ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63
Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ
 
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 25 ՀՈՒԼԻՍԻ 2009, No 15 (187)
 
ՀԱՄԱՅՆՔ - ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Գյուղի 25 ընտանիք 2-3 տարի է չի ստանում հողամասերի համար հասանելիք փոխհատուցումը:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Հունիսի 12-ին Սյունիքի մարզում էր հանրապետության գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նախարարության գերատեսչությունների ղեկավարների հետ…
ՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
"Մեղրի" ջրօգտագործողների ընկերության գրասենյակում հանդիպածս միակ մարդը Նռնաձոր համայնքի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանն էր: Չորային կլիմա ունեցող գյուղում ոռոգման տարեշրջան Է սկսվում:
ՀՈԲԵԼՅԱՆ
Գորիսն ըստ արժանվույն նշեց իր մեծագույն զավակի` Ակսել Բակունցի 110-ամյակը:
ԳՐԱԴԱՐԱՆ
Ի՞նչ վերաբերմունք կա գրքի եւ գրականության հանդեպ մեր օրերում:
ՍՅՈՒՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
1905-1906 թվականներին տեղի ունեցան հայ-թաթարական (ադրբեջանական) ընդհարումները պատճառ դառնալով նախեւառաջ խաղաղ, աշխատավոր ժողովրդի ողբերգությանը:
ՄԱՐԶԱԿԱՆ
Հունիսի 2-8-ը Ստամբուլում կայացած միջազգային հուշամրցաշարում իրեն լավագույն կողմերով դրսեւորեց Կապանի աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցի սան, հեռացատկորդ Լեւոն Աղասյանը
ՄԱՐՏԻ 1-ի ԷՋԸ ՉԻ ՓԱԿՎՈՒՄ
Հունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց համաներման մասին Սերժ Սարգսյանի առաջարկությունը: Համաներումն ընդհանուր առմամբ տարածվելու է 2000 մարդու վրա, որոնցից միայն 500-ն են ազատ արձակվելու: Մնացած 1500-ի դեպքում կրճատվելու է պատժաչափը: Հիսունմեկ քաղբանտարկյալից ազատ կարձակվի միայն 35-ը: Համաներումը չի տարածվել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ու եւս 16 քաղբանտարկյալի վրա: Որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 22-ի երկուշաբթի օրվանից, իսկ որոշման կատարման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:
ԻՐԱՎԻՃԱԿ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. սյունիքյան այցը դեռ երկար է հիշվելու մեզանում: Այցի որոշ մանրամասների անդրադարձել ենք արդեն: Որոշ հանգամանքներ էլ դեռ կդառնան քննարկման, պարզաբանման, լուսաբանման առարկա: Բազմաթիվ դրդապատճառների թելադրությամբ, ինչին կանրադառնանք ստորեւ, ուշադրության կենտրոնում այսօր հայտնվել է այցի ընթացքն արտացոլող այս լուսանկարը: Ինչպես տեսնում եք, նախագահի եւ Մաքսիմ Հակոբյանի արանքում որտեղից որտեղ հայտնվել է մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանը: Իմիջիայլոց, նման դրվագներ` նախագահի այցը պատկերող լուսանկարների մեջ, կարելի է հանդիպել անընդհատ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 12-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում, որ հրավիրել էր Հայ ազգային կոնգրեսը, նոր հանգրվան դուրս բերվեցին ընդդիմադիր դաշտի գործողությունները:
Սերգեյ Պոլովինկինը հրաժարվեց աշխատանքները վերսկսելու հստակ ժամկետ նշել…
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը այդպես էլ չի աշխատում` չնայած հնչած հավաստիացումներին, թե կոմբինատը կգործարկվի ամենաուշը հունիսին:
Հուլիս ամսվա սկզբին կոմբինատը վերսկսում է իր արտադրական գործունեությունը: Կոմբինատի աշխատանքը ժամանակավորապես ընդհատվել էր 2009թ. փետրվարից:
ԼՈՒՐԵՐ
Հունիսի 26-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի կունենա ՀՀ կառավարության արտագնա նիստ: Այդ մասին հայտարարվել է ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում:
"Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերության հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը հունիսի 22-ին մասնաճյուղի "Կապան" տեղամասում բաժանորդների ընդունելություն էր կազմակերպել: Այնուհետեւ մարզկենտրոնի լրատվամիջոցներին հրավիրել է մամուլի ասուլիսի: Բանախոսը տեղեկացրեց, որ Կապանի բաժանորդների թիվը հասնում է 12700-ի, որից տասը հազարը ջրաչափ է տեղադրել, իսկ ահա խմելու ջրի վարձավճարների պարտքերը գոյանում են ջրաչափներ տեղադրել խուսափողների պատճառով: Ավելի ստույգ` մասնաճյուղը չորս միլիոն դրամ ավելացված արժեքի հարկ է վճարում` բաժանորդների` ջրաչափներ չտեղադրելու պատճառով: Իսկ ժամանակային առումով պարտքերը բաժանվում են երկու մասի` մինչեւ 2004 թվականը եւ դրանից հետո: Ովքեր մինչեւ 2004 թվականն իրենց պարտավորությունը կատարել են, կնքվում են պայմանագրեր: Իսկ իրենց պարտականությունները չկատարող բնակիչների խնդիրը հարթվում է դատական կարգով: Ջիվան Մարգարյանը նաեւ խոսեց մասնաճյուղի "Կապան" տեղամասի տեխնիկական վերազինման անհրաժեշտության մասին` հավելելով, որ տեղամասին արդեն հատկացվել է մի էքսկավատոր: Մինչեւ աշուն այն տեխնիկական միջոցներով, որոնք անհրաժեշտ են ջրամատակարարման աշխատանքներն իրականացնելու համար, տեղամասն ապահովվելու է, բնականաբար, ավելանալու է նաեւ աշխատակիցների թիվը: Մասնաճյուղի տնօրենը չթաքցրեց, որ դեռեւս խմելու ջրի կորուստները մեծ տոկոս են կազմում, դրանց մի մասը` մոտ 40 տոկոսը, տեխնիկական պատճառներով: Դրանք վերացնելու նպատակով ծրագիր կա փոխել անհատական տների խողովակաշարերը: Ընդ որում, գործն այժմ իրականացվում է մասնաճյուղի միջոցների հաշվին, մյուս մասը կիրականացվի Եվրոպական բանկի միջոցներով:
Հունիսի 13-ին Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում կայացավ քոլեջի 2008-2009 ուստարվա հաշվետու համերգը` նվիրված Կոմիտասի ծննդյան 140-ամյակին: Դահլիճի ճեմասրահում ներկայացված էին "Գեղանկարչություն" եւ "Դիզայն" մասնագիտությունների ուսանողների աշխատանքները, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացրել հանդիսատեսի մեջ:
Համերգից անմիջապես հետո քոլեջի ուսանողների ուժերով ներկայացվեց Ազատ Մանուկյանի "Չարի վերջը" մանկական օպերան` ըստ Հ.Թումանյանի համանուն հեքիաթի: Բեմականացումը նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակին: Համերգին եւ օպերայի առաջնախաղին ներկա են եղել Երեւանի Կոմիտասի անվան պետական քոլեջի պրոֆեսորներ Ս.Քեչեկը եւ Ա.Աթաբեկյանը, որոնք դրվատանքի խոսքեր ասացին քոլեջի տնօրինության, դասախոսական անձնակազմի եւ ուսանողների կողմից տարվող բազմաբնույթ աշխատանքների մասին:
Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը պատրաստել է մի շարք թեմատիկ շրջիկ ցուցահանդեսներ, որոնք այս տարվանից պիտի շրջեն Հայաստանում եւ Արցախում: Առաջինը հունիսի 11-ին նման ցուցահանդես կազմակերպվեց Գորիսում` համադրելով այն "Բակունցյան օրերի" հետ: Գորիսում ներկայացված ցուցահանդեսում ընտրվել էր առաջարկված թեմաներից երկուսը` "Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական ստեղծագործութունները" եւ "Ժամանակակից ճարտարապետություն": Ռաֆայել Իսրայելյանի աշխատանքների ցուցահանդեսը նվիրված է նրա 100-ամյակին, իսկ երկրորդ թեմայում ներկայացված էին վերջին հինգ տարիներին Հայաստանի եւ արտերկրների ճարտարապետների նախագծած գործերը: Նշենք, որ Ռաֆայել Իսրայելյանը Գորիսում եւս կառույց ունի` "Յոթ աղբյուրը":
Կապանի մշակույթի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցած քննարկումը նվիրված էր մարզում հաշմանդամային սպորտի զարգացմանը: Ներկա էին ՀՀ հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը, "Ողջի" հկ-ի նախագահը, ներկայացուցիչներ սոցիալական եւ լրատվության ոլորտներից: Ս.Ռոստոմյանը տեղեկացրեց, որ հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան հանրապետությունում գործում է 2009թ. մարտից, որի նպատակն է զարգացնել հաշմանդամային սպորտը մայրաքաղաքում եւ մարզերում, վերհանել հաշմանդամ մարզիկների ներուժը եւ նպաստել սպորտում նրանց կայացմանը: Իսկ "Ազգային սպորտային ցանց` հաշմանդամություն ունեցող մարդկանց համար" ծրագրի համակարգող Վարդուհի Արամյանը հավաստեց, որ մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ պայմանավորվածություններ կան, եւ նա պատրաստ է հնարավորն անել` մարզում հաշմանդամային սպորտի զարգացման հեռանկարներն իրականություն դարձնելու համար:
Կապանի կիրակնօրյա դպրոցի դահլիճում բացվեց մանկական նկարների եւ ձեռքի աշխատանքների եռօրյա ցուցահանդես, որը նվիրված էր երեխաների իրավունքների պաշտպանության օրվան (երրորդ տարին է կազմակերպվում): Այն կազմակերպել էր "Վորլդ Վիժն Հայաստան" կազմակերպության Կապանի տարածքային զարգացման ծրագրի գրասենյակը կիրակնօրյա դպրոցի հետ համատեղ: Աշխատանքների հեղինակները գրասենյակի ծրագրերում ընդգրկված Կապանի 33 համայնքների երեխաներն ու "Ներառական կրթության համայնքային կենտրոնի", կիրակնօրյա դպրոցի եւ Ռ.Կամոյանի ստուդիայի սաներն էին: "Մեծ աշխարհի իմ անկյունը" խորագրով մրցույթին ներկայացվել էր մոտ 200 աշխատանք, որոնցից ընտրված լավագույնները ցուցադրվում էին: Ցուցահանդեսն այս տարի բացվել էր հատկապես այստեղ, որպեսզի համայնքի ուշադրությունը հրավիրվի կիրակնօրյա դպրոցին:
Անցած տարի 10 հազար բնակչի հաշվով ծնելիության ցուցանիշը Սյունիքի մարզում կազմել է 11.7 (2007-ին` 11.8), մահացության ցուցանիշը` 7.8 (2007-ին` 7.9): Բնական աճը` 3.7, իսկ բնակչության բնական հավելաճը կազմել է 543 մարդ:Գրանցված ամուսնությունները մարզում կազմել է 732, իսկ ամուսնալուծությունները՝ 123:
Հայաստանում անցկացվող "Գերմանիայի շաբաթներ" միջոցառումների շարքում հունիսի 8-ին Կապանի մշակույթի կենտրոնում բացվեց 20-րդ դարի նշանավոր գերմանացի գծանկարիչ Հորսթ Յանսենի աշխատանքների ցուցահանդեսը: Այն կազմակերպել էր Երեւանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մինչ Կապանում ներկայացվելը ցուցահանդեսը կազմակերպվել էր Երեւանում, Գյումրիում, Մարտունիում: Կապանցի արվեստասերները հնարավորություն ունեցան Հ.Յանսենի 160 գծանկար դիտել: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԳԴՀ փոխդեսպան Մելանի Մորթմանը:
Հունիսի 16-ին Կապանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ հանրապետության նախագահի մրցանակի "Լավագույն մարզական ընտանիք" մրցումների մարզային փուլը, որին մասնակցեց 14 ընտանիք: Առաջին երեք տեղեր զբաղեցրած Սարգսյանների, Բաղդասարյանների եւ Սահակյանների ընտանիքները հուլիսի 15-ից 18-ը Ծաղկաձորում կմասնակցեն մրցումների եզրափակիչ փուլին: Դրամական պարգեւներ են սահմանվել ինչպես մրցանակային տեղերի, այնպես էլ անհատական մրցաձեւերի համար: Հանրապետական փուլում հաղթող ընտանիքը կստանա 500 հազար, երկրորդ մրցանակակիրը` 400 հազար, երրորդը` 300 հազար դրամ, առանձին մրցաձեւերում աչքի ընկածները կստանան հազարական դրամ: Մարզային փուլի մասնակից ընտանիքները հիմնականում Կապանից էին (միայն մի ընտանիք ներկայացնում էր Սիսիան քաղաքը), որոնց քաղաքապետ Ա.Աթայանի կողմից հանձնվեցին հուշանվերներ: