ԼՈՒՐԵՐ
Կապանի համայնքի հունվարի 28-ին արտահերթ նիստի ընթացքը շարունակում է մնալ մարզկենտրոնի հանրության ուշադրության կենտրոնում: Պատճառը, սակայն, այն չէ, որ ավագանու մեծամասնությունն ավանդաբար "սկզբունքային" դիրքորոշում է ունենում քաղաքապետ Ա.Աթայանի առաջարկությունները քննարկելիս: Պատճառը, ըստ էության, այն է, որ ավագանին գրեթե միաձայն, յուրահատուկ հոգածություն է դրսեւորում իրենցից յուրաքանչյուրի շահերին առնչվող հարցերը քննարկելիս: Հունվարի 28-ի նիստն այդ առումով չտարբերեց նախորդ մի քանի նիստերից: Ավագանու անդամների "սկզբունքայնության" մասին է վկայում մեկ այլ "մանրուք" եւս, որ առնչվում է ավագանու 2009թ. դեկտեմբերի 29-ին նշանակված նիստին: Դեկտեմբերի 28-ին ավագանու անդամները դիմել էին քաղաքապետին նիստի օրը տեղափոխելու խնդրանքով` պատճառաբանելով, որ չեն հասցրել ծանոթանալ օրակարգին: Հաջորդ օրը, մինչդեռ, ավագանու անդամները ստորագրել էին օրակարգի հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերը` առանց նիստ հրավիրելու...
Հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության 2010թ. առաջին նիստում հավանություն է տրվել ՀՀ արդարադատության նախարարության "Գորիս" քրեակատարողական հիմնարկի նոր շենքի եւ շինությունների նախագծանախահաշվային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքին, հիմնարկին անհրաժեշտ շենք-շինությունների ցանկին եւ դրանց կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խոշորացված հաշվարկին:
Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղում հունվարի 30-ին տեղի ունեցավ ասեղնագործական աշխատանքների ցուցահանդես: Մասնաճյուղի ասեղնագործական երկու ստուդիայի 24 աշակերտի հեղինակած մոտ հիսուն աշխատանքում հիմնականում արտացոլված էին հայկական զարդանկարներ, մեսրոպյան տառեր` թռչունների, ծաղիկների, մարդկային կերպարանքի տեսքով: Սյունյաց թեմի փոխառաջնորդ Տ.Զավեն աբեղա Յազիչյանը Տերունական աղոթքով ազդարարեց ցուցահանդեսի բացումն ու գնահատանքի ու քաջալերանքի խոսքեր հղեց գեղագիտական կենտրոնի սաներին, տնօրեն Մարտուն Զաքարյանին եւ խմբավարներ Նարինե Սարգսյանին ու Նելլի Արզումանյանին: Թեմի փոխառաջնորդը, որ աջակցել էր ցուցահանդեսի կազմակերպմանը, նվերներ հանձնեց ասեղնագործական ստուդիայի սաներին: Մասնաճյուղի տնօրեն Մարտուն Զաքարյանը կարեւորեց այդ ստուդիաների գործունեությունը` երեխաների մեջ ազգային արվեստի եւ ավանդույթների հանդեպ հետաքրքրություն ձեւավորելու ուղղությամբ: Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան նաեւ "Սյունյաց երկիր" թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն ու քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմինե Հովակիմյանը:
Վերջին տարիներին Սյունիքի մարզում նկատվում է բնակչության աճ: 2008 թվականին, օրինակ, 2007-ի համեմատությամբ` բնակչությունն աճել է 527-ով: Բնակչության աճ է գրանցվել նաեւ 2007-ին (507 մարդ) եւ 2006-ին (282 մարդ):
2009 թվականին մարզի դպրոցաշինության բնագավառում կատարվել է 1 մլրդ 112 մլն դրամի աշխատանք: Մասնավորապես, ֆինանսավորման տարբեր աղբյուրների հաշվին կառուցվել են Արավուսի, Սրաշենի, Իշխանասարի եւ Եղեգի դպրոցների շենքերը: Բացի այդ` հիմնանորոգվել է 11 դպրոցի շենք:
Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրով 2009թ. ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ հիմնանորոգվել եւ կահավորվել են մարզի 26 գյուղական համայնքների բուժկետերը եւ գյուղական ամբուլատորիաները: Ներդրումները կազմել են 73.3 մլն դրամ:
Սյունիքի մարզի դատախազությունում կատարվել են նոր փոխատեղումներ: Մարզի դատախազի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ով մինչեւ այժմ աշխատում էր Գորիսի տարածքում, այսուհետ իր պարտականությունը կկատարի Մեղրիում: Գորիսում դատախազի առաքելությունն առայժմ կիրականացնի Հայկ Կարապետյանը` մարզի դատախազի տեղակալի պարտականությունները միաժամանակ կատարելով Սիսիանում: Մարդու իրավունքների պաշտպանի եղբայր Տիգրան Հարությունյանին Գորիսից Մեղրի տեղափոխելը, որ առաջին հայացքից ներապարատային սովորական փոխատեղում է, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Հունվարի 21-ին Կապանի N 2 ավագ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Կապանի եւ տարածաշրջանի դպրոցների մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ուսուցիչների, նաեւ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի դասախոսների ֆիզիկամաթեմատիկական-գիտամեթոդական սեմինարի առաջին նիստը: Այն վարում էր Կապանի N 2 ավագ դպրոցի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը: Ինչպես նշեց Լ.Պետրոսյանը, ֆիզիկամաթեմատիկական-գիտամեթոդական խորհրդի ստեղծումը, սեմինարների (ամիսը մեկ անգամ) անցկացումը կնպաստեն կրթական համակարգում տեղի ունեցած եւ ունեցող փոփոխությունների արդյունավետության բարձրացմանը, այդ գործընթացներում ուսուցիչների ակտիվ դերի ապահովմանը: Լ.Պետրոսյանն անդրադարձավ նաեւ խորհրդի գործունեության թեմատիկային, աշխատանքային ծրագրին, նյութերի հավաքման ու հրատարակման աշխատանքներին:
Ինչպես տեղեկանում ենք "Էկոլուր" հ/կ-ից, "Դինո գոլդ մայնինգ քամփնի" ՓԲ ընկերությունն առաջարկել է ստորագրել հաշտության պայմանագիր` Շահումյան բանավանի 28 սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, ովքեր իրենց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնալու հայցով դիմել էին դատարան: Հայցվորների շահերի պաշտպան, "Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման" ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի առաջարկությունն արվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստի ժամանակ` հունվարի 27-ին: Իրավաբանի կարծիքով, մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգների մասին հայցի պարունակությունն ինքնին պահանջում է, որպեսզի հաշտության պայմանագրում նշված լինեն սեղմ ժամկետներ, որոնց ընթացքում Շահումյան բանավանի 28 սեփականատերերը, որոնք գտնվում են ամենավտանգավոր գոտում, կարողանան փոխհատուցում ստանալ եւ տեղափոխվել անվտանգ վայր: "Մեր կարծիքով, դա պետք է արվի փետրվարից ոչ ուշ, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը, ձնհալը, ինչպես նաեւ անձրեւները կարող են դժբախտ պատահարների հանգեցնել", – ասել է Ա. Ղազարյանը:
Հունվարի 29-ին Կապանի Դավիթ Բեկ թաղամասի ակումբում տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 18-րդ տարելիցին նվիրված ցերեկույթ, որին մասնակցում էին թաղամասի բնակիչներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ: Դպրոցականները ներկայացրին մեր բանակի անցած ուղին, արժանին մատուցեցին մերօրյա ազատամարտում ընկածների հիշատակին: Այնուհետեւ հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով, որ ներառում էր հայրենասիրական երգեր ու ասմունք, պար: Միջոցառման ավարտին երախտագիտության խոսքով հանդես եկան միջոցառման տարեց մասնակիցները, որոնք միահամուռ էին մի բանում. նման միջոցառումները նպաստում են դեռահասների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Իսկ դրանում մեծ էր թաղամասի ակումբավար Վարդուհի Թադեւոսյանի, գրադարանավարուհիներ Նաիրա Բեգլարյանի եւ Գոհար Գեւորգյանի ներդրումը:
2009 թվականին տարերային աղետների (ցրտահարություն, կարկտահարություն եւ գերխոնավություն) հետեւանքով տուժել է մարզի 78 համայնք, ընդհանուր վնասը կազմել է մոտ 2.9 մլրդ դրամ: