ԼՈՒՐԵՐ
Փետրվարի 15-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի, մարզի համայնքապետերի մասնակցությամբ վերաբացվեց Գորիսի N4 ավագ դպրոցի ուսումնական շենքը, որը նորոգվել եւ կահավորվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի եւ պետբյուջեի միջոցներով:
Կապանում կայացավ նորաստեղծ "Դավիթբեկյան ուխտեր" մարզային երիտասարդական հասարակական կազմակերպության անդրանիկ նիստը: Կազմակերպության հիմնադիր-նախագահն է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, գործադիր նախագահը` Ռուդոլֆ Սարգսյանը: Կազմակերպության նպատակն է համախմբել մարզի երիտասարդությանը, բացահայտել շնորհալի, տաղանդաշատ երիտասարդների ստեղծագործական, կատարողական ներուժը, ակտիվացնել երիտասարդության մասնակցությունը մարզի տնտեսական կյանքին, պետական կառավարման համակարգի աշխատանքներին: "Դավիթբեկյան ուխտեր" ԵՀԿ-ն արդեն մոտ 400 անդամ ունի:
Փետրվարի 15-16-ը Գորիսի տարածաշրջանում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Խնձորեսկ գյուղի մանկապարտեզի, ակումբի եւ գյուղապետարանի տանիքները` 300 քմ ընդհանուր մակերեսով, Ներքին Խնձորեսկում շրջվել են փայտյա 2 տնակ, ծառեր եւ էլեկտրասյուներ, որի հետեւանքով գյուղը հոսանքազրկվել էր: Նույն օրը` ժամը 18.00-ի դրությամբ, հոսանքամատակարարումը վերականգնվել է: Վնասի չափը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:
Փետրվարի 13-ին Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում, ինչպես ամեն տարի, տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում են հատկապես նորապսակները: Կապանի եւ Քաջարանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Գալուստ վարդապետ Դարբինյանն օրհնեց երեսուն նորապսակի, որից հետո տեղի ունեցավ կրակի վառման արարողությունը: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել նաեւ Կապանի մշակույթի կենտրոնի պարային խմբերը: Արարողության ավարտին Կապանի քաղաքապետարանի կողմից նորապսակներին հանձնվեցին ծաղկեփունջ եւ հուշանվերներ:
Փետրվարի 20-ից 28-ը Թուրքմենստանում մեկնարկել է "Թուրքմենբաշու գավաթի" խաղարկությունը: "Թուրքմենբաշու գավաթի" խաղարկության խմբային փուլում Հայաստանը ներկայացնող Կապանի "Գանձասարը" ընդգրկված է Ա խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Տաջիկստանի "Կուրգանը", Թուրքիայի ակումբային հավաքականը եւ Թուրքմենստանի գավաթակիր "Ալթին Ասիրը": Նշենք նաեւ, որ մրցաշարի հիմնադրամը կազմում է 35 հազար ԱՄՆ դոլար:
Փետրվարի 8-ից 11-ը մարզում անցկացվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը: Օլիմպիադային մասնակցել է 8-11-րդ դասարանում սովորղ 2262 աշակերտ, որից 450 հոգի կմասնակցի մարզային փուլին, որը սկսվել է փետրվարի 25-ից ու կավարտվի մարտի 10-ին:
Մարզի հանրակրթական բոլոր դպրոցներում այս տարվա երկրորդ կիսամյակից կյանքի է կոչվում "Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում" ծրագիրը (2009թ. մարզից ծրագրում ընդգրկված էր 30 դպրոց), ըստ որի` ֆիզկուլտուրայի յուրաքանչյուր երրորդ դաս նվիրվում է ֆուտբոլին: ՀՖՖ-ում ուսուցիչների համար կազմվել են ուսումնական նյութեր, ձեռնարկներ եւ բաժանվել դպրոցներին, ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ անցկացվել են դասընթացներ, վերապատրաստման աշխատանքներ:
Օրերս ԵԱՀԿ-ի կապանյան գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Մեղրի, Գորիս, Կապան քաղաքներում գործող Կանանց ռեսուրս կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակը կենտրոնների միջեւ համագործակցություն հաստատելն էր: Մարզում գործող կենտրոնների կատարած աշխատանքների եւ հետագա ծրագրերի մասին մտքեր փոխանակեցին Նվարդ Խաչատրյանը (Մեղրի), Ռուզան Տոռոզյանը (Գորիս), Նարինե Խլոպուզյանը (Կապան), "ՓՄՁ ԶԱԿ" կապանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը եւ ուրիշներ: Արդյունավետ քննարկման արդյունքում որոշվեց ստեղծել Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների կոորդինացիոն խորհուրդ, որը հանդիպումների ընթացքում կքննարկի կանանց զարգացմանը խթանող խնդիրները, կմշակի համատեղ ծրագրեր` ապահովելու կանանց զարգացումն ու հասարակության առաջընթացը: Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ժողովրդավարության զարգացման հարցերով պատասխանատու Սվեն Հոլդարը եւ ժողովրդավարության զարգացման հարցերով գրասենյակի ավագ օգնական Ծովինար Հարությունյանը:
2009թ. հունվարից Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությանը կից գործում է "Արագ արձագանքման թեժ գիծ" (հեռ.` 2 81 74) մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում կատարվող դրամահավաքությանն առնչվող բողոքներն արձանագրելու եւ դրանց ընթացք տալու նպատակով: "Արագ արձագանքման թեժ գծի" մեկամյա գործունեության արդյունքներին ծանոթանալու նպատակով զրուցեցինք մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Արսեն Գրիգորյանի հետ: Ի զարմանս մեզ, ինչպես փոխանցեց պարոն Գրիգորյանը, առայժմ ոչ մի բողոք, ահազանգ չի ստացվել: Մեկնաբանությունները` ընթերցողին:
Փետրվարի 2-ին "Հայանտառ" ՓԲ ընկերության Կապանի անտառտնտեսության տնօրեն է նշանակվել 1946թ. ծնված Վոլոդյա Միրզոյանը: Նախկին տնօրեն Լեւոն Գեւորգյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության նպատակով անցած տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարության որոշման համաձայն ստեղծվել է "Զորաց քարեր" բնակատեղի" արգելոց թանգարանի մասնաճյուղ, որի վարիչ է նշանակվել Վալերի Բալյանը:
Բաժինը վարում է ՍԱԹԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ