Իրավական
Հիմնականում բավարարվում են այն հայցերը, որոնց պատասխանողը չի մասնակցում դատաքննությանը

Խմելու ջրի վարձավճարների բռնագանձման պահանջով "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ կողմից ներկայացվող հայցերի, դրանց դատաքննության ընթացքի, կայացվող վճիռների եւ նշված ոլորտում դատական պրակտիկայի մասին է զրույցը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Թումանյանի հետ:
– Տիկի՛ն Թումանյան, խմելու ջրի վարձավճարների բռնագանձման պահանջով հայցերին առնչվող ի՞նչ վիճակագրություն կա դատարանում:
– Ամփոփեմ անցած մեկ տարին. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան 2009-ին նշված պահանջով "Հայջրմուղկոյուղին" ներկայացրել է 423 հայց, դրանցից բավարարվել է 64-ը, մասնակի բավարարվել է 127-ը, մերժվել` 44-ը, կարճվել` 19-ը, վերադարձվել` 22-ը, անավարտ է 147 գործ: Համեմատության համար նաեւ նշեմ, որ 2008-ին եղել է 356 հայց, բավարարվել է 97-ը, մասնակի` 105-ը, մերժվել` 66-ը, կարճվել` 43-ը, հայցադիմումում թերությունների պատճառով վերադարձվել` 45-ը: Իսկ 2007-ին ներկայացվել է 470 գործ, որից բավարարվել է 270-ը, մասնակի բավարարվել` 55-ը, մերժվել` 18-ը, կարճվել` 36-ը, առանց քննության թողնվել` 91-ը:
– Ձեր դիտարկումներով, ինչո՞ւ բնակիչը չի վճարում խմելու ջրի համար:
– Դե, պատճառները տարբեր են. ոմանք անպատասխանատու են, ոմանք սովոր չեն ջրի դիմաց վճարել եւ անկախ կառավարության կողմից սահմանված վճարներից` մտածում են, որ Սյունիքում ջուրն ինքնահոս եղանակով է մատակարարվում, եւ չի կարելի դրա համար որեւէ մեկին վճարել…
Նշեմ, որ դատարան հայցով դիմում է "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ն եւ ոչ թե կառույցի "Հարավային" մասնաճյուղը, որովհետեւ այն իրավաբանական անձ չէ: Եվ որպես ապացույց մեզ են ներկայացնում բաժանորդի վճարած ու չվճարած գումարների հաշվարկն` ըստ տարիների ու ամիսների:
Մարդիկ բողոքում են, որ նախկին տարիների հին պարտքեր են պահանջում. փոքրիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Կապանում եւ Մեղրիում նման հայցերը 2002 թվականից առայսօր եղած պարտքերին են վերաբերում, երբեմն նույնիսկ մինչեւ 2002թ. պարտքերն են պահանջում բռնագանձել: Իսկ Սիսիանում եւ Գորիսում 2004թ. հետո գոյացած պարտքերն են պահանջում:
– ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նման դեպքերում կարո՞ղ է հայցային վաղեմություն կիրառվել:
– Ցանկացած հարաբերությունների վրա կարող է հայցային վաղեմություն տարածվել: Հայցային վաղեմությունն այն է, որ անձը կարող է դատարանին դիմել իր հանդեպ եղած պարտավորության ծագման պահից երեք տարվա ընթացքում: Իհարկե, եթե երեք տարին անցնում է, էլի կարող է դիմել դատարան: Եվ հայցային վաղեմության կիրառման պահանջն օրենսդիրը դնում է վիճարկող կողմի, այսինքն` պատասխանողի վրա: Ուստի, հայցային վաղեմություն կարող է կիրառվել, եթե պատասխանողը գալիս է դատարան, դիմում ներկայացնում եւ պահանջում այն կիրառել: Անկախ նրանից դա կիրառելի է, թե ոչ, եթե պատասխանողը չի պահանջում, դատարանն իր նախաձեռնությամբ իրավունք չունի կիրառել: Պատասխանող կողմը պիտի շահագրգռված լինի ներկայանալ եւ պահանջել գանձել միայն վերջին երեք տարվա գումարը:
– Այսինքն` խոշոր բռնագանձումների պատճառը հիմնականում բնակիչների իրավագիտակցության ցածր մակարդակն ու անտեղյակությո՞ւնն են…
– Այո՛, մարդիկ տեղյակ չեն իրենց իրավունքներին, եւ այսօր հայցերի լրիվ կամ մասնակի բավարարումները հիմնականում պայմանավորված են նրանով, որ քաղաքացիները նույնիսկ չեն գալիս դատարան, գալու դեպքում էլ պետք է միջնորդեն, որ կիրառվի հայցային վաղեմության ժամկետը: Հիշեցնեմ, որ մենք խորհրդատվության իրավունք չունենք, եւ բնականաբար, դատարանը չի կարող քաղաքացուն հուշել, թե ինչպես վարվի:
– Այնուամենայնիվ, այս գործերով կա՞ն քաղաքացիներ, որ պաշտպանում են իրենց շահերը կամ օգտվում են արհեստավարժ իրավաբանների ծառայությունից:
– Իհարկե, կան դեպքեր, երբ դատաքննությանը մասնակցել են պաշտպաններ, փաստաբաններ կամ սովորական ներկայացուցիչներ: Վերջին ամիսներին նաեւ նկատել եմ, որ թեեւ գործի քննությանը պաշտոնապես ներկա փաստաբան չկա, բայց ներկայացվում են դիմումներ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ, որոնցում տեսանելի է մասնագետի միջամտությունը. շարքային քաղաքացին չի կարող այդ ձեւով ճշգրիտ քաղաքացիական օրենսգրքի հոդվածներ մատնանշել: Բայց քչերն են նման գրագետ միջոցի դիմում` մոտ 100-ից 20-ը…
– Նշված դատական գործերում, հայցային իրավունքի ծագման ժամկետից բացի, այլ գործոններ է՞լ կան, որ կարող են ազդել դրանց ընթացքի վրա:
– Այո՛, օրինակ, հայցային վաղեմությունն ընդհատվում է հայց հարուցելով. եղել են դեպքեր, երբ "Հայջրմուղկոյուղին" նույն անձի վերաբերյալ նախկինում էլ էր հայց հարուցել, դրանով ընդհատվում է հայցային ժամկետը, ու սկսվում դրա նոր հաշվարկ: Բացի դրանից` վաղեմության ժամկետն ընդհատվում է նաեւ պատասխանողի կողմից իր պարտքը վկայող որեւէ գործողություն կատարելով:
– Եվ ի՞նչ հաշվարկով է "Հայջրմուղկոյուղին" պահանջում այն պարտքերը, որոնք գոյացել են մինչ բաժանորդի ջրաչափ տեղադրելը:
– Ըստ ՀՀ կառավարության որոշման` Գորիսում ու Սիսիանում ջրի վարձը հաշվարկվում է խողովակի թողունակությամբ, իսկ Մեղրիում եւ Կապանում հասույթը հաշվարկված է մեկ անձին օրական 200լ ջուր հաշվարկով, որը կազմել է 179 դրամ: Ընդ որում, այստեղ եւս տարբերություններ կան. մինչեւ 2004թ. հունվարի 24-ը գումարը որոշվում էր ըստ բնակարանում հաշվառված անձանց թվի, դրանից հետո` ըստ փաստացի բնակվողների: Այն ժամանակ բնակիչները պիտի ընդամենը ակտիվ լինեին եւ իրենց բնակարանի շնչերի փոփոխության մասին տեղեկանքներ ներկայացնեին "Հայջրմուղկոյուղի", ինչը շատերը չեն արել: Բայց նշեմ նաեւ, որ դատական նիստերի ժամանակ բնակիչների կողմից եղել են բողոքներ, որ իրենք դիմումներ են տարել, դրանք չեն պահպանվել…
– Կառավարության կայացրած որոշումն օգտագործված ջրի չափաքանակի վերաբերյալ շատ տեսական չէ՞. ի՞նչ անի բնակիչը, հատկապես գյուղական բնակավայրերում, որը բողոքում է, թե իրականում ինքն այդքան ժամ ջուր չի ստացել կամ այդքան չի սպառել;
– Ասեմ, որ հիմնականում Գորիսի տարածաշրջանում, որտեղ հաշվարկն ըստ խողովակի թողունակության է եղել, հայցեր են մտել դատարան բավականին մեծ գումարներով. գումարը մեկ ամսվա համար 18 000 դրամ է կազմել: Բայց այստեղ էականը պարզապես նման հայց ներկայացնելը չէ: Ես տեղյակ եմ, որ մեր դատարանի քաղաքացիական գործերով Գորիսի դատավորը նման ձեւով հայց չի բավարարել: Չնայած կա կառավարության որոշում, բայց դատավորը համարել է, որ քանի դեռ չկա որեւէ չափագրում, որեւէ արձանագրություն, թե յուրաքանչյուր գյուղում կամ բնակավայրում խողովակի թողունակությունն ինչքան է կազմում, այսինքն` հայցվորը չի բերում պատշաճ ապացույց, վերահաշվարկ է կատարում եւ գումարը սահմանում մեկ անձին օրական 200լ ջուր հաշվարկով:
– Միգուցե հստակ հաշվարկ լինի կոնկրետ խողովակի համար, բայց բնակիչն օրերով ջուր ստացած չլինի, կամ այն քիչ ժամաքանակով լինի: Ինչպե՞ս նա կարող է իր շահը պաշտպանել:
– Մենք քննում ենք ապացույցները. դատարանը չի կարող զուտ բանավոր ասված խոսքին հավատալ կամ չհավատալ: Եթե պատասխանող կողմը դատարանում ցուցմունք է տալիս, որ ջուր չի ստացել, պետք է կարողանա ապացուցել դա: Օրինակ, գյուղի ավագանու անդամներից կամ գյուղապետարանի կողմից կազմած հանձնաժողովը կարող է փաստաթուղթ տալ, որ այսինչ ամիսներին գյուղում ջուր չի եղել…
Հնարավոր է, որ այս առումով ջրմուղի տեղեկատվական բազան խոցելի է, որ երկուստեք աշխատելու շատ տեղ կա, բայց քաղաքացին էլ պիտի ակտիվ լինի, կարողանա իր իրավունքը պաշտպանել:
Ես 2003 թ. սկսած նման գործեր եմ քննում, եւ համոզված եղեք, որ պատասխանողների մեծ մասը, հատկապես տարեց մարդիկ, պահում են իրենց անդորրագրերը, մենք էլ մեկառմեկ նորից հաշվարկ ենք կատարում, համեմատում "Հայջրմուղկոյուղու" ներկայացրած թվերի հետ: Չի եղել դեպք, որ բաժանորդը անդորրագիր ներկայացնի, եւ այնտեղ նշված գումարը գրանցված չլինի ջրմուղում. թվերը համապատասխանել են: Հիմնական խնդիրն այն է լինում, որ գումարը հաշվարկվել է ավելի շատ շնչերի քանակով, քան բնակվել են տվյալ բնակարանում: Դա էլ ժամանակին տեղեկանք չտանելու արդյունք է:
Ասեմ ավելին. պատահել է, որ եղել է վճիռ, ըստ որի` քաղաքացին կարող է օգտվել հայցային վաղեմությունից, "Հայջրմուղկոյուղին" էլ չէր կարող պահանջել երեք տարուց ավելի վաղեմություն ունեցող պարտքերը, բայց բաժանորդը, չգիտես ինչու, շարունակում է վճարել այն պարտքերը, որոնց բռնագանձման պահանջը մենք մերժել ենք…
– Քանի որ մեր զրույցի առիթը հանրապետական մամուլում Շինուհայր գյուղի բնակիչների հրապարակած բողոքն էր, խնդրում ենք պարզաբանել` մեր օրենսդրությունը թո՞ւյլ է տալիս բնամթերքով վճարում կատարել ջրի վարձի դիմաց:
– Բնամթերքով վճարում օրենսդիրը չի նախատեսում: Դրա մասին կարող է խոսք լինել միայն հարկադիր կարգով բռնագանձման դեպքում, եթե մարդը գումար չի ունենում, եւ գույքի վրա կալանք է դրվում, ու հարկադիր կատարածուն է դա վաճառում աճուրդով:
– Իսկ եթե պատասխանողը դատարանում բողոքում է, որ մատակարարված ջրի որակը լավը չէ, ժամաքանակը քիչ է, այսինքն` քննարկում է հարցեր, որոնք վերաբերում են հայցվոր կողմի պարտականություններին, կարո՞ղ եք բռնագանձման մասին հայցի շրջանակում հաշվի առնել դրանք:
– Իհարկե, ըստ էության այս վեճերի իմաստը ջրամատակարարման դիմաց վճարման պարտավորությունների կատարումն է, ու սա երկկողմանի հարաբերությունների է վերաբերում:
Եթե կա պարտականություն, ուրեմն կա իրավունք եւ հակառակը: Եթե քաղաքացին ունի վճարելու պարտավորություն, դիմացի կողմն էլ` որոշակի ծառայություններ մատուցելու: Եթե ծառայությունը չի մատուցվում օրենքով սահմանված կարգով, չափանիշներով, դրա դիմաց վճարման պարտավորություն չի կարող առաջանալ, այստեղ խնդիրն ապացուցելն է, որ "Հայջրմուղկոյուղին" դա սահմանված ձեւով ու որակով չի ապահովել, իսկ քաղաքացիները սա չեն կարողանում: Միգուցե դա լծակների կամ իրավագիտակցության պակասի պատճառով է կամ պասիվության: Բնակիչները երբեմն հոգնում են տարբեր պետական ատյաններ դիմել, իրենց իրավունքները պաշտպանել: Իսկ դատարանը յուրաքանչյուր բաժանորդի դեպքում ստուգում է հայցվոր կողմի ներկայացրած թվերը եւ հայցը բավարարում դատարանի սահմանած չափով. հիմնականում մասնակի են բավարարվում, լրիվ բավարարման դեպքերը քիչ են: Մեծ մասամբ լրիվ բավարարվում են, երբ պատասխանողը չի մասնակցում դատաքննությանը, չի օգտագործում օրենքով իրեն տրված հնարավորությունները: Իսկ "Հայջրմուղկոյուղին" հենց այնպես իր բազան մաքրել չի կարող, պիտի դատարան դիմի ու այս կարգով մաքրվի պարտքերից:
Բայց երկու կողմն էլ իր պարտավորություններում պիտի ուշադիր լինի: Ասեմ, որ մեզ մոտ արձանագրվել են դեպքեր, երբ նախկին ժամանակահատվածում առկա են եղել վճիռներ, բայց "Հայջրմուղկոյուղին" նորից նույն ժամանակահատվածի համար բռնագանձման վեճով մտնում է դատարան…
– Այս գործերով դատական նիստերը պատասխանողի բնակության վայրո՞ւմ են տեղի ունենում:
– Այո՛, տեղի են ունենում համապատասխանաբար Գորիսի, Կապանի, Սիսիանի մեր նստավայրերում: Իսկ ահա մեղրեցիների համար դժվարություն է այն, որ պիտի Կապան հասնեն, քանի որ Մեղրիում նստավայր չունենք: Բայց միշտ էլ նկատել եմ, որ ամենաակտիվ պատասխանողները մեղրեցիներն են, եւ գրեթե չի եղել գործ, որ նրանց կողմից դիմումներ չլինեն, չներկայացնեն իրենց պահանջներն ու ապացույցները: Ուստիեւ, ամենաշատը մերժվել են "Հայջրմուղկոյուղու" Մեղրու տեղամասի պահանջները:
ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ