01.17.2018
USD-483.01   EUR-590.82   RUB-8.56  

Սերժանտ Արամ Սարիբեկյանը «Ես եմ» ծրագրի մասին

Սերժանտ Արամ Սարիբեկյանը «Ես եմ» ծրագրի մասին

2017թ. դեկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետություն կատարած այցի ընթացքում առաջին կանգառը պաշտպանության նախարարությունն էր, որտեղ նախանշվեցին մեր հետագա անելիքները՝ այցելություն կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամաս, որտեղից ուղղություն պիտի վերցնեինք դեպի առաջնագիծ: 

Լրագրողների մեր խմբին դեպի մարտական դիրքեր ուղեկցողների թվում էր զորամասի սերժանտական խորհրդի նախագահ Արամ Սարիբեկյանը: 

Հայաստանի ագրարային  համալսարանի ուսանողն առաջին կուրսից էր զորակոչվել բանակ, այժմ արդեն զինծառայության ավարտին հաշված օրերն են մնացել: Այդ առիթով հայտնում է, որ իրենք ապրիլյան պատերազմ տեսած ժամկետային զինվորների վերջին սերունդն են: 

Արամ Սարիբեկյանի հետ զրույցը, նախեւառաջ, սերժանտական խորհրդի մասին էր, որ հիմնականում զբաղվում է զորամասի ներքին կազմակերպչական հարցերով: 

«Ամսվա ընթացքում ժողովներ ենք հրավիրում, նիստեր, որոնց ընթացքում քննարկում ենք մշտական տեղակայման վայրում եւ մարտական դիրքերում առաջացած խնդիրներն ու վիճահարույց հարցերը, որոնք առնչվում են առօրյա զինծառայությանը, զինվորներին հուզող հարցերին: Դրանք, ներկայացնելով վերադաս հրամանատարությանը, ստանում են լուծումներ: Զինծառայողներ կան, ովքեր անձնական խնդիրներ են ունենում նաեւ՝ հոգեվիճակի հետ կապված: Ամեն ինչ արվում է, որ զինվորը պատրաստ լինի մարտական հերթապահությանը»,- պատմում է սերժանտ Արամ Սարիբեկյանը:

Սերժանտական խորհրդի տեսադաշտում է նաեւ զինվորների ժամանցի, հանգստի կազմակերպումը, մշակութային միջոցառումների անցկացումը. «Ամեն կիրակի միջոցառումներ, խաղեր ու մրցույթներ են անցկացվում, լավագույնները պարգեւատրվում են, ամսվա կտրվածքով խրախուսանքների են արժանանում նաեւ մարտական հերթապահությունում աչքի ընկածները», - ներկայացնում է զրուցակիցս: 

- Ինչպե՞ս են իրենց զգում արցախաադրբեջանական շփման գծում ծառայություն իրականացնող տղաները, - առօրյա հարցով դիմում ենք սերժանտական խորհրդի նախագահին:

- Ծառայության երկու տարիները մի յուրօրինակ համալսարան են,- պատասխանում է,- նորակոչիկը սկզբից դժվարությամբ է հարմարվում բանակային կյանքին, հետո կամաց-կամաց ինտեգրվում է զինծառայությանը, նոր ընկերներ է ձեռք բերում, մասնակցում մարտական պատրաստության պարապմունքներին, մի խոսքով՝ մտքերով ու հոգով կտրվում է քաղաքացիական կյանքից եւ այն գիտակցությամբ տոգորվում, որ պիտի դիմանալ դժվարություններին:

Արամ Սարիբեկյանը հընթացս ծանոթացնում է, որ իրենց տեղեկատվության հիմնական աղբյուրը ԼՂՀ պաշտպանության նախարարության «Մարտիկ» պաշտոնաթերթն է. ինքն անձամբ սիրով է ընթերցում լրագիրը եւ այնտեղ զետեղված հրապարակումները մատչելի ձեւով ներկայացնում իր ենթականերին՝ զինվորական կյանքին, մանավանդ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող:

Ինչպե՞ս է պահպանվում կապը ծնողների, հարազատների հետ: Նման խնդիր չկա. անհրաժեշտության դեպքում զինվորը հեռախոսազրույց է ունենում: Նաեւ արձակուրդ գնալու հնարավորություն ունի: Արամ Սարիբեկյանը երեք անգամ արձակուրդ է գնացել, ի դեպ, վերջին անգամ՝ որպես խրախուսանք՝ լավ ծառայության համար: 

Այս զորակոչին հայրենիքին ծառայելու նոր տարբերակ կա՝ «Ես եմ» ծրագիրը, որը նաեւ հակասական քննարկումների տեղիք տվեց: 

Ի՞նչ է մտածում «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում հայտարարված «Ես եմ» ծրագրի մասին սերժանտ Արմեն Սարիբեկյանը: 

Ասենք, որ «Ես եմ» ծրագրով զինակոչիկներն իրավունք են ստանում անցնելու ժամկետային-պայմանագրային ծառայության, որը տեւելու է երեք տարի, որից ընդհանուր առմամբ յոթ ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձեւով՝ մեկ շաբաթ արձակուրդում, մեկ շաբաթ զորամասում՝ պատրաստվելով մարտական հերթապահության եւ երկու շաբաթ առաջնագծում: Ծառայության ավարտից հետո զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի մոտ հինգ միլիոն ՀՀ դրամ, որը զորացրված զինվորը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրից մեկում՝ մատչելի բնակարանի ձեռք բերում, մինի ֆերմայի ստեղծում կամ ուսման վարձի փոխհատուցում: 

Արամ Սարիբեկյանի փոխանցմամբ՝ ինքը կարծում է, որ «Ես եմ» ծրագրին կարող են նախապատվություն տալ հատկապես գյուղում ապրող երիտասարդները, որ զինծառայությունից հետո ծրագրի տրամադրած ֆինանսական միջոցներով ֆերմերային տնտեսություն հիմնեն: 

Քանի որ հաշված օրեր էին մնացել մինչեւ զորացրվելը (զրույցը կայացել է 2017թ. դեկտեմբերի 26-ին), սերժանտ Սարիբեկյանից ցանկացանք իմանալ, թե իրեն ի՞նչ տվեց ծառայությունը բանակում: «Նախ նոր ծանոթություններ՝ նոր ընկերներ ձեռք բերեցի, իմ ընկալումները փոխվեցին կյանքի ինչ-ինչ երեւույթների նկատմամբ, աշխարհայացքս փոխվեց: Դժվարություններին դիմանալ է սովորեցնում բանակը, այսինքն՝ ինչքան էլ դժվար լինի, հույսդ չպիտի կորցնես: Բանակը երիտասարդին տղամարդ է դարձնում», - այսպիսի համոզմունքով ավարտեց խոսքը սերժանտ Սարիբեկյանը: 

Նման լավատեսական խոհերով է Արամ Սարիբեկյանը հրաժեշտ տալիս պարտադիր զինծառայությանը, ինչպես ասում են՝ սահմանադրական պարտքը կատարած՝ շարունակելու է ուսումը Երեւանի  ագրարային համալսարանում՝ սննդի տեխնոլոգ-ինժեների մասնագիտությամբ:

Բարի վերադարձ…

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: