12/11/2018

Սիրտս տխուր է. Ջիվան Գասպարյան իր հոբելյանը չի նշում Շառլ Ազնավուրի մահվամբ պայմանավորված

Սիրտս տխուր է. Ջիվան Գասպարյան իր հոբելյանը չի նշում Շառլ Ազնավուրի մահվամբ պայմանավորված

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հոկտեմբերի 12-ին դարձավ 90 տարեկան: Վաղ առավոտից հանրաճանաչ երաժիշտը շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր երկրներից, սակայն, ինչպես ինքն է ասում, բացարձակ տրամադրված չէ տարեդարձը տոնելու:

«Մեծանուն մարդ, իսկական ընկեր ու բարեկամ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կորուստն ինձ համար ծանր էր: Հետևաբար` ես տրամադրված չեմ և չեմ կարող իմ տարեդարձը տոնել: Սիրտս տխուր է…Շառլ Ազնավուրի հետ մենք պայմանավորվել էինք, որ նա ֆրանկոֆոնիայի օրերին գալու էր Հայաստան, միասին նշելու ենք իմ 90-ամյակը, միասին ձայնագրություններ պետք է անեինք, բայց չստացվեց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  Ջիվան Գասպարյանը:

Խոսելով առաջիկա անելիքների մասին, Ջիվան Գասպարյանը նշեց, որ նոյեմբերի 26-ին Երևանում կանցկացվի համերգ, որն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Ես չեմ ուզում դրսից մարդիկ հրավիրվեն, ցանկանում եմ, որ բեմում լինեն ազգությամբ հայ իմ ընկերները: Բեմում կլինեմ ես, իմ սաները, երաժշտական ոլորտի իմ ընկերները: Այդ երեկոն նվիրված կլինի ինձ: Կհնչեն իմ գրված, ինչպես նաև ժողովրդական երգեր: Ի դեպ, ես Գյումրիին նվիրված երգ եմ գրել, որը նույնպես այդ երեկո կհնչի»,-ասաց Ջիվան Գասպարյանը:

Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 12-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում: Սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդման: 1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը: Նույն թվականին անգլիացի երաժիշտ Բրայան Ինոն, պատահաբար լսելով երաժշտապետի ներկայացումը Մոսկվայում, որոշում է նրան Լոնդոն հրավիրել։

Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Ռոնին»,  «Օնեգին», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն և մոխիր» և այլն:

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում:

Աննա Գզիրյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: