11/17/2018

Եվս մեկ զոհ, չորս վիրավոր

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում թեեւ կրակը դադարեցնելու համաձայնություն է ձեռք բերվել, բայց իրադրությունը մնում է լարված, եւ առաջնագծից մահվան գույժ է ստացվում:

Ապրիլի 6-ին ժամը 20-ին Կապանի զինկոմիսարիատում լուր է ստացվել, որ մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է պահեստի ավագ լեյտենանտ Արմեն Գասպարյանը (շատերը նրան ճանաչում են Մակիչ անունով):

Ծնվել է 1974թ. փետրվարի 3-ին Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում, որտեղ ութամյա կրթություն ստանալուց հետո ավարտել է Կապանի շինարարական տեխնիկումը: Դեռեւս պատանի մասնակցել է Կապանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությանը: 1991-92թթ. մասնակցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի սահմանամերձ գյուղերի ազատագրման մարտական գործողություններին: 1992թ. մարտի 5-ին Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ եւ Կիչան գյուղերի համար մղվող մարտերի ժամանակ վիրավորվել է: 1992-ի ապրիլի 26-ին մասնակցել է Զանգելանի շրջանի Ղազանչի եւ Աղքենդ գյուղերի հենակետերի ոչնչացման գործողություններին: 1993-ի ապրիլի 20-ին զորակոչվել է ազգային բանակ եւ մինչեւ 1994թ. դեկտեմբերի 10-ը ծառայել Կապանի 83117 զորամասում (Շահումյանի գունդ): 1994թ. հունվարին զորամասի ստորաբաժանման կազմում տեղափոխվել է հարավարեւելյան ճակատի Մարջանլի գյուղի հակաօդային պաշտպանության հենակետերը, մասնակցել պաշտպանական եւ մարտական գործողությունների:

1995-1999թթ. զբաղվել է մենատնտեսությամբ, 1999-ին պայմանագրային ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում մինչեւ 2008 թվականը: 2010-ից աշխատում էր ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Արմեն Գասպարյանը ԼՂՀ նախագահի կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Վազգեն Սարգսյան» մեդալով, «1992-94թթ. Արցախյան պատերազմի մասնակից» կրծքանշանով: 2008-2012թթ. եղել է Կապանի ավագանու անդամ: Արմեն Գասպարյանը հարգված էր մարտական ընկերների կողմից: Ապրիլյան այս օրերին առաջիններից մեկը պատրաստակամություն հայտնեց լինել կռվող տղաների կողքին:

Ինչպես փոխանցեց Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը, նույն մարտական առաջադրանքի ժամանակ վիրավորվել է չորս կապանցի երկրապահ, որոնցից մեկը՝ թեթեւ հրազենային վնասվածքով, իսկ երեքը վիրահատվել են:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: