ԼՈՒՐԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 17-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, առողջապահության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Սիսիանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնի վարիչ Մարիա Պետրոսյանը պարգեւատրվել է "Մխիթար Հերացի" մեդալով: Մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի եւ բազմամյա վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Կարինե Ավյանին, իսկ Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ալվինա Համբարձումյանը պարգեւատրվել է "Մովսես Խորենացի" մեդալով:
Ուսուցչի օրվա կապակցությամբ ամփոփված հանրապետական ամենամյա մրցույթի արդյունքներով այս տարի "Տարվա լավագույն դաստիարակ" անվանակարգի մրցանակակիր է ճանաչվել Կապանի N6 մանկապարտեզի դաստիարակ Անահիտ Այվազյանը, որին ՀՀ վարչապետը ավտոմեքենայի բանալի է հանձնել:
Սեպտեմբերի 11-ին Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի նիստ: Այն վարում էր մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Զեկույցներով հանդես ունեցան մարզպետարանի վարչության պետերը: Ֆինանսների եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանը նշեց, որ 2009թ. (2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ) փաստացի մուտքերն ավելացել են 148 մլն դրամով: Միաժամանակ համայնքներում անփոփոխ վիճակում է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության վարձավճարների հավաքման գործընթացը (Նորաշենիկ, Դավիթ-Բեկ, Բարձրավան, Ն.Խոտանան, Հալիձոր եւ այլն): Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի փոխանցմամբ` ընթացիկ տարում գյուղատնտեսությանը հասցված վնասը նախնական հաշվարկներով կազմել է մոտ 30 մլրդ դրամ: Ք.Խաչատրյանը նշեց, որ գյուղացիական եւ ֆերմերային տնտեսություններում առկա են մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես շուկայում մեկ լիտր դիզելային վառելանյութն արժե 310-320 դրամ, այն դեպքում, երբ 1կգ հացահատիկն ալրաղացներն ընդունում են 80-95 դրամով, իսկ հացահատիկի մեկ հեկտարի միջին բերքը կազմում է 10-13 ցենտներ: Տվյալ պարագայում գյուղացիական եւ ֆերմերային տնտեսությունները գնում են ոչ շահավետ արտադրության ճանապարհով:
Քաջարանում բացվել է "Ամերիաբանկ" ՓԲԸ մասնաճյուղ: "Ամերիաբանկը" Քաջարանի մասնաճյուղն ապահովել է բարձրակարգ, արդիական տեխնիկական միջոցներով: Մասնաճյուղն իրականացնելու է գլխամասային գրասենյակի սպասարկման մակարդակին հավասար սպասարկում:
Հոկտեմբերի 3-ին վերստին իր դուռը բացեց Գորիսի տարածաշրջանի Սվարանց գյուղի սուրբ Գրիգոր (Հազարափրկիչ) եկեղեցին: 1705 թվականին կառուցված եկեղեցին խորհրդային տարիներին վերածվել էր պահեստի, իսկ վերջին ժամանակներս կիսախարխուլ վիճակում էր: Մոսկվայաբնակ սվարանցիներ Արթուր Առաքելյանի եւ Վրեժ Գալստյանի օժանդակությամբ հիմնանորոգվեց գյուղի հավատի տաճարը, բարեկարգվեցին նրա շրջակայքը եւ դեպի եկեղեցի տանող ճանապարհը: Եկեղեցու վերաբացման արարողությանը մասնակցում էին Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ վարդապետ Մկրտչյանը, սպասավորներ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից, հանրապետության տարբեր վայրերում բնակվող սվարանցիներ, բազմաթիվ հյուրեր:
Հոկտեմբերի 9-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի հյուրն էր "ՎիվաՍել-ՄՏՍ"-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: "ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն". այս թեմայով գլխավոր տնօրենը հանդես եկավ դասախոսությամբ, որը բովանդակում էր կարճ ժամանակահատվածում զգալի հաջողության հասնելու "ՎիվաՍել-ՄՏՍ"-ի գաղտնիքը, ընկերության ներսում կարեւորվող արժեքները, Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կառավարման նոր մոդելով առաջնորդվելը: Դասախոսությունը, ըստ բանախոսի, հրաշալի միջոց է շուկայական մրցակցության, արդյունավետ մարքետինգի եւ առհասարակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարն իրագործելու համար: Շուտով Հայաստանի հեռահաղորդակցության դաշտ մուտք կգործի նոր օպերատոր: Տնօրենի հավաստմամբ` իրենք մրցակցությանը դիմագրավելու քայլեր ունեն. մի քանի օր առաջ թարմացվել է սակագնային պլանը, րոպեավճարը ցանցի փաթեթի մեջ դարձել է 15 դրամ, բայց նաեւ փաստեց, որ հեռահաղորդակցման դաշտում մրցակցությունն աշխուժանալու է:
Հոկտեմբերի 8-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշել է հիմնադրել "Գյումրու տնտեսական զարգացման" հիմնադրամ: Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է նաեւ երկրի այլ վայրերում, այդ թվում` Մեղրիում ազատ տնտեսական գոտիների ստեղծման աշխատանքի արագացումը` ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարելով մինչեւ ընթացիկ ամսվա վերջը քննարկման ներկայացնել համապատասխան փաստաթղթերը:
Հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին հարեւան հանրապետությունից բռնագաղթած մեր հայրենակիցների մեծ մասը ոչ միայն այնտեղ թողեց տարիների չարչարանքով ստեղծված ունեցվածքը, այլեւ Ադրբեջանում բնակության տարիներին ձեռք բերած աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր: ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 10-ի թիվ 607 որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որին լիազորվել է Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած անձանց ստաժների հաստատման գործառույթը: Հանձնաժողովին ներկայացված դիմումներում նշվում են տվյալներ Ադրբեջանում բնակության տարիներին ձեռք բերած ստաժի մասին, որից հետո հանձնաժողովը քննության է ենթարկում դրանք: Հավաստի տվյալներ լինելու դեպքում հարեւան հանրապետությունում աշխատած տարիները համարվում են ապահովագրական ստաժ: Իսկ մինչ այդ այն բռնագաղթածները, ովքեր ունեն աշխատանքային ստաժը հաստատելու խնդիր, կարող են դիմել սոցիալական ծառայության տարածքային գործակալություններ` դիմումին կցելով անձնագրի եւ սոցիալական քարտի պատճենները:
"Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ"-ի հիմնական բաժնետեր "Քրոնիմետ" ընկերության կողմից իրականացվում է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում ռաֆինացված, մաքուր պղնձի գործարանի կառուցման ծրագիր: Այստեղ կարտադրվեն նաեւ պղնձալարեր:
Ինչպես "Արմենպրես"-ի հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը, գործարանի ստեղծումը եւ գործարկումը հնարավորություն կտա Հայաստանում վերականգնել լարերի արտադրությունը: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը շուրջ 100 մլն եվրո է: Գումարի մի մասն ընկերությունը նախատեսում է վարկի տեսքով ստանալ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից:
Հ.Միրզոյանի խոսքով` պղնձալարերի արտադրությունը պետք է կազմակերպվի բոլորովին նոր, աշխարհում դեռեւս չփորձարկված տեխնոլոգիաներով, որոնց կիրառման պարագայում հաշվի են առնված բոլոր հնարավոր ռիսկերը: Գործարանի կառուցումը, հնարավոր է, արդեն ավարտման շեմին կամ ավարտված լինի 2010-ի տարեվերջին: 2011-ից արդեն Հայաստանում կարտադրվեն մաքուր պղինձ եւ պղնձալար:
Հոկտեմբերի 7-ը ավանդաբար նշվում է որպես գրադարանավարի օր: Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում հավուր պատշաճի նշեցին տոնը: Գրադարանավարներին շնորհավորելու էին եկել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ընթերցասերներ, դպրոցականներ: Տնօրեն Սուսաննա Մինասյանը ներկայացրեց մարզային գրադարանի ձեռքբերումները եւ անելիքները: Կապանի թիվ 1 դպրոցի աշակերտները հանդես եկան գրքին եւ նրա նվիրյալներին նվիրված գրական-երաժշտական համադրույթով, հրապարակվեց Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի շնորհավորական ուղերձը: Հայտնվեց, որ մարզային գրադարանի գրադարանային հավաքածուի համալրման եւ մշակման բաժնի վարիչ Անուշ Ներսիսյանը գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի եւ մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մարզային գրադարանի կոլեկտիվին, բոլոր գրադարանավարներին եւ ընթերցողներին շնորհավորելով օրվա առթիվ, համոզմունք հայտնեց, որ գրադարանավարներին հուզող խնդիրները այսուհետ լինելու են մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Սեպտեմբերի 22-24-ը Կապանում անցկացվելու է մարդու իրավունքների եւ խաղաղության "Ես մարդ եմ" խորագրով հարավկովկասյան կինոփառատոնը: Կինոփառատոնը մրցութային չէ, ցուցադրվելու են արտասահմանյան վավերագրական կինոնկարներ, որոնցում քննարկվում են խաղաղության եւ մարդու իրավունքների հիմնախնդիրները: Փառատոնը 3 տարվա պատմություն ունի եւ Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Նախապես հայտարարվել էր մրցույթ, ու հայտերի հիման վրա ընտրվել են փառատոնի անցկացման վայրերը: Կապանում մրցույթը շահել է եւ կինոփառատոնը կկազմակերպի "Երկյակ" հ/կ-ն: Բացի Կապանից այն տեղի կունենա Վայքում, Վանաձորում, Նոյեմբերյանում ու Երեւանում, նաեւ Արցախում: Ֆիլմերն ընտրել են Հարավային Կովկասից, Չեխիայից եւ Գերմանիայից ներկայացված` 11 անկախ փորձագետներից կազմված ժյուրիի անդամները, իսկ յուրաքանչյուր կազմակերպություն իր համար 10 ֆիլմից ընտրել ու 3 օրվա ընթացքում ցուցադրելու է 6 ֆիլմ. դրանք տեղերում ներկայացվելու են համապատասխան թարգմանությամբ, իսկ ցուցադրումից հետո լինելու են քննարկումներ: Փառատոնի իրականացմանը աջակցում են "Բաց հասարակություն-Վրաստան" եւ Հայնրիխ Բյոլի անվան հիմնադրամները:
Կապանում փառատոնը տեղի կունենա "Արծվատուն" դահլիճում, կցուցադրվի օրական 2 ֆիլմ, մուտքն ազատ է:
Կապանի մշակույթի կենտրոնի բեմահարթակը հոկտեմբերի 3-ին տրամադրվել էր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին, որը հանդիսատեսի դատին ներկայացրեց "Իմ տունը քո տունը չէ" երկու մասից կատակերգությունը: Նախկինում ստեղծագործությունը կոչվում էր "Հեռախոսային զանգ": Երկու ընտանիքի միեւնույն բնակարանի օրդեր են հատկացնում. մեկը բնակարանը ստացել էր, երբ հերթը հասել էր, մյուսը իր նպատակին հասել էր հեռախոսային զանգով: Զավեշտի հասնող այս կենցաղային միջադեպի վրա էլ հյուսվում են բեմադրության իրադարձությունները: Հանրապետության վաստակավոր արտիստ, գլխավոր հերոսի դերակատար Խաչիկ Բադալյանի հավաստմամբ կատակերգությունը երկու տասնամյակ է, ինչ թատրոնի խաղացանկում է: