01.17.2018
USD-483.01   EUR-590.82   RUB-8.56  

Սյունիքի բուլվարային մարզպետի անհավասարակշիռ պահվածքը մարզխորհրդի տարեվերջյան նիստում

Սյունիքի բուլվարային մարզպետի անհավասարակշիռ պահվածքը մարզխորհրդի տարեվերջյան նիստում

Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 27-ին, մարզխորհրդի նիստում մարզպետի պահվածքն ականատեսները միանշանակ գնահատում են իբրեւ Վահե Հակոբյանի ծայրահեղ անհավասարակշռության դրսեւորում:

Առհասարակ նա շշկռվածության, շփոթվածության, հիստերիկության բազում պահեր է պարգեւել ականատես-հանդիսատեսին, բայց հոգեկան անհավասարակշռության եւ այլայլվածության նման պոռթկում մինչ այդ չէր ունեցել:

Թեեւ մարզխորհրդի օրակարգում մի քանի հարցեր կային, սակայն ժողովում ծավալված խոսակցության առանցքը «Սյունյաց երկիր» թերթն էր: Ճիշտ է, մարզպետն այնքան վախկոտ է, որ չի համարձակվել թերթի անունն ամբողջապես հնչեցնել, սակայն հոգեցունց վիճակում խոսում էր իրեն հունից հանած այդ լրատվամիջոցի մասին:

Ինչու՞ էր մարզպետի մոտ առաջացել հոգեկան անհավասարակշռության նման վիճակ:

Այդ օրը syuniacyerkir.am կայքում հրապարակվել էր Սամվել Ալեքսանյանի հեղինակած հոդվածը՝ ««Սյունյաց երկրի» 2018թ. կայուն գործունեությունը երաշխավորված է. բաժանորդագրությունն ավարտվել է հաջողությամբ» վերնագրով: Հոդվածի իմաստն այն էր, որ թերթը 2018-ին գործելու է առնվազն 2017-ի ակտիվությամբ ու ռիթմով, մինչդեռ մարզպետն ութ ամիս առաջ երդվել էր, որ շատ շուտով «Սյունյաց երկիր» թերթը չի լինի հայաստանյան լրատվական դաշտում:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է հանրապետության գլխավոր դատախազին՝ հարուցելու քրեական գործ 2017թ. դեկտեմբերի 15-ին «Սյունյաց երկրի» լրագրողների օրինական գործունեությունը Մեղրու ազատ տնտեսական գոտում խոչընդոտելու կապակցությամբ:

Նախօրեին հայտնի էր դարձել նաեւ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի  փորձագետների եզրակացությունն առ այն, որ syuniacyerkir.am կայքի վրա 2017թ. հուլիսի 10-ին իսկապես իրականացվել է հակերային հարձակում, եւ հարձակումը կատարվել է աշխարհի տարբեր տարածքներից ու երկրներից՝ ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիա, Ֆրանսիա, Մալայզիա, Ավստրիա, Ջիբութի, Շվեդիա, Իտալիա, Թաիլանդ, Կամբոջա, Մավրիտանիա, Ուկրաինա, Հունաստան, Սինգապուր, Ռումինիա, Բրազիլիա, Բանգլադեշ, Ուզբեկիստան, Սերբիա, Հնդկաստան, Ինդոնեզիա եւ Հայաստան: 

Այդ փաստի առթիվ 2017թ. հուլիսի 14-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 253 հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը դեռ շարունակվում է: Հակերային հարձակման առաջին իսկ ժամերին Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ նման «ծովահենություն» կարող էին կազմակերպել բացառապես թուրքերը կամ Վահե Հակոբյանը:

Վերը նշված  երկրների  ցանկում, ինչպես նկատեցիք, Թուրքիան ու Ադրբեջանը չկան, մնում է երկրորդ ենթադրությունը, որի վրա հրավիրում ենք ՀՀ քննչական կոմիտեի ուշադրությունը:

Մի ուրիշ հանգամանք էլ կար՝ մարզպետը, ըստ մարզպետարանի մեր աղբյուրների, մեծ ծախսերի գնով կարողացել էր արտերկրից հեղինակավոր մարդկանց հեռախոսազանգեր կազմակերպել ԲՀԿ լիդերներին՝ խնդրելով, որ այլեւս Նաիրա Զոհրաբյանը մարզպետի ականջը կտրելու մասին հրապարակային հայտարարություններ չանի, բայց, վերջիններս, ըստ երեւույթին, բացասական պատասխան էին տվել…

Ահա այսպիսի մթնոլորտում էլ Վահե մարզպետը վարում էր մարզխորհրդի տարեվերջյան նիստը:

Պարոնը որերորդ անգամ ներկաներին սպառնացել է ստուգումներով, հետապնդումներով, հիշեցրել, որ ինքը քաջատեղյակ է, թե ով ում է համակրում, ով ինչ է ընթերցում…Ինչ-որ ներքնաշորերի մասին է ակնարկներ արել:

Մարզխորհրդի նիստի բազմաթիվ մասնակիցներ դահլիճից դուրս են եկել ոչ միայն զզվանքով ու հիասթափությամբ, այլ … կարեկցանքով ու խղճահարությամբ:

- Լավ, ընդունենք՝ կառավարության համար միեւնույնն է, թե ինչ վիճակում է Սյունիքի մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորության հոգեկան կամ առողջական դրությունը, բա նրա հարազատնե՞րը, մի՞թե նրանց էլ հետաքրքիր չէ Վահեի առողջական վիճակը, - բարձրաձայն խորհում էին մարզխորհրդի նիստի մասնակիցները:

Իրավիճակի անհարմարությունը, կարծեք, ինչ-որ պահի հասկացել է նաեւ ինքը՝ մարզպետը: Եվ նորմալ մարդու պատրանք ստեղծելու նպատակով (իբրեւ հազադեղ) ջուր է առաջարկել հազի բռնկումներով ամբիոնի մոտ կանգնած Մերի Գանդալյանին, ով կրթության վարչության պետի պաշտոնում առաջին անգամ համառորեն ցուցադրում էր յուր իմացականության հեքիաթային տկլորությունը:

Ի դեպ, ներկաներն այդպես էլ չեն հասկացել՝ ինչու՞ էր տիկինն Ամանորի շեմին նման ինքնախարազանումով հանդես գալիս: Դրանից մի քանի օր առաջ էլ բժիշկ ամուսինն էր (23 հոգու հետ) տարօրինակ մի թղթի տակ ստորագրություն դրել՝ լրագրողին ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ մեղադրելով՝ մոռանալով, որ իրեն ընդամենը վերջերս են ոչ  պրոֆեսիոնալիզմի համար դատական պատասխանատվության ենթարկել, մոռանալով, որ նաեւ իր ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետեւանքով են բազմաթիվ մարդիկ հեպատիտ C-ով հիվանդացել ու մինչեւ հիմա վերջնական բուժում չստացել:

Եվ Վահե մարզպետը, մոռանալով այդ տիկնոջ ու նրա ամուսնու ոչ վաղ անցյալի անուրախ պատմությունները (քրեական այդ եղելություններին կանդրադառնանք առանձին), առանց ամոթի խայթի հայտարարում է Դարբասի դպրոցի ընտրյալ տնօրենի հետ  աշխատանքային պայմանագիր չկնքելու վճռականության մասին, քանի որ նրան առնչվող քրեական պատմություններ կան (Դարբասի խնդրին եւս կանդրադառնանք առանձին): 

Մարզխորհրդի նիստն ինչ-որ փուլում զավեշտի է վերածվել: 

Մարզպետն իրեն զայրացրած «անանուն» թերթին անվանել է «բուլվարային» եւ «դեղին մամուլ»: 

Եվ ճիշտ է արել. եթե մարզպետը բուլվարային է ու դեղին, եթե պատգամավորը բուլվարային է ու դեղին, եթե համայնքների ղեկավարների զգալի մասը բուլվարային են ու դեղին, եթե մարզպետի նշանակած կադրերը հույժ բուլվարային են ու դեղին, ապա ինչու՞ մարզային թերթը պիտի ոչ բուլվարային ու ոչ դեղին լինի:

Բանը, սակայն, դրանում չէ. լրատվամիջոցի մասին փորձում է դատողություններ անել մեկը, ով փայլում է իր անմրցելի կիսագրագիտությամբ, ով ինքնուրույն չի կարողանում մի նախադասություն գրել, ով ծիծաղի առարկա է դառնում ամեն մի ելույթից հետո, ում անունից տարածվող լրագրային նյութերը պատրաստում են ԱԺ-ի հայտնի սենյակում եւ առանց իրեն տեղյակ պահելու, ով չի կարողանում ընդամենը երեք-չորս տառից բաղկացած հայերեն  շատ բառեր ճիշտ արտաբերել, ով հանրության մեջ շատ թե քիչ լուրջ մարդու պատրանք ստեղծելու համար տեղի-անտեղի օգտագործում է Քաջարանի կոմբինատի անունը, ոստիկանության անունը, ԱԱԾ-ի անունը: Ու այդքանից հետո մնում ծիծաղելի…

Մարդկանց ահաբեկելու այդ ներկայացումը, որն  իբր մարզխորհրդի նիստ էր, մեկ ուրիշ նպատակ եւս ուներ՝ պարտադրել բոլոր դպրոցներին, համայնքապետարաններին՝ բաժանորդագրվել իր ու Էլիզաբեթի ընտանեկան թերթը: Իզուր չէ, որ հայտնի սեւազգեստ տիկինը մարզխորհրդի նիստից առաջ եւ հետո իր մոտ էր կանչում դպրոցների տնօրեններին ու հարկադրում գումարներ հայթայթել Վահե-Էլիզաբեթ թերթի համար, այլապես անխուսափելի կլինեն ստուգումները: Սեւազգեստի լկտի պահվածքն առավել ցցուն էր մարզխորհրդի նիստում. ամեն ինչ անում էր ցուցանելու, որ ինքն ընտանեկան այդ թերթի նվիրյալն է: 

                                                                          ***
Դեկտեմբերի 27-ի արարողությունը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ Վահե Հակոբյանն ընդամենը Կապանի կենտրոնի վարչական շենքերից մեկի վարիչն է եւ Սյունիքի մարզի հետ ոչ մի աղերս չունի:

Մարզխորհրդի նիստը ցույց տվեց, որ պարոնն իրեն վստահված պետական իշխանությունը ծառայեցնում է  անձնական խնդիրների լուծմանը, ինչը կոռուպցիայի ստույգ օրինակ է: Ուստի եւ փետրվարի 2-ին Մեղրիում վերսկսվող դատական նիստում, որ խնդիր ունի պարզել մարզպետի առնչությունը կոռուպցիոն սխեմաներին, կմիջնորդենք դատականչելու եւ՛ սեւազգեստ տիկնոջը, եւ՛ դպրոցների տնօրեններին, ովքեր   հանրակրթությանը հատկացված միջոցներից Վահե - Էլիզաբեթ ընտանեկան թերթին գումար հատկացնելու պայմանագիր են կնքել:

Մարզխորհրդի նիստը ցույց տվեց՝ մարզպետն այնքան է շաղված-շփոթված եւ իրականությունից կտրված, որ պարզագույն ճշմարտությունն անգամ չի հասկանում. եթե իրեն մարզի բնակչության 2-3 տոկոսն է ճանաչում, ապա խմբագրին բոլորն են ճանաչում: Ու եթե խմբագիրը հետամուտ լինի,  ապա մարզի 140 հազար բնակչության մեջ առնվազն մի քանի հազար բաժանորդ կգտնվի, իսկ ինքը կարող է ապավինել միայն ու միայն Քաջարանի կոմբինատին, հանրակրթական դպրոցներին եւ համայնքապետարաններին:

Մարզխորհրդի նիստը ցույց տվեց, որ Վահե մարզպետը որեւէ աղերս չունի հայկական-քրիստոնեական ավանդակարգի  հետ:

Առհասարակ տոնական օրերին մարդկանց տրամադրությունը փչացնելը հոգեկան անհավասարակշռության եւ անհայրենիք ու անժողովուրդ իշխանավորի վարքին բնորոշ գիծ է: Մեր ավագներից ենք սովորել՝ տոնական օրերին եւ հատկապես Ամանորին ու Սուրբ ծննդին միմյանցից նեղացած մարդիկ հաշտվում են, մոռանում նախկին օրերի անախորժությունները, ներում իրար, եւ ամեն ինչ մաքուր էջից սկսում: Իսկ նա, հակառակ այդ ամենի, Ամանորի նախօրեին շատերի տրամադրությունը փչացրեց…

Մի անգամ էլ սեպտեմբերի 1-ի հրաշալի օրվա շեմին էր նման տարօրինակություն դրսեւորել՝ 11 դպրոցի տնօրենի նկատողություն հայտարարելով:  

Մարզխորհրդի նիստում մարզպետի տարօրինակ պահվածքը ստիպում է մեզ դիմել ՀՀ առողջապահության նախարարություն՝ տրամադրելու տեղեկանք Վահե Հակոբյանի առողջության մասին: 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: