01/16/2019

Այսօր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է

Այսօր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է

ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը տարվա մեջ երկու անգամ է ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորանքեր ստանում` դեկտեմբերի 12-ին և հունվարի 12-ին:

Ինչպես MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում է պատմել սիրված երգիչը, դա կապված է իր հոր ծննդյան օրվա հետ. «Ես ծնվել եմ 1941 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում, սակայն կարևորել եմ իմ հոր ծննդյան օրը, որը հունվարի 12-ին է ծնվել` Սպիտակում: Այսպիսով, անձնագրում ամրագրել եմ այդ օրը, որպես ծննդյան օր: Ստացվում է` մեկ ամսով փոքրանալով, դարձել եմ 1942 թվի ծնված Սպիտակի բնակիչ, որի համար շատ երջանիկ եմ»,- մանրամասնել է նա:

Ռուբեն Մաթևոսյանը 1967 թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1961-92 թթ-ին հանդես է եկել որպես ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996 թ-ից՝ գեղարվեստի ղեկավար։ 1992-96 թթ. եղել է «Աստղեր» անսամբլի գեղարվեստի ղեկավար և մենակատար։ 1986 թ. դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990-ից՝ Երևանի կոնսերվատորիայում։

Ռուբեն Մաթևոսյանը Շերամի երգերի լավագույն կատարողների հանրապետական մրցույթի 1-ին մրցանակակիր է (1961, Երևան)։ Ռուբեն Մաթևոսյանի երգացանկում կան հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ։ Նրա լավագույն կատարումներից են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլն։

Արվեստագետը 1998 թ. արժանացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: