05.22.2018
USD-483.03   EUR-567.51   RUB-7.74  

Անցավոր ու ժամանակավոր այս օտարականն այդպես էլ չի գիտակցում, որ Սյունիքի պրոբլեմն ամենեւին էլ պիցցան չէ

Անցավոր ու ժամանակավոր այս օտարականն այդպես էլ չի գիտակցում, որ Սյունիքի պրոբլեմն ամենեւին էլ պիցցան չէ

Փետրվարի 13-ին «Արմենպրեսը» տարածել է Սյունիքի մարզպետի հետ հարցազրույցը:

Հետաքրքիր է՝ Վահե Հակոբյանին տեղեկացրե՞լ են, որ իր անունից ինչ-որ խոսք է տարածվում:

Սյունիքում շարունակում է իշխել կարծիքը, որ նրա անունից ժամանակ առ ժամանակ տարածվող հարցազրույցները, հոդվածները պատրաստվում են ՀՀ Ազգային ժողովի հայտնի սենյակում՝ երբեմն տեղյակ չդարձնելով նույնիսկ հեղինակ կոչվածին:

Դա էլ իր պատճառն ունի. մարզպետն այս մոլորակում բոլորից շատ սարսափում է լրագրողներից, քանի որ, ինչպես ժամանակը ցույց տվեց, ի վիճակի չէ որեւէ հարցի վերաբերյալ ամբողջական նախադասություն կառուցել կամ ողջամիտ միտք արտահայտել:

Ինչեւէ, հարցազրույց կոչվածում ոչ մի բառ Սյունիքի առջեւ ծառացած բազում հիմնախնդիրներից որեւէ մեկի մասին, ոչ մի նորություն, ոչ մի թարմություն: Ըստ էության՝ ԱԺ-ի հայտնի սենյակում վերցրել են նախորդ հարցազրույցների, հոդվածների տեքստերը եւ աչքաչափով կցմցել իրար: Նորից օդակայան, չեխական ինքնաթիռ, պիցցա, բրենդային ապրանքների խանութ…

Որքան էլ զարմանալի է, այս անգամ խոսք չի եղել միայն կազինոյի եւ Սյունիքը պարսիկների զվարճանքի վայր դարձնելու վահեհակոբյանական երազանքի մասին:

Հարցազրույց կոչվածում վերահաստատվեց նախկինից եկող միտումը՝ տպավորություն ստեղծել, թե Սյունիքը Հայաստանի Հանրապետության մաս չէ եւ կառավարությունը ոչինչ չի անում մարզում, իսկ արվածն էլ (եթե, իհարկե, արվել է) պայմանավորված է Վահե Հակոբյանի անձնական նախաձեռնությամբ ու  գործունեությամբ:

Հարցազրույցը որերորդ անգամ ցույց տվեց, որ այդ պարոնն իսկապես օտարական է ու խիստ ժամանակավոր ֆիգուր Սյունիքում եւ չի պատկերացնում մարզի հիմնախնդիրները, չի էլ տեսնում, թե իր վնասարար գործունեության հետեւանքով ինչքան նոր պրոբլեմներ են առաջացել եւ առաջանում մարզում, որոնց վերացման համար տասնյակ տարիներ են պահանջվելու եւ նյութական հսկայական միջոցներ: 

Բայց հարցազրույցի իրական նպատակը միանգամայն այլ էր եւ ցցուն. հանրության ուշադրությւոնը շեղել վառոդի տակառ հիշեցնող Սյունիքի իրական ու մերօրյա ընթացքից, Հայաստանի Հանրապետությունը, Սահմանադրությունը վարկաբեկելու ուղղությամբ Վահե Հակոբյանի հետեւողական գործողություններից: Նաեւ հիշեցնել հայ հանրությանը, թե ինքն անպատժելի է, իրեն թույլատրված է ամեն ինչ: Միաժամանակ տպավորություն ստեղծել, թե իբր Սյունիքը մարզպետ ունի, թե իբր Սյունիքում ամեն ինչ նորմալ է: 

Սակայն պիտի հիասթափեցնենք ե՛ւ «Արմենպրեսին», ե՛ւ մարզպետին ամենաթողության մանդատ տվողին՝ հարցազրույցն իր նպատակին ամենեւին չի ծառայել, տասնյակ հազարավոր սյունեցիներ շարունակում են շուլուխով վերաբերվել Վահե Հակոբյանին՝ նրան ընկալելով իբրեւ խիստ ժամանակավոր ու անցավոր անձնավորություն, ինչպես եւ սովորական ասպատակ:

Ինչ վերաբերում է հարցազրույցը պատրաստող ԱԺ-ականին… Հաջորդ անգամ (բարի եղեք) փորձեք մի փոքր նոր եւ թարմ ոճ օգտագործել Վահեի անունից նյութեր տարածելիս: Փորձեք գոնե մեկ-երկու նախադասություն գրել, որոնց մեջ չլինեն Կապանի օդակայան, չեխական ինքնաթիռ, պիցցա, կազինո բառերն ու արտահայտությունները: Մի բան եք միայն ճիշտ անում առայժմ, որ Վահեի անունից հարցազրույցներ ու հոդվածներ գրելիս իրեն տեղյակ չեք դարձնում, այլապես ավելի անհեթեթ տեքստեր կունենանք:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: