Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այդ օրը մատուցվեց սուրբ եւ անմահ պատարագ. պատարագիչը տեր Միքայել աբեղա Գեւորգյանն էր: Պատարագի վերջում կատարվեց Ջրօրհնեքի կարգ. սուրբ մյուռոնով օրհնված ջուրը բաշխվեց ներկաներին` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի հրաշափառ մկրտության: Նախօրեին` հունվարի 5-ի երեկոյան, մատուցվել էր ճրագալույցի պատարագ:
Արդեն առիթ ենք ունեցել ասել, որ տեր Միքայել աբեղա Գեւորգյանի հովվության ընթացքում եւ նրա շնորհիվ Տաթեւի վանքում հոգեւոր կյանքն իսկապես արթնություն է ապրում: Հունվարի 6-ին կրկին հանգեցինք այդ համոզմանը:
Այդ օրը մենք հաճելի նորություններ էլ իմացանք, ինչը, հավանաբար, պարտավոր էինք ավելի վաղ իմանալ: Պարզվում է, որ վերջին տասը տարում Տաթեւ գյուղը տվել է Հայ առաքելական եկեղեցու երկու եպիսկոպոս. Աշոտ եպիսկոպոս Մնացականյան (1972թ. ծնված), ով ներկայումս Հայ առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդն է (Գեւորգյան ճեմարանի շրջանավարտ), Մուշեղ եպիսկոպոս Բաբայան (1978թ. ծնված), ով նույնպես ավարտել է Գեւորգյան ճեմարանը եւ Մայր աթոռի վարչական բաժնի տնօրենն է:
Ըստ մոմավաճառ Արտաշես Հովհաննիսյանի` Տաթեւի ճոպանուղու գործարկումից հետո ավելացել է ե°ւ հավատավորների, ե°ւ զբոսաշրջիկների թիվը: "2011-ին մոտ 70 հազար այցելու է եղել Տաթեւի վանքում, որը 3-4 անգամ ավելի է նախորդ տարվանից: Մոմավաճառությունը, սակայն, նույն համամասնությամբ չի աճել, քանի որ ոչ բոլոր այցելուներն են հավատի թելադրանքով մտնում վանք: Շատերի համար վանքը պատմամշակութային հուշարձան է կամ ճարտարապետական կոթող: Երբեմն մարդիկ չեն էլ հասկանում, թե ուր են եկել, թե ինչ հոգեւոր նշանակություն ունի վանքը: Ոմանք էլ վանքի տարածք են մտնում ծխախոտով, շորտիկով", - մեզ հետ զրույցում ասաց Արտաշես Հովհաննիսյանը: Իսկ Գարիկ Մնացականյանը, ով Սյունյաց թեմի հուշանվեր-գրախանութների պատասխանատուն է, տեղեկացրեց, որ Տաթեւի վանքում երրորդ տարին է, ինչ գործում է համապատասխան խանութ, որ նման խանութներ կբացվեն նաեւ թեմի մյուս տաճարներում:






