ԼՈՒՐԵՐ
Ապրիլի 24-ին` հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի օրը, Բաղաբուրջի հուշահամալիր այցելեցին Սյունիքի մարզպետարանի, Կապանի քաղաքապետարանի, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ովքեր Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի պատվանդանին ծաղկեպսակներ դրեցին: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին նաեւ Արցախյան գոյամարտում ընկած ազատամարտիկների շիրիմներին, անհայտ զինվորի հուշաքար-խաչքարին եւ Մեծ հայրենականում ընկած կապանցի զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Կապանի սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցվեց հոգեհանգստյան պատարագ:
Համանման միջոցառումներ տեղի ունեցան նաեւ Գորիսում, Սիսիանում, Մեղրիում:
Ապրիլի 17-ին Կապանի N2 ավագ դպրոցում (տնօրեն` Լեռնիկ Պետրոսյան) տեղի ունեցավ Կապանի եւ տարածաշրջանի դպրոցների մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ուսուցիչների, ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի դասախոսների ֆիզիկամաթեմատիկական գիտամեթոդական սեմինարի հերթական նիստը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ռուս-հայկական սլավոնական համալսարանի պրոռեկտոր, ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, մարզպետարանի կրթության բաժնի պատասխանատուներ, Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը եւ այլք: Նիստի ժամանակ ակտիվ քննարկումներ ծավալվեցին կրթական համակարգի արդյունավետության բարձրացման շուրջ:
"Դատաիրավական բարեփոխումներ" ծրագրի իրականացման գրասենյակի հատկացումներով անցած տարի սկսվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի եւ Մեղրու նստավայրերի նոր շենքերի կառուցումը. շինմոնտաժային աշխատանքներն արդեն ավարտվել են (198,4 մլն դրամ արժողությամբ):
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ կհատկացվի Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 254-րդ կմ-ում տեղի ունեցած սողանքի (37 մ երկարությամբ, 8 մ լայնությամբ, 2-5 մ խորությամբ) հետեւանքները վերացնելու, ճանապարհահատվածն ամրակայելու համար: Այդ մասին որոշում է ընդունել ՀՀ կառավարությունը:
Ապրիլի 12-19-ը տեղի ունեցավ "Ազգային գրադարանային շաբաթը", որն այս տարի "Հայացք գյուղի գրադարանին" կարգախոսն էր կրում: Շաբաթվա շրջանակներում ուշագրավ միջոցառումներ տեղի ունեցան մարզի քաղաքային գրադարաններում, Սյունիքի մարզային գրադարանում: Մարզային գրադարանում կազմակերպվել են նաեւ տեսական-գործնական խորհրդատվություններ գյուղական գրադարանների աշխատակիցների համար, Վահան Տերյանի 125, Րաֆֆու 175-ամյակներին նվիրված գրական ցերեկույթներ, իսկ ապրիլի 15-ին` Մ.Սարյանի ծննդյան 130-ամյակին նվիրված գրքային ցուցահանդես:
Ապրիլի 23-ին "Դավիթբեկյան ուխտեր" երիտասարդական հասարակական կազմակերպությունը Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում ծառատունկ է իրականացրել, մասնավորապես հուշահամալիրի սողանքային գոտում տնկվել է 95 հացենի: Ակցիան կազմակերպվել էր Մեծ եղեռնի 95-ամյակի առթիվ:
"Անասնապահության զարգացման ծրագիր Սյունիքի մարզում" նախագիծը, որ ֆինանսավորում է Շվեյցարիայի Համադաշնությունը, նպատակ ունի նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող գործառույթների եւ տրամադրվող ծառայությունների կատարելագործմանը: Նախագծի կողմից իրականացվող "Թիրախային 14 համայնքների եւ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կարողությունների կատարելագործման, փաստաթղթաշրջանառության ոլորտում տեղեկատվության կառավարման" ծրագրի շրջանակում մարզպետարանի աշխատակազմին հատկացվել է 15 արդիական համակարգիչ եւ գրասենյակային գույք:
Ապրիլի 10-ին Մեղրու N1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցած սեմինարը նվիրված էր ռուսաց լեզվի դասավանդման նոր մեթոդների ուսուցմանը: Այդ նպատակով Մեղրիում էին ԿԳ նախարարության ներկայացուցիչ, ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանը, մի շարք բուհերի ռուսաց լեզվի ամբիոնների դասախոսներ, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցներ: Միջոցառման ժամանակ ներկայացվեցին ռուսաց լեզվի ուսուցման առանձնահատկությունները եւ լեզվի ընդհանուր դրույթների զարգացումը: Այնուհետեւ ռուս գրող եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա.Գրիբոյեդովի ծննդյան 215-ամյակին նվիրված մրցույթ անցկացվեց: "Գրիբոյեդովի կյանքն ու ստեղծագործությունը" թեմատիկ մրցույթի հաղթողներ դարձան Մեղրու N1 միջն. դպրոցի աշակերտները (ռուսաց լեզվի ուսուցչուհի` Մարիամ Միքայելյան), ովքեր արժանացան պատվոգրերի: Միջոցառման մասնակիցները հետաքրքրությամբ ունկնդրեցին Գրիբոյեդովի վալսերի ձայնագրությունները, դիտեցին "Խելքից պատուհաս" ներկայացումից հատվածներ:
"Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության եւ կառավարման գրասենյակ" (IFAD) կազմակերպության կողմից 2009 թվականին իրականացվել է Անգեղակոթի (20,7 մլն դրամ), Աղիտուի (11,0 մլն դրամ) եւ Կապան քաղաքի Վաչագան թաղամասի (22,5 մլն դրամ) գազիֆիկացումը: Կառուցվել են Լեհվազ, Վարդանիձոր եւ Քաշունի գյուղերի խմելու ջրի ցանցերը` 16,2 մլն դրամ ընդհանուր արժեքով:
Ապրիլի 22-ը նշվում է որպես Երկրի օր: Օրվա շրջանակներում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպել է մի շարք միջոցառումներ` ընդգրկելով ոչ միայն Երեւանը, այլեւ մարզերը: Ապրիլի 24-ին Սիսիանի N3 դպրոցի բակում տեղի ունեցավ ծառատունկ, իսկ հաջորդ օրը` ապրիլի 25-ին, Մեծ հայրենականի հուշահամալիրի տարածքում կազմակերպվեց աղբահավաք, որոնց մասնակցել են պետական այրեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, էկոլոգիական ակումբի սաներ, կամավորներ: Ակցիայի նպատակն է ոչ միայն հասարակության ուշադրության կենտրոնում պահել բնապահպանական հարցերը, այլեւ խրախուսել հասարակության տարբեր շերտերի մասնակցությունը երկրի բնապահպանական խնդիրների լուծմանը:
Ապրիլի 20-ին աշխատանքի եւ պատերազմի վետերանների Մեղրու տարածաշրջանային կոնֆերանսում կազմակերպության խորհրդի նախագահ ընտրվեց Ժորա Սարգսյանը: