Հրանտ Մաթեւոսյանն է ասում, թե կենտ ձիավոր Ռոստոմի սիրտը չի ճաքել անվերադարձ, թե "Ոչ մի գեղ ու ցեղ իրեն անՌոստոմ չի թողել, - սպասենք, ստեղծենք, կանչենք, մի քիչ էլ ինքներս լինենք` եւ կգա, կամ արդեն եկել է, մեր մեջ է": Տեր լինելու համար պետք չէր, որ Ռոստոմը պաշտոն, հասարակական դիրք, ազգուտակ ունենար, կուսակցական լիներ, օլիգարխ լիներ կամ միլիոնատեր ու գեներալ: Անտառապահի դերն էլ բավական էր, որ իր հողուջրի Տերը լինի: ...Հետո նոր Ռոստոմ-ների ականատես եղանք Արցախյան պատերազմում, հետպատերազմյան շրջանում, մեր նոր պետականության կերտման ճանապարհին: Վաղն էլ կունենանք: Բայց եթե անգամ քիչ լինեն Տեր-երը, միեւնույն է, նրանց շարքում առաջիններից մեկը կամ նույնիսկ կենտ ձիավորը պետք է լինի համայնքի ղեկավարը` ժողովրդի կողմից իրավամբ ընտրված-կանչված-փնտրված-սպասված: Եթե այդպես չէ, ուրեմն ինչ-որ բան շեղված է, խեղված ու խաթարված, ուրեմն մեր ընտրած ճանապարհը գնալու եւ հասնելու ճանապարհ չէ: Համենայն դեպս շատերս ենք այդպես մտածում: Ուստիեւ, ամենաէական ակնկալիքը Գորիսի քաղաքապետից Տեր լինելու դժվարագույն առաքելությունն է: Մեր մյուս մեծը` Համո Սահյանն էլ ասում է, թե Տեր լինելուց առաջ պետք է Ծառա լինել` այս դեպքում իրեն ընտրած-ստեղծած-կանչած ժողովրդի Ծառան: Այդ ակնկալիքն ունեն համայնքապետի ընտրությանը պատրաստվող շատ գորիսեցիներ, որոնց մեջ աստիճանաբար իշխող են դառնում առաջիկա ընտրության մասին քննարկումները:
2010թ. հուլիսի 21-ին լրանում է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի լիազորության քառամյա ժամկետը. դրանից առաջ պաշտոնավարել է եւս երկու ընտրաշրջան` վեց տարի ժամանակով: Դա նշանակում է, որ նոր քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա հունիսի 21-ից ոչ ուշ (ՀՀ ընտրական օրենսգիրք, Հոդված 135-ի 1-ին կետ): Դա նշանակում է նաեւ, որ Սյունիքի մարզպետն ընտրությունը կնշանակի ապրիլի 21-ից ոչ ուշ` համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 90 օր առաջ:
Արձանագրենք, որ Գորիսի համայնքի ղեկավարի ընտրությունը կլինի ամենաուշագրավ քաղաքական իրադարձություններից մեկը Սյունիքում եւ մասնավորապես Գորիսում, թեեւ համոզված ենք` ընտրությունը տեղի կունենա որոշակի ավանդույթների շրջագծում:
Առաջին հարցերից մեկը, որ ծագում է նման դեպքերում, հետեւյալն է. "Իսկ ովքե՞ր են հավակնում Գորիսի քաղաքապետի պաշտոնին": Ամենայն հավանականությամբ կլինեն մի քանի, եթե ոչ բազում թեկնածուներ: Մի մասը որպես սովորույթ եւ որպես կանոն` թեկնածու կառաջադրվի խաղալու, առեւտուր անելու ստույգ նպատակադրությամբ: Մի մասն էլ կփորձի հիշեցնել իր գոյության մասին: Անշուշտ, կլինեն նաեւ իրական հավակնորդներ` լուրջ ծրագրերով: Գլխավոր հավակնորդը, սակայն, կլինի ՀՀԿ թեկնածուն (այդպես ասելու համար լուրջ հիմքեր ունենք): Իշխանական այդ թեկնածուի մասին կանխավ դատողություններ անելուց առաջ, ըստ էության, պետք է քննարկենք մեկ այլ հարց: Ավելի ճիշտ` պետք է ամփոփենք գործող քաղաքապետի պաշտոնավարման տասը տարվա արդյունքները, ինչից մասնակիորեն կբխի նաեւ առաջադրված հարցի պատասխանը: Նելսոն Ոսկանյանը մեր թերթում քանիցս ենթարկվել է ամենախիստ քննադատության: Հիմա, կարծեք, ժամանակն է, որ քաղաքապետն ինքը պատմի իր կատարած-չկատարածի մասին: Ժամանակն է, որ քննարկենք, թե տասը տարում նրա առաջնորդությամբ քաղաքը որ հանգրվանից որտեղ հասավ: Դա կլինի արդարացի, մանավանդ որ գործող քաղաքապետը չի թաքցնում իր մտադրությունը` առաջադրվելու եւս մեկ անգամ, եթե… Եթե ՀՀԿ խորհուրդը նպատակահարմար գտնի վերստին աջակցել իր թեկնածությանը: Նա ՀՀԿ անդամ է եւ, բնականաբար, կարեւորում է կուսակցության ղեկավար մարմնի դիրքորոշումը, առանց որի ինքը չի առաջադրվի:
Իսկ ինչպե՞ս կվարվի ՀՀԿ խորհուրդը: Այս հարցում, ըստ էության, հաշվի կառնվի ստույգ մի իրողություն: Դա խնդրո առարկայի հանդեպ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի վերաբերմունքն է: Գաղտնիք չէ, որ նա որպես մարզպետ չէ հանդես գալու միայն: Նա Գորիս քաղաքի ընտրազանգվածում ունի ամենամեծ ռեսուրսը, ինչն էլ ցանկացած պարագայում վճռորոշ ազդեցություն կունենա ընտրության ելքի վրա: Ի դեպ, որքանով տեղյակ ենք, Սուրեն Խաչատրյանը Գորիսի կառավարման հարցում կողմնակից է արմատական փոփոխության, տեղական ինքնակառավարման ոլորտում նոր եւ թարմ ուժերի առջեւ լայն ճանապարհ բացելուն: Այդուհանդերձ, ըստ հավաստի տեղեկությունների` ՀՀԿ մարզային խորհուրդը, Սյունիքի մարզպետը դեռեւս վերջնական որոշման չեն հանգել այդ հարցում: Միաժամանակ չպետք է մոռանալ, որ ՀՀԿ խորհրդում, դատելով վերջին ՏԻՄ ընտրությունների փորձից, Գորիսի քաղաքապետի թեկնածուի որոշարկման հարցում կարող է եւ միաբանություն չլինել:
Առայժմ չի բացառվում իրադարձությունների զարգացման մեկ այլ տարբերակի հնարավորությունը: ՏԻՄ վերջին ընտրությունների, մասնավորապես Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարների ընտրության փորձը ցույց է տալիս, որ կարող են եւ գլուխ բարձրացնել քաղաքական կոալիցիայի մաս կազմող ուժերը` ցանկանալով իրենց փայը համայնքների կառավարման գործում: Այս դեպքում, կարծում ենք, ՀՀԿ-ն կարող է եւ դրսեւորել մեծ եղբորը բնորոշ մեծահոգություն` ստեղծելով ներկոալիցիոն համերաշխության հերթական կեղծ պատրանքը: Ասենք անմիջապես, որ դա կլինի իրադարձությունների զարգացման ամենաանցանկալի տարբերակը:
Իհարկե, Գորիսում որոշակի բացասական դեր է խաղալու թայֆայական-գերդաստանային գործոնը: Մեծ գերդաստանի զավակն իրեն ավելի զորավոր է համարում եւ համարելու է այդպես: Զորավորությունն էլ մի կողմ, նա իրեն նաեւ ամենաարժանավորն է համարելու: Եվ հենց այդպես է Գորիսում շատ հաճախ միջակությունն իր համար ճանապարհ հարթել` անտեսելով ընդհանրական շահը: Այս միտման զարգացման հնարավորությունը նույնպես պիտի բացառել բոլոր միջոցներով:
Մի նկատառում եւս: Համայնքային իշխանությունների ձեւավորման գործում (բնորոշ է ե՛ւ քաղաքներին, ե՛ւ գյուղերին) բազմաթիվ կարող եւ օժտված մարդիկ հետ են կանգնում ու չեն ձգտում ստանձնել տվյալ համայնքի ղեկավարումը կամ մասնակցել համայնքի կառավարմանը: Արդյունքում հաղթում է միջակությունը (չե՞ք նկատել, որ բազմաթիվ համայնքներում ղեկավարի աթոռն զբաղեցրել են մարդիկ, ովքեր այդպես էլ չեն իջնում ավերակողի պատվանդանից, ովքեր առայսօր քայլում են ավարի ու ավերի հմայող ճանապարհով): Գորիս քաղաքում էլ կան բազում անհատականություններ, որոնք կարող են արժանապատվորեն վարել քաղաքապետի գործերը, բարձրացնել տեղական իշխանության վարկը, բայց չեն ձգտում, չեն ուզում իրենց տեսնել այդ դերում: Դրանք մեր մտավորականության առաջին շարքում կանգնածներն են, տնտեսության մի քանի երեւելի կազմակերպիչները: Այո՛, քաղաքապետ չեն ուզում դառնալ, ավագանու անդամ չեն ուզում դառնալ, բայց ուզում են, որ ամեն ինչ լավ լինի: Նրանց տեղակ` ամեն մի ընտրությունից առաջ, քսան տարի շարունակ լսում ենք նույն` բազմաթիվ պաշտոններում տապալված, քաղաքականության մեջ ի սկզբանե թորշոմ, խաբուսիկ փայլով ու անդավանանք էությամբ մարդկանց անուններ (հիմա էլ ենք լսում):
Բոլոր այս հարցերը, անշուշտ, մոտակա մեկ-երկու ամսում ավելի հստակ արտահայտություն կգտնեն: Բայց կան հարցեր, որոնց մասին կարելի է որոշակիորեն խոսել նաեւ հիմա: Ինչպես նշեցինք, Նելսոն Ոսկանյանին ոչ մեկ անգամ ենք քննադատել թույլ տված բացթողումների համար: Նույնիսկ պատրաստվում էինք հորդորել նրան հրաժարվել թեկնածությունն առաջադրելուց: Առհասարակ մարդկային մեծագույն առաքինություն է սեփական չկամությունը կամ սեփական կամեցողությունը կոտրելու կարողությունը: Եվ մենք ուզում էինք Նելսոն Ոսկանյանից ակնկալել մարդկային նման առաքինություն, մանավանդ որ տասը տարի նա հնարավորություն է ունեցել կյանքի կոչելու իր ծրագրերն ու մտահղացումները: Նելսոն Ոսկանյանը, սակայն, դառնում է անվերապահ ընդունելի կերպար քաղաքապետի համար, երբ իմանում ենք, թե ինչպիսի աննշան գոյություններ են նախնական այս փուլում շնչահատ հավակնում պատասխանատու այդ դերին: Ավելի որոշակիացնեմ ասելիքս` իդեալական տարբերակը կլիներ այն, որ միանգամայն նոր դեմք երեւար Գորիսի քաղաքապետարանում: Բայց դա ինքնանպատակ չպետք է լինի: Նոր թեկնածուն, գործող քաղաքապետի համեմատ, պետք է ունենա բոլորի համար տեսանելի մի քանի առավելություն` նկարագրով, առաքինությամբ, ինտելեկտուալ եւ գործնական հատկանիշներով: Այլապես անիմաստ կլիներ փոփոխության մասին խոսելը:
Շատ ցանկալի է, որ ընտրապայքարից առաջ դասեր քաղեինք նաեւ Գորիսի քաղաքապետի` անկախության տարիներին տեղի ունեցած ընտրություններին առնչվող մի ուշագրավ եղելությունից: Այդ ընթացքում Գորիսում ունեցանք երեք դեպք, երբ քաղաքապետը կամ լիազոր քաղաքապետը, մեղմ ասած, հետ կանչվեց. նման դեպք (այդ չափով) հայաստանյան որեւէ այլ համայնքում, որքանով տեղյակ ենք, չի արձանագրվել: Առաջինը, իհարկե, Համլետ Մկրտչյանն էր: Շարժման առաջին փուլում Գորիսի ինքնապաշտպանական ուժերի գործունեությունը համակարգած այրը, սակայն, քաղաքապետի պաշտոնում հենց սկզբից ձախողվեց: Մինչ այդ ձախողվել էր նրան` քաղաքային խորհրդի պատգամավորների կողմից քաղաքապետ ընտրելու երկարատեւ էքսպերիմենտը: Երկրի ղեկավարության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գրիգոր Ավագյանն անձամբ էր մասնակցում քաղխորհրդի այդ օրերի նստաշրջանին: Պատգամավորները Համլետի օգտին քվեարկելու հորդորին տեղի չտվեցին նույնիսկ այն ժամանակ, երբ Ավագյանը հայտնեց, թե… քաղաքապետի ընտրությունը ձգձգելու պարագայում անխուսափելի կլինի Իրաքյան պատերազմի (Իրաքի եւ Իրանի միջեւ պատերազմ էր ընթանում այդ ժամանակ) անդրադարձը Գորիս քաղաքի վրա: Տարիների հեռվից ավելի հստակ է դառնում ծիծաղելի ու ողբալի այն առաքելությունը, որ փորձում էր Գորիսում իրագործել Գրիգոր Ավագյանը` ճանաչված գիտնականի բարի համբավով ծպտված: Ձախողվելով քաղխորհրդի պատգամավորներին հիմարացնելու գործում` ՀՀ կառավարությունը ստիպված եղավ Համլետ Մկրտչյանին նշանակել Գորիս քաղաքում կառավարության լիազոր ներկայացուցիչ (ընդամենը մի քանի ամիս դիմացավ Գորիսի քաղաքային իշխանության ղեկավարի դերում): Պաշտոնավարման առաջին իսկ օրերից Համլետ Մկրտչյանը պատերազմ հայտարարեց քաղաքի մտավորականությանը եւ բոլոր նրանց, ովքեր կոմունիստական կուսակցության անդամ էին: Մարտերն ավելի թեժ էին կրթական համակարգի դեմ բացած ճակատում: Փոխքաղաքապետի աշխատասենյակն ընդարձակելու համար էլ ավանդական իր գրասենյակից հանեց "Զանգեզուր" թերթի խմբագրությանը: Գորիսում հռչակվեց նեոֆաշիստական կարգախոս` "Գորիսը` գորիսեցիներին" ձեւակերպմամբ (գորիսեցիներ ասելով նկատի ունեին բացառապես բնիկ գորիսեցիներին): Հայկական թալիբանի այս դրսեւորումները, ինչպես եւ սպասվում էր, չէր կարող հանդուրժել որեւէ կառավարություն, եւ շատ շուտով հայոց վարիչները հրաժարվեցին Համլետ Մկրտչյանի ծառայությունից:
Քաղաքապետի պաշտոնից հետագայում հետ կանչվեց նաեւ Սամվել Հարությունյանը: Նա, ի տարբերություն Համլետի, ընտրված էր քաղխորհրդի պատգամավորների մեծամասնության կողմից: Բայց այդ ժամանակ ՀՅԴ անդամ էր եւ իշխող քաղաքական ուժի` ՀՀՇ-ի հետ հակամարտությունը ոչ մի օր չդադարեցրեց: Գորիսը դարձել էր հայաստանյան ներքաղաքական պայքարի ամենաշիկացած վայրը, ինչն ի վերջո հանգեցրեց քաղաքապետի վաղաժամ պաշտոնանկությանը: Սամվելի պաշտոնավարման շրջանում եղան նաեւ արտառոց իրադարձություններ: Ամենաուշագրավը երկրապահական ուժերի կողմից քաղաքապետին պաշտոնանկ անելու փորձն էր` քաղաքապետարան մտնելու եւ քաղաքապետին այնտեղից վտարելու միջոցով (երկրապահները պնդում էին, որ նա ըստ պատշաճի չի օգնում Գորիսի ինքապաշտպանության կազմակերպմանը):
Երրորդ հետկանչվածը դարձյալ Համլետ Մկրտչյանն էր: 1999թ. ընտրություններում նա հաղթել էր Արա Դոլունցին եւ դարձել քաղաքապետ: Սակայն այս անգամ նույնպես դեմ առավ իրականությանը եւ հայտնվեց անկար վիճակում: Մի քանի ամիս պաշտոնավարելուց հետո նրան անվստահություն հայտնելու առաջարկ արեց Սյունիքի մարզպետ Ռոման Նավասարդյանը: Մարզպետն անվստահություն էր հայտնել նաեւ Կապանի քաղաքապետ Գագիկ Աթաջանյանին: Որոշ ժամանակ անց Ռոման Նավասարդյանը տեղի տվեց կապանյան կլաններից մի քանիսի ճնշմանը եւ հետ վերցրեց Գագիկ Աթաջանյանին անվստահություն հայտնելու առաջարկը: Համլետին անվստահություն հայտնելու առաջարկը մնաց ուժի մեջ, որն էլ հաստատեց Արամ Սարգսյանի կառավարությունը:
Այս ամենը միգուցեեւ չհիշեինք, եթե չլիներ մի էական հանգամանք, որ արդիական է, որ պիտի նկատի ունենանք նոր քաղաքապետի ընտրության ժամանակ: Մինչեւ հիմա զարմանալիորեն Սամվելի եւ Համլետի վաղաժամ պաշտոնանկությունը հիշելիս Գորիսում շատերն այսպիսի շեշտադրում են կատարում` նրանց խանգարել են, նրանց չեն թողել, որ կատարեն քաղաքապետի պարտականությունները: Եվ անմիջապես իբրեւ ասվածի ամբողջացում` տրվում է հայտնի-անհայտ մարդկանց անուններ, ովքեր իբր խանգարել են նրանց: Նշենք, որ գորիսյան իրականության ոչ վաղ անցյալի նման վերծանումն ի վերուստ սխալ եւ ոչ տեղին է: Արդարացի կլիներ, եթե այլ հարցադրում անեինք` իսկ նրանք իսկապե՞ս կարողացել են կատարել քաղաքապետի պարտականությունները, թե՞ ձախողվել են պարզապես (Սամվել Հարությունյանի պարագայում որոշ վերապահումներ ունենք): Եթե անգամ խանգարում էին նրանց (եւ եթե այդ մարդիկ իրենց դերում էին իսկապես), ապա ինչո՞ւ չէին հաղթահարում հարուցվող դժվարությունները: Չէ՞ որ ցանկացած քաղաքապետի առջեւ (ոչ միայն Գորիսում) կամա-ակամա դժվարություններ են հարուցում. միշտ էլ գտնվում են նման ուժեր: Ուրեմնեւ, քաղաքապետի հավակնորդը պետք է ի վիճակի լինի դիմակայելու հնարավոր բոլոր դժվարություններին: Իսկ դժվարություններ, մարտահրավերներ միշտ էլ լինելու են ամենատարբեր դրսեւորումներով: Քաղաքապետն էլ դրանց դիմադրել չկարողանալու մեջ պետք է մեղադրի բացառապես իրեն: Մյուս մեկնաբանությունները լիրիկայի ոլորտից են:
… Գորիսը համայնքի ղեկավարի ընտրության է գնում քաղաքային ավանդույթների 140-ամյա պատմությամբ, որի 70 տարում եղել է Զանգեզուր գավառի կենտրոն: Այդ ամբողջ շրջանում, ինչպես եւ դրանից առաջ, հարյուրամյակներ շարունակ` պատմության ամենադժվարին պահերին անգամ, Գորիսը հայոց արժանապատվության կրողներից է եղել: Գորիսի այսօրվա առաքելությունն էլ, թեեւ վարչական կենտրոն չէ, պակաս պատասխանատու չէ: Նաեւ այդ հանգամանքը պետք է հաշվի առնենք ընտրությանը նախապատրաստվելիս, որի վերջնագիծն այնքան էլ հեռու չէ: Իսկ քաղաքապետը, արձանագրենք երիցս, պետք է լինի մոտ մեկուկես դար առաջ քաղաք հռչակված Գորիսի դեմքը, Գորիսի Ծառան ու Տերը, թեեւ քաղաքապետը (չտրվենք պատրանքների ստրկությանը) ամբողջովին չի կարող փոխել կյանքի խամրած գույները, կյանքի խարխուլ կեցությունը, թեեւ քաղաքապետն ամբողջովին չի կարող հաղթահարել մարդկանց հուսահատ ապրումներն ու նրանց պաշարած տագնապները:
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32 Հեռ.` 0285 5 25 63 4 փետրվարի 2010 No 02 (199) |
|||||||
|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||
Ջրամատակարարում
Սյունիքում աղմուկ հանում ու ժամանակ առ ժամանակ բողոքների ալիք են բարձրացնում "Հայջրմուղկոյուղու" կողմից դատական կարգով բաժանորդների ունեցած վարձավճարների պարտքը գանձելու դեպքերը:Իրավական
Արձագանք
Հունվարի 22-ին (մեկ անգամ էլ դրանից առաջ) "Հ2"-ի եւ "Շանթի" լրատվական ծրագրերն անդրադարձել են Կապան-Մեղրի ավտոմայրուղու դրությանը եւ Քաջարան-Դիբագի լեռնանցք հատվածի վիճակը բնութագրել դժվարանցանելի:
Գյուղատնտեսություն
2009-ի դեկտեմբերին ու 2010-ի հունվարին եղանակն արտահայտվեց անձյուն ու տաք ձմեռով, այն աստիճան, որ որոշ ծառեր (հոնի, տխլենի, թզենի) սկսել էին բողբոջել:Անասնաբուժություն
Ծղուկում 2009-ին բռնկված բրուցելյոզի համաճարակն առավել թանկ էր նստել գյուղացիների վրա: Տնտեսությունը համարվել էր անապահով, եւ այն առողջացնելու խնդիր էր դրվել անասնաբուժական ծառայության առջեւ:
***
Հունվարի 28-ին մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետարանի աշխատակազմի վարչությունների եւ բաժինների պետերը հաշվետվությամբ հանդես եկան
Մարզական
Սիսիանում շախմատ մարզաձեւի հաջողությունների մասին հաճախ կարելի է լսել:
|
|
|
|||||


