ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63
Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ
 
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 10 ՄԱՅԻՍԻ 2009, No 11 (183)
 
10 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հիմա արդեն Սյունիքում ոչ ոք չի կասկածում, որ գործող վարչախումբը եւ հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանը քաջարանյան կլանի հանդեպ ստանձնել են պատրոնի դեր...
ԵՐԵՎԱՆ - ՄԵՂՐԻ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻ
"Գորիսի ճանապարհների շինարարություն եւ շահագործում" ԲԲ ընկերությունը սկսել է սողանքային գոտին շրջանցող 1 կիլոմետր 658 մետր ճանապարհահատվածի շինարարությունը
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ
Ըստ փորձագետ Հայկ Ալումյանի նրանք ուզում են վավերացնել այն, ինչն իրավական տեսակետից անվավեր
ՀԱՄԱՅՆՔ
Գետաթաղի օրինակով կարելի է պատկերացում կազմել, թե գյուղն ինչպես է ծերանում
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ
Վերջին ամիսներին դժվարանցանելի դարձած Երեւան - Գորիս - Մեղրի ավտոմայրուղու 244-րդ կիլոմետրի վրա (լուսանկարում) մայիսի լույս 4-ի գիշերը փլվածք էր առաջացել` կողքի լանջին դարերով բազմած հսկայական քարաբեկորի ցած սահելու պատճառով, ինչի հետեւանքով խոշոր մեքենաների համար մայրուղին դարձել էր անանցանելի ու առաջ բերել մեքենաների աննախադեպ կուտակումներ: Դա ճանապարհային այն հատվածն է, որի անհուսալիությունից դրդված` հիմա կառուցվում է 1,6 կմ երկարությամբ շրջանցող ճանապարհ:
ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ
Հայ-թուրքական հարաբերություններում նկատվող աննախադեպ տեղաշարժերը վերջին օրերին դարձել են հայ հանրության բոլոր խավերում քննարկվող ամենահրատապ հարցը, քանզի շոշափվում է հայոց պետականության ամենակենսական խնդիրներից մեկը:
ՀՀ պետեկամուտների կոմիտեն վերջերս հրապարակել է առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը 2009թ. հունվար, փետրվար, մարտ ամիսների արդյունքներով:
Ի՞նչ վիճակում է Սյունիքի մարզի տնտեսությունը, ուշագրավ ի՞նչ տեղեկություններ կան մարզի խոշոր հարկատուների մասին:
ԼՈՒՐԵՐ
Գերմանական ֆաշիզմի ջախջախման 64-րդ եւ Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձերին էր նվիրված մայիսի 8-ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցած հանդիսավոր նիստը: Երկրորդ աշխարհամարտի եւ Արցախյան պատերազմի մասնակիցներին շնորհավորեցին եւ զոհվածների հիշատակը ոգեկոչեցին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը, մյուս ելույթ ունեցողները: Բանակային առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն իր զեկուցման մեջ հանգամանորեն ներկայացրեց սյունեցիների մասնակցությունը Մեծ հայրենականին, անդրադարձ եղավ Արցախյան պատերազմի կարեւոր դրվագներից մեկին` Շուշիի ազատագրությանը: Մի ստվար խումբ զինվորականներ եւ Արցախյան պատերազմի հաղթանակին նպաստած անձինք արժանացան մարզպետի շնորհակալագրին եւ կառավարական պարգեւների: Նիստի մասնակիցների համար համերգ տրվեց:
Մայիսի 9-ին մարդաշատ էր Գարեգին Նժդեհի հրապարակը: Նախ` տոնի մասնակիցները ծաղկեպսակ դրեցին Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին: Այնուհետեւ տեղի ունեցավ զորահանդես: Մեծ հայրենականի եւ Արցախյան պատերազմի վետերաններին, հայոց ազգային բանակի զինվորներին եւ սպաներին հաղթանակի օրվա եւ Շուշիի ազատագրության առթիվ բարեմաղթանքի խոսքեր հղեցին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ առաջին բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Պողոս Պողոսյանը: Զորահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել Կապանում տեղակայված զորամիավորումների մարտիկներն ու սպաները: Զինվորները ցուցադրեցին իրենց ռազմական հմտությունները: Այնուհետեւ տոնախմբության մասնակիցները եղան Բաղաբուրջի հուշահամալիրում, որտեղ ծաղկեպսակներ դրվեցին Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողին, հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան գոյամարտում ընկածների հիշատակին: Երեկոյան մարզկենտրոնի երկինքը զարդարվեց տոնական հրավառության գույներով: Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան մարզի մյուս քաղաքներում եւ գյուղերում:
ՀՀ կառավարությունն այս տարի մարզի բարձր լեռնային 11 համայնքի (ինը` Սիսիանի եւ մեկական` Կապանի, Մեղրիի տարածաշրջաններից) հացահատիկի մշակման զարգացման նպատակով կտրամադրի սուբսիդիա: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի փոխանցմամբ` գյուղատնտեսական սուբսիդիան նախատեսված է տրամադրել հունիսի կեսերին, յուրաքանչյուր ընտանիքի մինչեւ 7 հա ցանքսի համար (1 հեկտարի դիմաց 35 հազար դրամ):
Ապրիլի 24-ին Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ երեգեհոնային համերգ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը, միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Բակունցը եւ քոլեջի շրջանավարտ Աննա Առուստամյանը կատարեցին Մակար Եկմալյանի, Կոմիտասի, Բախի եւ այլոց ստեղծագործությունները:
Ապրիլի 13-ից 23-ը տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի հարավարեւելյան զորամիավորումների եւ զորամասերի օպերատիվ մարտավարական զորավարժություն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ: Կատարվել են առաջադրված խնդիրները, իրականացվել բոլոր զորաշարժերը: Զորավարժության ընթացքում աչքի է ընկել բանակային առաջին կորպուսը (հրամանատար` գնդապետ Պ.Պողոսյան): Գորիսի եւ Կապանի զինկոմիսարիատները (զինկոմներ` Մ.Պողոսյան, Լ.Գրիգորյան) տեղական իշխանությունների հետ մեկտեղ ժամանակին եւ հաջողությամբ են իրականացրել լրահամալրումը:
1921թ. ապրիլի 26-ին Տաթեւի համազանգեզուրյան երկրորդ համագումարում "Ինքնավար Սյունիքը", որ հռչակվել էր 1920թ. դեկտեմբերի 25-ին, վերանվանվեց Լեռնահայաստանի Հանրապետություն, ընտրվեց կառավարություն` Նժդեհի գլխավորությամբ, որը գոյատեւեց մինչեւ 1921թ. հուլիս:
Ապրիլի 26-ի նշանավոր օրվա առիթով Գորիսի քաղաքային մշակույթի տանը տեղի ունեցավ ցերեկույթ, որը սկսվեց Լեռնահայաստանի հիմնով: Ցերեկույթը բացեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որից հետո ելույթ ունեցան Գորիսի պետհամալսարանի պատմության եւ իրավաբանության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների թեկնածու Մարտին Զիլֆուղարյանը, համալսարանի ուսանողներ: Ցերեկույթի գիտական մասին հաջորդեց գրական-երաժշտական համադրույթ` Գորիսի քաղաքային մշակույթի տան աշխատակիցների եւ սաների մասնակցությամբ:
Ապրիլի 22-ին Գորիսի քաղաքապետարանում տեղի է ունեցել "Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գրասենյակի" կողմից Գորիս քաղաքում իրականացվող "Սոցիալական տուն` աջակից պայմաններով" ծրագրի հիմնական փուլի իրականացման համար Շվեյցարիայի Մենդրիսիո քաղաքի ճարտարապետության ակադեմիայի եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ("Վիշ" ծրագրի շրջանակներում) նախապատրաստած հինգ նախագծերից հաղթող ճանաչված նախագծի հասարակական քննարկում: Ծրագիրը սոցիալապես անապահով խավերի բնակարանային խնդրի լուծման նկատմամբ նոր մոտեցում է, ինչպես եւ սոցիալական աշխատանքի ոլորտում համայնքային իշխանության կարողությունների զարգացում: Սյունիքի մարզի` առայժմ միայն Գորիս քաղաքում իրականացվող ծրագրի ներկա փուլին նախորդել է պիլոտային փուլը, որը մեկնարկել է 2005-ին եւ ավարտվել 2008-ին: Հասարակական քննարկման ընթացքում հնչած դիտողությունների եւ առաջարկությունների հիման վրա լրամշակումներից հետո կսկսվի ծրագրի հիմնական փուլի իրագործումը: Ենթադրվում է, որ լրամշակման համար կպահանջվի 3-4 ամիս: Ծրագրի իրականացման արդյունքում բնակարանով կապահովվի 100-120 ընտանիք: Սույն ծրագիրը քննարկման առարկա է դարձել նաեւ ՀՀ նախագահի սյունիքյան վերջին այցի ընթացքում: Ամենայն հավանականությամբ կառավարությունը կդառնա այդ ծրագրի համաներդրող: Ենթադրվում է նաեւ տեղական ռեսուրսների օգտագործում:
2008թ. աշնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանն ակտիվ մասնակցելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պարգեւատրվել է "Վազգեն Սարգսյան" մեդալով, Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանն ու Մեղրու զինկոմ Դավիթ Անանյանն արժանացել են նվերների: Գորիսի զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ Արմեն Պողոսյանն արժանացել է պատվոգրի, իսկ Սիսիանի զինկոմ Նորայր Բաղդասարյանին հայտնվել է շնորհակալություն:
Գորիսի քաղաքապետարանի եւ ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախաձեռնությամբ ու Ֆրանսիայի Վիեն քաղաքի հայ մշակույթի տան հովանավորությամբ ապրիլի 21-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Սամվել Սեւադայի գեղարվեստական լուսանկարչության անհատական ցուցահանդեսը: Ներկայացվել է 78 գեղարվեստական լուսանկար` ստեղծված ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում: Լուսանկարներից յուրաքանչյուրն արտացոլում է ակնթարթներ մարդկային առօրյա կյանքից: Ցուցահանդեսը կգործի մինչեւ մայիսի 20-ը, որից հետո կտեղափոխվի Ստեփանակերտ:
Սամվել Սեւադան ճանաչված գեղանկարիչ է, ԱՄՆ-ում 16 տարի ապրելուց եւ ստեղծագործելուց հետո վերադարձել է հայրենիք:
Սույն ցուցահանդեսը վերջին երկու տարվա ընթացքում Գորիսի քաղաքային պատկերասրահում (տնօրեն` Ժիրայր Մարտիրոսյան) կազմակերպված ութերորդ ցուցահանդեսն է: