11/17/2018

«Շանթ 2018». առողջապահության նախարարությունը պայմանականորեն բերվել է բարձր պատրաստականության վիճակի

«Շանթ 2018». առողջապահության նախարարությունը պայմանականորեն բերվել է բարձր պատրաստականության վիճակի

ՀՀ առողջապահության նախարարությունը «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում պայմանականորեն բերվել է բարձր պատրաստականության վիճակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:

«Ելնելով ստեղծված պայմանական իրավիճակից, որ հանրապետության երեք մարզերում հրետակոծությունների հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ, առողջապահության նախարարությունն օպերատիվ կապ է պահում թե՛ մարզերի բուժհաստատությունների, թե՛ այլ գերատեսչությունների հետ՝ ուշադրության կենտրոնում պահելով օգնության կարիք ունեցող քաղաքացիների ու զինծառայողների վիճակը»,- ասաց խոսնակը:

Նախարարությունը պայմանական աշխատանքներ է իրականացնում նաև Արմավիրի մարզում տեղակայված փախստականների ճամբարում:

«Հայ-թուրքական սահմանից Հայաստան ներխուժած շուրջ 400 քուրդ փախստականները տեղակայվել են Արմավիրի մարզում: Այստեղ կենտրոնացվել են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ուժերը՝ կանխելու այստեղ հիվանդության տարածումը: Իրականացվում են հակահամաճարակային քայլեր: Փախստականներին տրամադրվում է բժշկական օգնություն»,- նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակը:

Պայմանականորեն ուժեղացվել են մարզերի բուժկենտրոնները՝ ցանկացած պահի անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

 

 
armenpress.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: