եւ չի զղջացել:

Ես անձամբ ծափահարում եմ Աքրամին, միաժամանակ գիտակցում նրա ինքնազոհության իրական արժեքը: Պետք է փորձենք զգուշորեն վերաբերվել նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Ուշադրություն դարձրեք. Աքրամն իր գրքի մեջ ոչ մի բառով չի ակնարկում Ղարաբաղյան հակամարտության մասին: Դա պարզ հրավեր է` անցյալի ցավը մոռանալու…

- Լինելով երբեմնի փորձառու պետական գործիչ` ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ Իրանի Իսլամական Հանրապետությանը տալու մասին խոսակցությունները: Քաղաքական եւ տնտեսական առումով խնդիրն ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ:

- Միանշանակ ասեմ. այդ մասին խոսակցություններն անգամ ինքնին դատապարտելի են: Չգիտեմ` իրականում խնդրի շուրջ պետական մակարդակով բանակցություններ, որպես այդպիսիք, եղե՞լ են, թե՞ ոչ, բայց պետք է նման մտայնությունը վիժեցնել, թույլ չտալ, որ այն ծիլ տա: Չեմ կարծում, որ մեր իշխանությունները խելքը հացի հետ այնքան կերած լինեն, որ նույնիսկ մտքներով այդպիսի բան անցնի: Թող` ինչքա՛ն էլ մեր տնտեսությունը կաղա, ինչքա՛ն էլ անհուսալի թվա իրավիճակը, ինչքա՛ն էլ ամենաբարի մտահոգությամբ պատճառաբանվի հիշյալ արոտավայրերի չօգտագործման փաստը: Եղբա՛յր, չես օգտագործո՞ւմ, օգտագործի՛ր, ո՞վ է քո ձեռքը բռնում: Իսկ այն, որ Սյունիքն ունի ալպիական-հյութեղ արոտավայրեր, հրաշալի հնարավորություններ` անասնապահությանը զարկ տալու, անժխտելի փաստ է: Տարածք տալով` որեւէ խնդիր չես լուծի, ավելին, այնպիսի ծանր խնդիրներ կառաջանան, այնպիսի անլուծելի իրավիճակներ կստեղծվեն, որ տարիներով չեն շտկվի: Իսկ ավերիչ ազդեցությունների մասին էլ չեմ խոսում. այն հուժկու հարված կլինի հատկապես երկրի ու ժողովրդի բարոյական, սոցիալական, քաղաքական արժեհամակարգին: Դա անթույլատրելի է նաեւ ազգային անվտանգության տեսակետից:

Այժմ, ինչպես ասացիք, խոսեմ որպես երբեմնի պետական գործիչ: Երբ Սիսիանի կուսշրջկոմի քարտուղարն էի, այդ տարիներին եղավ մի իրավիճակ, երբ ադրբեջանցիների հոսքը դեպի Հայաստան, դեպի անասնապահության համար բարենպաստ շրջաններ սպառնալի չափեր ընդունեց: Նույնն էր եւ Սիսիանի շրջանում, որն ուներ 60 հազար հա արոտավայր` հիանալի խոտածածկույթով: Որպեսզի խուսափեինք ազգամիջյան ընդհարումներից եւ արյունահեղությունից, սկսեցի վարել շատ նուրբ, միաժամանակ կոշտ քաղաքականություն: Լայնածավալ աշխատանքներ տարա` օգտագործելու մեր արոտավայրերը: Հայաստանում արտադրված շվեյցարական 1000 տոննա պանրից 450 տոննան միայն Սիսիանն էր արտադրում: Կաթի օրական արտադրությունը հասցրել էինք 120 տոննայի: Սիսիանի շրջանի արոտներում (այդ թվում` պետֆոնդի արոտավայրերում) պահել ենք 145 հազար ոչխար եւ 60 հազար խոշոր եղջերավոր անասուն:

Սիսիանը 160կմ սահման ուներ Ադրբեջանի հետ: Դժվար էր ամենօրյա հսկում իրականացնելը, բայց մեր բոլոր ուժերը կենտրոնացրինք այդ ուղղությամբ, եւ մեր օղակներում հաստատեցի, կարելի է ասել, խիստ վերահսկելի դրություն: Դա, իհարկե, հեշտ չի եղել: Պատահել է` վրանները մեր արոտավայրերում խփած ադրբեջանցիների կանայք ուղղակիորեն դուրս են եկել մեր դեմ` սպառնալով մորթել իրենց երեխաներին, եթե մենք նրանց դուրս հանենք մեր արոտավայրերից: Անգամ դանակներ են ճոճել իրենց ծծկեր երեխաների գլխին, լաց ու կոծով պոկոտել իրենց մազերը: Ինչպիսի ջանքեր էին մեզանից պահանջվում` արյունահեղությունից խուսափելու համար, եւ ինչպիսի մտածված քաղաքականություն էր պետք բանեցնել, մանավանդ որ Մոսկվայից եկող չինովնիկների պատկերացմամբ` դա մեր ընդհանուր պետության տարածքն էր, եւ ադրբեջանցիները նույնպես կարող էին օգտվել այդ արոտավայրերից: Ինչեւէ, արոտավայրերը մենք էինք օգտագործում: Իսկ անգամ մեկ քառակուսի մետր արոտավայր անգամ ադրբեջանցիներին վաճառող տնտեսությունների նախագահներին ազատում էի աշխատանքից, պատասխանատվության ենթարկում: Բազմաթիվ նման օրինակներ կան…

Այսօր էլ, ավելի, քան երբեւէ, մեր տարածաշրջանում տագնապի պես ծառացել է արոտավայրերի ռեալ, ճիշտ օգտագործման խնդիրը: Ցավոք, դրանց 20%-ը հազիվ է օգտագործվում: Այդ ուղղությամբ պետք է մտածեն մեր իշխանությունները, ստեղծեն բրդի, կաշվի տեղական մշակման եւ իրացման շուկաներ, որպեսզի ոչխարաբուծությունը շահավետ լինի: Փառք Աստծո, Սյունիքը լայն հնարավորություններ ունի, եւ պետք չէ խուճապի մատնվել, անել մի այնպիսի «հեշտ» քայլ, որի դիմաց ավելի թանկ եւ ծանր հատուցում է պահանջվելու սերունդներից… Տեսնում եմ` նույն բանաձեւը, ինչ տարիներ առաջ ենք կիրառել, վերստին կիրառելու խնդիր կա: Ի վերջո, սա էլ համարենք մեր ազգի առջեւ ծառացած մի յուրովի սպառնալիք, եթե ոչ` մարտահրավեր, եւ միասին-համախումբ մերժենք արոտավայրերը վարձակալությամբ տալու գաղափարը: Առանց տանուլ տալու եւ առանց վիրավորելու Իրանի Իսլամական Հանրապետության շահերը, եթե այդպիսիք կան: Ամեն դեպքում ես լավատես եմ, եւ, կարծում եմ, Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ տալու մասին խոսակցությունները պարզապես թյուրիմացություն են: Այսօր ոչ միայն Սյունիքի մարզը, այլեւ ողջ հանրապետությունն ունի արոտավայրերի խելացի օգտագործման խնդիր: Բայց ունենք նաեւ մսի, գյուղատնտեսական մթերքների արտադրության ավելացման անհրաժեշտություն, որը պետք է լուծենք նաեւ այդ արոտավայրերի խելամիտ օգտագործման շնորհիվ: Այս, թույլ տվեք ասել, ռազմավարությունը պետք է որդեգրեն երկրի իշխանությունները:

Հարցազրույցը` ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: