Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ

ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63

4 փետրվարի 2010
No 02 (199)
 
Ջրամատակարարում
Սյունիքում աղմուկ հանում ու ժամանակ առ ժամանակ բողոքների ալիք են բարձրացնում "Հայջրմուղկոյուղու" կողմից դատական կարգով բաժանորդների ունեցած վարձավճարների պարտքը գանձելու դեպքերը:
Իրավական
Խմելու ջրի վարձավճարների բռնագանձման պահանջով "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ կողմից ներկայացվող հայցերի, դրանց դատաքննության ընթացքի, կայացվող վճիռների եւ նշված ոլորտում դատական պրակտիկայի մասին է զրույցը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Թումանյանի հետ:
Արձագանք
Հունվարի 22-ին (մեկ անգամ էլ դրանից առաջ) "Հ2"-ի եւ "Շանթի" լրատվական ծրագրերն անդրադարձել են Կապան-Մեղրի ավտոմայրուղու դրությանը եւ Քաջարան-Դիբագի լեռնանցք հատվածի վիճակը բնութագրել դժվարանցանելի:
Գյուղատնտեսություն
2009-ի դեկտեմբերին ու 2010-ի հունվարին եղանակն արտահայտվեց անձյուն ու տաք ձմեռով, այն աստիճան, որ որոշ ծառեր (հոնի, տխլենի, թզենի) սկսել էին բողբոջել:
Անասնաբուժություն
 Ծղուկում 2009-ին բռնկված բրուցելյոզի համաճարակն առավել թանկ էր նստել գյուղացիների վրա: Տնտեսությունը համարվել էր անապահով, եւ այն առողջացնելու խնդիր էր դրվել անասնաբուժական ծառայության առջեւ:
***
Հունվարի 28-ին մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետարանի աշխատակազմի վարչությունների եւ բաժինների պետերը հաշվետվությամբ հանդես եկան
Մարզական
Սիսիանում շախմատ մարզաձեւի հաջողությունների մասին հաճախ կարելի է լսել:
Բանակի օրը
Երկրի հարավային սահմանի պաշտպանության դիրքերում
Հունվարի 28-ի առավոտից հանրապետության պաշտպանության նախարարության` Ագարակում տեղակայված Գարեգին Նժդեհի անվան գնդում փողային նվագախմբի հնչյուններն էին տարածվել. անձնակազմը պատրաստվում էր հայոց բանակի կազմավորման 18-րդ տարեդարձին նվիրված հանրահավաք-շքերթին: Գնդի սպաներին եւ զինվորներին, ողջ անձնակազմին տոնի առթիվ շնորհավորելու էին եկել Մեղրու եւ Ագարակի քաղաքապետեր Սերգեյ Հայրապետյանը եւ Մխիթար Զաքարյանը, Մեղրու զինկոմ, մայոր Դավիթ Անանյանը, Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Հարություն Համբարձումյանը, Մեղրու ոստիկանության պետը, տեղական իշխանությունների, մշակույթի եւ կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
… 1992-ի հունվարին Հայաստանի Հանրապետությունն ունեցավ առաջին պաշտպանության նախարարը. լրանում է մեր նորագույն պատմության նշանակալի ձեռքբերումներից մեկի` հայոց բանակի 18-րդ տարեդարձը, բայց իրականում մեր բանակը ծնունդ է առել քիչ ավելի վաղ` 1990-ի սեպտեմբերին, երբ հանրապետության ներքգործնախարարության կազմում ստեղծվեց հատուկ գունդը` առաջին կազմավորված զինվորական ստորաբաժանումը: Սպարապետ Վազգեն Սարգսյանի վկայությամբ, բանակի ստեղծման նախագիծը պատրաստ էր դեռեւս 1990-ից: 1991-ի դեկտեմբերին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, անկախություն ձեռք բերած 15 հանրապետությունները սկսեցին ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը: Այդ ժամանակ էլ ավելի հրատապ դարձավ կանոնավոր բանակ ստեղծելու խնդիրը, ինչն իրողություն դարձավ 1992-ի հունվարի 28-ին: Տողանի կանգնած սպաներին եւ զինվորներին օրվա խորհուրդը ներկայացրեց գնդի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Ադամյանը: Նա մասնավորապես ընդգծեց այն միտքը, որ հայոց բանակի մարտունակությունից է կախված Հայաստան աշխարհի անվտանգության ապահովումը: Իսկ այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ է ամենօրյա, տքնաջան աշխատանք. յուրաքանչյուր սերժանտ, ենթասպա եւ սպա պետք է ընդունի այն պարզ ճշմարտությունը, որ հենց իրենից է կախված իր ստորաբաժանման, իր զորամասի մարտունակությունը:
Զորամասի հրամանատարի տեղակալը ներկաներին հիշեցրեց Ագարակի զորամասի անցած մարտական ուղին, զորամաս, որ հայ-ադրբեջանական հակամարտության ամբողջ ընթացքում ՀՀ եւ ԼՂՀ սահմանամերձ շրջաններում մասնակցել եւ իր ուսերին է կրել ազատագրական պայքարի ծանր, բայց պատվավոր բեռը, 1991-ի օգոստոսի 8-ին գնդի պայքարի արդյունքում ազատագրվել է Նյուվադի գյուղը, 1992-ի օգոստոսի 16-17-ին` Խոշլիդաղը, 1993 նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ազատագրվել է Բարթազ սարը, իսկ 1994-ի հունվարից մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում գունդը մասնակցել է Արցախի պաշտպանության համար մղված լայնածավալ մարտական գործողություններին` Հորադիզի, Ֆիզուլիի եւ Աղդամի ուղղություններով: ՀՀ սահմանների եւ պատմական Հայաստանի տարածքների ազատագրման համար մղված մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի փրկության զոհասեղանին իրենց կյանքն են դրել գնդի 48 մարտիկ, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 80-ը: Իրենց անունը պատվով են պսակել Հրաչիկ Մկրտչյանը, Սուրիկ Հովհաննիսյանը, Արտակ Ասլանյանը, Արայիկ Բունիաթյանը, Գեւորգ Խաչատրյանը, Ավետիս Օհանյանը, Ալյոշա Մելքումյանը, Խաչիկ Զաքարյանը, Գեւորգ Միքայելյանը եւ, իհարկե, գնդի հիմնադիր հրամանատար, գնդապետ Ղեւոնդ Հովհաննիսյանը:
Ողջույնի խոսքով գնդի սպաներին եւ զինվորներին դիմեց Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը, իսկ մայոր Լյովա Խաչատրյանը հրապարակեց "Երկրապահ կամավորականների միության" վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի` բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասված էր. "Դարեր շարունակ չունեինք պետություն եւ պետականություն: Պահպանվել էր միայն անկախության եւ ազատության գաղափարը: Սակայն մեր ժողովուրդն իր ոգու եւ կամավորականների խիզախության շնորհիվ ամրագրեց անկախության ձգտումը, ռազմադաշտի հաջողությունները, պետության սահմանները, բանակի անպարտելիությունն ու այսօրվա խաղաղությունը: Խաղաղություն, որ ապահովում է երկրի ու տնտեսության բնականոն զարգացում, որի գրավականը եւ պահապանը մեր հզոր բանակն է` ծնված երկրապահի ոգու եւ ժողովրդի սիրո շաղախից":
Ողջույնի խոսքով հանդես եկան Ագարակի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները: Բանակի կազմավորման 18-րդ ամյակի առթիվ իր հայրական օրհնությունն էր բերել Մեղրու տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ընծա քահանա Միրզոյանը: Հանրահավաքն ավարտվելուց հետո տեղի ունեցավ հանդիսավոր շքերթ, որից հետո տոնակատարության մասնակիցները շարժվեցին դեպի Ագարակի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Երկրորդ աշխարհամարտում, Արցախյան պատերազմում ընկած զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձաններին, ինչպես նաեւ վաղամեռիկ գնդապետ Ղեւոնդ Հովհաննիսյանի շիրիմին:
Տոնից անպակաս էին զինվորներին եւ սպաներին ուղղված մաղթանքները, որոնցից մեկն առանձնապես տպավորվել է` թող որ ձեր կրակած փամփուշտները լինեն զորավարժություններում եւ հրաձգարաններում:
ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
Կապանի համայնքի հունվարի 28-ին արտահերթ նիստի ընթացքը շարունակում է մնալ մարզկենտրոնի հանրության ուշադրության կենտրոնում: Պատճառը, սակայն, այն չէ, որ ավագանու մեծամասնությունն ավանդաբար "սկզբունքային" դիրքորոշում է ունենում քաղաքապետ Ա.Աթայանի առաջարկությունները քննարկելիս: Պատճառը, ըստ էության, այն է, որ ավագանին գրեթե միաձայն, յուրահատուկ հոգածություն է դրսեւորում իրենցից յուրաքանչյուրի շահերին առնչվող հարցերը քննարկելիս: Հունվարի 28-ի նիստն այդ առումով չտարբերեց նախորդ մի քանի նիստերից: Ավագանու անդամների "սկզբունքայնության" մասին է վկայում մեկ այլ "մանրուք" եւս, որ առնչվում է ավագանու 2009թ. դեկտեմբերի 29-ին նշանակված նիստին: Դեկտեմբերի 28-ին ավագանու անդամները դիմել էին քաղաքապետին նիստի օրը տեղափոխելու խնդրանքով` պատճառաբանելով, որ չեն հասցրել ծանոթանալ օրակարգին: Հաջորդ օրը, մինչդեռ, ավագանու անդամները ստորագրել էին օրակարգի հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերը` առանց նիստ հրավիրելու...
Հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության 2010թ. առաջին նիստում հավանություն է տրվել ՀՀ արդարադատության նախարարության "Գորիս" քրեակատարողական հիմնարկի նոր շենքի եւ շինությունների նախագծանախահաշվային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքին, հիմնարկին անհրաժեշտ շենք-շինությունների ցանկին եւ դրանց կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խոշորացված հաշվարկին:
Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղում հունվարի 30-ին տեղի ունեցավ ասեղնագործական աշխատանքների ցուցահանդես: Մասնաճյուղի ասեղնագործական երկու ստուդիայի 24 աշակերտի հեղինակած մոտ հիսուն աշխատանքում հիմնականում արտացոլված էին հայկական զարդանկարներ, մեսրոպյան տառեր` թռչունների, ծաղիկների, մարդկային կերպարանքի տեսքով: Սյունյաց թեմի փոխառաջնորդ Տ.Զավեն աբեղա Յազիչյանը Տերունական աղոթքով ազդարարեց ցուցահանդեսի բացումն ու գնահատանքի ու քաջալերանքի խոսքեր հղեց գեղագիտական կենտրոնի սաներին, տնօրեն Մարտուն Զաքարյանին եւ խմբավարներ Նարինե Սարգսյանին ու Նելլի Արզումանյանին: Թեմի փոխառաջնորդը, որ աջակցել էր ցուցահանդեսի կազմակերպմանը, նվերներ հանձնեց ասեղնագործական ստուդիայի սաներին: Մասնաճյուղի տնօրեն Մարտուն Զաքարյանը կարեւորեց այդ ստուդիաների գործունեությունը` երեխաների մեջ ազգային արվեստի եւ ավանդույթների հանդեպ հետաքրքրություն ձեւավորելու ուղղությամբ: Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան նաեւ "Սյունյաց երկիր" թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն ու քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմինե Հովակիմյանը:
Վերջին տարիներին Սյունիքի մարզում նկատվում է բնակչության աճ: 2008 թվականին, օրինակ, 2007-ի համեմատությամբ` բնակչությունն աճել է 527-ով: Բնակչության աճ է գրանցվել նաեւ 2007-ին (507 մարդ) եւ 2006-ին (282 մարդ):
2009 թվականին մարզի դպրոցաշինության բնագավառում կատարվել է 1 մլրդ 112 մլն դրամի աշխատանք: Մասնավորապես, ֆինանսավորման տարբեր աղբյուրների հաշվին կառուցվել են Արավուսի, Սրաշենի, Իշխանասարի եւ Եղեգի դպրոցների շենքերը: Բացի այդ` հիմնանորոգվել է 11 դպրոցի շենք:
Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրով 2009թ. ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ հիմնանորոգվել եւ կահավորվել են մարզի 26 գյուղական համայնքների բուժկետերը եւ գյուղական ամբուլատորիաները: Ներդրումները կազմել են 73.3 մլն դրամ:
Սյունիքի մարզի դատախազությունում կատարվել են նոր փոխատեղումներ: Մարզի դատախազի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ով մինչեւ այժմ աշխատում էր Գորիսի տարածքում, այսուհետ իր պարտականությունը կկատարի Մեղրիում: Գորիսում դատախազի առաքելությունն առայժմ կիրականացնի Հայկ Կարապետյանը` մարզի դատախազի տեղակալի պարտականությունները միաժամանակ կատարելով Սիսիանում: Մարդու իրավունքների պաշտպանի եղբայր Տիգրան Հարությունյանին Գորիսից Մեղրի տեղափոխելը, որ առաջին հայացքից ներապարատային սովորական փոխատեղում է, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Հունվարի 21-ին Կապանի N 2 ավագ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Կապանի եւ տարածաշրջանի դպրոցների մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ուսուցիչների, նաեւ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի դասախոսների ֆիզիկամաթեմատիկական-գիտամեթոդական սեմինարի առաջին նիստը: Այն վարում էր Կապանի N 2 ավագ դպրոցի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը: Ինչպես նշեց Լ.Պետրոսյանը, ֆիզիկամաթեմատիկական-գիտամեթոդական խորհրդի ստեղծումը, սեմինարների (ամիսը մեկ անգամ) անցկացումը կնպաստեն կրթական համակարգում տեղի ունեցած եւ ունեցող փոփոխությունների արդյունավետության բարձրացմանը, այդ գործընթացներում ուսուցիչների ակտիվ դերի ապահովմանը: Լ.Պետրոսյանն անդրադարձավ նաեւ խորհրդի գործունեության թեմատիկային, աշխատանքային ծրագրին, նյութերի հավաքման ու հրատարակման աշխատանքներին:
Ինչպես տեղեկանում ենք "Էկոլուր" հ/կ-ից, "Դինո գոլդ մայնինգ քամփնի" ՓԲ ընկերությունն առաջարկել է ստորագրել հաշտության պայմանագիր` Շահումյան բանավանի 28 սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, ովքեր իրենց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնալու հայցով դիմել էին դատարան: Հայցվորների շահերի պաշտպան, "Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման" ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի առաջարկությունն արվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստի ժամանակ` հունվարի 27-ին: Իրավաբանի կարծիքով, մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգների մասին հայցի պարունակությունն ինքնին պահանջում է, որպեսզի հաշտության պայմանագրում նշված լինեն սեղմ ժամկետներ, որոնց ընթացքում Շահումյան բանավանի 28 սեփականատերերը, որոնք գտնվում են ամենավտանգավոր գոտում, կարողանան փոխհատուցում ստանալ եւ տեղափոխվել անվտանգ վայր: "Մեր կարծիքով, դա պետք է արվի փետրվարից ոչ ուշ, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը, ձնհալը, ինչպես նաեւ անձրեւները կարող են դժբախտ պատահարների հանգեցնել", – ասել է Ա. Ղազարյանը:
Հունվարի 29-ին Կապանի Դավիթ Բեկ թաղամասի ակումբում տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 18-րդ տարելիցին նվիրված ցերեկույթ, որին մասնակցում էին թաղամասի բնակիչներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ: Դպրոցականները ներկայացրին մեր բանակի անցած ուղին, արժանին մատուցեցին մերօրյա ազատամարտում ընկածների հիշատակին: Այնուհետեւ հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով, որ ներառում էր հայրենասիրական երգեր ու ասմունք, պար: Միջոցառման ավարտին երախտագիտության խոսքով հանդես եկան միջոցառման տարեց մասնակիցները, որոնք միահամուռ էին մի բանում. նման միջոցառումները նպաստում են դեռահասների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Իսկ դրանում մեծ էր թաղամասի ակումբավար Վարդուհի Թադեւոսյանի, գրադարանավարուհիներ Նաիրա Բեգլարյանի եւ Գոհար Գեւորգյանի ներդրումը:
2009 թվականին տարերային աղետների (ցրտահարություն, կարկտահարություն եւ գերխոնավություն) հետեւանքով տուժել է մարզի 78 համայնք, ընդհանուր վնասը կազմել է մոտ 2.9 մլրդ դրամ: