Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ

ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63

4 փետրվարի 2010
No 02 (199)
 
Ջրամատակարարում
Սյունիքում աղմուկ հանում ու ժամանակ առ ժամանակ բողոքների ալիք են բարձրացնում "Հայջրմուղկոյուղու" կողմից դատական կարգով բաժանորդների ունեցած վարձավճարների պարտքը գանձելու դեպքերը:
Իրավական
Խմելու ջրի վարձավճարների բռնագանձման պահանջով "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ կողմից ներկայացվող հայցերի, դրանց դատաքննության ընթացքի, կայացվող վճիռների եւ նշված ոլորտում դատական պրակտիկայի մասին է զրույցը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Թումանյանի հետ:
Արձագանք
Հունվարի 22-ին (մեկ անգամ էլ դրանից առաջ) "Հ2"-ի եւ "Շանթի" լրատվական ծրագրերն անդրադարձել են Կապան-Մեղրի ավտոմայրուղու դրությանը եւ Քաջարան-Դիբագի լեռնանցք հատվածի վիճակը բնութագրել դժվարանցանելի:
Գյուղատնտեսություն
2009-ի դեկտեմբերին ու 2010-ի հունվարին եղանակն արտահայտվեց անձյուն ու տաք ձմեռով, այն աստիճան, որ որոշ ծառեր (հոնի, տխլենի, թզենի) սկսել էին բողբոջել:
Անասնաբուժություն
 Ծղուկում 2009-ին բռնկված բրուցելյոզի համաճարակն առավել թանկ էր նստել գյուղացիների վրա: Տնտեսությունը համարվել էր անապահով, եւ այն առողջացնելու խնդիր էր դրվել անասնաբուժական ծառայության առջեւ:
***
Հունվարի 28-ին մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետարանի աշխատակազմի վարչությունների եւ բաժինների պետերը հաշվետվությամբ հանդես եկան
Մարզական
Սիսիանում շախմատ մարզաձեւի հաջողությունների մասին հաճախ կարելի է լսել:
Անասնաբուժություն
Բրուցելյոզը նահանջում է, իսկ պաստերելյոզի դեմ պատվաստելու խնդիր կա
Լինելով Սիսիանում` նախեւառաջ, հետաքրքրվեցինք տարածաշրջանի հակահամաճարակային իրավիճակով: Դա բնավ էլ ինքնանպատակ չէր: Ծղուկում 2009-ին բռնկված բրուցելյոզի համաճարակն առավել թանկ էր նստել գյուղացիների վրա: Տնտեսությունը համարվել էր անապահով, եւ այն առողջացնելու խնդիր էր դրվել անասնաբուժական ծառայության առջեւ: Դրան միտված քայլերը ներկայացնելու համար Սիսիանի անասնաբուժական պետական տեսուչ Ժեվիկ Սանթրյանը նախ դիմեց թվերի լեզվին. 2009-ին Սիսիանի տարածաշրջանում բրուցելյոզ հիվանդությունը հայտնաբերելու նպատակով կատարվել է 19 952 հետազոտություն` նախատեսված 17 444-ի փոխարեն: Ընդ որում, եթե տնտեսությունն անապահով է համարվում, հետազոտություն իրականցվում է ամեն ամիս: Ինչեւէ, մոտ 20 000 հետազոտությունից դրական ռեակցիա է ունեցել 332 հետազոտություն, որից 220-ը` Ծղուկում: Փաստորեն, տարածաշրջանում դրական ռեակցիայի դեպքերը 100-ից քիչ ավելի են, ինչն իրականացված հետազոտության դեպքում անասնաբուժական պետական տեսչի գնահատմամբ աննշան թիվ է: Տուբերկուլյոզի դեմ կատարված 17 458 հետազոտությունից դրական արդյունք է տվել 29-ը, իսկ մանր եղջերավոր անասունների շրջանում բրուցելյոզի հայտնաբերման ուղղությամբ կատարված 17 013 հետազոտությունից (ի դեպ, պլանով նախատեսված էր 10 000 հետազոտություն) դրական արդյունք է գրանցվել 237 դեպքում: Պետպատվերի շրջանակներում պատվաստումներ են կատարվել սիբիրախտի, դաբաղի, թռչունների էմկարի, մեղուների վարատոզի դեմ, ինչքան պատվաստանյութ էր նախատեսվել, իրացվել է: Այն անասնագոմերը, որտեղ հիվանդ անասուն է հայտնաբերվել, կրկնակի ախտահանվել են, ի դեպ, վերջերս մարզին հատկացվել է ախտահանող մեքենա:
Ինչպես հայտնեց Ժ.Սանթրյանը, նոյեմբերի 9-ից մինչեւ 25-ը միայն Սյունիքի մարզում 20 տարվա մեջ առաջին անգամ անցկացվել է էգ հորթերի եւ էգ գառների պատվաստում բրուցելյոզի դեմ: Պատվաստանյութն իսպանական է, իսկ ծրագիրը ֆինանսավորել է իտալական "Ֆաուն" կազմակերպությունը: Դա շարունակական բնույթ է կրելու, ինչպես հավաստիացրեց տարածաշրջանի անասնաբուժական պետական տեսուչը, եւ մարտ ամսին մինչեւ 3-ից 6 ամսական գառների եւ մինչեւ 1 տարեկան էգ հորթերի պատվաստում է նախատեսվում, նույն գործընթացը կլինի աշնանը: Արդյունքում` 3-4 տարի հետո, Սյունիքում պատվաստված կլինի ողջ մայրական կազմը:
Խնդրո առարկային առնչվող հարցով հեռախոսազրույց ունեցանք ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցի հետ: Նախ հետաքրքրում էր, թե Ծղուկում անասնատերերը ստացե՞լ են կորսված կովերի դիմաց փոխհատուցումը: Պարզվեց, որ ցայսօր, թեեւ մարզպետը լրջորեն զբաղված է այդ խնդրով, ոչ մի փոխհատուցում չեն ստացել: Եվ ոչ միայն. դեռեւս 2008-ին ժանտախտի պատճառով սատկած խոզերի դիմաց եւս փոխհատուցում չի տրվել:
Իսկ արդյոք Ծղուկում վիճակը "պայթյունավտա՞նգ" չէ հարցին, Է.Թոխսանցը պատասխանեց, որ վերջին ստուգման ժամանակ (դեկտեմբերի 4-ին եւ 5-ին) Ծղուկում հայտնաբերվել է բրուցելյոզով հիվանդ երկու կով: Ընդ որում, հետազոտության է ենթարկվել մոտ 300 խոշոր եղջերավոր անասուն: Հետազոտված 530 մանր եղջերավոր անասունից վարակված է եղել 9-ը: Սյունիքի մարզում, մասնավորապես Գորիսի եւ Կապանի տարածաշրջաններում գլուխ է բարձրացրել պաստերելյոզը, որով վարակվում են խոզերը: Եվ առանց պատվաստման, այն էլ պետպատվերի շրջանակներում, դժվար կլինի պայքարել այդ հիվանդության դեմ: Մարզի գլխավոր անասնաբույժն ավելացրեց, որ փետրվարին պարզ կլինի` այդ նպատակով պատվաստանյութ կհատկացնե՞ն, թե՞ ոչ:
Մարզի գլխավոր անասնաբույժը տեղեկացրեց նաեւ, որ նախարարի մի այլ հրամանով իրենք ստուգումներ են անցկացրել դպրոցական եւ նախադպրոցական հիմնարկների խոհանոցներում, մթերքների, հատկապես մսամթերքի նմուշներն ուղարկել փորձաքննության, մասնավորապես մանկապարտեզների եւ դպրոցների խոհանոցներին արգելվել է աղացած միս ձեռք բերել, հանձնարարվել է միսը գնել եւ աղալ տեղում: Ամանորի նախօրեին մսի խանութներում անցկացվել են ստուգայցեր, մսի փորձանմուշներ ուղարկվել "Ագարակ-թեսթ" ընկերությանը, իսկ ընդհանրապես առեւտրի տաղավարներում անցկացվել է մոնիտորինգ` ժամկետանց եւ չմականշված ապրանքներ հայտնաբերելու նպատակով: Միանգամից ասենք, որ արձանագրվել է այդպիսի ապրանքների 19 դեպք: Իսկ ինչպես հայտնեց "Ագարակ-թեսթ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սեդա Արզումանյանը, ամփոփվել են փորձաքննության արդյունքները, մսի վեց փորձանմուշ չի համապատասխանել նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:
ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
Կապանի համայնքի հունվարի 28-ին արտահերթ նիստի ընթացքը շարունակում է մնալ մարզկենտրոնի հանրության ուշադրության կենտրոնում: Պատճառը, սակայն, այն չէ, որ ավագանու մեծամասնությունն ավանդաբար "սկզբունքային" դիրքորոշում է ունենում քաղաքապետ Ա.Աթայանի առաջարկությունները քննարկելիս: Պատճառը, ըստ էության, այն է, որ ավագանին գրեթե միաձայն, յուրահատուկ հոգածություն է դրսեւորում իրենցից յուրաքանչյուրի շահերին առնչվող հարցերը քննարկելիս: Հունվարի 28-ի նիստն այդ առումով չտարբերեց նախորդ մի քանի նիստերից: Ավագանու անդամների "սկզբունքայնության" մասին է վկայում մեկ այլ "մանրուք" եւս, որ առնչվում է ավագանու 2009թ. դեկտեմբերի 29-ին նշանակված նիստին: Դեկտեմբերի 28-ին ավագանու անդամները դիմել էին քաղաքապետին նիստի օրը տեղափոխելու խնդրանքով` պատճառաբանելով, որ չեն հասցրել ծանոթանալ օրակարգին: Հաջորդ օրը, մինչդեռ, ավագանու անդամները ստորագրել էին օրակարգի հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերը` առանց նիստ հրավիրելու...
Հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության 2010թ. առաջին նիստում հավանություն է տրվել ՀՀ արդարադատության նախարարության "Գորիս" քրեակատարողական հիմնարկի նոր շենքի եւ շինությունների նախագծանախահաշվային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքին, հիմնարկին անհրաժեշտ շենք-շինությունների ցանկին եւ դրանց կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խոշորացված հաշվարկին:
Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղում հունվարի 30-ին տեղի ունեցավ ասեղնագործական աշխատանքների ցուցահանդես: Մասնաճյուղի ասեղնագործական երկու ստուդիայի 24 աշակերտի հեղինակած մոտ հիսուն աշխատանքում հիմնականում արտացոլված էին հայկական զարդանկարներ, մեսրոպյան տառեր` թռչունների, ծաղիկների, մարդկային կերպարանքի տեսքով: Սյունյաց թեմի փոխառաջնորդ Տ.Զավեն աբեղա Յազիչյանը Տերունական աղոթքով ազդարարեց ցուցահանդեսի բացումն ու գնահատանքի ու քաջալերանքի խոսքեր հղեց գեղագիտական կենտրոնի սաներին, տնօրեն Մարտուն Զաքարյանին եւ խմբավարներ Նարինե Սարգսյանին ու Նելլի Արզումանյանին: Թեմի փոխառաջնորդը, որ աջակցել էր ցուցահանդեսի կազմակերպմանը, նվերներ հանձնեց ասեղնագործական ստուդիայի սաներին: Մասնաճյուղի տնօրեն Մարտուն Զաքարյանը կարեւորեց այդ ստուդիաների գործունեությունը` երեխաների մեջ ազգային արվեստի եւ ավանդույթների հանդեպ հետաքրքրություն ձեւավորելու ուղղությամբ: Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան նաեւ "Սյունյաց երկիր" թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն ու քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմինե Հովակիմյանը:
Վերջին տարիներին Սյունիքի մարզում նկատվում է բնակչության աճ: 2008 թվականին, օրինակ, 2007-ի համեմատությամբ` բնակչությունն աճել է 527-ով: Բնակչության աճ է գրանցվել նաեւ 2007-ին (507 մարդ) եւ 2006-ին (282 մարդ):
2009 թվականին մարզի դպրոցաշինության բնագավառում կատարվել է 1 մլրդ 112 մլն դրամի աշխատանք: Մասնավորապես, ֆինանսավորման տարբեր աղբյուրների հաշվին կառուցվել են Արավուսի, Սրաշենի, Իշխանասարի եւ Եղեգի դպրոցների շենքերը: Բացի այդ` հիմնանորոգվել է 11 դպրոցի շենք:
Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրով 2009թ. ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ հիմնանորոգվել եւ կահավորվել են մարզի 26 գյուղական համայնքների բուժկետերը եւ գյուղական ամբուլատորիաները: Ներդրումները կազմել են 73.3 մլն դրամ:
Սյունիքի մարզի դատախազությունում կատարվել են նոր փոխատեղումներ: Մարզի դատախազի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ով մինչեւ այժմ աշխատում էր Գորիսի տարածքում, այսուհետ իր պարտականությունը կկատարի Մեղրիում: Գորիսում դատախազի առաքելությունն առայժմ կիրականացնի Հայկ Կարապետյանը` մարզի դատախազի տեղակալի պարտականությունները միաժամանակ կատարելով Սիսիանում: Մարդու իրավունքների պաշտպանի եղբայր Տիգրան Հարությունյանին Գորիսից Մեղրի տեղափոխելը, որ առաջին հայացքից ներապարատային սովորական փոխատեղում է, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Հունվարի 21-ին Կապանի N 2 ավագ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Կապանի եւ տարածաշրջանի դպրոցների մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ուսուցիչների, նաեւ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի դասախոսների ֆիզիկամաթեմատիկական-գիտամեթոդական սեմինարի առաջին նիստը: Այն վարում էր Կապանի N 2 ավագ դպրոցի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը: Ինչպես նշեց Լ.Պետրոսյանը, ֆիզիկամաթեմատիկական-գիտամեթոդական խորհրդի ստեղծումը, սեմինարների (ամիսը մեկ անգամ) անցկացումը կնպաստեն կրթական համակարգում տեղի ունեցած եւ ունեցող փոփոխությունների արդյունավետության բարձրացմանը, այդ գործընթացներում ուսուցիչների ակտիվ դերի ապահովմանը: Լ.Պետրոսյանն անդրադարձավ նաեւ խորհրդի գործունեության թեմատիկային, աշխատանքային ծրագրին, նյութերի հավաքման ու հրատարակման աշխատանքներին:
Ինչպես տեղեկանում ենք "Էկոլուր" հ/կ-ից, "Դինո գոլդ մայնինգ քամփնի" ՓԲ ընկերությունն առաջարկել է ստորագրել հաշտության պայմանագիր` Շահումյան բանավանի 28 սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, ովքեր իրենց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնալու հայցով դիմել էին դատարան: Հայցվորների շահերի պաշտպան, "Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման" ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի առաջարկությունն արվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստի ժամանակ` հունվարի 27-ին: Իրավաբանի կարծիքով, մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգների մասին հայցի պարունակությունն ինքնին պահանջում է, որպեսզի հաշտության պայմանագրում նշված լինեն սեղմ ժամկետներ, որոնց ընթացքում Շահումյան բանավանի 28 սեփականատերերը, որոնք գտնվում են ամենավտանգավոր գոտում, կարողանան փոխհատուցում ստանալ եւ տեղափոխվել անվտանգ վայր: "Մեր կարծիքով, դա պետք է արվի փետրվարից ոչ ուշ, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը, ձնհալը, ինչպես նաեւ անձրեւները կարող են դժբախտ պատահարների հանգեցնել", – ասել է Ա. Ղազարյանը:
Հունվարի 29-ին Կապանի Դավիթ Բեկ թաղամասի ակումբում տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 18-րդ տարելիցին նվիրված ցերեկույթ, որին մասնակցում էին թաղամասի բնակիչներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ: Դպրոցականները ներկայացրին մեր բանակի անցած ուղին, արժանին մատուցեցին մերօրյա ազատամարտում ընկածների հիշատակին: Այնուհետեւ հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով, որ ներառում էր հայրենասիրական երգեր ու ասմունք, պար: Միջոցառման ավարտին երախտագիտության խոսքով հանդես եկան միջոցառման տարեց մասնակիցները, որոնք միահամուռ էին մի բանում. նման միջոցառումները նպաստում են դեռահասների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Իսկ դրանում մեծ էր թաղամասի ակումբավար Վարդուհի Թադեւոսյանի, գրադարանավարուհիներ Նաիրա Բեգլարյանի եւ Գոհար Գեւորգյանի ներդրումը:
2009 թվականին տարերային աղետների (ցրտահարություն, կարկտահարություն եւ գերխոնավություն) հետեւանքով տուժել է մարզի 78 համայնք, ընդհանուր վնասը կազմել է մոտ 2.9 մլրդ դրամ: