Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ

ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63

31 մայիսի 2010
No 10 (207)
 
Վարժահավաք
Զրույց
Կապանի
զինվորական կոմիսար, փոխգնդապետ
Լեոնիդ Գրիգորյանի հետ:
Գորիսի քաղաքապետի ընտրությունը` հունիսի 20-ին
Գորիսի քաղաքապետի թեկնածու են առաջադրվել գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը եւ Ավետիք Բուդաղյանը:
Ընդդիմություն
Մայիսի 11-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներն այցելեցին Սիսիան...
Տնտեսություն
Բնական գազի սպառումը 2009-ին ոչ միայն Սյունիքում, այլեւ ողջ Հայաստանում նվազել է, եւ սպասվում է, որ միտումը կշարունակվի 2010-ին: Ոլորտում արձանագրված ցուցանիշների, "Հայռուսգազարդ" ՓԲԸ Սյունիքի ԳԳՄ աշխատանքների մասին պատմում եւ իր պաշտոնավարման չորս տարին է ամփոփում մասնաճյուղի տնօրեն Արթուր Խաչատրյանը:
Տնտեսություն
Հարցազրույց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի հետ
Սոցիալական
Կենսաթոշակային համակարգի, ոլորտի խնդիրների եւ նրանում վերջին տարիներին կատարված փոփոխությունների մասին է հարցազրույցը Սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժնի պետ Գայանե Շալունցի հետ:
Խնայողության դաս
Հազարավոր տարիներ է, ինչ մարդկությունը զբաղվում է հաց արարելով: Հայաստան աշխարհը բացառություն չէ այդ տեսակետից:
Հոբելյան
Լյուդվիգ Հարությունյանին շնորհավորում եւ նրա աշխատանքային գործունեությանն են անդրադառնում կրթության երախտավորի գործընկերները:
Զբոսաշրջություն
Համաշխարհային մշակութային ժառանգության ուրույն նմուշ է Տաթեւի վանական համալիրը:
Նոր հուշահամալիր
***
Նոր վթար Գեղիի ջրամբարում
Մայիսի 15-ին` գիշերվա ժամը 3-ի սահմաններում, Գեղիի ջրամբարի ջրահեռացման թունելում տեղի է ունեցել նոր վթար, որը հեղեղի պատճառ է դարձել: Ջրամբարում կուտակված մոտ յոթ մլն խորանարդ մետր ջուրը բարձրացրել է Գեղի, ապա Ողջի գետերի մակարդակը: Արդյունքում աննախադեպ վնաս են կրել Լեռնաձոր համայնքի Բաբիկավան (Բարեկավան) եւ Կավճուտ (Թավշուտ) գյուղերի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքները: Ջրածածկ են եղել գյուղացիների այգիներն ու բանջարանոցները: Ջրի մեջ է հայտնվել Բաբիկավանի դպրոցը: Քշվել է 3-4 հա հողատարածք, վնասվել են մոտ 300 մետր ոռոգման ջրագիծ, մեկ կամուրջ, էլեկտրասյուներ, գազատար խողովակներ եւ այլն: Փլվածքներ են առաջացել Գեղի եւ Ողջի գետերի մերձափնյա հատվածներում: Կապան-Քաջարան-Մեղրի ավտոմայրուղու որոշ հատվածներում առաջացել են փլվածքներ: Հատկապես մեծ է փլվածքը մայրուղու` Արջի քանդակի մերձակայքով անցնող հատվածում: Կոմբինատի պոչուկատարի` Գեղի գետի ստորին հոսանքում գտնվող վթարային ռեզերվուարի թափոնները նույնպես չեն դիմացել հորդացած գետի "գրոհներին" եւ միախառնվել են Ողջիի ջրերին: Աղտոտվել են շրջակա միջավայրն ու մերձակայքի հողային շերտը:
Ձախողված այց
Թե ինչ վիճակ է տիրում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տեղական կառույցներում, գիտի յուրաքանչյուր ոք, ով գեթ մեկ անգամ առնչվել է դրանց հետ: Իրավապահ համակարգից հետո դա այն ոլորտն է, որի ստորաբաժանումների մեծ մասն ամենօրյա ու հետեւողական գործունեությամբ մարդկանց մեջ կասկածանք ու ատելություն է սերմանում հայոց պետության, երկրի Սահմանադրության, հայ ժողովրդի ապագայի հանդեպ:
Հայաստան - աշխարհ
Եվրամիությունը հստակեցնում է հարավկովկասյան ռազմավարությունը
"Հայաստանում լրագրողների դեմ հարձակումները, ինչպես նաեւ ընդդիմության ակտիվիստ եւ լրագրող Նիկոլ Փաշինյանի` հունիսի 18-ի համաներումից հետո էլ շարունակվող ազատազրկումը մտահոգում են եվրոպացի խորհրդարանականներին", – նշված է մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված թիվ 2216 բանաձեւում:
Արցախյան հիմնախնդիր
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել Է, որ Մոսկվան պաշտպանում Է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը եւ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ պետություն: Ըստ ՌԻԱ "Նովոստի"-ի` նա այդպես է մեկնաբանել մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները:
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Վերջին զանգի հանդիսությունների մտապատկերները քաղցր հուշերի տեսքով մարդուն ուղեկցում են ողջ կյանքի ընթացքում: Յուրաքանչյուրիս մեջ մայիս ամսվա վերջին տասնօրյակում ավելի թարմանում են այդ մտապատկերները, քանի որ դպրոցավարտ մի նոր սերունդ է ոտք դնում նոր կյանքի շեմին:
2009-2010 ուստարվա առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլում իրենց լավագույն կողմերով են դրսեւորել Կապանի N2 ավագ դպրոցի սաները:
"Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն" պետական ոչ առեւտրային կազմակերպությունը մշակութային-կրթական ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում Կապան քաղաքի N1 դպրոցում անցկացվեց "Սյունիքի մարզի պատմամշակութային գիտակներ" մրցույթ-վիկտորինա:
ԼՈՒՐԵՐ
Մայիսի 12-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող առողջապահական ծրագրի թիմի պատվիրակությանը: Նշվել է, որ նոր` "Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի հավելյալ ֆինանսավորման ծրագիրը" նախորդ երկուսի շարունակությունն է, որով նախատեսվում է մարզային մի շարք հիվանդանոցների վերազինում, Մեղրիում նոր հիվանդանոցի կառուցում: ՀԲ թիմին հետաքրքրում էր փոխվարչապետի տեսակետն ընտրված բուժհաստատությունների, ինչպես նաեւ Սյունիքի մարզում բուժծառայությունների մատուցման կազմակերպման վերաբերյալ: Ա.Գեւորգյանն առաջարկեց նոր ծրագրում ընդգրկել նաեւ Կապանի հիվանդանոցը` հաշվի առնելով մարզի բարդ աշխարհագրական դիրքը, քաղաքի` որպես արդյունաբերական կենտրոնի, զարգացման հեռանկարները: Փոխվարչապետի կարծիքով, թե° քաղաքական, թե° տնտեսական, թե° ժողովրդագրական եւ թե° բուժծառայությունների որակյալ մատուցման առումով Սյունիքի մարզում առնվազն երեք կենտրոն պետք է լինի` Գորիս, Կապան, Մեղրի-Ագարակ: Վերջին դեպքում օպտիմալ լուծում է համարվում երկու համայնքների միջեւ հիվանդանոց ունենալու տարբերակը:
"Դավիթբեկյան ուխտեր" երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մայիսի 25-27 կազմակերպված եռօրյա հավաք-շրջայցին մասնակցում էին երկու տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ ոչ միայն Հայաստանից, այլեւ Արցախից, Ջավախքից, սփյուռքից, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից: Հավաքի նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել Սյունիքի պատմամշակութային հուշարձաններին, տեսարժան վայրերին, ինչպես նաեւ նրանց գիտելիքներ հաղորդել Սյունիքի պատմության, մշակույթի, սյունեցիների կենցաղի մասին: Տարբեր ՀԿ-ների մոտ 100 ներկայացուցիչներ եղան Զորաց քարերում, Տաթեւի վանական համալիրում, այցելեցին Մխիթար սպարապետի գերեզման, Գորիսում ծանոթացան Ակսել Բակունցի տուն-թանգարանի ցուցանմուշներին: Հավաք-շրջայցը ներառում էր ծանոթությունը Կապանի պատմամշակութային հուշարձաններին (Վահանավանք, Հալիձորի բերդ, Բաղաբերդ), հաջորդ հանգրվանը Սոսիների պուրակն էր: Հավաք-շրջայցը եզրափակվեց Գորիսում` "Սյունիքը` հայոց պետականության հենասյուն" խորագրով գիտական կոնֆերանսով:
Մայիսի 23-ին Սյունիքի մարզի 7 համայնքում գյուղապետի ընտրություններ են կայացել: Ընդ որում` գյուղերից 5-ում թեկնածուները մրցակից չեն ունեցել: Ալվանքում համայնքապետ է ընտրվել Վարուժան Թումանյանը, Լեհվազում` ՀՀԿ անդամ Սասուն Զաքարյանը, Վարդանիձորում` ՀՀԿ անդամ Ալբերտ Բեկլարյանը, Նժդեհում վերընտրվել է ՀՀԿ անդամ Գեղամ Օհանյանը, Նռնաձորում` Մկրտիչ Մկրտչյանը: Միայն Տորունիքում եւ Եղեգում է ընտրության ժամանակ մրցակցություն եղել: Տորունիքում վերընտրվել է ՀՀԿ անդամ Անահիտ Հակոբյանը, Եղեգում ընտրվել է ԲՀԿ անդամ Վյաչեսլավ Մարկոսյանը: Գյուղական համայնքներից 5-ում (Տորունիք, Վարդանիձոր, Եղեգ, Նռնաձոր, Լեհվազ) նաեւ ավագանու ընտրություններ են կայացել:
ՀՀ կառավարությունը մայիսի 20-ի նիստում որոշել է 80 մլն դրամ տրամադրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը` Տաթեւի վանական համալիրի ճոպանուղու կառուցումը խոչընդոտող էլեկտրահաղորդման վեց հենասյուները տեղափոխելու նպատակով: Նշելով հարցի հրատապությունը` վարչապետը հիշեցրել է, որ աշխարհի ամենաերկար այդ ճոպանուղին բացվելու է ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին:
Կապանի երկրագիտական թանգարանում մայիսի 10-ին տեղի ունեցած գիտաժողովը նվիրված էր Մեծ հաղթանակի 65-ամյակին: Ընթերցվեցին պատերազմում զոհվածների նամակներ, ցուցադրվեց "Կապանյան զորահավաք" վավերագրական ֆիլմը` նվիրված Բրեստի կապանցի պաշտպաններին: "Սյունեցի զորահրամանատարները Մեծ հայրենականում" թեմայով հանդես եկավ գիտաշխատող Դավիթ Հակոբյանը, իսկ "Թիկունք. զրկանքներ հանուն հաղթանակի" թեմայով ելույթ ունեցավ թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը:
Թանգարանների միջազգային օրը Կապանի երկրագիտական թանգարանը նշեց մարզկենտրոնի N6 միջնակարգ դպրոցի հետ համատեղ: Կրթօջախում կազմակերպվել էր գիտաժողով` նվիրված կապանցի բարեգործներին: "Պողոս Նուբար փաշա. բարեգործությունը սահմաններ չի ճանաչում" թեմայով հանդես եկավ Կապանի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Հասմիկ Պետրոսյանը: Կապանցի բարեգործներին էր նվիրված N6 դպրոցի պատմության ուսուցչուհի Գոհար Հաջաթյանի զեկուցումը, իսկ նույն կրթօջախի պատմության ուսուցչուհի Մերի Գանդալյանը ներկայացրեց Պողոս Նուբար փաշա դիվանագետին եւ քաղաքական գործչին: Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի զեկուցումը կրում էր "Նուբարյանների տոհմագրությունը. ծագման առեղծվածները" խորագիրը: Գիտաժողովին մասնակցում էր նախիջեւանագետ, պատմական գիտությունների դոկտոր Արգամ Այվազյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչը: Կրթօջախում կազմակերպվել էր ցուցադրություն, սրահում հիմնականում ներկայացված էին բարեգործ Գասպար Տեր–Մարգարյանի (գ. Շրվենանց) անձնական իրերը:
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 65-րդ եւ Շուշիի ազատագրման 18-րդ ամյակներին նվիրված հանդիսությունները հավուր պատշաճի կազմակերպվեցին Անտառաշատ գյուղում, որտեղ համայնքի ղեկավար Արսեն Դավթյանի նախաձեռնությամբ վերջերս կառուցվել է Արցախյան գոյամարտում ընկած համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշաքար-խաչքար: Դրա բացման պատիվը տրվեց անտառաշատցի զոհված ազատամարտիկ Գագիկ Հարությունյանի այրուն: Արարողությունից հետո ծաղիկներ դրվեցին Մեծ հայրենականում ընկած անտառաշատցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Իսկ գյուղի հադիսությունների սրահում` տոնական սեղանի շուրջ, եւս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի քառուղիներով անցած մարդկանց: Համայնքի ղեկավարն Անտառաշատի բնակիչ Կոլյա Խաչատրյանին հանձնեց գյուղի ավագանու որոշմամբ նրան համայնքի պատվավոր անդամի կոչում շնորհելու հավաստագիրը:
Զինվորական ոստիկանության Սիսիանի ու Կապանի կառույցների ղեկավարներն այդպես էլ չեն պատասխանում հարցին, թե ով է, ի վերջո, զինվորական ոստիկանության "Շակալ" մականունով պաշտոնյան: Մինչ այդ, սակայն, "Ազգի" մայիսի 19-ի համարը նորից է արձանագրել իրողությունը, թե այդ պաշտոնյան երեք տարվա ընթացքում Սյունիքում սպանել է երեք ընձառյուծ, որոնցից մեկը հավանաբար հղի է եղել:
Մայիսի 20-ին "Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի" Սյունիքի մարզային մասնաճյուղը Կապանում կազմակերպել էր քննարկում` նվիրված "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքին: Նպատակը օրենքի եւ տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին հասարակության իրազեկության բարձրացումն էր: Մասնաճյուղի նախագահ Ա.Խալափյանը ներկայացրեց օրենքի դրույթները, ներկաների` պետական կառույցների, ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ քննարկեց այն իրացնելու հնարավորությունները: Բանախոսը նշեց, որ իրենց փորձից ելնելով` տեղեկատվություն ստանալու առումով ամենափակ կառույցը կադաստրն է, իսկ ներկաները նշեցին ՔԿԱԳ-ը (ԶԱԳՍ):
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան մասնաճյուղը մայիսի 24-ին կազմակերպել էր հանրապետական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը Սյունիք` ուրանի պաշարների ուսումնասիրության ծրագրի վերաբերյալ մարզում առկա մտահոգությունները, բնակչության մոտեցումներն ու պետական այրերի դիրքորոշումները լուսաբանելու համար: Կապանի Օրհուս կենտրոնում նրանց մասնակցությամբ կազմակերպվեց կլոր սեղան, որին մասնակցում էին բնապահպաններ, ՏԻՄ, մարզպետարանի, ՀԿ-ների, ուրանի ծրագրի դեմ վերջերս ստորագրահավաք նախաձեռնած կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նույն օրը լրագրողներն այցելեցին նաեւ Լեռնաձոր գյուղ` լսելու տեղաբնակների կարծիքն իրենց համայնքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման մասին:
Մայիսի 27-ին Քաղաքացիական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզպետարանների եւ ԵՄ խորհրդատվական խմբի հետ համատեղ Գորիսում կազմակերպել էր սեմինար` "ԵՄ տարածաշրջանային քաղաքականությունը եւ տարածքային զարգացման գործիքները" թեմայով: Սեմինարի նպատակը մարզպետարանի եւ ՏԻՄ մարմինների, ինչպես նաեւ համայնքների տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչներին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում ԵՄ տարածաշրջանների զարգացման քաղաքականությունները եւ գործիքները ներկայացնելն էր:
"Համո Սահյան" գիտամշակութային կենտրոնը բարերար Վահագն Հովնանյանի աջակցությամբ սահմանել է "Համո Սահյան" ոսկե մեդալ: Մեդալը հանձնվելու է նրանց, ովքեր ներդրում ունեն երեք բնագավառում` Համո Սահյանի ստեղծագործությունների տպագրություն, նրա ստեղծագործությունների գիտական արժեւորում, նրա հիշատակի հավերժացում: Առաջին մեդալները հասցեատերերին հանձնվեցին ապրիլի 29-ին Հայաստանի ազգային գրադարանում: Մեդալը պատրաստված է արծաթից եւ ոսկեջրված է, դրա հանձնումը կլինի ամեն տարվա ապրիլի 14-ին` բանաստեղծի ծննդյան օրը: Մեդալակիրներին տրվում է նաեւ Հ.Սահյանի վերջին` "Ինձ բացակա չդնեք" ժողովածուն, հեղինակի ընթերցմամբ իր բանաստեղծությունների խտասկավառակը: Կենտրոնի տնօրեն Շչորս Դավթյանը տեղեկացրեց, որ ներկայումս զբաղված են Համո Սահյանի հանրագիտարանի ստեղծման գործով, իսկ վերջերս պետպատվերով լույս է տեսել բանաստեղծի հատընտիրը:
Այս տարի լրանում է Կապանի արվեստի պետական քոլեջի (Կապանի երաժշտական ուսումնարան) հիմնադրման 45-ամյակը, որի շրջանակներում իրականացվում են միջոցառումներ: Քոլեջի "Գեղանկարչություն" եւ "Դիզայն" մասնագիտությունների ուսանողների աշխատանքների ցուցահանդես է կազմակերպվել Սյունիքի մարզպետարանում` նվիրված Մեծ հաղթանակի 65-ամյակին: Համերգ-ցուցահանդեսներ են անցկացվում Կապանի եւ նրա մերձակա գյուղերի դպրոցներում: Քոլեջի դահլիճում տեղի է ունեցել երգեհոնային համերգ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը, միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Բակունցը եւ քոլեջի շրջանավարտ Աննա Առուստամյանը կատարել են Մակար Եկմալյանի, Կոմիտասի, Բախի եւ այլոց ստեղծագործությունները: