11/17/2018

Ցավում ենք եւ հպարտանում…

Ցավում ենք եւ հպարտանում…

2016թ. ապրիլի 4-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանում հակառակորդի հրետակոծության հետեւանքով զոհված սյունեցի ութ կամավորականին, որպես հավերժի ճամփորդ, ցավալի այդ միջադեպի հետեւանքով երկնային կյանքում միացավ Ծղուկ գյուղից որպես կամավորական մեկնած Արմեն Արեգի Հովհաննիսյանը:

Արմեն Հովհաննիսյանը ծնվել է 1978թ. մայիսի 13-ին Ծղուկում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ զորակոչվել է նոր կազմավորված հայոց բանակ եւ ծառայել ԼՂՀ-ի տարածքում: 1996թ. Քարվաճառում ականի պայթյունի հետեւանքով կորցրել է աջ թեւը: 1997թ. ընդունվել է Սիսիանի պետական հումանիտար քոլեջի իրավագիտության բաժին: 2010թ. ընտրվել է Ծղուկի ավագանու անդամ, եւ հետագայում երկրորդ անգամ վերընտրվել: Աշխատում էր «Սինգլ Գոռ» ՍՊԸ-ի («Սանդաղբյուր» ՓՀԷԿ) տնօրենի տեղակալ:

Ինչպես բնութագրեց Արմեն Հովհաննիսյանին գյուղապետարանի աշխատակցուհի Կարինե Խալաթյանը. «Ազնիվ, ընկերասեր, խելացի ու պատրաստակամ երիտասարդ էր: Երբեւիցե հաշմանդամ լինելու փաստը չի օգտագործել սեփական շահերի համար: Չի եղել մի դեպք, որ գյուղացիներից մեկը դիմի նրան՝ օգնության համար, եւ նա մերժի»:

Ծղուկի գյուղապետ Մեսրոպ Ամիրջանյանից տեղեկացանք, որ Արմենը ԵԿՄ անդամ էր եւ ընտանիքի անդամներին չէր զգուշացրել, որ մեկնում է ռազմաճակատ: «Կարելի է ասել, ես կորցրի իմ որդուն, գյուղի լավագույն երիտասարդին, ով մարդասիրության, ազնվության ու բարության մարմնացում էր: Իհարկե, վերջին օրերին ունեցած մարդկային կորուստները վշտացնում են բոլորիս, բայց գյուղում մարտական ոգին է իշխում: Մեր համայնքից նույնպես անհրաժեշտ պարագաների ու չոր սննդի ծանրոցներ ուղարկեցինք սահմանում կռվող կամավորներին ու զինվորներին», - նշեց համայնքապետը:
Արմեն Հովհաննիսյանի հնգամյա որդին կհպարտանա իր հոր հայրենասիրությամբ եւ մարտական ոգով՝ ժառանգելով նրա բնավորության լավագույն գծերը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: