- Քաջարանի մոլիբդենը պատկանում է հետեւյալ անձանց` "Քրոնիմետ" ընկերությունն է, որը ձրիաբար ստացել է այդ գործարանը 2004 թվականին եւ ապագայում շահույթից փողը վճարելու պայմանով: Կասկածներ կան, որ դա ասոցացվում է Ռոբերտ Քոչարյանի հետ: Բացի դա, երկու փոքր փայատեր կա, որից մեկը "Արմենիան մոլիբդեն փրոդաքշնն" է, որ հստակ ասոցացվում է Քոչարյանի հետ, եւ ինչ-որ մեկն էլ կա, կարծեմ, հենց տնօրենն է...Ավելի մանրամասն այս ինֆորմացիան կարող եք ստանալ, պարտավոր եք ստանալ պետռեգիստրից: Այդ ամբողջի շրջանառությունը, որպեսզի դուք պատկերացնեք, 2011-ին ցույց է տրված 195 մլրդ դրամ, խոսքը վերաբերում է մետաղական հանքարդյունաբերությանը:
Մետաղական հանքարդյունաբերությունը եղել է 195 մլրդ, ոչ մետաղականը` 45 մլրդ: 195 մլրդ դրամը դա 450 մլն դոլլար է: Մինչդեռ մեր տարրական հաշվարկներով արտադրվել է 10 հազար տոննա պղինձ, 6000 տոննա մոլիբդեն, 5,5 հազար տոննա մոլիբդենի համաձուլվածք: Այդ ամեն ինչը երկու միլիարդ դոլլար է, այսինքն` միայն 20 տոկոսն է ոչ ստվեր, այսինքն, երբ որ հանքերն ասում են` մեկ տոննա ենք արդյունահանել, իրականում 5 տոննա են արդյունահանել: Խոսքը վերաբերում է այդտեղ գտնվող բոլոր գործարաններին` ինչպես հին, որոնք են Քաջարանը, Ագարակը եւ Կապանը, այնպես էլ նոր: 2 մլրդ դոլլարի շրջանառությունը ներկայացվում է ընդամենը 400 մլն դոլլար, հարկերը ողորմելի ցածր մակարդակի են` 2-3 տասնյակ միլիարդ: Միանշանակ պիտի ասեմ, որ ժողովուրդը դրանից ոչինչ չունի, ցանկացած դեպքում որեւէ հանքի կպչելը վնաս է բնությանը: Ընդհանրապես հարցն այսպես է` Հայաստանում հանք պիտի շահագործվի՞, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանը լրիվ այլ հարթության մեջ է, որի պատասխանը պիտի տա Ազգային Ժողովը: Միշտ էլ հանքերի դեմ պիտի պայքարեն էկոլոգները` ով էլ լինի իշխանության, բայց այսօրվա էկոլոգների պայքարն առավել արդարացված է, որովհետեւ այսպիսի նորմատիվներ չկան, ով ինչքան ուզում է` արդյունահանում է: Հանքեր կան, որ մենք գիտեինք թե հարյուր տարվա է, մինչդեռ չորս-հինգ տարում պրծան: Այստեղ արդեն "Ժառանգության" հարցադրման թերի կողմը կա, որովհետեւ որպես կուսակցություն գոնե պետք է նախաձեռներ այն մեխանիզմի, այն օրենքի ընդունումը, որը կկոչվեր հանքերի քվոտավորման օրենքը: Իհարկե փոքրամասնություն են իրենք, եւ չէր անցնի նման օրենքը: Բայց պարտավոր էին անել: Եվ այս պահին մեր պետությունը չունի նման օրենք: Սահմանադրության մեջ գրված է, որ հանքերը ժողովրդի սեփականությունն են եւ պիտի օգտագործվեն ի նպաստ ժողովրդի: Բայց մեզ մոտ ի նպաստ ժողովրդի չեն տնօրինվում:
- Պարոն Բագրատյան, դուք որպես նախկին վարչապետ եւ տնտեսագետ, ի՞նչ եք կարծում, հանքավայրերը բնակելի տարածքներից ինչքա՞ն հեռավորություն պիտի ունենան, նորմեր կա՞ն այսօր, թե՞…
- Կան հին` սովետական նորմերը, վստահ չեմ` նորերը սահմանվե՞լ են, ականջիս չեն հասել: Կոնկրետ` ինչ վերաբերում է մոլիբդենին, որեւէ անհրաժեշտություն չկա այսօր գյուղեր, բնակավայրեր քանդել, առանց այդ էլ այսօր գյուղերը դատարկվում են, քանդվում է երկիրը: Հենց այդ գյուղերի տակ հավանաբար հարուստ պաշարներ կան, իսկ մարդիկ էլ ագահ են: Կառավարությունն էլ ոչ թե ժողովրդի կողքին է կանգնում, այլ ինչ որ մասնավոր սուբյեկտի, որից անձնական շահ է ակնկալում, այլ ոչ պետական:
- Փաստորեն այսօր պետությունը միայն անձնական շահից ելնելո՞վ է այդ քայլերը ձեռնարկում, թե՞ պետական շահից:
- Պետությունն այսօր հավասար է օլիգարխներին: Պետությունն իրենք են, իրենք ե°ւ պետությունն են, ե°ւ բիզնեսմենը: Եվ երբ որ իրենք գրում են հանրային գերակա շահ, իրենք նկատի ունեն իրենց շահը: Այստեղ միայն քաղաքական լուծումներ են պետք, այստեղ պետք է օրենքի լուծում: Պետությունը պետք է վերադարձնել սահմանադրական հուն` տառացիորեն հետեւելով սահմանադրության պահանջներին:
- Արծվանիկ գյուղի տարածքից, եթե այնտեղ եղել եք, երեւում են թափոնների գերեզմաններ:
- Իհարկե, այնտեղ ահավոր վիճակ է սովետական տարիներից սկսած: Նստած երազում ենք, թե երբ պիտի համաշխարհային գներն այնքան բարձրանան, որ որեւիցե մեկը սկսի այդ թափոնները վերամշակել: Դա պարզապես Անիի ավերակ է, այնտեղ` թույն, կանցերոգեն… Ես չեմ տիրապետում որեւէ թվերի բնակավայրերում քաղցկեղի տարածվածության մասին, բայց դա քաղցկեղի բուն է:
- Պետական մարմիններն ասել են, որ դրանք իրենք կարող են հողի հաստ շերտով ծածկել եւ այդ տարածքը գյուղատնտեսության համար օգտագործելի հողեր կարող են լինել:
- Պետական մարմինները ստում են, այդպիսի բան աշխարհում չի եղել, ասում են այդպես, որ հիմա քանդեն գյուղը: Եկեք պետական մարմնին հարցնենք` Թեղուտի անտառում (հիշում եք տարիներ առաջ ինչ տեղի ունեցավ) քանի՞ ծառ տնկվեց, ո՞ւր են հիմա այդ ծառերը:






