Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ

ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63
ՈՒՐԲԱԹ
27 նոյեմբերի 2009
No 22 (194)
 
ՎԱՆԴԱԼԻԶՄ
"Մի քանի օր առաջ կլիներ. երկու գազելով մարդիկ եկան վանք, սկսեցին տարածքը մաքրել, ես էլ տեսա, որ մաքրություն են անում, ասի գնամ իմ գործին` այգում գործ անեմ", – պատմում է 65-ամյա Բորիկ Բարխուդարյանը: Նա Որոտնավանքի հարակից պտղատու այգու պահակն է, ինչպես ինքը նշեց, աչքի պոչով հետեւում է նաեւ վանքի պահպանմանը:
ՈՒՐԱՆ
Կապանի ավագանու անդամ, "Ազատամարտ" կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը եւ նրա համախոհները բողոքի ակցիա են սկսել Սյունիքի մարզում ուրանի հանքավայրերում շահագործման աշխատանքներն սկսելու դեմ:
ՀԱՎԱՏՔ
Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում "Քաղաքակրթություն" ակումբը միջոցառում էր կազմակերպել "Գրիգորյան-լուսավորչական կրոնի ազգապահպան դերն ու նշանակությունը" թեմայով:
ՍԻՍԻԱՆ
Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնը 2010թ. հուլիսին իր դռները կբացի հիմնանորոգված, բարեկարգ տեսքով: Այդ մասին հոգացել է Սիսիանի քաղաքապետարանը: Այժմ այդտեղ մեծածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում:
ԱՐՁԱԳԱՆՔ
Վերջերս լույս տեսավ Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի փաստավավերագրական ծավալուն գիրքը` նվիրված Կապանի շրջանից ստալինյան տխրահռչակ ռեֆորմի տարիներին Սիբիր աքսորվածների եւ նրանց  հարազատների դաժան ճակատագրերին:
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Սյունիք գյուղական համայնքում, որ Հայաստանի հարավում ծվարած փոքր համայնքներից է ու հինգ գյուղ է ներառում, ամենքի նման, երբ հիվանդությունը մտնում է մեկի տուն, ավելի հաճախ նախ դեղ ու դարման են փնտրում, այստեղ ու այնտեղ բժիշկ փնտրում, երկար ու ծանր ճանապարհ կտրում, հասնում Երեւան` վիրահատության:
"ԽՈԶԻ ԳՐԻՊ". ՍՅՈՒՆԻՔ
Նոյեմբերի 9-ին Հայաստանում արձանագրված խոզի գրիպի` (H1N1) վիրուսի երեք դեպքն անհանգստություն ու խուճապ մտցրեց բնակչության մեջ, իսկ պետական մարմիններին ստիպեց համապատասխան միջոցառումներ ձեռնարկել վարակի դեմ պայքարելու եւ դրա տարածումը կանխելու նպատակով:
ՖԻՆԱՆՍՆԵՐ
Ազգային ժողովում 2010 թվականի պետական բյուջեի քննարկումներ են ընթանում: Հանրապետական մամուլի բնորոշմամբ ("Ազգ", 20 նոյեմբերի, 2009թ.) բյուջեն խորհրդարան մտնելուց հետո ոչ միայն մնում է մեր երկրի թիվ 1 տնտեսական փաստաթուղթ, այլեւ դառնում է քաղաքական փաստաթուղթ: Քաղաքական է դառնում ամեն ինչ` սկսած տնտեսական աճի ցուցանիշից, որ 2010-ին նվազագույնն է ընդհանրապես մեր բյուջեների պատմության մեջ, վերջացրած երկրի արտաքին պարտքով, որ մոտենալու է ՀՆԱ-ի 50 տոկոսին:
ՏԱՐԵԼԻՑ
"Ես ներկայացնում եմ այս մեկ տարում իմ արածներն ու չարածները. գնահատականը դուք եւ ժողովուրդը կտաք", - նոյեմբերի 13-ին այսպես սկսեց Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանն իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսը, որի ընթացքում պատմեց հաջողությունների, թերությունների, հետագա անելիքների մասին եւ պատասխանեց լրագրողների հարցերին:
ՊԱՏԱՀԱՐ
"Դինո գոլդ մայնինգ քամփնի" ՓԲԸ-ն հանդես է եկել մամլո հաղորդագրությամբ, որում մասնավորապես հայտնում է, որ նոյեմբերի 14-ի երեկոյան ընկերության Շահումյանի ստորգետնյա հանքի հարավային տեղամասում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով վնասվածք է ստացել ընկերության աշխատող Արա Գարեգինի Պողոսյանը: Նրան անմիջապես տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն: Արա Պողոսյանը (1966թ. ծնված) մահացել է հիվանդանոցում նոյեմբերի 16-ին:
ՆՎԻՐՎՈՒՄ Է 130-ԱՄՅԱԿԻՆ
Այս տարի լրացավ 20-րդ դարասկզբի  կապանցի  ազգային, հասարակական, քաղաքական, տնտեսական գործիչ Սմբատ Մելիք-Ստեփանյանի 130-ամյակը: Նրա կյանքի ու գործունեության շատ էջեր անհայտ են Սմբատ Բեկի հայրենակիցներին, ու դեռեւս պատշաճորեն չի գնահատվել մեծ կապանցու ունեցած դերը երկրամասի կյանքում:  1930-ականների դժնդակ օրերի զոհ դարձած հայորդու մասին  հրապարակումները (շատ փաստեր հրապարակվում են առաջին անգամ)` էջ 5-9:
ԼՈՒՐԵՐ
ՀՀ կառավարությունն այս տարվա պետբյուջեում կատարել է վերաբաշխում` 3.1 մլն դրամ հատկացնելով Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու եւ բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործած էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու, ինչպես նաեւ 13.2 մլն դրամ` օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2009թ. համար 50% զեղչ կիրառելու նպատակով: Որոշվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքների եւ մրցույթների արդյունքում տնտեսված գումարների հաշվին վերականգնել հարեւան Արավուս գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգը:
Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, 2007 թվականին ՀՀ-ում չորս հայ կնոջից մեկը կամ բնակչության 28 տոկոսը ենթարկվել է ընտանեկան բռնության, 17 տոկոսը` ծանր ֆիզիկական բռնության, 66 տոկոսը` հոգեկան ճնշման, իսկ հարցվածների 67 տոկոսը կարծում է, որ բռնությունը հիմնախնդիր է: Ընդդեմ գենդերային բռնության իրազեկման բարձրացմանը միտված հանդիպում կազմակերպվեց Կապանի կանանց ռեսուրս կենտրոնում: Միջոցառման մասնակից` մարզկենտրոնի կրթօջախների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին Կապանի կանանց տարածաշրջանային ասոցիացիայի համանախագահ Ս.Մարտիրոսյանը ներկայացրեց գենդերային սոցիալականացման փուլերը եւ գենդերային կարծրատիպերը, ծանոթացրեց գենդերային բռնության դրսեւորումներին ու տեսակներին: Ցուցադրվեցին թեմային առնչվող տեսաֆիլմեր: "Ընդդեմ Հայաստանում գենդերային բռնության" թեմայով հանդիպում անցկացվեց նաեւ "Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա հիմնադրամի" Կապանի քոլեջում:
Երրորդ տարին է, ինչ Հայաստանի Կարմիր խաչի Սյունիքի մարզային կազմակերպությունը համագործակցում է "Վորլդ Վիժն Հայաստան Կապանի զարգացման ծրագրի" հետ: Ինչպես նշում է կազմակերպության նախագահ Անահիտ Արզումանյանը, "Վորլդ Վիժն"-ի այս անգամվա օժանդակության շնորհիվ Կավարտի եւ Կապանի № 1 եւ 7 մանկապարտեզներին հատկացվել են մանկական վերնաշապիկներ եւ բաճկոններ, գրենական պիտույքներ, օգնություն է հատկացվել նաեւ Կավարտի եւ Կապանի № 1, 7 միջնակարգ դպրոցներին: Մի քանի տարի է, ինչ միջազգային կազմակերպություններից Կարմիր խաչի սյունիքյան կառույցի ծրագրերը չեն ֆինանսավորվում, ուստի կազմակերպությունը դիմում է մարզկենտրոնի ձեռնարկություններին եւ հասարակական կազմակերպություններին օժանդակություն ցուցաբերելու կոչով, որին արձագանքել է Կապանի "Դինո գոլդ մայնինգ քամփնի" ընկերությունը: Դրա շնորհիվ անժառանգ ծերերին հատկացվել է հագուստ: Իսկ Կարմիր խաչի Սյունիքի մարզային կազմակերպության կամավորների ձեռքերով պատրաստվել են խաղալիքներ, որոնք հանձնվել են մանկապարտեզի սաներին:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց "Deno Gold Mining Company" ընկերության դեմ հայցը: Դատավոր Անահիտ Թումանյանը հիմնավորեց մերժումը նրանով, թե գործի նյութերում ներկայացված չեն մարդկանց առողջությանը եւ կյանքին վտանգ սպառնացող ապացույցներ: Հիշեցնենք, որ Կապանի "Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման" ՀԿ-ն էր պաշտպանում Կապան քաղաքի Շահումյան բանավանի սեփականատերերի իրավունքները: Բանավանը գտնվում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի վրա, որը շահագործում է "DGMC" ընկերությունը: Հանքավայրը շահագործվել է կանոնների խախտումներով, դրա գետնանցքի վրայի հողի վերին շերտը փորփրված է եւ այն փլվում է` առաջացնելով փոսեր: Ընկերությունը խոստացել էր բնակիչներին տեղափոխման համար փոխհատուցում տալ: Փոխհատուցում ստացել են մի քանի սեփականատերեր, եւ ընկերությունը դադարեցրել է դրա տրամադրումը: Հայցի մերժումից հետո 6 սեփականատերեր հրաժարվել են դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները: 28 սեփականատերերի անունից նոր հայց է ներկայացվել, դատարանը մերժել է նաեւ նոր հայցը` նույն հիմնավորմամբ:
Նոյեմբերի 14-ին` ժ.15:30-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունքից Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի դիմացի սարալանջի "Քաշին ձոր" կոչվող տարածքում սպանություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 14-ին` ժ.13:00-ի սահմաններում, 1973թ. ծնված Մխիթար Հ.-ն որս կատարելու ժամանակ իր անվամբ հաշվառված "Սայգա-ՄԿ" տիպի 7,62 x 39 մմ տրամաչափի հրացանից անզգուշությամբ կրակել է 1979թ. ծնված Կարեն Նավասարդյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: Մխիթար Հ.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն:
Նոյեմբերի 12-ի դատական նիստում դատավոր Վոլոդյա Մանասարյանը ճանաչեց "Կապանի կաթի գործարան" ԲԲԸ բաժնետերերի իրավունքն ու վերականգնեց նրանց բաժնետոմսերի չափ սեփականության իրավունքը: ԲԲԸ 11 բաժնետեր 2008-ին դիմել էր Սյունիքի մարզի հարավային քաղաքացիական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել ընկերության գործադիր տնօրեն ու բաժնետեր Արամայիս Լալազարյանի ու "Դինո ԳՄՔ" ընկերության միջեւ կնքված առքուվաճառքի պայմանագիրը: Ա.Լալազարյանը ընկերությանը պատկանող շենք-շինությունները, դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն առանց մյուս բաժնետերերի համաձայնության վաճառել էր: Բաժնետերերն արդեն դատարանում պարզել էին, որ կաթի գործարանն ունի 2 բաժնետեր` գործադիր տնօրենն ու իր կինը: Դատավարությունը տեւել էր մոտ 9 ամիս, հետո հայցվորները հրաժարվել էին հայցից ու դիմել "Շահերի պաշտպանության ու աջակցության Սյունիքի կենտրոն": Վերջինս էլ 2009թ. հունիսին նոր հայց էր ներկայացրել դատարան: Հայցվորներն այս անգամ պահանջել էին ճանաչել 11 բաժնետերերի սեփականության իրավունքը:
Նոյեմբերի 23-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հաստատեց 2010թ. հունվարի 17-ին Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղական համայնքում կայանալիք ՏԻՄ հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ժամանակացույցը: Ըստ դրա` համայնքում ընտրական տեղամասը կկազմավորվի մինչեւ դեկտեմբերի 3-ը, ընտրողների նախնական ցուցակները կհրապարակվեն դեկտեմբերի 8-ին: Դեկտեմբերի 22-25-ը կձեւավորվի տեղամասային ընտրական հանձնաժողովը, որի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 26-ին: Թեկնածուներն առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնեն դեկտեմբերի 18-23-ը: Նորընտիր ղեկավարն իր պաշտոնը կստանձնի 2010թ. փետրվարի 23-ին: Ի դեպ, Ճակատենի համայնքապետ հանրապետական Մուրադ Դավթյանը մարզում առաջին համայնքի ղեկավարն է, որ "Ընտրական օրենսգրքի" բարեփոխումներից հետո երեք տարվա փոխարեն չորս տարի պաշտոնավարեց: Ըստ նախնական տեղեկությունների` համայնքի ղեկավարի պաշտոնի համար 4-5 թեկնածու կառաջադրվի: