ԼՈՒՐԵՐ
Փետրվարի 15-ին լրացավ Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 20-ամյակը: Կապան, Քաջարան քաղաքներից աֆղանական պատերազմի մասնակիցների թիվը մոտ հարյուր քառասուն է: Պատերազմական գործողությունների ժամանակ երկու հոգի մահացել է, ինը` վիրավորվել:
Գորիսի շրջանից պատերազմին մասնակցել է հիսունչորս հոգի, որոնցից երկուսը զոհվել է, երեքը` վիրավորվել:
Սիսիանի շրջանից պատերազմին մասնակցած քառասուն հոգուց զոհվել է մեկ, վիրավորվել` ութ հոգի:
Մեղրու շրջանից պատերազմին մասնակցել է տասներեք, վիրավորվել` մեկ հոգի (պատերազմին մասնակցած ադրբեջանցիների թիվը չի մտնում դրա մեջ):
ՀՀ կառավարության որոշմամբ 2009-ին Գորիսի պետական համալսարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, Սյունիքի երկրագիտական թանգարանների հետ համատեղ նախատեսվում է ստեղծել Սյունիքի հայագիտական կենտրոն Գորիսի պետական համալսարանում եւ կենտրոնի մասնաճյուղեր` Կապանում, Սիսիանում: Նպատակը Սյունիքի նյութական եւ հոգեւոր մշակույթի ժառանգության ուսումնասիրությունն է, նաեւ մարզում երիտասարդ գիտնականների հիմնավորումն ու կայացումը: Հունվարի 12-ին մարզպետի գորիսյան նստավայրում գիտական կենտրոնի բացմանը նվիրված խորհրդակցություն է տեղի ունեցել մարզի թանգարանների, մշակույթի ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարել է մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Փետրվարի 20-ին պաշտոնանկ է արվել Գորիսի տարածքային հարկային տեսչության պետ Անդրանիկ Ծատրյանը: Նրան փոխարինել է Արսեն Էվոյանը, որը մոտ տասը տարի աշխատում էր խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում` վերահսկողության բաժնի պետ: Ծնվել է 1968թ. Երեւանում, գիտությունների թեկնածու է, ամուսնացած է, ունի երեք երեխա:
Դատական ակտերի հարկադիր կատարման Սյունիքի մարզային բաժնի պետ Մարատ Սիմոնյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատվել է աշխատանքից: Նրան փոխարինել է Արմեն Բաղդագյուլյանը, որը մինչ այդ աշխատում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Փետրվարի 10-ից 14-ը մարզում տեղի է ունեցել դպրոցականների առարկայական օլիմպիադայի համայնքային փուլը: Օլիմպիադային մասնակցել են երեք հազար աշակերտ: Չորս հարյուր հիսուն դպրոցականներ զբաղեցրել են մրցանակային տեղեր, ովքեր էլ կմասնակցեն մարզային փուլին: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Նորա Ասատրյանի փոխանցմամբ` այս ուսումնական տարում դպրոցականների առարկայական օլիմպիադայի համայնքային փուլին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաեւ գյուղական դպրոցների աշակերտները: Իսկ մարզային փուլը տեղի կունենա մարտի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում:
Փետրվարի 14-ից 15-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում տեղի են ունեցել թեթեւատլետիկայի միջազգային մրցումներ, որոնց մասնակցել է նաեւ հանրապետության թեթեւատլետիկայի հավաքականը: Հեռացատկ մարզաձեւում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է կապանցի Հայկանուշ Բեկլարյանը` արժանանալով ոսկե մեդալի:
Փետրվարի 19-ին "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ հարավային մասնաճյուղի "Կապան" տեղամասի պետ է նշանակվել Հովհաննես Գեւորգյանը, որն ավելի վաղ աշխատել է նույն տեղամասի պետի` իրացման գծով տեղակալ: Նախկին պետ Լեւոն Ալեքսանյանն ազատվել է իր դիմումի համաձայն: