Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ

ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63

4 փետրվարի 2010
No 02 (199)
 
Ջրամատակարարում
Սյունիքում աղմուկ հանում ու ժամանակ առ ժամանակ բողոքների ալիք են բարձրացնում "Հայջրմուղկոյուղու" կողմից դատական կարգով բաժանորդների ունեցած վարձավճարների պարտքը գանձելու դեպքերը:
Իրավական
Խմելու ջրի վարձավճարների բռնագանձման պահանջով "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ կողմից ներկայացվող հայցերի, դրանց դատաքննության ընթացքի, կայացվող վճիռների եւ նշված ոլորտում դատական պրակտիկայի մասին է զրույցը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Թումանյանի հետ:
Արձագանք
Հունվարի 22-ին (մեկ անգամ էլ դրանից առաջ) "Հ2"-ի եւ "Շանթի" լրատվական ծրագրերն անդրադարձել են Կապան-Մեղրի ավտոմայրուղու դրությանը եւ Քաջարան-Դիբագի լեռնանցք հատվածի վիճակը բնութագրել դժվարանցանելի:
Գյուղատնտեսություն
2009-ի դեկտեմբերին ու 2010-ի հունվարին եղանակն արտահայտվեց անձյուն ու տաք ձմեռով, այն աստիճան, որ որոշ ծառեր (հոնի, տխլենի, թզենի) սկսել էին բողբոջել:
Անասնաբուժություն
 Ծղուկում 2009-ին բռնկված բրուցելյոզի համաճարակն առավել թանկ էր նստել գյուղացիների վրա: Տնտեսությունը համարվել էր անապահով, եւ այն առողջացնելու խնդիր էր դրվել անասնաբուժական ծառայության առջեւ:
***
Հունվարի 28-ին մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետարանի աշխատակազմի վարչությունների եւ բաժինների պետերը հաշվետվությամբ հանդես եկան
Մարզական
Սիսիանում շախմատ մարզաձեւի հաջողությունների մասին հաճախ կարելի է լսել:
Բանակի օրը
Եթե պետք լինի, էլի կգնամ...
Արցախյան ազատամարտին ու 1990-ականներին ՀՀ սահմանների պաշտպանությանն ամեն բնակավայր իր մասնակցությունն է ունեցել: Տարբեր են եղել կորուստներն ու վաստակը, բայց յուրաքանչյուրն իր լուման է ներդրել այսօրվա խաղաղ սահմանների ու պատմական հայրենիքի տարածքների ազատագրման համար: Ամեն բնակավայրում ինքնապաշտպանությունն ու նոր կազմավորվող բանակին մասնակցությունն իր առաջնորդն ու հավաքական կերպարն է ունեցել` կոնկրետ անհատների տեսքով. տարիների ընթացքում ոմանց մասին գրվել է, ոմանք կուլ են գնում ժամանակի մոռացությանը, բայց դեռ տարիներ են անհրաժեշտ այն ժամանակների տարեգրությունը կերտողների, այն օրերի հերոսների անունները սերունդներին ի պահ տալու համար:

Գորիսի շրջանի Հարժիս գյուղում կամավոր ճակատ մեկնողներին համախմբողն ու առաջնորդողը Աշոտ Հակոբյանն էր: Փոքրամարմին 40-ամյա նախկին մարտիկին նայելով` չես պատկերացնի, թե մարտական ինչ ճամփա է անցել, բայց ավելի քան խոսուն է այն ժամանակ նրան տրված մականունը. ինքն է մեզ հայտնում. "Ինձ կոչում էին Սմերտ":
Հարժիսը սահմանին գտնվող գյուղ չէ, սակայն մի քանի հանգամանքների բերումով այն հայտնվել էր պատերազմական գործողությունների հորձանուտում: Նախ` Հարժիսը Սիսիանի Գոռհայքի տարածքներում արոտավայրեր ուներ, որը մոտ 20 կմ երկարությամբ գտնվում էր անմիջապես Քելբաջարի սահմանին, եւ հենց շարժման առաջին տարիներից` 1988-89 թվականներից, այդ տարածքում լարվածություն, բախումներ են եղել: Ֆերմաների պաշտպանության գործը կազմակերպում էին դրանց աշխատողները` սովխոզի հրացաններով: Շարժման ընթացքում Գորիսի շրջանում առաջին զոհը տվեց Հարժիսը` 1989թ. օգոստոսի 6-ին զոհվեց Լեոնիդ Ղուկասյանը: Հաջորդ տարիներին եւս Հարժիսի ֆերմաներն ամռան սեզոնում գտնվել են այդ տարածքում, եւ պատերազմի տարիներին գյուղացիների գլխավոր խնդիրներից մեկը Քելբաջար-արոտավայրեր սահմանի պաշտպանությունն էր, որ կազմակերպվել է գյուղի, հատկապես անասնապահների ուժերով. հերթապահություն էր սահմանվել:
Հարժիսի` պատերազմին առնչվելու հաջորդ ճակատը հետեւյալն էր. 1992-94 թվականներին Գորիսի շրջանի սահմանամերձ գյուղերը` Խոզնավարից մինչեւ Կոռնիձոր ընկած գոտին, մշտապես հրետակոծության էին ենթարկվում, եւ հարժիսցիները եւս գնում էին սահմանամերձ գյուղեր` մարտական հերթապահության: Սա կազմակերպում էր գյուղի ղեկավարությունը:
Արցախյան ազատամարտին գյուղի մասնակցության մյուս ուղղությունն էլ այն էր, որ դրսում ապրող, ոչ տեղաբնակ բազմաթիվ հարժիսցիներ, տարբեր ջոկատներում ընդգրկված, մասնակցել են մարտական գործողություններին: Զոհեր են եղել. նշենք մեկի անունը, որի հիշատակն էլ գյուղը հավերժացրեց` Հարժիսի միջնակարգ դպրոցը կոչելով նրա անունով. 1991թ. զոհված կապիտան Համլետ Մինասյան, որը Շահումյանի ազատագրական պայքարի հրամանատարներից էր:
Համայնքը նաեւ օգնում էր ռազմաճակատին, ակտիվ մասնակցել է հանգանակություններին` դրամ, սնունդ եւ այլ պարագաներ ուղարկել կռվող տղաներին: (Աշոտ Հակոբյանը պատմում է, որ մի քանի անգամ համագյուղացիները հենց իր միջոցով են սնունդ եւ այլ օգնություն ուղարկել ռազմաճակատ): Եվ որ թիկունքի համար քիչ պակաս կարեւոր հանգամանք չէ, գյուղը կարողացել է պատերազմական տարիներին բնականոն պայմաններում պահել, զարգացնել տնտեսությունը:
Իսկ մարտական գործողություններին անմիջական մասնակցության առումով, իհարկե, գյուղը կհիշատակվի իր` Հարժիսի առանձին ջոկատով:
Աշոտ Հակոբյանը ծնվել է 1969թ. Հարժիս գյուղում, ավարտել տեղի դպրոցը, ծառայել խորհրդային բանակում, զորացրվել 1989-ին: 1990-ից սկսում է նրա մարտական ուղին` արդեն հայրենիքում. մայիսին մեկնում է Ղարաբաղ եւ մտնում Էջմիածնի ջոկատի մեջ: Մասնակցելով տարբեր մարտերի` մինչեւ հուլիս մնում է Արցախում, այնտեղից տեղափոխվում Գորիսի երկրապահ վաշտ, որտեղից եւ նրան ուղարկում են Շուռնուխի տարածք, այնուհետեւ Շամալ գյուղ, որտեղ թեժ մարտեր տեղի ունեցան: Հետո տեղափոխվում է Լաչինի շրջան, այստեղ լուրջ պայքարում վաշտը զոհեր է տալիս: Այնուհետեւ պատերազմը նրան հասցնում է Կուբաթլի: Այս մարտերի ընթացքում Աշոտն այցելում է հայրենի գյուղ, եւ Հարժիսի մի քանի տղաներ, հետեւելով նրան, երկրապահի կազմ են մտնում. ջոկատը սկզբում յոթ հոգուց էր բաղկացած` Արամայիս Օհանջանյան, Գասպար Բաբայան, Հրայր Ղեւոնդյան, Մուրադ Մաթեւոսյան, Սարմիկ Գրիգորյան, Քաջիկ Գրիգորյան: Աշոտին առաջնորդ են ընտրում ու միասին սկսում մասնակցել պատերազմական գործողություններին: Ջոկատը 3-րդ պայմանագրային գումարտակի կազմում էր, որի հրամանատարը Սուրեն Խաչատրյանն էր:
Ջոկատը զոհեր չի տվել, ունեցել է վիրավորներ, պատերազմի տարբեր ժամանակահատվածներում այլ հարժիսցիներ էլ են միացել տղաներին: Իսկ ահա խաղաղ ժամանակներում`1995-ին, ցավոք, սպանվել է Արամայիս Օհանջանյանը…
Աշոտը շարունակում է ներկայացնել ջոկատի անցած ճանապարհը. մասնակցելով Կուբաթլիի գրավմանը` տղաները հետո հասել են Զանգելան, դիրքավորվել դրա եւ Ջեբրաիլի արանքում, մասնակցել թեժ մարտերի, որի ընթացքում վաշտը հինգ զոհ եւ ութ վիրավոր է ունեցել, որոնք նաեւ Հարժիսի ջոկատի ջանքերով են դուրս բերվել մարտի դաշտից: Սկսվեց Զանգելանի ազատագրումը, որին մասնակցում էին նաեւ Աբովյանի, Էջմիածնի, Հոկտեմբերյանի, Սիսիանի, Կապանի եւ Ղարաբաղի վաշտերը: Հետո գրավելով չորս գյուղ եւ Ադրբեջանը Պարսկաստանին կապող կամուրջը` 3-րդ պայմանագրային գումարտակն առաջացավ դեպի Ջեբրաիլ, այն գրավելով` անցավ Ֆիզուլի: Դիրքավորվեցին Շուքուրբեյլի գյուղի մոտակայքում, որտեղ ծանր մարտեր էին ընթանում: Այստեղ ազերիները չորս միավոր զրահատեխնիկայով եւ բազմաթիվ օմոնականներով ցանկանում էին ճեղքել հայկական դիրքերը: Հարժիսի ջոկատը` յոթ հոգով, այն ազատամարտիկների թվում էր, որ ավտոմատներով ու նռնակներով կանխեցին ազերիների օպերացիան: Թշնամին, տալով երեք միավոր զրահատեխնիկայի կորուստ ու բազմաթիվ զոհեր, հետ շպրտվեց: Ջոկատը երկու վիրավոր ունեցավ. տղաներին երկու զինծառայող միացավ, եւ մասնակցելով Ֆիզուլու ազատագրմանը` անցան Հորադիզ. լուրջ մարտերի ընթացքում հրաման ստացան նահանջել մինչեւ Ֆիզուլի: Աշոտն ու Մուրադը, ոտքով 25 կմ անցնելով, բազմաթիվ վտանգներ հաղթահարելով, գիշերով հասնում են Ֆիզուլի: Մարտերում բազմաթիվ զոհեր ու վիրավորներ տալով` գումարտակը Ֆիզուլուց շարժվում է դեպի Աղդամ: 1994-ի մայիսի 15-ի զինադադարի հաստատումից հետո ջոկատը ցրվել է, չնայած զինված ուժերում մնալու առաջարկ եղել է, Աշոտը գերադասել է վերադառնալ գյուղ: Բայց տարիներ շարունակ ջոկատի տղաներով պարբերաբար հանդիպում են:
Փորձելով հիշել պատերազմի ընթացքում իր ամենածանր օրը` Աշոտը նշում է 1993 թվականի մարտերից մեկը, Լաչին-Կուբաթլի տարածքի մարտական գործողությունները, երբ վիրավոր ընկերոջը 1կմ շալակած տարել է, երբ մարդու կյանքի փրկության խնդիր էր դրված, ու այդ ժամանակ թշնամու հինգ ուղղաթիռ է հայտնվել…
Աշոտ Հակոբյանը պարգեւատրվել է ՀՀ "Վազգեն Սարգսյան", "Երկրապահ կամավորականի" մեդալներով, Արցախի "Մայրական երախտագիտություն" մեդալով, ստացել պատվոգրեր: Հիմա բնակվում է Հարժիսում, գյուղատնտեսությամբ զբաղվում: Մի փոքր հիասթափություն է ապրում, քանզի իրենց արածի արժանի գնահատանքն ու ուշադրությունը չի տեսնում: Ամեն դեպքում, չի փոշմանում արածի համար. "Իմ ազգի համար եմ արել, եթե պետք լինի, էլի կգնամ…":
Աշոտը նաեւ բազմազավակ հայր է` երեք որդի, մեկ դուստր ունի:
ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սյունիքի մարզպետ
"Միայն այն, որ Աշոտի շուրջ համախմբվեցին հարժիսցի երիտասարդներն ու զինվորագրվեցին Արցախի ազատագրությանը, արդեն ուշագրավ փաստ է: Գյուղի ազատամարտիկներն իրենք էին նրան հրամանատար ընտրել: Եվ տղաները չէին սխալվել: Աշոտը պատերազմական գործողությունների ընթացքում իրեն դրսեւորեց դրականորեն, պատասխանատվությամբ էր վերաբերվում հանձնարարված գործերին":

ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Գորիսի զինկոմ
"Աշոտն ակտիվ մասնակցել է մարտերին, հասել մինչեւ Հորադիզի մատույցները: Ճիշտ է` փոքր ջոկատի հրամանատար է եղել, բայց` ակտիվ, կազմակերպված, պատասխանատու, հայրենիքին ծառայող տղա: Նրան ճանաչում եմ որպես ազնիվ ու իսկական հայ տղամարդ, մարդ, որի մեջ կա ոգի, ազնվություն, որը երբեք չի կարող իր հայրենիքին կամ հրամանատարին խաբել: Ինչքան մեզ հետ է եղել, որպես հրամանատար, նրա մեջ տեսել եմ այդ ոգին, հայրենասիրությունն ու մաքրությունը":

ԼՈՒՐԵՐ
Կապանի համայնքի հունվարի 28-ին արտահերթ նիստի ընթացքը շարունակում է մնալ մարզկենտրոնի հանրության ուշադրության կենտրոնում: Պատճառը, սակայն, այն չէ, որ ավագանու մեծամասնությունն ավանդաբար "սկզբունքային" դիրքորոշում է ունենում քաղաքապետ Ա.Աթայանի առաջարկությունները քննարկելիս: Պատճառը, ըստ էության, այն է, որ ավագանին գրեթե միաձայն, յուրահատուկ հոգածություն է դրսեւորում իրենցից յուրաքանչյուրի շահերին առնչվող հարցերը քննարկելիս: Հունվարի 28-ի նիստն այդ առումով չտարբերեց նախորդ մի քանի նիստերից: Ավագանու անդամների "սկզբունքայնության" մասին է վկայում մեկ այլ "մանրուք" եւս, որ առնչվում է ավագանու 2009թ. դեկտեմբերի 29-ին նշանակված նիստին: Դեկտեմբերի 28-ին ավագանու անդամները դիմել էին քաղաքապետին նիստի օրը տեղափոխելու խնդրանքով` պատճառաբանելով, որ չեն հասցրել ծանոթանալ օրակարգին: Հաջորդ օրը, մինչդեռ, ավագանու անդամները ստորագրել էին օրակարգի հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերը` առանց նիստ հրավիրելու...
Հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության 2010թ. առաջին նիստում հավանություն է տրվել ՀՀ արդարադատության նախարարության "Գորիս" քրեակատարողական հիմնարկի նոր շենքի եւ շինությունների նախագծանախահաշվային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքին, հիմնարկին անհրաժեշտ շենք-շինությունների ցանկին եւ դրանց կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խոշորացված հաշվարկին:
Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղում հունվարի 30-ին տեղի ունեցավ ասեղնագործական աշխատանքների ցուցահանդես: Մասնաճյուղի ասեղնագործական երկու ստուդիայի 24 աշակերտի հեղինակած մոտ հիսուն աշխատանքում հիմնականում արտացոլված էին հայկական զարդանկարներ, մեսրոպյան տառեր` թռչունների, ծաղիկների, մարդկային կերպարանքի տեսքով: Սյունյաց թեմի փոխառաջնորդ Տ.Զավեն աբեղա Յազիչյանը Տերունական աղոթքով ազդարարեց ցուցահանդեսի բացումն ու գնահատանքի ու քաջալերանքի խոսքեր հղեց գեղագիտական կենտրոնի սաներին, տնօրեն Մարտուն Զաքարյանին եւ խմբավարներ Նարինե Սարգսյանին ու Նելլի Արզումանյանին: Թեմի փոխառաջնորդը, որ աջակցել էր ցուցահանդեսի կազմակերպմանը, նվերներ հանձնեց ասեղնագործական ստուդիայի սաներին: Մասնաճյուղի տնօրեն Մարտուն Զաքարյանը կարեւորեց այդ ստուդիաների գործունեությունը` երեխաների մեջ ազգային արվեստի եւ ավանդույթների հանդեպ հետաքրքրություն ձեւավորելու ուղղությամբ: Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան նաեւ "Սյունյաց երկիր" թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն ու քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմինե Հովակիմյանը:
Վերջին տարիներին Սյունիքի մարզում նկատվում է բնակչության աճ: 2008 թվականին, օրինակ, 2007-ի համեմատությամբ` բնակչությունն աճել է 527-ով: Բնակչության աճ է գրանցվել նաեւ 2007-ին (507 մարդ) եւ 2006-ին (282 մարդ):
2009 թվականին մարզի դպրոցաշինության բնագավառում կատարվել է 1 մլրդ 112 մլն դրամի աշխատանք: Մասնավորապես, ֆինանսավորման տարբեր աղբյուրների հաշվին կառուցվել են Արավուսի, Սրաշենի, Իշխանասարի եւ Եղեգի դպրոցների շենքերը: Բացի այդ` հիմնանորոգվել է 11 դպրոցի շենք:
Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրով 2009թ. ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ հիմնանորոգվել եւ կահավորվել են մարզի 26 գյուղական համայնքների բուժկետերը եւ գյուղական ամբուլատորիաները: Ներդրումները կազմել են 73.3 մլն դրամ:
Սյունիքի մարզի դատախազությունում կատարվել են նոր փոխատեղումներ: Մարզի դատախազի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ով մինչեւ այժմ աշխատում էր Գորիսի տարածքում, այսուհետ իր պարտականությունը կկատարի Մեղրիում: Գորիսում դատախազի առաքելությունն առայժմ կիրականացնի Հայկ Կարապետյանը` մարզի դատախազի տեղակալի պարտականությունները միաժամանակ կատարելով Սիսիանում: Մարդու իրավունքների պաշտպանի եղբայր Տիգրան Հարությունյանին Գորիսից Մեղրի տեղափոխելը, որ առաջին հայացքից ներապարատային սովորական փոխատեղում է, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Հունվարի 21-ին Կապանի N 2 ավագ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Կապանի եւ տարածաշրջանի դպրոցների մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ուսուցիչների, նաեւ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի դասախոսների ֆիզիկամաթեմատիկական-գիտամեթոդական սեմինարի առաջին նիստը: Այն վարում էր Կապանի N 2 ավագ դպրոցի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը: Ինչպես նշեց Լ.Պետրոսյանը, ֆիզիկամաթեմատիկական-գիտամեթոդական խորհրդի ստեղծումը, սեմինարների (ամիսը մեկ անգամ) անցկացումը կնպաստեն կրթական համակարգում տեղի ունեցած եւ ունեցող փոփոխությունների արդյունավետության բարձրացմանը, այդ գործընթացներում ուսուցիչների ակտիվ դերի ապահովմանը: Լ.Պետրոսյանն անդրադարձավ նաեւ խորհրդի գործունեության թեմատիկային, աշխատանքային ծրագրին, նյութերի հավաքման ու հրատարակման աշխատանքներին:
Ինչպես տեղեկանում ենք "Էկոլուր" հ/կ-ից, "Դինո գոլդ մայնինգ քամփնի" ՓԲ ընկերությունն առաջարկել է ստորագրել հաշտության պայմանագիր` Շահումյան բանավանի 28 սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, ովքեր իրենց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնալու հայցով դիմել էին դատարան: Հայցվորների շահերի պաշտպան, "Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման" ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի առաջարկությունն արվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստի ժամանակ` հունվարի 27-ին: Իրավաբանի կարծիքով, մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգների մասին հայցի պարունակությունն ինքնին պահանջում է, որպեսզի հաշտության պայմանագրում նշված լինեն սեղմ ժամկետներ, որոնց ընթացքում Շահումյան բանավանի 28 սեփականատերերը, որոնք գտնվում են ամենավտանգավոր գոտում, կարողանան փոխհատուցում ստանալ եւ տեղափոխվել անվտանգ վայր: "Մեր կարծիքով, դա պետք է արվի փետրվարից ոչ ուշ, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը, ձնհալը, ինչպես նաեւ անձրեւները կարող են դժբախտ պատահարների հանգեցնել", – ասել է Ա. Ղազարյանը:
Հունվարի 29-ին Կապանի Դավիթ Բեկ թաղամասի ակումբում տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 18-րդ տարելիցին նվիրված ցերեկույթ, որին մասնակցում էին թաղամասի բնակիչներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ: Դպրոցականները ներկայացրին մեր բանակի անցած ուղին, արժանին մատուցեցին մերօրյա ազատամարտում ընկածների հիշատակին: Այնուհետեւ հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով, որ ներառում էր հայրենասիրական երգեր ու ասմունք, պար: Միջոցառման ավարտին երախտագիտության խոսքով հանդես եկան միջոցառման տարեց մասնակիցները, որոնք միահամուռ էին մի բանում. նման միջոցառումները նպաստում են դեռահասների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Իսկ դրանում մեծ էր թաղամասի ակումբավար Վարդուհի Թադեւոսյանի, գրադարանավարուհիներ Նաիրա Բեգլարյանի եւ Գոհար Գեւորգյանի ներդրումը:
2009 թվականին տարերային աղետների (ցրտահարություն, կարկտահարություն եւ գերխոնավություն) հետեւանքով տուժել է մարզի 78 համայնք, ընդհանուր վնասը կազմել է մոտ 2.9 մլրդ դրամ: