ԼՈՒՐԵՐ
Մարտի 22-23-ին Սյունիքի մարզում էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա այցելել է մարզի տարածքում գտնվող զորամասեր, ծանոթացել առկա հիմնախնդիրներին, զինվորների առօրյային:
ԵԱՀԿ-ն Կապանի սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցում մարտի 18-ին ազդարարեց իր կողմից ֆինանսավորվող ծրագրի մեկնարկը, որը հնարավորություն կտա Կապանի անապահով ընտանիքների երեխաներին դպրոցում գործող խմբակներ հաճախել: Ծրագիրն իրականացնում է "Կապանի կանանց ռեսուրս կենտրոն" ՀԿ-ն: Կիրակնօրյա դպրոցում կգործեն կրոնի պատմության, առողջ ապրելակերպի, դիզայնի, ասեղնագործության, նկարչության եւ համակարգչային խմբակներ: Դպրոցը բացվել էր անցած տարի, սակայն դրամական միջոցների բացակայության պատճառով նրա գործունեությունը վտանգվել էր: Եվ այժմ ԵԱՀԿ-ի աջակցությամբ այն մեկ տարի գործելու երաշխիք ստացավ: Ծրագրի շրջանակներում կազմակերպությունը դպրոցին ապահովել է նաեւ գույքով, գրասենյակային պիտույքներով, համակարգիչներով, ինտերնետ-կապով: Այստեղ 30 երեխա է հաճախում, նրանց հավաքագրումը շարունակվում է:
Մարտի 12-ին եւ 13-ին հորդառատ անձրեւների հետեւանքով Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղի միջով հոսող Ղազար գետակը (Որոտանի վտակ) դուրս է եկել ափերից եւ ողողել մերձակայքում գտնվող գոմը, կից կուտակված խոտի դեզը ու 2000 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս: Փրկարարների եւ գյուղի բնակիչների համատեղ ուժերով գետի հունը մաքրվել է, ջուրը հետ է քաշվել` առանց զգալի վնաս պատճառելու: Հաջորդ օրը, սակայն, մարտի 13-ին գետակը ողողել է գյուղի շուրջ 20 տուն եւ անասնագոմեր: Դեպքի վայր էին մեկնել փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ եւ 20 փրկարար, ինչպես եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ջրածածկ գոտում հայտնված մարդիկ եւ անասունները տարհանվել են: Մարտի 14-ին աղետի վայր է այցելել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը տեղում իրավիճակին ծանոթանալու համար, իսկ մարտի 16-ին մարզպետը Սիսիանում հրավիրված խորհրդակցությունում քննարկել է հեղեղումների հետեւանքների վերացման հարցը:
Մարտի 18-ին հանրապետությունում անցկացվել է "Կենգուրու" միջազգային մաթեմատիկական-տրամաբանական մրցույթը: Ինչպես տեղեկացանք Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի "Կենգուրու" մաթեմատիկական միջազգային մրցույթի համակարգող պարոն Խոջաբաղյանից, այս տարի Սյունիքի մարզում օլիմպիադային մասնակցել է 59 դպրոց, 2212 աշակերտ (անցած տարի` 34 դպրոց, 2054 աշակերտ): Մասնակցության համար աշակերտներն ստացել են մասնակցության հավաստագրեր, հուշանվերներ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսին: Լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաները կարժանանան պատվոգրերի, մրցանակների: Դպրոցականներին առաջադրված խնդիրները երկլեզու` հայերեն ու ռուսերեն էին: Մրցույթին մասնակցել են 3-11-րդ դասարաններում սովորող աշակերտները:
Լույս է տեսել 2010 թվականի օրացույց` գորիսեցի նկարիչ Մարտին Զաքարյանի գեղանկարներով: Ամեն ամիսն այստեղ նկարչի մեկ ստեղծագործությունն է ներկայացնում: Թեմատիկ առումով սրանք հիմնականում կնոջ ֆիգուրներն են, որոնք վերջին տարիներին գերակշռում են արվեստագետի ստեղծագործություններում: Գեղանկարիչն ասում է, թե գաղափարը կյանքի է կոչել` իբրեւ հանրությանը ներկայանալու եւ իր գեղանկարներին ծանոթացնելու ձեւ, քանի որ վերջին տարիներին արվեստագետները մարդկանց իրենց արվեստին ցուցահանդեսների միջոցով հաղորդակից դարձնելու հնարավորություն չունեն, միմյանց անգամ չեն ճանաչում մարզի տարբեր քաղաքներում ստեղծագործողները:
Օրացույցը տպագրվել է Երեւանում` 250 օրինակով, այն կարելի է ձեռք բերել Գորիսի գրախանութում:
Մարտի 15-ի լույս 16-ի գիշերը մարզի տարածքում գրանցված ուժեղ քամու հետեւանքով մարզի գյուղերում վնասվել են շինությունների տանիքներ` Բռնակոթում` 190, Իշխանասարում` 116, Նորավանում` 1270, Սպանդարյանում` 532 քմ մակերեսներով, կոտրվել են ապակիներ: Քամին վնասներ է հասցրել նաեւ Քաջարան, Անտառաշատ, Վերին Խոտանան, Ներքին Խոտանան, Ձորաստան, Վանեք, Աղվանի եւ մի շարք այլ գյուղական համայնքների եւս: Վնասների չափը, նախնական հաշվարկներով, կազմում է 38 մլն դրամ:
Մարտի 12-ին Կապանի մշակույթի կենտրոնի "Ակումբագրադարանային միավորման" մանկական գրադարանի սրահում տեղի ունեցավ կանանց, մայրության եւ գեղեցկության միամսյակին նվիրված ցերեկույթ: Գրադարանավարուհիները` գեղեցիկ ու հմայիչ կանայք, միջոցառման ժամանակ մեծարեցին կանանց, մայրությանը նվիրված բանաստեղծություններ արտասանեցին, իսկ մշակույթի կենտրոնի մանկական պարային խումբն իր կատարումներով ավելի ջերմ շունչ հաղորդեց ներկաներին:
Կապանի Շինարարների թաղամասի ակումբ-գրադարանում կայացած միջոցառումը "Քեզ եմ երգում, քեզ, մա՛յր անուշ" խորագիրն էր կրում: Ավագ գրադարանավարուհի Էլիզա Եփրեմյանի կազմակերպած գրական-երաժշտական համադրույթին մասնակցեցին թաղամասի N10 դպրոցի աշակերտների եւ մանկապարտեզի սաները: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել մարզային եւ քաղաքային գրադարանների աշխատակիցները: Հնչեցին մայրական սիրուն, գարնան զարթոնքին ձոնված երգեր եւ բանաստեղծություններ:
Այս ամիս Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած պատանիների եւ մեծահասակների ուշուի Եվրոպայի 13-րդ առաջնությանը Հայաստանի 13 հոգանոց հավաքականում առաջին անգամ Սյունիքից մասնակցել է 15-ամյա կապանցի Նարեկ Սողոմոնյանը (մարզիչ` Անդրանիկ Ավագյան): "Հայ սեւ գոտիների ասոցիացիա" ՀԿ Սյունիքի մասնաճյուղի սանն իր քաշային կարգում (70 կգ) ՀՀ չեմպիոնն է: Նարեկը վերադարձել է բրոնզե մեդալով, ինչը մեծ հաջողություն է նման մրցաշարի առաջին անգամ մասնակցող պատանու համար: Իսկ ընդհանուր ՀՀ հավաքականը 2 ոսկե, 9 բրոնզե մեդալ է վաստակել, ինչի շնորհիվ Թուրքիայում հնչել է մեր հիմնն ու բարձրացել եռագույնը: Առաջնությանը կապանցի մարզիկի մասնակցելը ֆինանսավորել էին Սյունիքի մարզպետարանը, Կապանի քաղաքապետարանը, "Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին":
Բաժինը վարում է ՍԱԹԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ