10/21/2018

Ի՞նչ է կատարվում Գորիսի պետական համալսարանում

Ի՞նչ է կատարվում Գորիսի պետական համալսարանում

Ամանորին նախորդող եւ հաջորդող օրերին Սյունիքի մարզում տեղի ունեցող ուշագրավ իրադարձություններից մեկը, անտարակույս, Գորիսի պետական համալսարանի երկու ֆակուլտետի դեկանների ընտրության շուրջ զարգացումներն են, որ նոր ընթացք են ստանում:

Դեռեւս 2017թ. նոյեմբերի 18-ին «Սյունյաց երկիր» թերթում (դրանից առաջ՝ syuniacyerkir.am կայքում) Գորիսի պետական համալսարանը հայտարարել էր բաց մրցույթ հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի տեղակալման համար:

Միաժամանակ հայտարարվել էր բաց մրցույթ բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի տեղակալման համար:

Դեկտեմբերի 27-ին, հայտարարության համաձայն եւ ըստ կանոնակարգի, երկու ֆակուլտետում տեղի են ունեցել դեկանի ընտրություններ:

Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ընտրությունների հետ կապված (ըստ մեր տեղեկությունների) որեւէ տարակույս չկա եւ դրան չենք անդրադառնում:

Բայց հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի հետ կապված հարցեր են առաջացել, որոնց պատասխանը դեռ չի տրվել: Ի վերջո դրանք հարցեր են, որոնք առնչվում են ՀՀ օրենքներին եւ իրավական մի շարք ակտերի:

Եվ այսպես՝ հումանիտար ու հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնի թեկնածու էին առաջադրվել երկու հոգի՝ 2016թ. մարտից նույն ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը եւ նույն համալսարանի դասախոս Մհեր Քումունցը:

Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքում ֆակուլտետի խորհուրդը մեկ ձայնի առավելությամբ (10 եւ 9 ձայն) ֆակուլտետի դեկան է ընտրել Մհեր Քումունցին:

Հիմա, ըստ Գորիսի պետական համալսարանի ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի, համալսարանի ռեկտորն ընտրված թեկնածուի հետ պետք է կնքի աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամանակով: Մինչ այդ, սակայն, դեկանի ընտրության մասին ֆակուլտետի խորհրդի որոշումը պետք է փակ (գաղտնի) քվեարկությամբ հաստատի համալսարանի 24 հոգուց բաղկացած գիտական խորհուրդը: Եվ միայն դրանից հետո կկնքվի աշխատանքային պայմանագիր՝ ընտրված անձի համար սահմանելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան:

Ահա այդպիսի ընթացք է ունեցել եւ պետք է ունենա Գորիսի պետական համալսարանի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ընտրությունը:

Մինչդեռ… Բուհական առօրյայի համար սովորական այդ իրադարձությանը նախորդել է իսկական իրարանցում, որի արդյունքում ծագած հարցերը  պարզաբանման, ճշգրտման, գործող օրենքների եւ իրավական ակտերի հետ նժարելու-համեմատելու կարիք ունեն:

Ըստ Գորիսում շրջանառվող խոսակցությունների եւ ըստ Սյունիքի մարզպետարանի մեր աղբյուրների՝ մարզպետ Վահե Հակոբյանը Գորիս համայնքը (թեեւ համայնքի ղեկավար է ընտրվել իր հովանավորյալը) դեռեւս իրեն հնազանդ համայնք չի համարում, ավելի ճիշտ՝ Գորիսը նրա համար դեռեւս թշնամական տարածք է:

Գորիսը «նվաճելու» համար մարզպետն ի սկզբանե կարեւորել էր իր ընտրությունը  Գորիսի  պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում: Եվ շուտով ընտրվել-նշանակվել է պետական համալսարանի խորհրդի նախագահ:

Ընտրության օրը, ինչպես պատմում են խորհրդի նիստի մասնակիցները, մարզպետը հայտնվել է ծիծաղելի կացության մեջ: Նա այդպես էլ չի հասկացել, թե ինչ ասել է համալսարանի խորհուրդ, ինչ անելիքներ ունի ինքը խորհրդի նախագահի դերում: Եվ ընտրվելուց անմիջապես հետո սկսել է հանգամանալից բացատրել, թե ինչպես է Մեղրիում կազինո կառուցելու, ինչպես է Սյունիքը պարսիկների համար զվարճանքի վայր դարձնելու:

Կառավարման խորհրդի նախագահ դարձած մարզպետի տարօրինակ ու արտառոց պահվածքի վրա ներկա գտնվողներն ապշել են ու զարմացած իրար նայել…

Այդ օրվանից հետո Վահե Հակոբյանն այլեւս համալսարանում չի երեւացել:

Մի անգամ առիթ էր եղել, եւ կարող էր այցելել համալսարան, բայց… Ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությանը մասնակցելու համար Գորիս ժամանած ՀՀ ԿԳ նախարարն այցելել էր պետհամալսարան ու հանդիպել տեղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, բայց Վահեին չէին հրավիրել, թեեւ խորհրդի նախագահն էր  ու գտնվում էր Գորիսում:

Դրանից մեկ-երկու օր անց Գորիսի պետհամալսարանի մասին ինչ-որ տեղ եւ ինչ-որ հանգամանքներում բողոք է մոգոնվել, ու իրավապահները հանկարծակի մտել են այնտեղ, մի քանի օր հետո էլ քրեական գործ հարուցել, որի նախաքննությունը շարունակվում է մինչեւ հիմա:

Գորիսի պետհամալսարան-Սյունիքի մարզպետ «սառը պատերազմը» նոր փուլ թեւակոխեց 2017թ. հոկտեմբերի 19-20-ին համալսարանում կազմակերպված բացառիկ հաջող գիտաժողովից հետո, որի բացմանը մասնակցելուց հանկարծակի հրաժարվել էր մարզպետը: 

Եվ այդ ամենից հետո խնդիր էր դրվել Գորիսի պետհամալսարանի  ռեկտորի պաշտոնից ամեն գնով հեռացնել ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հանրապետությունում կրթական գործի մեծահամբավ  կազմակերպիչ Արտուշ Ղուկասյանին:

Նույնիսկ ժամանակ էր նշվել՝ 2018-ի հունվարի 8-ից հետո Արտուշ Ղուկասյանը չպետք է լինի:

Հարգելի գիտնականն այդ ամենին լուրջ չի վերաբերվել եւ առավել ակտիվությամբ շարունակել է արմատական փոփոխությունների գործընթացը համալսարանում: Ի դեպ, նրա նախաձեռնությամբ է սկսվել համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, որ հանրապետությունում մեկնարկել էր դեռեւս 2012-ին:

Եվ Գորիսի պետական համալսարանը, Արտուշ Ղուկասյանի գլխավորությամբ, հաջողությամբ անցել էր հավատարմագրման առաջին փուլը, հիմա էլ հետագա քայլերն են կատարվում…

Բայց փորձառու Արտուշ Ղուկասյանին ինչ-որ մանր խարդավանքների միջոցով չէին  կարող խոչընդոտել: Ուստի եւ խնդիր դրվեց նախեւառաջ կտրել նրա «թեւերը» ու աջակիցներին վարկաբեկել: Սկսվեց բամբասանքի, ֆեյսբուքյան կեղծ էջերի, անանուն հոդվածների արշավը…

Թիրախում նախեւառաջ   Թեհմինա Մարությանն էր:

Հանրապետության գրականագետների նոր սերնդի վառ ներկայացուցիչ,  Գորիսի հոգեւոր-մշակութային կյանքի վերջին տարիների ամենաերեւելի կազմակերպիչ    Թեհմինա Մարությանը, պարզվում է, բազում «մեղքեր» էր գործել, ինչի համար էլ մարզպետի կողմից հայտարարվել էր անցանկալի անձ:

Նա 2017թ. հոկտեմբերի 19-20-ին Գորիսի պետհամալսարանում կազմակերպված գիտաժողովի նախաձեռնողներից էր: 

Եվ չէր խոչընդոտել, որ Սամվել Ալեքսանյանը գիտաժողովում հանդես գա Մովսես Տաթեւացուն (Խոտանանցուն) նվիրված զեկուցումով:

Հարցը կոնկրետ էր դրվել՝ ինչու՞ պետք է հանրությունն իմանա, որ թերթի խմբագիրը նաեւ գիտությամբ է զբաղվում:

Թեհմինա Մարությանը չէր խոչընդոտել, որ գիտաժողովի առաջին օրվա ավարտին հանրապետության տարբեր վայրերից ու Արցախից ժամանած հյուրերի համար կազմակերպված ընդունելությունը վարի Սամվել Ալեքսանյանը:

Ավելի վաղ Թեհմինա Մարությանը գործել էր աններելի մեկ այլ «հանցանք». «Սյունյաց երկիր» թերթի 2017թ. հուլիսի 14-ի համարում դրվատանքի խոսք էր ասել թերթի խմբագրության հասցեին՝ Գուսան Աշոտին նվիրված հատուկ համարի հրատարակման առիթով («Ինչպե՞ս չհիանալ «Սյունյաց երկիր» թերթով»):

Թեհմինա Մարությանը թույլ էր տվել մի «հանցանք» նույնպես. նրա թողտվությամբ էր գիտաժողովի փակման ժամանակ հնչել Ակսել Բակունցի «Կյորես» վիպակի վերջնամասը, եւ Սամվել Հարությունյանի հրաշալի ասմունքն արժանացել էր ներկաների ծափահարություններին ու հիացական բացականչություններին, ինչը նույնպես աններելի է:

Ամենամեծ «հանցանքը»… Գիտաժողովին հրավիրվել էր «Ազատագրում» գրքի հեղինակ Մարտին Բաղդասարյանը, ով էլ հայտարարեց, թե Արցախյան պատերազմի օրերին Սյունիքում ձեւավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք անցել են մարտական փառապանծ ուղի, իսկ Գորիսի կամավորականներին գլխավորել է Սուրեն Խաչատրյանը: Թեհմինա Մարությանը հաշվի չէր առել գործող մարզպետի տեսակետը, որի համաձայն Սյունիքն ամենեւին էլ ակտիվ մասնակցություն չի ունեցել Արցախյան պատերազմին:  

Եվ ահա այդ «մեղքերի» համար Թեհմինա Մարությանը չպետք է ընտրվեր ֆակուլտետի դեկան… 

Արդեն ասացինք, որ համալսարանի շուրջ տեղի ունեցող խմորումներին լուրջ նշանակություն չէր տալիս ռեկտոր Արտուշ Ղուկասյանը՝ դրանք համարելով ուշադրության ոչ արժանի մանր խաղեր: Ավելի վճռական լինելու համար, ըստ էության, նրան խոչընդոտում էր հարուցված քրեական գործը, որին անդրադարձանք վերեւում: Ճիշտ է, ինքը որեւէ առնչություն չունի ենթադրյալ հանցանքի հետ, բայց մարդկայնորեն ծանր է տանում այդ ամենը:

Կարող էր նույնիսկ ֆակուլտետի դեկանի ընտրություն չհայտարարել ստեղծված իրավիճակում, կարող էր եւս մեկ-երկու ամիս սպասել (ստեղծված վիճակը հաշվի առնելով), ինչպես սպասել էր մոտ մեկուկես տարի, բայց…Իր իրավունքն է: Իր իրավունքն է նաեւ անցկացված ու անցկացվող քվեարկությունների լեգիտիմության ճանաչումը-չճանաչումը, ընտրված թեկնածուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելը-չկնքելը…

Այդ բոլորով հանդերձ՝ որեւէ մեկը չի կարող ֆակուլտետի խորհրդի անդամներին դիտողություն անել, թե ինչու են այդպես քվեարկել: Իրենց իրավունքն է, եւ առնվազն անպարկեշտություն կլինի հարցն այդ տեսանկյունից քննարկելն ու ընտրության արդյունքներն իբրեւ ողբերգություն գնահատելը: Սակայն… Ֆակուլտետի խորհրդում քվեարկությունից առաջ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք, միանշանակ, համալսարանի ռեկտորի եւ ֆակուլտետի խորհրդի անդամների գործը չեն միայն, որոնք հարցականի տակ են դնում ընտրության լեգիտիմությունը:

Ըստ համալսարանից ստացած տեղեկությունների՝ քվեարկությունից առաջ տեղի են ունեցել սպառնալիքներ եւ ճնշումներ՝ ուղղված խորհրդի անդամներին: 

Ճնշումների գործընթացը, որի նպատակն է եղել Վահե Հակոբյանի հանձնարարականի պարտադիր կատարումը, կյանքի է կոչել հատկապես Վահիկ Սաֆարյանը, ով, թեեւ պետական պաշտոն չի վարում, Գորիսում հանդես է գալիս Սյունիքի մարզպետի խորհրդականի կարգավիճակով, ով խորհրդի անդամների հետ բանակցելիս քանիցս հայտարարել է, որ ինքն է Գորիսում որոշողը:

Ճնշումների իրականացմանն ակտիվ մասնակցություն է ունեցել Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը:

Առանձին հանդիպումներ են կազմակերպվել Թեհմինա Մարությանի եւ նրա ամուսնու հետ՝ ընտրապայքարից հրաժարվելու պահանջով:

Ինչ-որ մեկը նույնիսկ սպառնացել է Թեհմինա Մարությանին՝ եթե թեկնածությունդ չհանես, ապա չի բացառվում, որ քո պայուսակում թմրանյութ հայտնվի… 

Չենք  ուզում անվերապահորեն ընդունել այդ ամենի հավաստիությունը՝ հիմք ընդունելով յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածը: Բայց այդ ասեկոսեներն անպայման պետք է հաստատվեն կամ հերքվեն, քանի որ նման երեւույթների պարագայում (եթե հաստատվի ճնշում գործադրելու գոնե մեկ դրվագ) դեկտեմբերի 27-ի ընտրությունը չի կարող օրինական համարվել:      

Եվ ուրեմն՝ շատ հստակ խնդիր է ծառացած՝ արդյո՞ք  ֆակուլտետի խորհրդի անդամների եւ թեկնածուներից մեկի վրա ճնշում  են գործադրել, արդյո՞ք այդ ճնշումներն էական ազդեցություն են ունեցել ընտրությունների ելքի վրա, արդյո՞ք ճնշում գործադրողները (մարզպետի գլխավորությամբ) չեն չարաշահել իրենց պաշտոնեական դիրքը եւ չեն խոչընդոտել խորհրդի անդամների ազատ կամարտահայտմանը: 

Պարզագույն այդ հարցերի պատասխանին էլ սպասում է հանրությունը:

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ խմբագրությունում տեղեկություն ստացվեց առ այն, որ Գորիսի պետհամալսարանում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած ընտրության հետ կապված մտահոգիչ հարցերը դրվել են երկրի բարձր ղեկավարության սեղանին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: