Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ

ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63

4 փետրվարի 2010
No 02 (199)
 
Ջրամատակարարում
Սյունիքում աղմուկ հանում ու ժամանակ առ ժամանակ բողոքների ալիք են բարձրացնում "Հայջրմուղկոյուղու" կողմից դատական կարգով բաժանորդների ունեցած վարձավճարների պարտքը գանձելու դեպքերը:
Իրավական
Խմելու ջրի վարձավճարների բռնագանձման պահանջով "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ կողմից ներկայացվող հայցերի, դրանց դատաքննության ընթացքի, կայացվող վճիռների եւ նշված ոլորտում դատական պրակտիկայի մասին է զրույցը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Թումանյանի հետ:
Արձագանք
Հունվարի 22-ին (մեկ անգամ էլ դրանից առաջ) "Հ2"-ի եւ "Շանթի" լրատվական ծրագրերն անդրադարձել են Կապան-Մեղրի ավտոմայրուղու դրությանը եւ Քաջարան-Դիբագի լեռնանցք հատվածի վիճակը բնութագրել դժվարանցանելի:
Գյուղատնտեսություն
2009-ի դեկտեմբերին ու 2010-ի հունվարին եղանակն արտահայտվեց անձյուն ու տաք ձմեռով, այն աստիճան, որ որոշ ծառեր (հոնի, տխլենի, թզենի) սկսել էին բողբոջել:
Անասնաբուժություն
 Ծղուկում 2009-ին բռնկված բրուցելյոզի համաճարակն առավել թանկ էր նստել գյուղացիների վրա: Տնտեսությունը համարվել էր անապահով, եւ այն առողջացնելու խնդիր էր դրվել անասնաբուժական ծառայության առջեւ:
***
Հունվարի 28-ին մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետարանի աշխատակազմի վարչությունների եւ բաժինների պետերը հաշվետվությամբ հանդես եկան
Մարզական
Սիսիանում շախմատ մարզաձեւի հաջողությունների մասին հաճախ կարելի է լսել:
Բանակի օրը
ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆ. "Մարտական ոգին բանակի ողնաշարն է"
Գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը հայոց բանակի հիմնադրման ակունքներում կանգնած սպաներից է: Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից զենքը ձեռքին պահպանել է հայրենի սահմանները` ղեկավարելով Տեղ գյուղի ինքնապաշտպանական ջոկատը: Տարածաշրջանում հրադադար հաստատվելուց հետո Մելիքսեթ Պողոսյանը զինվորական համազգեստը չկախեց մեխից, այլ գլխավորեց Գորիսում տեղակայված N զորամասը: 2007 թվականի օգոստոսից գնդապետ Պողոսյանը Գորիսի զինկոմն է: Բանակաշինության եւ խնդրո առարկային առնչվող այլ հարցերի մասին է ճանաչված զինվորականի հետ զրույցը:
– Պարո՛ն գնդապետ, զինկոմի կարգավիճակում Դուք առաջին անգամ եք "Սյունյաց երկրում", եւ հետաքրքիր է իմանալ` Արցախյան գոյամարտի բովով անցած հրամանատարիդ համար դժվար չէ՞ր հարմարվել կաբինետային աշխատանքին, նոր կարգավիճակին:
– Միեւնույնն է` 15 տարի զորքի հետ եմ եղել, այսօրվա դրությամբ էլի զորքի հետ եմ: Զինկոմիսարիատը բանակի մի օղակն է, մեր մարտական ընկերների հետ շփումը միշտ կա, եւ էլի բանակի հետ սերտ համագործակցում ենք, ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով, մի խոսքով, հարմարվելու, "կլիմայափոխվելու" խնդիր չի եղել:
– Եվս մեկ անգամ արձանագրենք` որո՞նք են զինկոմիսարիատի հիմնական խնդիրները:
– Զինկոմիսարիատի հիմնական գործառույթները զորակոչի անցկացումն է եւ զորահավաքի աշխատանքների կազմակերպումը: Լինում են նաեւ ընթացիկ հարցեր. այս օրերին, օրինակ, ճշտվում են հաշմանդամներին թոշակներ հատկացնելու հարցերը, ինչպես նաեւ զինակոչիկների հաշվառում եւ կցագրում ենք անցկացնում: Բանակի օրվան ենք նախապատրաստվում (հարցազրույցը կայացել է հունվարի 18-ին), երթեր եւ միջոցառումներ անցկացնում: 2009-ը Գորիսի զինկոմիսարիատի համար հիշարժան տարեթիվ էր: Երբ հանրապետական զինկոմիսարիատում ամփոփվեցին զորակոչի արդյունքները, պարզվեց, որ Գորիսի զինկոմիսարիատն արժանացել է փոխանցիկ դրոշի, իսկ երկրորդ կարգի զինկոմիսարիատների մեջ հաղթող ճանաչվել: Ե՛վ գարնանային, ե՛ւ աշնանային զորակոչերի պլանները կատարել ու գերակատարել ենք: Պարգեւը, ինչպես ասում են, պարտավորեցնող է: Ձգտելու ենք ապացուցել, որ պարգեւը պատահական չի տրվել Գորիսի զինկոմիսարիատին:
– Հասարակության մեջ մի կարծիք կա տարածված (ամբողջ հասարակության մասշտաբով)` իբր ղեկավարների, օլիգարխների երեխաներն ու մերձավորները միշտ չէ, որ զորակոչվում են եւ ծառայում բանակում: Ինչպե՞ս կարձագանքեք այդ խոսակցություններին:
– Ի՞նչ ասեմ, իմ երկու տղաները ծառայել են բանակում, ինչն իմ հպարտությունն է: 2007 թվականի օգոստոսի 7-ին նշանակվել եմ Գորիսի զինկոմիսար եւ պիտի ասեմ, որ նման դեպքեր Գորիսի զինկոմիսարիատում չկան, նման բան մեզ մոտ չի գրանցվել, եւ ոչ էլ նման պրոբլեմի առաջ եմ կանգնել: Ճիշտն ասած, նման խնդրով զբաղվում է նաեւ պաշտպանության նախարարությունը, մեզանից տեղեկատվություն են պահանջում այդ թեմայով:
– Զորակոչը, ըստ էության, արտացոլում է երիտասարդության առողջական վիճակի պատկերը: Ինչպե՞ս կբնութագրեք զորակոչային տարիքի երիտասարդների առողջական վիճակը: Հիմնականում ո՞ր հիվանդություններն են գերիշխում, ինչի՞ պատճառով երիտասարդները չեն զորակոչվում բանակ:
– Պիտի փաստենք, որ այս տարվա գարնանային եւ աշնանային զորակոչերին զինծառայության են մեկնում 1992 թվականին ծնվածները, այսինքն` ցուրտ ու մութ տարիներին ծնվածները, ինչը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ: Ծառայությանը ոչ պիտանի պատանիների թիվը մեծ է, պիտի խոստովանեմ, որ դրանում մեղքի մեծ բաժին ունեն զինակոչիկների ծնողները: Նրանք մինչեւ 16 տարեկանը լրանալը, մինչեւ կցագրումն իրենց զավակին գոնե մեկ անգամ բուժզննման չեն տանում: 16 տարեկան նախազինակոչային տարիքի պատանուն բուժզննման ենք ենթարկել, եւ ի՞նչ է պարզվել. պատանու երիկամներից մեկը … բացակայում է, ինչի մասին տեղյակ չէին ո՛չ նա, ո՛չ նրա ծնողը: Պատանուն կցագրումը եւ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից մանրակրկիտ հետազոտման ենթարկելը շատ բան են ջրի երես հանում: Զինակոչիկների մոտ 35 տոկոսն առողջական խնդիրներ ունի, իսկ դա լուրջ խորհրդածությունների տեղիք է տալիս: Զինակոչիկների շրջանում տարածված են գիշերամիզությունը, աչքի հիվանդությունները, երեւանյան հիվանդությունը: Առողջական խնդիրներ ունեցող զինվորն ազդում է իր ծառայակիցների բարոյահոգեբանական վիճակի վրա: Պիտի զինանձնակազմի բոլոր անդամներն առողջ լինեն, որպեսզի կարողանան իրենց առջեւ դրված խնդիրները լուծել: Եթե հազար հոգի դուրս են եկել վազքարշավի, մեկը չի վազում, այդ մի չվազողն ազդում է մյուսների բարոյահոգեբանական վիճակի վրա:
– Տարիներ շարունակ քաշքշուկ է եղել բժշկական հանձնաժողովների հարցում: Մի շարք հարցերով երիտասարդները քանիցս պետք է գնային Երեւան: Դա ծնողների դժգոհությունն էր առաջացնում: Ինչպիսի՞նն է հարցի դրվածքը հիմա:
– Ճշմարիտն ասած, պաշտպանության նախարարությունում ամեն մի խորհրդակցության ժամանակ այդ խնդիրն արծարծվում է, քանի որ այդ հնարավորությունը չկա մարզերում: Ըստ կառավարության որոշման` զինկոմիսարիատին թույլատրվում է վիրաբուժական միջամտություն պահանջող հիվանդներին ուղարկել Գորիսի բժշկական կենտրոն` հետազոտության: Մյուս հիվանդությունների դեպքում զինակոչիկը գործուղվում է մայրաքաղաքի կլինիկաներ` հետազոտման: Հիմնախնդիրը կա, միայն պիտի տեղեկացնեմ, որ զինակոչիկին տրվում է ուղեվարձ, մինչեւ ախտորոշումը հատկացվում է սնունդ կամ դրան համարժեք գումար: Մեզ համար ձեռնտու կլիներ, եթե այդ բուժզննումը կենտրոնացված կարգով կայանար մարզում: Բայց, ցավոք սրտի, այդ հնարավորությունը չկա:
– Վարժահավաքների մասին կցանկանայինք խոսել: Տարեկան մի քանի անգամ վարժահավաքներ են լինում, հաջողվո՞ւմ է Ձեզ կազմակերպված անցկացնել վարժահավաքները, ի՞նչ դժվարություններ կան այդ ոլորտում:
– Զորահավաքները լինում են երկու տեսակ` պլանային եւ հանկարծակի: Պատեհ առիթը բաց չպիտի թողնեմ շնորհակալություն հայտնելու մարզային իշխանություններին, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին` զորահավաքների անցկացմանը մեծապես նպաստելու համար:
Մեզ մոտ ո՛չ մարդկային ռեսուրսների, ո՛չ էլ տեխնիկայի պակաս չի եղել թե՛ պլանային, թե՛ հանկարծակի զորահավաքներ կազմակերպելիս, զինկոմիսարիատի առջեւ դրված խնդիրները պատվով կատարել ենք եւ դրական գնահատականի արժանացել վերադասի կողմից: 2009-ին, օրինակ, երեք զորահավաք է եղել, երեքն էլ հանկարծակի: Կցանկանայինք, որ համայնքի ղեկավարները եւս այս զորահավաքների խնդրում անհրաժեշտ սրտացավություն դրսեւորեն, նաեւ գիտակցեն, որ տարածաշրջանում յուրաքանչյուր զորահավաք խաղաղությունը պահպանելու կարեւոր մի գործոն է:
– Կուզենայինք Ձեր կարծիքն իմանալ մի հարցում եւս. հանրակրթական դպրոցներում դասավանդվում է նախնական զինվորական պատրաստություն: Նախ` դպրոցներում կա՞ դրա համար նյութատեխնիկական եւ կադրային բազա: Եվ, առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում այդ առարկայի դասավանդման դրվածքը:
– Գորիսի տարածաշրջանում կա 31 ուսումնական հաստատություն, այս պահին զինկոմիսարիատում մոտ 350 պահեստի սպա է հաշվառված, կնշանակի, որ նախնական ռազմական պատրաստության ուսուցիչների խնդիր չի կարող լինել, քանզի այդ մարդկանց ե՛ւ կրթությունը, ե՛ւ անցած մարտական ուղին օգտակար կլինեն հիմնական դպրոցում: Պարզապես համազգեստի խնդիր է ծագել, ու այս տարվա խորհրդակցության ժամանակ ե՛ւ կրթության, ե՛ւ պաշտպանության նախարարները համաձայնության եկան լուծելու համազգեստի հարցը: Զինղեկն անպայման զինվորական համազգեստով պիտի դպրոց մտնի: Յուրաքանչյուր ամսվա երկու օր զինկոմիսարիատում պարապմունքներ են անցկացվում` միջոցառումներ, մրցումներ, իսկ դպրոցականների համար` հրաձգություններ (Ղազի գյոլի հրաձգարանում): Կրթօջախների հետ եւս կապը սերտ է: Սրանք հենց այնպես ասված խոսքեր չեն:
– Զորակոչի հետ կապված մի հարց նույնպես հետաքրքրում է. ինչպիսի՞ զգացողությամբ են երիտասարդները մեկնում բանակ: Կա՞ պարտքի պատշաճ զգացում, թե՞ երիտասարդը ստիպված է մեկնում բանակ:
– Նախ պիտի ասեմ, որ կան զինակոչիկներ, ովքեր հանրապետության սոցիալ-տնտեսական վատթար պայմանների պատճառով ծնողների հետ իննսունականների սկզբին եւ կեսերին հեռացել են հանրապետությունից: Դրանցից հինգ տոկոսը կգա կծառայի՞, թե՞ ոչ, հայտնի չէ: Բայց հանրապետությունում գտնվողները, փառք Աստծո, առանց տրտնջալու մեկնում են ծառայության, եւ այսօրվա դրությամբ գորիսեցի 500-ից ավելի երիտասարդ ծառայում է հայոց ազգային բանակում: Նաեւ պիտի հայտնեմ, որ զորամասերի հրամանատարների կողմից բազմաթիվ շնորհակալական նամակներ եմ ստանում նրանց օրինակելի ծառայության մասին: Եվ նաեւ չկա այնպիսի մի դեպք, որ Գորիսի զինկոմիսարիատի կողմից զորակոչված պատանին բանակում քրեական պատասխանատվության ենթարկվի: Եվ որքան նկատել եմ, երկու տարին հայոց բանակում անցկացրած երիտասարդը հոգեպես եւ բարոյապես աճում է, եւ առաջընթացն զգալի է:
– Մեզ հետաքրքրում է կապը բանակ զորակոչված երիտասարդների հետ: Արդյոք զինկոմիսարիատը տիրապետո՞ւմ է հարցին, թե ինչպե՞ս է անցնում նրանց ծառայությունը, ի՞նչ պրոբլեմներ կան:
– Մի անգամ եւս ասեմ, որ քանի որ զորքից եմ եկել այս պաշտոնին, եւ հրամկազմի 90 տոկոսն ինձ ծանոթ է, բնականաբար, եթե որեւէ հարց ծագի, հնարավոր է արագ հարթել այն: Զինակոչիկներին եւ նրանց ծնողներին միշտ հայտնում եմ` որեւէ խնդիր առաջանալու դեպքում` լինի դա առողջական վիճակի, թե ծառայության հետ կապված, անմիջապես դիմել ինձ: Զորամասերի հետ կապը միշտ կա եւ լինելու է: Այլ ճանապարհ չկա:
– Թեեւ Արցախյան պատերազմում հաստատված զինադադարից անցել է 15 տարի, բայց տեսնում ենք, որ ամբողջ հանրապետությունում որոշակի թափթփվածություն կա պատերազմին առնչվող արխիվի հարցում: Որոշ պատմաբաններ էլ, օգտվելով առիթից, աղավաղում են ոչ վաղ անցյալի պատմությունը: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ, ովքե՞ր եւ ինչպե՞ս կարող են օգտվել ձեր արխիվային տնտեսությունից:
– Շարժման սկզբում արխիվ ստեղծելու հարցում բարձիթողի վիճակ էր: 1988-ից մինչեւ 1992 թվականն արխիվ չի պահպանվել, համենայն դեպս Գորիսում չի պահպանվել, գուցե ուրիշ տեղ պահպանվել է, ուստի մենք բոլոր հրամանատարներին հրավիրել ենք զինկոմիսարիատ, բոլոր ցուցակները ճշտել ենք, այս պահի դրությամբ էլի աշխատանքներ կան իրականացնելու: Բայց հնարավոր է եղել վերականգնել եղածի 80 տոկոսը: Դուք ճիշտ եք նկատում, որ մերօրյա պատմությունը չպիտի աղավաղվի, այլապես սերունդները մեզ չեն ների: Պիտի ասեմ, որ մերօրյա ուսումնասիրողները կարող են օգտվել այդ արխիվներից: Մի հարց էլ կա. թացը չորի հետ չպիտի խառնվի, դա շատ լուրջ հարց է, եթե մենք ուզում ենք առաջիկայում նոր հաղթանակներ ունենալ, հասարակության մեջ հայրենասիրությունը վառ պահել, ոգին պահպանել, պիտի ճիշտ ներկայացնենք մերօրյա ազատամարտը: Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ըստ իս` հանրապետության նախագահի հրամանով նախկին վարչական շրջաններում պիտի ստեղծել հանձնաժողովներ եւ մեկ առ մեկ ստուգել եւ ճշտել, թե ով է մասնակցել պատերազմին եւ ինչ ավանդ ունի:
– Զինկոմիսարիատն այն մարմինն է, որտեղ ստույգ տեղեկություններ կան նաեւ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների մասին: Այս տարի հաղթանակի 65-ամյակն է լրանում: Եվ հետաքրքիր է իմանալ` քանի՞ վետերան կա շրջանում, ի՞նչ արտոնություններից են օգտվում, ինչպե՞ս եք պատրաստվում նշել այդ հոբելյանը:
– Ցավոք, վետերանների թիվը գնալով նոսրանում է, Գորիսի շրջանում այսօր կա Երկրորդ աշխարհամարտի 79 մասնակից, որոնցից մեկն էլ իմ հայրն է: Մեզ մնում է, որ պատշաճ վերաբերմունքի արժանացնենք այդ մարդկանց: Հաղթանակի օրվա տոնակատարության շրջանակներում վետերանները խրախուսվում են` դրամական պարգեւներ, տոնական ճաշկերույթներ, շնորհավորանքներ, բայց, ըստ իս, ամեն Աստծո օր ալեհեր այդ մարդիկ հոգատարությամբ պիտի շրջապատված լինեն: 2009 թվականին 85 վետերան պարգեւատրվել է "Մարշալ Բաղրամյան" հուշամեդալով: Հաղթանակի 65-ամյակը եւս հավուր պատշաճի պիտի նշենք` մեկ անգամ եւս արժանին մատուցելով 1418 օր պատերազմի քառուղիներով անցած մարդկանց: Եթե մեր մեծերի արածը մոռանանք, եկող սերունդն էլ մեր արածն է մոռանալու: Սա մենք թույլ չպիտի տանք:
– Երկրորդ աշխարհամարտում ընկածների հիշատակը հավերժացնող հուշարձաններ են կանգնեցվել մարզի բնակավայրերում: Հուշարձանները նորմալ պահպանվո՞ւմ են, թե՞ մոռացության են մատնվել:
– Այդ հուշարձանների խնամքն ինձ չի բավարարում: Ճիշտ է, մայիսի 9-ին այցելում ենք, հարգանքի տուրք մատուցում Մեծ հայրենականում ընկածների հիշատակին, բայց այդ հուշարձանները, որոնց տարածքը սրբատեղի է դարձել, իշխանությունների ուշադրության կենտրոնում պիտի լինեն:
– Կռվի ժամանակ հաղթանակի նժարը թեքվում է նրա կողմը, ում ոգին բարձր է: Կարեւորը ոգին է, ոչ թե տեխնիկան կամ դրան տիրապետելը: Ըստ Ձեզ` Արցախյան պատերազմի զինվորի ոգին պահպանվո՞ւմ է, թե՞…
– Մարտական ոգին բանակի ողնաշարն է: Ցավոք, Արցախյան պատերազմի զինվորի ոգին չկա: Կարծես մի սերունդ հատուկ ծնվել էր Արցախյան պատերազմը շահելու համար: 20-րդ դարում ծնվեց մի սերունդ, որը պիտի հաղթեր: Մեր ծնողներին փառք ու պատիվ, որ դաստիարակեցին հաղթելու ունակ զավակներ, պատրաստակամ` հայ մնալու, զինվոր մնալու: Այսօր հարեւան հանրապետության նախագահը հայտարարում է` պատերազմը մի քանի փուլ ունի, առաջին փուլում հաղթել են հայերը, երկրորդ փուլում հաղթանակը մերը կլինի: Եթե ցանկանում ենք պատերազմի երկրորդ փուլում եւս հաղթել, պիտի հանրապետության տարբեր շրջաններում ստեղծել պայմանագրային գումարտակներ` մարտական ուղի անցած տղաներից կազմված: Այ, այդ ժամանակ մենք կլինենք պատերազմին լիովին պատրաստ: Դա նաեւ արտագաղթը կասեցնելու մի ճանապարհ է, քանզի յուրաքանչյուր շրջանում 400 հոգի կաշխատի: Յուրաքանչյուր երիտասարդով է պայմանավորված այս երկրի անկախությունը, պատերազմի ելքը: Կա՞ նվիրված երիտասարդ, հաղթանակը մերն է լինելու: Մենք չպիտի կորցնենք նման երիտասարդին: Հայրենիքը լքում են նաեւ կռված տղաները, ովքեր աշխատատեղ չունեն, բայց կարելի էր, չէ՞, նրանց մարտական փորձն օգտագործել բանակաշինության ոլորտում:
– Եվ Ձեր շնորհավորանքի խոսքը Հայոց բանակի օրվա առթիվ, խնդրեմ:
– Հունվարի 28-ը մեր տոնացույցում պատմական օր է, հայոց հաղթանակած բանակի հիմնադրման օրը: Մեր բանակը պատվով դուրս եկավ մեզ պարտադրված պատերազմից, քանզի մենք բոլորս մեր սրտի եւ խղճի կամոք միավորվեցինք մի սուրբ գաղափարի շուրջ եւ հաղթեցինք: Իսկ պատահական հաղթանակ երբեք չի լինում: Այսօր ունենք կայացած բանակ եւ հաղթանակած ժողովուրդ: Ի սրտե շնորհավորում եմ բոլորին` գերագույն հրամանատարից մինչեւ այս պահին խրամատում հերթապահող զինվորին, նրանց մաղթում ամուր առողջություն, թող 2010-ն անփորձանք լինի զինվորական համազգեստ կրող մարդկանց համար:
Զրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ
18 հունվարի 2010թ.
ԼՈՒՐԵՐ
Կապանի համայնքի հունվարի 28-ին արտահերթ նիստի ընթացքը շարունակում է մնալ մարզկենտրոնի հանրության ուշադրության կենտրոնում: Պատճառը, սակայն, այն չէ, որ ավագանու մեծամասնությունն ավանդաբար "սկզբունքային" դիրքորոշում է ունենում քաղաքապետ Ա.Աթայանի առաջարկությունները քննարկելիս: Պատճառը, ըստ էության, այն է, որ ավագանին գրեթե միաձայն, յուրահատուկ հոգածություն է դրսեւորում իրենցից յուրաքանչյուրի շահերին առնչվող հարցերը քննարկելիս: Հունվարի 28-ի նիստն այդ առումով չտարբերեց նախորդ մի քանի նիստերից: Ավագանու անդամների "սկզբունքայնության" մասին է վկայում մեկ այլ "մանրուք" եւս, որ առնչվում է ավագանու 2009թ. դեկտեմբերի 29-ին նշանակված նիստին: Դեկտեմբերի 28-ին ավագանու անդամները դիմել էին քաղաքապետին նիստի օրը տեղափոխելու խնդրանքով` պատճառաբանելով, որ չեն հասցրել ծանոթանալ օրակարգին: Հաջորդ օրը, մինչդեռ, ավագանու անդամները ստորագրել էին օրակարգի հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերը` առանց նիստ հրավիրելու...
Հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության 2010թ. առաջին նիստում հավանություն է տրվել ՀՀ արդարադատության նախարարության "Գորիս" քրեակատարողական հիմնարկի նոր շենքի եւ շինությունների նախագծանախահաշվային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքին, հիմնարկին անհրաժեշտ շենք-շինությունների ցանկին եւ դրանց կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խոշորացված հաշվարկին:
Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղում հունվարի 30-ին տեղի ունեցավ ասեղնագործական աշխատանքների ցուցահանդես: Մասնաճյուղի ասեղնագործական երկու ստուդիայի 24 աշակերտի հեղինակած մոտ հիսուն աշխատանքում հիմնականում արտացոլված էին հայկական զարդանկարներ, մեսրոպյան տառեր` թռչունների, ծաղիկների, մարդկային կերպարանքի տեսքով: Սյունյաց թեմի փոխառաջնորդ Տ.Զավեն աբեղա Յազիչյանը Տերունական աղոթքով ազդարարեց ցուցահանդեսի բացումն ու գնահատանքի ու քաջալերանքի խոսքեր հղեց գեղագիտական կենտրոնի սաներին, տնօրեն Մարտուն Զաքարյանին եւ խմբավարներ Նարինե Սարգսյանին ու Նելլի Արզումանյանին: Թեմի փոխառաջնորդը, որ աջակցել էր ցուցահանդեսի կազմակերպմանը, նվերներ հանձնեց ասեղնագործական ստուդիայի սաներին: Մասնաճյուղի տնօրեն Մարտուն Զաքարյանը կարեւորեց այդ ստուդիաների գործունեությունը` երեխաների մեջ ազգային արվեստի եւ ավանդույթների հանդեպ հետաքրքրություն ձեւավորելու ուղղությամբ: Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան նաեւ "Սյունյաց երկիր" թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն ու քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմինե Հովակիմյանը:
Վերջին տարիներին Սյունիքի մարզում նկատվում է բնակչության աճ: 2008 թվականին, օրինակ, 2007-ի համեմատությամբ` բնակչությունն աճել է 527-ով: Բնակչության աճ է գրանցվել նաեւ 2007-ին (507 մարդ) եւ 2006-ին (282 մարդ):
2009 թվականին մարզի դպրոցաշինության բնագավառում կատարվել է 1 մլրդ 112 մլն դրամի աշխատանք: Մասնավորապես, ֆինանսավորման տարբեր աղբյուրների հաշվին կառուցվել են Արավուսի, Սրաշենի, Իշխանասարի եւ Եղեգի դպրոցների շենքերը: Բացի այդ` հիմնանորոգվել է 11 դպրոցի շենք:
Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրով 2009թ. ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ հիմնանորոգվել եւ կահավորվել են մարզի 26 գյուղական համայնքների բուժկետերը եւ գյուղական ամբուլատորիաները: Ներդրումները կազմել են 73.3 մլն դրամ:
Սյունիքի մարզի դատախազությունում կատարվել են նոր փոխատեղումներ: Մարզի դատախազի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ով մինչեւ այժմ աշխատում էր Գորիսի տարածքում, այսուհետ իր պարտականությունը կկատարի Մեղրիում: Գորիսում դատախազի առաքելությունն առայժմ կիրականացնի Հայկ Կարապետյանը` մարզի դատախազի տեղակալի պարտականությունները միաժամանակ կատարելով Սիսիանում: Մարդու իրավունքների պաշտպանի եղբայր Տիգրան Հարությունյանին Գորիսից Մեղրի տեղափոխելը, որ առաջին հայացքից ներապարատային սովորական փոխատեղում է, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Հունվարի 21-ին Կապանի N 2 ավագ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Կապանի եւ տարածաշրջանի դպրոցների մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ուսուցիչների, նաեւ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի դասախոսների ֆիզիկամաթեմատիկական-գիտամեթոդական սեմինարի առաջին նիստը: Այն վարում էր Կապանի N 2 ավագ դպրոցի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը: Ինչպես նշեց Լ.Պետրոսյանը, ֆիզիկամաթեմատիկական-գիտամեթոդական խորհրդի ստեղծումը, սեմինարների (ամիսը մեկ անգամ) անցկացումը կնպաստեն կրթական համակարգում տեղի ունեցած եւ ունեցող փոփոխությունների արդյունավետության բարձրացմանը, այդ գործընթացներում ուսուցիչների ակտիվ դերի ապահովմանը: Լ.Պետրոսյանն անդրադարձավ նաեւ խորհրդի գործունեության թեմատիկային, աշխատանքային ծրագրին, նյութերի հավաքման ու հրատարակման աշխատանքներին:
Ինչպես տեղեկանում ենք "Էկոլուր" հ/կ-ից, "Դինո գոլդ մայնինգ քամփնի" ՓԲ ընկերությունն առաջարկել է ստորագրել հաշտության պայմանագիր` Շահումյան բանավանի 28 սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, ովքեր իրենց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնալու հայցով դիմել էին դատարան: Հայցվորների շահերի պաշտպան, "Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման" ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի առաջարկությունն արվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստի ժամանակ` հունվարի 27-ին: Իրավաբանի կարծիքով, մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգների մասին հայցի պարունակությունն ինքնին պահանջում է, որպեսզի հաշտության պայմանագրում նշված լինեն սեղմ ժամկետներ, որոնց ընթացքում Շահումյան բանավանի 28 սեփականատերերը, որոնք գտնվում են ամենավտանգավոր գոտում, կարողանան փոխհատուցում ստանալ եւ տեղափոխվել անվտանգ վայր: "Մեր կարծիքով, դա պետք է արվի փետրվարից ոչ ուշ, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը, ձնհալը, ինչպես նաեւ անձրեւները կարող են դժբախտ պատահարների հանգեցնել", – ասել է Ա. Ղազարյանը:
Հունվարի 29-ին Կապանի Դավիթ Բեկ թաղամասի ակումբում տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 18-րդ տարելիցին նվիրված ցերեկույթ, որին մասնակցում էին թաղամասի բնակիչներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ: Դպրոցականները ներկայացրին մեր բանակի անցած ուղին, արժանին մատուցեցին մերօրյա ազատամարտում ընկածների հիշատակին: Այնուհետեւ հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով, որ ներառում էր հայրենասիրական երգեր ու ասմունք, պար: Միջոցառման ավարտին երախտագիտության խոսքով հանդես եկան միջոցառման տարեց մասնակիցները, որոնք միահամուռ էին մի բանում. նման միջոցառումները նպաստում են դեռահասների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Իսկ դրանում մեծ էր թաղամասի ակումբավար Վարդուհի Թադեւոսյանի, գրադարանավարուհիներ Նաիրա Բեգլարյանի եւ Գոհար Գեւորգյանի ներդրումը:
2009 թվականին տարերային աղետների (ցրտահարություն, կարկտահարություն եւ գերխոնավություն) հետեւանքով տուժել է մարզի 78 համայնք, ընդհանուր վնասը կազմել է մոտ 2.9 մլրդ դրամ: