ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63
Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ
 
ՈՒՐԲԱԹ, 10 ԱՊՐԻԼԻ 2009, No 09 (181)
 
ԸՆԹԵՐՑՈՂԻ ԱՄԲԻՈՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ի պատասխան Հայաստանում ուրանի պաշարների շուրջ Ռուսաստանի հետաքրքրության մասին վերջերս հնչած լուրերի` կցանկանայի ներկայացնել դրա հետեւանքների ճշմարիտ եւ իրական պատկերը, որպիսին սպասվում է Հայաստանին, եթե ուրանի հանքարդյունահանումն ու մշակումն իրականություն դառնան...
ՔԱՐԱՇԵՆՑԻՆԵՐԸ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Անտառաշատի նախկին գյուղապետ Ս.Հայրապետյանի նամակը "Սյունյաց երկիր" թերթի խմբագրությանը
ԴՊՐՈՑԱԿԱՆ
ՏԵՍԻ՞ԼՔ, ԹԵ՞…
ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Մ.Հակոբյանի հետ
Այս "տեսանողն" էր` նախագահով զրահավոր, գետնահար, ուրվագծում-ներկայացնում Սյունիքի այսօրվա ու վաղվա տեսլականը… Իրական Սյունիքը, մինչդեռ, ուրիշ ակնկալիքներ ուներ ՀՀ նախագահի անդրանիկ այցից: Իրական Սյունիքն ուզում էր նախագահի մեջ տեսնել առաջնորդ` սիրած եւ հարազատ, խեղճության եւ քծնության սերմնացաններից օտարված, Սյունիքն իրենց հայրական կալվածքի հետ շարունակաբար շփոթող բիրդանաղաներից սահմանազատված: Ավա՜ղ…
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Երկրի ղեկավարի առաջին կանգառը եղել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է ձեռնարկության աշխատանքին, արտադրամասերում կարճատեւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ:
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
"Գեոպրոմայնինգ" ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյի հարցազրույցը "ԱՐՄԻՆՖՈՅԻՆ"
ԼՈՒՐԵՐ
Ապրիլի 3-ին Կապանի վարժարան ՊՈԱԿ-ում հանդիսավոր պայմաններում վերաբացվեց եվրոպական չափանիշներին համապատասխան վերանորոգված ու կահավորված մշակույթի դահլիճը, որը անվանվել է Կապանի նախկին թիվ 2 միջն. դպրոցի գրադարանավարուհի, բեմադրիչ, երկարամյա ու վաստակաշատ մանկավարժներից մեկի` Նորա Մնացականյանի անունով: "Ն.Մնացականյանը մեծ դեր է ունեցել դպրոցականների գեղագիտական դաստիարակության գործում եւ մշակույթի դահլիճը նրա անունով կոչելը նրան գնահատելու, արժեւորելու միջոց է", – նշեց վարժարանի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը: Մշակույթի դահլիճի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի աջակցությամբ:
Համայնքի բնակիչների հետ պարբերաբար հանդիպելը, նրանց հոգսերին ու մտահոգություններին մոտիկից ծանոթանալը դեռեւս նախընտրական ծրագրում իր առաջնահերթ խնդիրն էր համարել Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը: Եվ համայնքի բնակիչների հետ օրերս կազմակերպված հանդիպումը ոչ միայն սպասված էր, այլեւ ջերմ ու գործնական: Բարձրացված հարցերից մի քանիսը հենց տեղում սպառիչ պատասխաններ ստացան, մյուսների համար էլ մշակվեց անհրաժեշտ ժամանակացույց: Քաղաքապետը հակիրճ ներկայացրեց համայնքի զարգացման քառամյա ծրագիրը:
Ապրիլի 4-ից 5-ը Կապանում, Քաջարանում եւ Մեղրիում տեղի են ունեցել թիվ 38 ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների որակավորման դասընթացներ: Կապանում դասընթացներին մասնակցել է 370 մարդ, Քաջարանում` 80, Մեղրիում` 102: Որակավորման դասընթացներն անցկացվել են թեստերով (քսանհինգ հարց, մեկ խնդիր), իսկ ընտրական հանձնաժողովների անդամներին որակավորման լիցենզիա կտրվի հինգ տարով:
Այս տարի ՀՀ կառավարությունը "Վարձատրվող հասարակական աշխատանքներ" ծրագրերը կյանքի կոչելու համար մարզին հատկացրել է 97 մլն դրամ (նախորդ տարի` 79.5 մլն դրամ): Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի կողմից արդեն հաստատվել է 24 ծրագիր (2008-ին` 56 ծրագիր, որից քաղաքային` 22, իսկ 34-ը` գյուղական համայնքներում): "Վարձատրվող հասարակական աշխատանքներ" ծրագրերի շրջանակներում Կապանում 30 մլն դրամի աշխատանքներ կիրականացվեն, Գորիսում` 28, Սիսիանում` 26, Մեղրիում եւ Ագարակում` 11 մլն դրամի:
Ապրիլի 4-ին Երեւանի "Նաիրի" մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի երկրորդ տուրը: Կապանի "Գանձասարին" սեփական հարկի տակ հյուրընկալել էր Երեւանի "Բանանցը": Այս խաղում 1:0 հաշվով "Գանձասարը" պարտվեց "Բանանցից": Հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին: "Գանձասարը" սեփական հարկի տակ կհյուրընկալի Երեւանի "Ուլիսին":
Անցած տարում մարզում տեղի է ունեցել 146 արտակարգ դեպք, որից 133-ը` տեխնածին, հինգը` տարերային: Զոհվել է 17, տուժել` 40 մարդ:
Ապրիլի 3-ին Երեւանում Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը եւ Իրանի ճանապարհների ու հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանին ստորագրել են Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի իրականացման համագործակցության հուշագիր: Փաստաթղթի վերջնական տարբերակը, ըստ նախարարների, ստորագրվելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` գալիք իրանյան այցի ընթացքում: Ստորագրման արարողության ժամանակ իրանցի նախարարը ասաց, որ փոխնախարարների մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը պատրաստելու է նախագծի տեխնիկատնտեսական փաստաթուղթը:
Նախնական հաշվարկներով 470 կիլոմետր (որից 410-ը` Հայաստանի տարածքում) երկարությամբ երկաթուղու կառուցման համար կպահանջվի 1,2 միլիարդ դոլար:
Ապրիլի 3-ի կառավարության նիստում ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում եւ ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով` գործադիրը 2009թ. իր պահուստային ֆոնդից 3 մլն 100 հազար դրամ է հատկացրել ՀՀ Սյունիքի մարզպետարանին` Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու եւ բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով: Հանձնարարվել է ՀՀ Սյունիքի մարզպետին` տասնօրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել Մեղրու տարածաշրջանի անհատական ոռոգման պոմպերով 2008թ. ընթացքում օգտագործված էլեկտրաէներգիայի պարտքի ցուցակների վերաբերյալ ճշտված տեղեկատվություն` ըստ առանձին շահառուների: Հանձնարարվել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարարին` որոշման մեջ նշված գումարը ՀՀ Սյունիքի մարզպետարանին փոխանցել Սյունիքի մարզպետի կողմից ներկայացված հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում:
Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել "ՍԷՖ ինթերնեյշնլ" ՍՊԸ վարկային կազմակերպության Գորիսի մասնաճյուղը: Նախնական տեղեկություններով մասնաճյուղի պատասխանատուն ընկերության դրամարկղ չի մուծել հատկացված վարկերի վերադարձված մայր գումարներն ու վարկային տոկոսները: Մոտ 30 մլն դրամի հասնող այդ խարդախությունը տեսուչի հետ մեկտեղ գլուխ են բերել որոշ պետական չինովնիկներ Սիսիանից ու Գորիսից:
Ապրիլի 1-ին երկրում արձանագրված մի շարք ապրանքների եւ ծառայությունների թանկացումից հետո, որքան էլ տարօրինակ է, Գորիսի շրջանի կաթընդունման ձեռնարկություններում լիտրը մոտ 130 դրամ ինքնարժեքով արտադրվող կաթի ընդունման գինը 95 դրամից իջեցվել է 85 դրամի: Դա կաթընդունման ձեռնարկությունների հերթական կամայականությունն է գյուղացիների հանդեպ: Կաթնապրանքային տնտեսությամբ զբաղվող գյուղացիները հույս ունեն, որ իշխանությունները չափ կդնեն կաթ ընդունող ձեռնարկությունների ախորժակին:
"Կապանի քաղաղաքային խորհուրդ" անվանյալ շինծու կազմակերպությունում, որ մարտի 30-ին փորձել է քննարկել քաղաքի սանիտարական վիճակն ու արտաքին տեսքը, աղմկահարույց միջադեպ է գրանցվել: "Քաղխորհրդի" նիստին ներկա գտնվող Մաքսիմ Հակոբյանը հայտարարել է, թե 20տ դիզվառելիք եւ մի բեռնատար մեքենա երկու ամսով կհատակացնի քաղաքի կոմունալ տնտեսությանը` աղբահանության համար: Այնուհետեւ նա խոսքն ուղղել է քաղաքի կոմունալ տնտեսության ղեկավար Վարդան Գեւորգյանին. "Մենակ պայմանը սա է, գալու ենք` աբխոդ անենք, եթե էն մեր ուզածը չես արել, դիմում ես գրելու Ղափանից գնաս, ոչ թե գործից դուրս գաս, այլ Ղափանից գնաս…": Ամենազարմանալին այն է, որ Կապանի արժանապատվության մասին կենացներում վարպետացած մի քանի ներկաներ, որպես վաստակած հացի հատուցում, հեզանազությամբ են արձագանքել սույն պարոնի պլտպլտոցին:
Ի դեպ, "քաղխորհրդում" քննարկված այդ հարցն ուղղակիորեն մտնում է համայնքի ղեկավարի ու համայնքի ավագանու պարտականությունների մեջ:
Մարտի 25-ից 29-ը Գորիսում տեղի են ունեցել 1992-93թթ. ծնված աղջիկների ու պատանիների ՀՀ վոլեյբոլի առաջնության փնջային մրցումներ: Առաջնության կիսաեզրափակիչ փուլի համար մրցել է հանրապետության վոլեյբոլի քսան թիմ` Կապանի, Գորիսի, Մեղրու, Սիսիանի, Եղեգնաձորի, Վայքի, Ստեփանակերտի թիմերը եւ այլն: Կապանի վոլեյբոլի թիմը հինգ խաղում հաղթող է ճանաչվել, իսկ վերջին խաղում պարտվել Գորիսի թիմից` արժանանալով երկրորդ մրցանակային տեղին:
Ապրիլի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ֆուտբոլի գավաթի 1/4 եզրափակիչի "Գանձասար"-"Ուլիս" պատասխան հանդիպումը: "Ուլիսը" 1:0 հաշվով հաղթեց "Գանձասարին": Այսպիսով` "Գանձասարը" դուրս մնաց գավաթի եզրափակիչ փուլից: Նշենք նաեւ, որ "Ուլիս"-"Գանձասար" առաջին հանդիպման ժամանակ "Գանձասարը" կրկին պարտվել էր 4:1 հաշվով: