Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ

ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63

4 փետրվարի 2010
No 02 (199)
 
Ջրամատակարարում
Սյունիքում աղմուկ հանում ու ժամանակ առ ժամանակ բողոքների ալիք են բարձրացնում "Հայջրմուղկոյուղու" կողմից դատական կարգով բաժանորդների ունեցած վարձավճարների պարտքը գանձելու դեպքերը:
Իրավական
Խմելու ջրի վարձավճարների բռնագանձման պահանջով "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ կողմից ներկայացվող հայցերի, դրանց դատաքննության ընթացքի, կայացվող վճիռների եւ նշված ոլորտում դատական պրակտիկայի մասին է զրույցը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Թումանյանի հետ:
Արձագանք
Հունվարի 22-ին (մեկ անգամ էլ դրանից առաջ) "Հ2"-ի եւ "Շանթի" լրատվական ծրագրերն անդրադարձել են Կապան-Մեղրի ավտոմայրուղու դրությանը եւ Քաջարան-Դիբագի լեռնանցք հատվածի վիճակը բնութագրել դժվարանցանելի:
Գյուղատնտեսություն
2009-ի դեկտեմբերին ու 2010-ի հունվարին եղանակն արտահայտվեց անձյուն ու տաք ձմեռով, այն աստիճան, որ որոշ ծառեր (հոնի, տխլենի, թզենի) սկսել էին բողբոջել:
Անասնաբուժություն
 Ծղուկում 2009-ին բռնկված բրուցելյոզի համաճարակն առավել թանկ էր նստել գյուղացիների վրա: Տնտեսությունը համարվել էր անապահով, եւ այն առողջացնելու խնդիր էր դրվել անասնաբուժական ծառայության առջեւ:
***
Հունվարի 28-ին մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետարանի աշխատակազմի վարչությունների եւ բաժինների պետերը հաշվետվությամբ հանդես եկան
Մարզական
Սիսիանում շախմատ մարզաձեւի հաջողությունների մասին հաճախ կարելի է լսել:
Ջրամատակարարում
Դատարան դիմելը պարտքերը թոթափելու միակ տարբերակն է
Սյունիքում աղմուկ հանում ու ժամանակ առ ժամանակ բողոքների ալիք են բարձրացնում "Հայջրմուղկոյուղու" կողմից դատական կարգով բաժանորդների ունեցած վարձավճարների պարտքը գանձելու դեպքերը:
Հանրապետական մամուլում վերջերս հրապարակվեց նաեւ Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղի բնակիչների բողոքը, թե իբր Նոր տարվա շեմին "Հայջրմուղկոյուղին" գրեթե բոլոր շինուհայրցիների դեմ հայց է ներկայացրել դատարան:
Պատասխանելով նամակ-բողոքում նշված մեղադրանքներին` "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ "Հարավային" տարածքային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը նախ փաստում է, որ Շինուհայրի 475 բաժանորդից ընդամենը 28 հոգու դեմ է այս պահին հայց ներկայացվել դատարան` գումարի բռնագանձման պահանջով:
"Բաժանորդները պիտի ջրաչափեր տեղադրեն, չեն անում ու նախկին պարտքերը չեն ընդունում, – պարզաբանում է տնօրենը: – Եվ այդ ամենից ելք գտնելու միակ օրինական ճանապարհը դատարան դիմելն է: Այսպիսով` բաժանորդը նաեւ տեղեկանում է, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի, որքան պարտք է կուտակել":
Պարոն Մարգարյանը փաստում է, որ կազմակերպությունում ջրի մեծ կորուստ կա, իսկ որտեղ որ ջրաչափեր են տեղադրում, խնդիրը վերանում է: Հատկապես գյուղական բնակավայրերում, եթե բնակիչը ջրաչափ չի տեղադրում, փական էլ չի գործածում ու ջուրն անընդհատ բաց է թողնում. ձմռանը, որպեսզի այն չսառչի, ամռանը, որպեսզի չտաքանա: Այսպիսով` ջուր ունեցողը չի էլ մտահոգվում, որ մյուսներին ջուր չի հասնում:
"Չեմ ասում, թե Շինուհայրում ջրամատակարարումը շատ լավ վիճակում է, թե 24 ժամ ջուր ունեն, բայց չորս ժամից պակաս ունեցող չկա: Գյուղ մտնող ջրագծի վրա ջրաչափ է տեղադրված, եւ այնտեղ մեկ բաժանորդի (տան) հաշվով ամսական 100տ ջուր ենք ծախսում, սակայն դա չի հերիքում… Մեկը ջրաչափ չունի, անխնա է օգտագործում ու մյուսներին չի հասնում, մյուսը տեղադրել է, բայց կողքից ջուր է քաշել եւ այլն… Դե, ներքին ցանցը մերը չէ, գյուղինն է, եւ եթե չոր օրենքին նայենք, պիտի գումարը գյուղապետարանից ուզենք մեծածախ գնով, դա Շինուհայրում ամսական մոտ ութ մլն դրամ է կազմում", – ասում է տնօրենը: Նա նաեւ հայտնում է, որ բնակիչների քանակի հարաբերության առումով այսօր Շինուհայրին չորս անգամ ավելի շատ ջուր են տալիս, քան Գորիս քաղաքին:
Չնայած ջրի ներքին ցանցը համայնքինն է` գյուղի ջրամատակարարումը "Հայջրմուղկոյուղին" է իրականացնում: Շինուհայրցիները բողոքել էին, թե իրենք են գյուղի ջրատարը կառուցել, եւ իրականում իրենք իրավունք ունեն տվյալ կառույցին դատի տալ: Մասնաճյուղի տնօրենի բնորոշմամբ, այդ "իրենքը" Խորհրդային Միությունն է, հիմա դրա փոխարեն մեկ այլ պետություն կա եւ այն է համապատասխան գործընթացները կարգավորում:
"Իրականում "Հայջրմուղկոյուղին" պիտի մեծածախ գնով մայր ջրատարով ջուր մատակարարեր գյուղին ու ջրաչափ տեղադրեր. անհնար էր, որ գյուղն ի վիճակի լիներ այդ ցուցմունքին համապատասխան վճարել: Կամ էլ գյուղապետարանը մեկ այլ կազմակերպության պիտի վճարեր իր ջրամատակարարումն իրականացնելու համար: Ու ամենաօպտիմալ տարբերակն է, որ մենք պայմանագրեր ենք կնքում բնակիչների հետ, որ ջրաչափ տեղադրեն ու ըստ դրա ցուցմունքի վճարեն":
Եվ վերոնշյալ 8 մլն մեծածախ գնի փոխարեն, օրինակ, 2009-ի դեկտեմբերին շինուհայրցիներն ընդամենը 294 հազար դրամ են վճարել: 475-ից 380 բաժանորդ է վճարել ջրի վարձը, իսկ տարիներով այնտեղ արդեն 120 մլն դրամի պարտք է գոյացել: 409 բաժանորդ, այնուամենայնիվ, արդեն ջրաչափ է տեղադրել:
Շինուհայրում պարտքերը գոյացել են դեռեւս 2000 թվականից, բայց մեծ մասամբ դրանք ավելացել ու կուտակվել են դրանից հետո, երբ կառավարությունը ջրի սակագնի հաշվարկման կարգ սահմանեց, եւ ջրաչափ չունեցողները պիտի վճարեն ըստ խողովակի թողունակության` կոյուղի ունեցողներն ամսական 18 000 դրամ, իսկ քանի որ Շինուհայրում կոյուղի չկա, 15 000 դրամ: "Մենք չենք պահանջում հենց այս պահին ամբողջությամբ մարել պարտքը", – ասում է Ջիվան Մարգարյանը: – Մենք շահագրգռված չենք անպայման պատժելու ու դատարան հասցնելու բնակչին, բայց ուզում ենք, որ նա ջրաչափ տեղադրի, ընդունի իր պարտքը ու սրանից հետո մեր հանդեպ պարտաճանաչ կատարի իր պարտավորությունները, ջուր չգողանա: Իսկ պարտքի համար էլ հնարավորություն ենք տալիս ժամանակացույց կնքել ու մարել այն 25 տարում": Շինուհայրում շատերը պարտք չունեն, նորմալ վճարում են, ոմանք ընդունել են պարտքը, ժամանակացույց կնքել, մարդիկ էլ կան, որ այդպես էլ ջրաչափ չեն տեղադրում, ու նրանց հաշվին ամեն ամիս 15 000 դրամ պարտք է գոյանում:
Ինչ վերաբերում է Շինուհայրում ջրի չհերիքող քանակությանը, տնօրենը նշում է, որ գյուղ մտնող ջուրը ոչ մեկը չի կտրում, մայր ջրատարից ամեն պահի ջուր է բաց թողնվում գյուղ, իսկ կարգավորիչ ջրամբարում ե՛ւ իրենք աշխատող ունեն, ե՛ւ գյուղը. այնտեղից կարող են բնակավայրի տարբեր հատվածների ջուրը կարգավորել: "Ստացվում է երկու տեր, եւ եթե վթար է առաջանում, չնայած իրենք պիտի վերացնեն, որովհետեւ ցանցն իրենցն է, մենք ենք վերացնում", – շարունակում է տնօրենը:
Ջրի սակավ լինելու մասին բողոքների պատճառը, կառույցի ղեկավարի կարծիքով, այն է, որ վերին թաղամասի բնակիչները, ովքեր ջրաչափ չեն տեղադրել, անխնա բացում են ծորակները, ու ներքեւի թաղամաս ջուր չի հասնում. "Բայց համամիտ չեմ, որ նրանք ընդհանրապես ջուր չեն ունենում": Իսկ ամռան ամիսներին ջրի նվազման կամ չհերիքելու փաստի պատճառն այն է, որ Շինուհայրը ոռոգման ջուր չունի, եւ խմելու ջուրն են օգտագործում այդ նպատակով:
Ջիվան Մարգարյանը նաեւ բացատրում է, որ կուտակված պարտքերի համար դատարան չգնալու այլընտրանք չունեն, օրենքն այլ գործընթաց չի հուշում տնտեսվարող սուբյեկտին:
Իրենք պարզապես "բարի կամքի դրսեւորումով" պարտքերը զրոյացնել կամ հայցային վաղեմության ժամկետ կիրառել ու գումարը նվազեցնել չեն կարող. դա պետք է միայն դատական կարգով արվի: "Մենք իրավունք չունենք պետությանն ունեցած պարտքը ժամկետանց համարել: Եթե նույնիսկ դա դուրս գրենք, գումարի 20 տոկոսի չափով հարկ պիտի վճարենք պետությանը, այսինքն` դատարանի միջոցով մեզ վրա ծանրացած պարտքերը թեթեւացնելն էլ կառույցի համար միակ տրամաբանական ելքն է":
Օրինակ` շինուհայրցիների բողոք-նամակում հիշատակված Վարդուհի Ստեփանյանը 390 000 դրամ պարտք է ունեցել եւ 2002թ. մինչեւ հիմա վճարել է 28 000 դրամ: Տարբեր տարիների ու տարբեր օրենքներով երեք անգամ նրա պարտքի վերահաշվարկ է կատարվել, այժմ 122 000 դրամի պարտք ունի: Բայց ջրմուղն ինքնուրույն այդ պարտքը դուրս գրել չի կարող: Եթե բնակիչը ժամանակին գոնե ջրաչափ տեղադրած լիներ, պարտքն այդքան չէր ավելանա. վճարելիք գումարի չափն էլ հուշում է, որ բաժանորդներին ձեռնտու է այն տեղադրելը. մինչ ջրաչափ ունենալը, Վ.Ստեփանյանը պետք է ամսական 6000 դրամ վճարեր, դրանից հետո հաշվիչը մոտ 1300 դրամ է գրանցում:
Իրենց կառույցում եղած տեղեկատվական բազայի անճշտության, պարտքերի չափին չհավատալու մեղադրանքներին տնօրենը պատասխանում է. "Բնակիչների մեջ միշտ էլ տարակուսանք է առաջանում, բայց 5000 դրամից ավելի պարտք ունեցողներին մենք երեք ամիսը մեկ գրավոր տեղեկություն ենք ուղարկում դրա չափի մասին: Բացի դրանից` բնակիչը բանկերում կամ փոստի բաժանմունքում կարող է տեղեկանալ իր պարտքի չափի մասին: Իսկ եթե չի ընդունում դա, խնդրեմ, մենք երեք տարի է` պարտքերի ճշտման գործընթաց ենք հայտարարել, թող բերեն անդորրագրերն ու նորից հաշվարկ կատարեն": Նա նշում է, որ ամսվա մեջ մոտ 100 մարդ է դիմում նման հարցով ու ճշտում իր պարտքի չափը:
Շինուհայրցիները դժգոհել էին նաեւ ջրաչափերի որակից, թե դրանք չեն դիմանում իրենց կլիմայական պայմաններին, իսկույն շարքից դուրս են գալիս, ու իրենք կրկին ստիպված են ջրի համար վճարել ըստ խողովակի թողունակության: Պարոն Մարգարյանի փոխանցմամբ, իրենք բնակիչներին ջրաչափը տեղադրելու համար տեխնիկական պայմաններ են տալիս` ինչպես եւ ինչ խորությամբ այն տեղադրել, որ սառեցման գոտին պահպանեն: "Եթե պահպանեն այդ պայմանները, ջրաչափը չի փչանա: Իսկ եթե այն փչանում է, բնակիչը պիտի գրավոր դիմի մեզ. եթե ինքը չի կատարել մեր պահանջներն ու իր մեղքով է այն շարքից դուրս եկել, պիտի մինչեւ ամսվա վերջ կրկին տեղադրի, իսկ եթե պահպանել է պայմանները, եւ այն փչացել է, մենք ենք պարտավորվում նոր ջրաչափ տեղադրել": "Հայջրմուղկոյուղուց" տեղեկացրին, որ կոնկրետ Շինուհայրից 2009-ին ջրաչափի փչանալու մասին դիմում չեն ստացել…
Գյուղացիները նամակում նշել են նաեւ ջրի կեղտոտ, ոչ որակյալ լինելու, դրանում օձ ու գորտեր հայտնաբերելու մասին, եւ իրենց չվճարելու պատճառներից մեկն էլ դա համարել:
"Նախ` մեր ջրագծից եկող ջրի մեջ չի կարող գորտ կամ օձ լինել, որովհետեւ այն գալիս է Մուխուրթունյանից, այդ դեպքում ուրեմն պիտի Գորիսում էլ ջրի մեջ նման բան հանդիպեն, – պատասխանում է Ջ.Մարգարյանը: – Բայց գյուղի ներքին ցանցը պիտի փոխվի, եւ մենք դա կանենք` չնայած այն մեզ չի պատկանում: Ու հենց ներքին ցանցի վթարների հետեւանքով էլ ջուրը կարող է կեղտոտվել: Գյուղի ղեկավարությունն էլ կարող է այդ հարցի լուծմամբ զբաղվել մեղավորներ փնտրելու փոխարեն": Տնօրենը նշում է, որ իրենք նաեւ քլոր են հատկացնում գյուղ մտնող ջուրը ջրամբարում քլորացնելու համար: "Ի վերջո, պետությունը չափանիշներ է սահմանել, ու մենք պարտավոր ենք դրանք ապահովել, եւ նաեւ սանէպիդկայանն է ջրի որակը վերահսկում, ինչո՞ւ գյուղացիներն այդ կառույցին չեն դիմել, կամ որեւէ ակտ կա՞, որը վկայի ջրի անորակ լինելու մասին…":
Հանրապետական թերթերում հրապարակված բողոքից նաեւ պարզվել էր, որ շինուհայրցիները խմելու ջրի համար վճարել են բնամթերքով` օղի, լոբի, կարտոֆիլ եւ այն: Նյութերից մեկում նաեւ անդորրագիրն էր հրապարակվել: Չբացառելով, որ վճարման նման կարգ միգուցեեւ եղել է տարիներ առաջ` պարոն Մարգարյանը հիշեցնում է, որ ֆրանսիական "Սաուրը" "Հայջրմուղկոյուղու" ղեկավարումը ստանձնել է 2005-ից, իսկ անդորրագիրը 2003 թվականի էր, այնպես որ, իրենք չեն կարող պատասխան տալ նախկինների փոխարեն: "Բայց, որքանով տեղյակ եմ, այն ժամանակ դա համարվել է վճարում, եւ նման կերպով վճարող բնակչից պարտքը հանվել է: Իսկ հիմա մենք գանձումով ընդհանրապես չենք զբաղվում, անդորրագիր էլ չունենք, որ տանք, բնակիչը վճարումը կատարում է բանկերում կամ փոստի բաժանմունքներում, եւ մենք բազմիցս խնդրում ու կոչ ենք անում, որ մեր աշխատողներին գումար չտան":
Շեշտելով, որ տարիների աշխատանքի արդյունքում բաժանորդների վերաբերունքը, հոգեբանությունը բավականին փոխվել են, եւ այժմ շատերն են բարեխղճորեն վճարում օգտագործած ջրի համար` "Հարավային" մասնաճյուղի տնօրենը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ գումարներն ինքնանպատակ չեն հավաքում, ու տարբեր համայնքներում բավականին ներդրումներ են կատարել, ինչը տեսանելի է այդ բնակավայրերի բնակիչներին: "Օրինակ, երբ "Սաուրը" ստանձնեց կառույցի կառավարումը, Գորիսն օրական 4 ժամ ջուր էր ստանում, այժմ` 20.7ժ., շուտով 24ժ. կդառնա, Կապանում այն 21.7 ժամ է դարձել, Ագարակում` 1.5 ժամից 24 ժամ":
Միայն 2009-ին փոխվել է Ագարակի ողջ ներքին ցանցը, վերանորոգվել մաքրման կայանը, ջրամբարները: Արդյունքում քաղաքը շուրջօրյա ինքնահոս ջրամատակարարում ունի, որը երկար տարիների չլուծված խնդիր էր: Այս տարի այնտեղ վնասված խողովակաշար է փոխվում: Կառուցվեց Կարճեւան գյուղի ներքին ցանցը, խմելու ջուր ունեցավ Մեղրու Արաքսաշեն թաղամասը: 2009-ին սկսել եւ այս տարի շարունակում են փոխել Մեղրու սեփական տներին ջուր մատակարարող խողովակաշարը:
Գորիսում ավարտին է մոտենում 1մլն դոլարի ներդրմամբ մի ծրագիր, եւ սկսվելու է նույն ծավալի երկրորդ ծրագիրը (Ասիական բանկի միջոցներով):
2009-ին փոխվել է Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի ողջ ներքին ցանցը, այնտեղ երկու ջրամբար է կառուցվել, այս տարի աշխատանքներ պիտի կատարվեն նաեւ Քարաշեն, Արավուս գյուղերում, ու դրանց ներքին ցանցերի սպասարկումը կհանձնվի "Հայջրմուղկոյուղուն", Հալիձորում եւս աշխատանքներ են ծրագրվել: 24 կմ խողովակաշար պիտի փոխվի Սիսիանում:
Պարոն Մարգարյանը տեղեկացնում է, որ աշխատանքներին զուգահեռ նաեւ տեխնիկապես զինում են բոլոր տեղամասերը` մեքենաներ, էքսկավատորներ տրամադրում:
2009-ին լուրջ ծավալի աշխատանքներ են կատարվել մարզկենտրոնում. մոտ 5 կմ ներքին ցանց է փոխվել Կապանում, աշխատանքները կշարունակվեն եղանակների տաքանալուց հետո: Բացի դրանից` Կապանում Ասիական բանկի միջոցներով 2,5 մլն դոլարի խոշոր ներդրումային ծրագիր է սկսվում. այժմ դրա նախագծային աշխատանքներն են ընթանում: Այսինքն` 2010-ին աշխատանքներ կտարվեն ե՛ւ սեփական, ե՛ւ բանկի ներդրումների միջոցներով: "Կփորձենք Կապանում այդ գումարներն այնպես օգտագործել, որ երկար ժամանակ քաղաքի ներքին ցանցում ոչ մի խնդիր չունենանք, իսկ ջրի որակը հիմնականում հենց խողովակների որակի հետ է կապված", – ասում է տնօրենը: (Որպես օրինակ նշենք, որ 2009-ին միայն Կապանի տեղամասում ընկերությունը 201 մլն դրամի ծախս է կատարել, որից 13,5 մլն-ով խողովակ է ձեռքբերվել):
Վերջում տնօրենը տեղեկացրեց, որ մի շարք գյուղեր դիմել են իրենց, որպեսզի "Հայջրմուղկոյուղին" վերցնի համայնքների ներքին ցանցն ու սպասարկի ջրամատակարարման ոլորտում (յոթ գյուղ` Մեղրուց, չորսը` Գորիսից): Եվ չնայած իրենք դեռ ի վիճակի չեն սպասարկման ոլորտն այդքան ընդլայնելու` դա նշանակում է, որ մարդիկ տեսնում են կառույցի կատարած աշխատանքն ու ավելի քաղաքակիրթ սպասարկում, նորմալ պայմաններում գտնվող ներքին ցանց են ուզում:
ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
Կապանի համայնքի հունվարի 28-ին արտահերթ նիստի ընթացքը շարունակում է մնալ մարզկենտրոնի հանրության ուշադրության կենտրոնում: Պատճառը, սակայն, այն չէ, որ ավագանու մեծամասնությունն ավանդաբար "սկզբունքային" դիրքորոշում է ունենում քաղաքապետ Ա.Աթայանի առաջարկությունները քննարկելիս: Պատճառը, ըստ էության, այն է, որ ավագանին գրեթե միաձայն, յուրահատուկ հոգածություն է դրսեւորում իրենցից յուրաքանչյուրի շահերին առնչվող հարցերը քննարկելիս: Հունվարի 28-ի նիստն այդ առումով չտարբերեց նախորդ մի քանի նիստերից: Ավագանու անդամների "սկզբունքայնության" մասին է վկայում մեկ այլ "մանրուք" եւս, որ առնչվում է ավագանու 2009թ. դեկտեմբերի 29-ին նշանակված նիստին: Դեկտեմբերի 28-ին ավագանու անդամները դիմել էին քաղաքապետին նիստի օրը տեղափոխելու խնդրանքով` պատճառաբանելով, որ չեն հասցրել ծանոթանալ օրակարգին: Հաջորդ օրը, մինչդեռ, ավագանու անդամները ստորագրել էին օրակարգի հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերը` առանց նիստ հրավիրելու...
Հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության 2010թ. առաջին նիստում հավանություն է տրվել ՀՀ արդարադատության նախարարության "Գորիս" քրեակատարողական հիմնարկի նոր շենքի եւ շինությունների նախագծանախահաշվային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքին, հիմնարկին անհրաժեշտ շենք-շինությունների ցանկին եւ դրանց կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խոշորացված հաշվարկին:
Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղում հունվարի 30-ին տեղի ունեցավ ասեղնագործական աշխատանքների ցուցահանդես: Մասնաճյուղի ասեղնագործական երկու ստուդիայի 24 աշակերտի հեղինակած մոտ հիսուն աշխատանքում հիմնականում արտացոլված էին հայկական զարդանկարներ, մեսրոպյան տառեր` թռչունների, ծաղիկների, մարդկային կերպարանքի տեսքով: Սյունյաց թեմի փոխառաջնորդ Տ.Զավեն աբեղա Յազիչյանը Տերունական աղոթքով ազդարարեց ցուցահանդեսի բացումն ու գնահատանքի ու քաջալերանքի խոսքեր հղեց գեղագիտական կենտրոնի սաներին, տնօրեն Մարտուն Զաքարյանին եւ խմբավարներ Նարինե Սարգսյանին ու Նելլի Արզումանյանին: Թեմի փոխառաջնորդը, որ աջակցել էր ցուցահանդեսի կազմակերպմանը, նվերներ հանձնեց ասեղնագործական ստուդիայի սաներին: Մասնաճյուղի տնօրեն Մարտուն Զաքարյանը կարեւորեց այդ ստուդիաների գործունեությունը` երեխաների մեջ ազգային արվեստի եւ ավանդույթների հանդեպ հետաքրքրություն ձեւավորելու ուղղությամբ: Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան նաեւ "Սյունյաց երկիր" թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն ու քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմինե Հովակիմյանը:
Վերջին տարիներին Սյունիքի մարզում նկատվում է բնակչության աճ: 2008 թվականին, օրինակ, 2007-ի համեմատությամբ` բնակչությունն աճել է 527-ով: Բնակչության աճ է գրանցվել նաեւ 2007-ին (507 մարդ) եւ 2006-ին (282 մարդ):
2009 թվականին մարզի դպրոցաշինության բնագավառում կատարվել է 1 մլրդ 112 մլն դրամի աշխատանք: Մասնավորապես, ֆինանսավորման տարբեր աղբյուրների հաշվին կառուցվել են Արավուսի, Սրաշենի, Իշխանասարի եւ Եղեգի դպրոցների շենքերը: Բացի այդ` հիմնանորոգվել է 11 դպրոցի շենք:
Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրով 2009թ. ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ հիմնանորոգվել եւ կահավորվել են մարզի 26 գյուղական համայնքների բուժկետերը եւ գյուղական ամբուլատորիաները: Ներդրումները կազմել են 73.3 մլն դրամ:
Սյունիքի մարզի դատախազությունում կատարվել են նոր փոխատեղումներ: Մարզի դատախազի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ով մինչեւ այժմ աշխատում էր Գորիսի տարածքում, այսուհետ իր պարտականությունը կկատարի Մեղրիում: Գորիսում դատախազի առաքելությունն առայժմ կիրականացնի Հայկ Կարապետյանը` մարզի դատախազի տեղակալի պարտականությունները միաժամանակ կատարելով Սիսիանում: Մարդու իրավունքների պաշտպանի եղբայր Տիգրան Հարությունյանին Գորիսից Մեղրի տեղափոխելը, որ առաջին հայացքից ներապարատային սովորական փոխատեղում է, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Հունվարի 21-ին Կապանի N 2 ավագ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Կապանի եւ տարածաշրջանի դպրոցների մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ուսուցիչների, նաեւ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի դասախոսների ֆիզիկամաթեմատիկական-գիտամեթոդական սեմինարի առաջին նիստը: Այն վարում էր Կապանի N 2 ավագ դպրոցի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը: Ինչպես նշեց Լ.Պետրոսյանը, ֆիզիկամաթեմատիկական-գիտամեթոդական խորհրդի ստեղծումը, սեմինարների (ամիսը մեկ անգամ) անցկացումը կնպաստեն կրթական համակարգում տեղի ունեցած եւ ունեցող փոփոխությունների արդյունավետության բարձրացմանը, այդ գործընթացներում ուսուցիչների ակտիվ դերի ապահովմանը: Լ.Պետրոսյանն անդրադարձավ նաեւ խորհրդի գործունեության թեմատիկային, աշխատանքային ծրագրին, նյութերի հավաքման ու հրատարակման աշխատանքներին:
Ինչպես տեղեկանում ենք "Էկոլուր" հ/կ-ից, "Դինո գոլդ մայնինգ քամփնի" ՓԲ ընկերությունն առաջարկել է ստորագրել հաշտության պայմանագիր` Շահումյան բանավանի 28 սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, ովքեր իրենց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնալու հայցով դիմել էին դատարան: Հայցվորների շահերի պաշտպան, "Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման" ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի առաջարկությունն արվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստի ժամանակ` հունվարի 27-ին: Իրավաբանի կարծիքով, մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգների մասին հայցի պարունակությունն ինքնին պահանջում է, որպեսզի հաշտության պայմանագրում նշված լինեն սեղմ ժամկետներ, որոնց ընթացքում Շահումյան բանավանի 28 սեփականատերերը, որոնք գտնվում են ամենավտանգավոր գոտում, կարողանան փոխհատուցում ստանալ եւ տեղափոխվել անվտանգ վայր: "Մեր կարծիքով, դա պետք է արվի փետրվարից ոչ ուշ, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը, ձնհալը, ինչպես նաեւ անձրեւները կարող են դժբախտ պատահարների հանգեցնել", – ասել է Ա. Ղազարյանը:
Հունվարի 29-ին Կապանի Դավիթ Բեկ թաղամասի ակումբում տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 18-րդ տարելիցին նվիրված ցերեկույթ, որին մասնակցում էին թաղամասի բնակիչներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ: Դպրոցականները ներկայացրին մեր բանակի անցած ուղին, արժանին մատուցեցին մերօրյա ազատամարտում ընկածների հիշատակին: Այնուհետեւ հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով, որ ներառում էր հայրենասիրական երգեր ու ասմունք, պար: Միջոցառման ավարտին երախտագիտության խոսքով հանդես եկան միջոցառման տարեց մասնակիցները, որոնք միահամուռ էին մի բանում. նման միջոցառումները նպաստում են դեռահասների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Իսկ դրանում մեծ էր թաղամասի ակումբավար Վարդուհի Թադեւոսյանի, գրադարանավարուհիներ Նաիրա Բեգլարյանի եւ Գոհար Գեւորգյանի ներդրումը:
2009 թվականին տարերային աղետների (ցրտահարություն, կարկտահարություն եւ գերխոնավություն) հետեւանքով տուժել է մարզի 78 համայնք, ընդհանուր վնասը կազմել է մոտ 2.9 մլրդ դրամ: