ԼՈՒՐԵՐ
Կապանի երկրագիտական թանգարանը մարզկենտրոնի №6 միջնակարգ դպրոցում դեկտեմբերի 1-ին կազմակերպեց գիտաժողով` նվիրված ազգային, հասարակական-քաղաքական գործիչ, լեռնային ինժեներ Սմբատ Մելիք-Ստեփանյանի ծննդյան 130-ամյա հոբելյանին: Մինչ միջոցառումն սկսվելը, ներկաները ծանոթացան ազգային գործչի կյանքին ու ժամանակին նվիրված փաստական նյութերի հարուստ ցուցադրությանը: Սմբատ Մելիք-Ստեփանյանի ապրած ժամանակաշրջանին էր առնչվում Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի զեկուցումը, թանգարանի գիտաշխատող Հասմիկ Պետրոսյանը ներկայացրեց Մելիք-Ստեփանյան գերդաստանի կանանց, Ռոբերտ Էջանանցին անդրադարձավ Մելիք-Ստեփանյան գերդաստանի տոհմագրությանը: Գիտաժողովի ավարտին Եղեգի դպրոցի տնօրեն Սմբատ Ստեփանյանը երախտագիտություն հայտնեց գիտաժողովը կազմակերպողներին եւ հետաքրքրական դրվագներ պատմեց պապի կյանքից:
Ոչ պաշտոնական այցով Մեղրիում էր Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, արմատներով մեղրեցի Դմիտրի Խառատյանը: Այցի նպատակը Ռուսաստանի "1-ին ալիքի" "Իմ տոհմաբանությունը" հաղորդման համար նկարահանումներ կատարելն էր: Քաղաքի կենտրոնում հավաքված մեղրեցիների մեծ բազմությունն աղուհացով, պարողջյունով ու ծափահարություններով դիմավորեց դերասանին: Այնուհետեւ նրան ուղեկցեցին Մեղրու գեղագիտական կենտրոն, որի սաները հանդես եկան գեղարվեստական համարներով: Մեղրու քաղաքապետ Ս.Հայրապետյանը եւս ողջունեց Դ.Խառատյանին, նրան հուշանվերներ հանձնվեցին: Հուզիչ էր նաեւ դերասանի խոսքը, որն առաջին անգամ էր այստեղ. "Ահա, թե ինչ է նշանակում հայրենիք", - ասաց նա: ՌԴ ժողովրդական արտիստը ծաղիկներ դրեց մեղրեցի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ այցելեց իր նախնիների շիրմին: Երկօրյա այցի ընթացքում պատառիկներ նկարահանվեցին Մեղրու տեսարժան վայրերից:
"Հակամարտությունների ռեսուրսներ" բրիտանական կազմակերպության ֆինանսավորմամբ Ստեփանակերտի մամուլի ակումբը, "Ինտերնյուս Հայաստան" եւ "Ինտերնյուս Ադրբեջան" կազմակերպություններն իրականացնում են ղարաբաղյան հակամարտության մասին պատմող "Կինոերկխոսություններ" ծրագիրը, որի նպատակը կինոյի լեզվով հակամարտությունների խաղաղ կարգավորման կոչ անելն է: Նկարահանվել է հինգ ադրբեջանական եւ հինգ հայկական ֆիլմ: Դրանք ցուցադրվել են Երեւանում ու Արցախում: Նոյեմբերի 27-ին երիտասարդական միջոցառումների կազմակերպման Սյունիքի մարզային կենտրոնում կապանցիները հնարավորություն ունեցան դիտել չորս ֆիլմ, որոնց խնդիրն է հակամարտող երկու կողմերին ներկայացնել, թե ինչ է կատարվում Ադրբեջանում եւ ինչ է կատարվում Ղարաբաղում: "Ոսկե ծիրան-2009" կինոփառատոնում այս ծրագրի ֆիլմերից մեկը` "Կովկասցի զարմուհին", ստացել է հատուկ դիպլոմ` վավերագրական կինոնկար անվանակարգում: "Ինտերնյուսի" արտադրության բաժնի ղեկավար Հարություն Մանսուրյանը նշեց, որ պարտադիր պայման չէ ֆիլմերը ցուցադրել ՀՀ մարզերում, պարզապես Կապանը եղել է հակամարտության գոտում, կապանցին ապրել է պատերազմը, այդ պատճառով մտածեցին, որ ֆիլմերը կհետաքրքրեն կապանցիներին: Յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրությունից հետո ներկաները քննարկում էին դրանք: Կապանում կինոնկարների ցուցադրության կազմակերպման աշխատանքներին աջակցել է "Երկյակ" Հ/Կ-ն:
Դեկտեմբերի 9-ին, որը ՄԱԿ-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր է հռչակել, "Շահերի պաշտպանության եւ աջակցության Սյունիքի կենտրոնը" հանդես եկավ հաշվետվությամբ` գործունեության մեկ տարում իրականացրած աշխատանքների, գրանցած կոռուպցիոն դեպքերի, կոռուպցիայի դեմ պայքարում կատարած դիտարկումների վերաբերյալ: Նշված ժամանակահատվածում կենտրոնի թեժ գծով զանգահարել է 24 հոգի, տրամադրվել է 297 խորհրդատվություն, ձեւակերպվել է 80 հայցադիմում, դիմում, նամակ, գրություն, դատարան կամ դատախազություն է ուղարկվել 13 գործ: Դիմումների 55 տոկոսն առնչվել է սեփականության իրավունքի խախտմանը, 40 տոկոսը` աշխատանքային իրավունքի խախտմանը, 4 տոկոսը` անձնական անձեռնմխելիության խախտմանը, 1 տոկոսը` այլ: Կենտրոնի տնօրեն Տ.Ստեփանյանն արձանագրեց, որ մարզում բավականին դժվար է գործում "Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը": Հանդիպմանը ներկա տարբեր պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչները քննարկեցին հայ հասարակության մեջ կոռուպցիան կանխարգելելու եւ մեղմելու հնարավորություններն ու միջոցները:
Քսանմեկ տարի առաջ բնության տարերքը` հզոր երկրաշարժը, փլատակների վերածեց հանրապետության մեկ երրորդը, զոհվեց մոտ 25 հազար մարդ: Դեկտեմբերի 7-ին մարզկենտրոնում հարգանքի տուրք մատուցվեց 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ այցելեցին Կապանի Շահումյանի հրապարակի պուրակում կանգնեցված երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար-խաչքարին: Հոգեհանգստյան արարողություն կատարվեց, որից հետո մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները պսակ դրեցին հուշաքարի պատվանդանին, վառվեցին հարյուրավոր մոմեր:
"Կապանը, ունենալով շենքային լայն բժշկական ցանց` 700 մահճակալով, որից 180-ը վիրաբուժական պրոֆիլի` պատերազմական գործողությունների ժամանակ իր վրա վերցրեց բժշկական ծառայության բեռը, մեծ օգնություն ցուցաբերեց ազատագրական շարժումն իրականացնող ջոկատներին` տրամադրելով նրանց շենքեր, ավտոտրանսպորտ, վիրաբուժական նյութեր, դեղորայք", – այս տողերն ընթերցում ենք Նիկոլայ Աղախանյանի "Հրազենային վնասվածքներով վիրավորների բժշկական օգնության առանձնահատկությունները սահմանամերձ գոտու հիվանդանոցում տեղային պատերազմական գործողությունների ժամանակ" դոկտորական ատենախոսության սեղմագրի մեջ: Նիկոլայ Աղախանյանը 1991-1996 թվականներին Կապանի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր եւ հայ-ադրբեջանական հակամարտության (1992-1994թթ.) տարիներին վիրաբուժության ասպարեզում ուսումնասիրությունները, դիտարկումներն ամբողջացրել է վերոհիշյալ թեմայով ատենախոսության մեջ, որը նոյեմբերի 6-ին նա պաշտպանեց Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Այս տարի "Հայաստան" համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռուստամարաթոնի համար, ինչպես նշել է հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, նորություն էր երկու մեծ կտակ ստանալը` մեկը` Ֆրանսիայում, մյուսը` Անգլիայում: Ֆրանսիայում ստացվել է 1.5 մլն եվրո կտակ, ինչի միջոցով Շուշի քաղաքում վերակառուցվելու է Մուրացանի անվան դպրոցը` դառնալով նաեւ ուսումնարան: Իսկ Անգլիայից ստացված 1 մլն դոլարով վերանորոգվելու է Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքը, որի նախագիծը եւս պատվիրված է, եւ մոտ 2 ամսից այն պատրաստ լինելուց հետո անցում կկատարվի մրցութային փուլին: