ԼՈՒՐԵՐ
Մարզի պետական միջն. մասնագիտական ուսումնական հաստատություններում անցած տասնօրյակում առաջին անգամ ձեւավորվեցին կառավարման կոլեգիալ մարմիններ (խորհուրդներ): Խորհրդի նախագահ են ընտրվել` Սիսիանի տնտեսագիտական քոլեջում` Գառնիկ Հովակիմյանը ("Վի Էյջ Սթոուն"-ի ՍՊԸ տնօրեն), Գորիսի մանկավարժական քոլեջում` Ագնեսա Դարբինյանը (քոլեջի նախկին տնօրեն), Կապանի արվեստի պետական քոլեջում` Սուրեն Գրիգորյանը (Կապանի թիվ 3 երաժշտական դպրոցի տնօրեն), Կապանի ճարտարագիտական քոլեջում` Վոլոդյա Աբրահամյանը ("Քաջարանի կոնստրուկտշին" ՓԲԸ տնօրեն), Մեղրիի քոլեջում` Գրիգոր Մկրտչյանը ("Մեղրու ԲՈՒԱՏՁ" ՍՊԸ տնօրեն):
Խորհրդի նախագահի փետրվարի 2-ին նշանակված ընտրությունը քվորում չլինելու պատճառով չի կայացել Սիսիանի հումանիտար քոլեջում:
Դեռեւս խորհուրդ չի ձեւավորվել Գորիսի գյուղատնտեսական քոլեջում, որ գտնվում է ՀՀ գյուղնախարարության տնօրինության ներքո:
Փետրվարի 7-ին Սյունիքի մարզում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Օրերս Սյունիքի մարզ էր այցելել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի փոխանցմամբ Սյունիքում վերջին տարիներին աճել է գործազրկության միջին տարեկան մակարդակը: Գործազրկության առումով Հայաստանում մարզն առաջին տեղում է: 2007թ. այն կազմել է 13.1 տոկոս, իսկ 2008-ին` 14.1 տոկոս: Սրանք, ի դեպ, պաշտոնական տեղեկություններ են, որոնք այնքան էլ ճիշտ չեն արտացոլում գործազրկության իրական պատկերը:
Այս տարի Սյունիքում բնության հատուկ պահպանվող տարածքները կավելանան երկուսով` "Զանգեզուր" արգելավայր եւ "Արեւիկ" ազգային պարկ, որը կլինի Մեղրու տարածաշրջանում: Հետագայում նախատեսված է ստեղծել նաեւ "Որոտան" արգելավայր հատուկ պահպանվող տարածք:
Կապանի քաղաքապետարանում ստեղծվել է 15 հոգուց բաղկացած քաղաքային խորհուրդ: Հասարակական հիմունքներով գործող խորհուրդը գումարել է անդրանիկ նիստը:
Փետրվարի 10-ին Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը կազմակերպել էր կլոր սեղան` Սիսիանի տարածքում գործող հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Կուսակցությունների ղեկավարները ողջունել են համայնքի ղեկավարի նախաձեռնությունը եւ կարեւորել քաղաքական տարաձայնություններից հրաժարվելու ու Սիսիանի ընդհանրական շահի շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը: Կլոր սեղանին մասնակցում էին Վահրամ Սարգսյանը (ՀՀԿ), Մհեր Եղիազարյանը (ԱԻՄ), Վազգեն Բաբայանը (ՕԵԿ), Վարդան Գեւորգյանը (ՀԺԿ), Վոլոդյա Հակոբջանյանը (ՀՅԴ), Սեւադա Գասպարյանը (ՄԱԿ), Ռադիկ Հովհաննիսյանը (ԺԿ), Կամո Սաֆրազյանը (ՀՀՇ), Լեւոն Ավագյանը (ՀՌԱԿ):