11.23.2017
USD-483.75   EUR-568.65   RUB-8.21  

Նրանք նահատակներ են ու մարտիրոսներ եւ ոչ սովորական մեռյալներ ու հողեղեններ

Նրանք նահատակներ են ու մարտիրոսներ եւ ոչ սովորական մեռյալներ ու հողեղեններ

Ո՜վ սիրելի հայրենակիցներ:

2016թ. ապրիլի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանում հակառակորդի հրետակոծության հետեւանքով զոհվեց սյունեցի ութ կամավորական՝ Սեդրակ Սերգեյի Ասրյան (Դարբաս), Սերգեյ Գուրգենի Դանղյան (Սիսիան), Դավիթ Բագրատի Սարգսյան (Բալաք), Մայիս Երջանիկի Միրզոյան (Դարբաս համայնքի ղեկավար), Արմեն Մինասի Բեգլարյան (Ախլաթյան համայնքի ղեկավար), Եղիշ Արտավազդի Նիկալյան (Լծեն), Էդուարդ Յուրիկի Ալեքսանյան (Սիսիան), Գագիկ Կոլյայի Փարսադանյան (Կապան):

Նրանք Արցախյան առաջին հերոսամարտի մասնակիցներ էին, իսկ Մայիս Միրզոյանը՝ Դարբասի գյուղապետը, 2015թ. դեկտեմբերից գլխավորում էր ԵԿՄ Սիսիանի մասնաճյուղը:

Մեկ օր առաջ էին անդամագրվել Սյունիքում ձեւավորվող կամավորական գումարտակին:

Ինչպիսի՜ ոգեւորությամբ ու վճռականությամբ էին ապրիլի 4-ին մեկնում ճակատ…

Ապրիլի 5-ին ցավագին աղետի եւս մեկ բոթ տարածվեց Սյունիքում. Արցախյան վերսկսված պատերազմի առաջնագծում զոհվել է ժամկետային զինծառայող Նարեկ Վարդանի Մկրտչյանը (Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղ, 1996թ. ծնված, զորակոչվել է բանակ 2015թ. հունվարի 22-ին):

Մենք սգում ենք նրանց կորուստը եւ աղիողորմ սրտով ձայնակից լինում վշտագին սգի մեջ հայտնված նրանց հարազատներին ու մերձավորներին, Սյունյաց աշխարհի հերոս ժողովրդին:

Բայց նրանք սովորական մեռյալներ չեն, այլ նահատակներ ու մարտիրոսներ, քանի որ սեփական խղճի ու սրտի թելադրությամբ էին իրենց կյանքը դրել հայրենիքի զոհասեղանին՝ հանուն հայոց արժանապատվության:

Եվ պատահական չէ ամենեւին, որ համընդհանուր տրտմության ու ցավի այս ժամին մեզանում ոչ մեկը չի բռնում հուսահատության ճանապարհը եւ չի ընկճվում: Ու ոչ միայն ողբում ենք, այլ ավելի ոգեպնդվում ու վրեժխնդրությամբ լցվում:

Նրանք, ինչպես Արցախյան ազատամարտի առաջին պատերազմի ու վերսկսված պատերազմի մյուս նահատակները, ողջերիս համար օրինակ կլինեն, հայրենասիրության օրինակ:

Նրանք իրենց նահատակությամբ ստիպում են մեզ ավելի համախմբված լինել ազգովի եւ միասնական պայքարի ելնել ընդդեմ հայ ժողովրդի վրա հերթական անգամ սուր բարձրացրած թուրքի:

Համոզված ենք՝ նրանց անմեռ հիշատակով հայոց կենաց ծառն ավելի կանգուն կլինի…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2017 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: