ԼՈՒՐԵՐ
Հուլիսի 23-ին Կապանում էր "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա այցելել է կուսակցության մարզային գրասենյակ, եղել Անտառաշատ գյուղում, այցելել զոհված ազատամարտիկների հուշահամալիր, Սյունիքի մարզպետարան, իսկ երեկոյան Կապանի մշակույթի կենտրոնում հանդիպել կապանցիների հետ: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը "Ակսել Բակունց" հուշամեդալ է հանձնել պարոն Ծառուկյանին մարզպետարանում: ԲՀԿ ղեկավարը մեկ աղբատար մեքենա է նվիրել Կապանին, մեկ տրակտոր` իր օժանդակ սարքավորումներով` Անտառաշատին, դեղորայք` Կապանի բժշկական կենտրոնին, մարզագույք` քաղաքի մարզադպրոցներին: Գ.Ծառուկյանը 5մլն դրամ հատկացրեց "Ազատամարտ" կոմիտեին` ազատամարտիկների զավակների ուսման վճարների համար, շուտով տեղ կհասնի քաղաքի խաղահրապարակներին հատկացված գույքը: ԲՀԿ նախագահի նախաձեռնությամբ Կապանի` այժմ չգործող լճի տարածքում (նախկին "Բաղաբերդ" ռեստորանի մերձակայք) հանգստյան գոտի կկառուցվի:
Հալիձորից դեպի Տաթեւի վանական համալիր ճոպանուղու կառուցումը վստահվել է շվեյցարական "Գարավենտա" ընկերությանը: Պայմանագրի ստորագրումը տեղի է ունեցել հուլիսի 14-ին: Ճոպանուղու կառուցման արժեքը 6,8 մլն եվրո է (այն 20 մլն դոլար արժողությամբ "Տաթեւի վերածնունդ եւ վերակառուցում" եռամյա ծրագրի մասն է): Ծրագրի հիմնական հովանավորը Ռուբեն եւ Վերոնիկա Վարդանյաններն են (Ռուբեն Վարդանյանը ռուսական "Տրոյկա դիալոգ" ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է եւ հիմնական բաժնետերը): Ճոպանուղու երկարությունը լինելու է 5,7 կմ: Այն թույլ կտա Հալիձորից վանք հասնել 10 րոպեում: Ճոպանուղու մեկ վագոնը կարող է փոխադրել 25 մարդ, երթուղու պարբերականությունը` 10 րոպեն մեկ անգամ: Ճոպանուղու շինարարությունը նախատեսվում է սկսել սեպտեմբերի կեսերին, մեկ տարի անց այն արդեն շահագործման կհանձնվի:
Հայաստանի ազգային գրադարանում հուլիսի 10-ին տեղի ունեցավ հայ արձակի խոշորագույն վարպետ Ակսել Բակունցի 110-ամյակին նվիրված հանդիսություն, որին մասնակցում էին Սյունիքի մարզի պատվիրակներ եւս: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Դավիթ Գասպարյանի "Ակսել Բակունց: Կյանքը եւ ստեղծագործությունը" մենագրության, ինչպես եւ "Հայագիտակ" հրատարակչության կողմից հրատարակված Ա.Բակունցի ստեղծագործությունների ընտրանու շնորհանդեսը: Բակունցի հոբելյանն ըստ պատշաճի նշանավորելու համար Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանին հանձնեց "Ակսել Բակունց" հուշամեդալ: Մարզպետն էլ արժանացավ Հայաստանի ազգային գրադարանի "Հակոբ Մեղապարտ" մեդալի: Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ գրադարանի տնօրինությունն ու գիտական խորհուրդն առաջիկայում կքննարկեն գրադարանի ընդհանուր ընթերցասրահն Ակսել Բակունցի անվամբ կոչելու հարցը: Հոբելյանական միջոցառամանը մասնակցում էին անվանի գրականագետներ, մշակույթի գործիչներ:
Ակսել Բակունցի 110-ամյակի օրը ծնունդ առած "Ակսել Բակունց" գիտամշակութային հիմնադրամը հուլիսի 17-ին Գորիսում գումարեց իր անդրանիկ նիստը` գլխավորությամբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի: Հիմնադրամի խորհուրդը որոշեց ձեռնամուխ լինել Ղեւոնդ Ալիշանի "Սիսական" պատմաաշխարհագրական բացառիկ գործի (բնագրի) վերահրատարակմանը, որից հետո այն կփոխադրվի գրական հայերենի: Զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն մեր մեծ հայրենակից Նիկողայոս Ադոնցի "Տիգրան Մեծ" եւ "Վասակ Մարզպանը պատմիչների դատաստանի առաջ" ուսումնասիրությունների` առանձին գրքույկներով հրատարակմանը: Այդ աշխատանքների իրականացման համար հիմնադրամը պայմանագրեր կնքեց "Հայագիտակ" հրատարակչության հետ: