ԼՈՒՐԵՐ
Ինը տարի առաջ Կապանի N1 միջնակարգ դպրոցը, համագործակցելով "Այրեքս" միջազգային կազմակերպության հետ, սկզբնավորեց "Ընթերցողների կոնֆերանս" խորհրդանշական անվանումը կրող միջոցառումների շարքը: Մայիսի 5-ին կրթօջախի դահլիճում տեղի ունեցավ "Գրի խորհուրդը բաց դուռ լինի ձեզ համար" խորագրով 2010-2011 ուստարվա եզրափակիչ միջոցառումը: Բեմահարթակը հերթականությամբ տրամադրվեց տարբեր դասարանների դպրոցականների, որոնք հանդես եկան ուղերձներով, փոքրիկ բեմականացումներով, ներկայացրին դրվագներ համաշխարհային պատմության էջերից, հնչեցին բանաստեղծություններ եւ երգեր` հայերեն եւ օտար լեզուներով:
Ադրբեջանի ջարդերից մազապուրծ 35 հայ ընտանիք տարիներ առաջ հանգրվանեց Որոտանում: Այդպես կազմավորվեց Գորիսի տարածաշրջանի Որոտանի համայնքը: Ապրիլի 23-ին, գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Յուրի Ջավահիրյանի նախաձեռնությամբ, համայնքի բնակիչները, դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց մեծ եղեռնի, ինչպես եւ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: Հուշարձան-խաչքարին ծաղիկներ դնելուց հետո միջոցառումը շարունակվեց դպրոցի դահլիճում: Թատերականացված ցերեկույթը նվիրված էր հայոց պետականության վերականգնմանն ու հայ ժողովրդի վերածննդին:
2011թ. լրացան Լեռնահայաստանի հռչակման 90 եւ Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակները: Կապանի N2 ավագ դպրոցի (տնօրեն` Լեռնիկ Պետրոսյան) 11-3 դասարանի աշակերտներն իրենց հերթական դասը նվիրել էին վերոնշյալ իրադարձություններին: Չնայած որ Զանգեզուրի գոյամարտի մասին հետխորհրդային շրջանում գրվել ու գրվում են բազմաթիվ ստեղծագործություններ, բայց դպրոցի աշակերտների ուշադրությունն այդ օրը գրավել էր հատկապես Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի "Լեռնահայաստանի հայկական պետությունը" աշխատությունը, որն ամփոփ ներկայացնում է Սյունիքի ազատագրական պայքարի ողջ պատմությունը (զեկուցող` Ռիտա Օվչյան): Դպրոցականների միջոցառմանը մասնակցում էին ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ եւ այլ հյուրեր: Երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանն առաջարկեց չմոռանալ նաեւ մեր ազգային հերոս Պողոս Տեր-Դավթյանին: Ի դեպ, այս տարի լրացել է նրա 130-ամյակը:
Մայիսի 12-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզխորհրդի նիստ, որին ներկա էին համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ: Գորիսի տարածքային զինվորական կոմիսար Մելիքսեթ Պողոսյանը ներկայացրեց գարնանային զորակոչի ընթացքը եւ առկա խնդիրները` տեղեկացնելով, որ զորակոչը մեկնարկելու է մայիսի 16-ին եւ ավարտվելու հունիսի 30-ին: Փոխմարզպետ Վաչե Գրիգորյանն էլ ներկաներին տեղեկացրեց, որ 2011թ. հոկտեմբերի 12-ից 21-ը տեղի կունենա մարդահամար եւ խնդիր դրեց համայնքապետերի առջեւ, որ տեղավորվեն նշված ժամկետի մեջ ու թույլ չտան խախտումներ: Նիստի արդյունքներն ամփոփեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` գյուղապետերին հորդորելով ավելի հետեւողական լինել գարնան-գյուղատնտեսական աշխատանքներում:
Ապրիլի 18-20-ը Երեւանում տեղի ունեցավ "Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական հարաբերություններում" խորագիրը կրող հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովը, որին մասնակցում էր նաեւ Սյունիքի մարզի պատվիրակությունը` Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ձեռք է բերվել համաձայնություն` Սյունիքի եւ Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզերի միջեւ առեւտրաարդյունաբերական, գիտատեխնիկական, զբոսաշրջության զարգացման եւ մշակութային համագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ: Նախատեսվում է նաեւ երկու մարզերի քաղաքային համայնքների միջեւ համագործակցության հուշագրերի ստորագրում:
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 66-րդ տարեդարձի եւ Շուշիի ազատագրման 19-ամյակին նվիրված տոնական միջոցառումները մարզկենտրոնում սկսվեցին Կապանում տեղակայված զորամասից, որտեղ տեղի ունեցավ օրվա խորհրդին նվիրված հանրահավաք եւ զինվորական շքերթ: Այնուհետեւ Կապանի քաղաքապետարանից Մեծ հայրենականի եւ մերօրյա ազատամարտի մասնակիցները, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ ծաղիկներ դրեցին Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին, հետո այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում եւ Արցախյան գոյամարտում զոհվածների հիշատակին: Օրվա երկրորդ կեսին մարզկենտրոնի կենտրոնական հրապարակում համերգային ընդգրկուն ծրագրով հանդես եկան Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը, որն ավարտվեց ավանդական քոչարիով: Այնուհետեւ մշակույթի կենտրոնի "Մարտական փառքի" սրահում երկու տարեդարձերի առթիվ պատերազմի վետերաններին շնորհավորեց, դրամական պարգեւներ ու նվերներ հանձնեց Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը: Մեծ հաղթանակի 66-րդ տարեդարձին եւ Շուշիի գրավման 19-ամյակին նվիրված տոնակատարություններ տեղի ունեցան Գորիսում, Սիսիանում, Մեղրիում, Քաջարանում, Ագարակում եւ մարզի գյուղական համայնքներում:
Հայոց մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման օրը` ապրիլի 24-ին, Կապանի Ալ.Շիրվանզադեի պետական դրամատիկական թատրոնում բեմադրվեց "Ծիրանի ծառ" գրական-երաժշտական համադրույթը (բեմադրությունը` Նատալյա Բաղդասարյանի): Պերճ Զեյթունցյանի "Ոտքի՛, դատարանն է գալիս" պիեսի, Վարդգես Պետրոսյանի "Հայկական էսքիզների" մոտիվներով ստեղծված բեմականացման մեջ օգտագործվել էին նաեւ Նարեկացու եւ Սեւակի ստեղծագործությունները: Այս ամենը վերակենդանացնում էին Մեծ եղեռնի դրվագները: Անդրադարձ եղավ նաեւ մերօրյա իրադարձություններին` Սումգայիթյան սպանդին, թուրքի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարությանը, "Ակոս" թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը: Համադրույթի լեյտմոտիվն այն էր, որ տասնամյակներ են անցնում, բայց թուրքի ձեռագիրը մնում է նույնը: