թեեւ մաքսիմյան շեփորի կանչով մարտադաշտ են հանվել իշխանական "մատյան գունդն" ու պալատական մտավորականների առաջապահ ջոկատները
Հատված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` "Ա1+" հեռուստաընկերությանը տված հարցազրույցից:
"Սյունյաց երկիր" թերթի աշխատակիցը հունվարի 6-ին` Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան օրը, Սյունյաց աշխարհի հոգեւոր կենտրոն, աստվածասկիզբ Տաթեւի վանքում էր:
2011թ. հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը նշանակվել է Սյունյաց թեմի առաջնորդական նոր տեղապահ:
№ 22 (241)


ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐ

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՔԱՋԱՐԱՆ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՐ
Քաջարան գյուղը մեզ համար հայրենիք է, որի շուրջ որեւէ սակարկություն լինել չի կարող
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հայտարարությունը
Նախեւառաջ ուզում եմ շնորհակալություն եւ երախտագիտություն հայտնել բոլոր այն մարդկանց, հասարակական, քաղաքական կազմակերպություններին, բնապահպան ակտիվիստներին, լրատվամիջոցներին, ովքեր Քաջարան գյուղի համար դժվարին այս օրերին նեցուկ եղան, աջակցեցին մեզ` զավթիչներից գյուղը պաշտպանելու ազգային եւ հայրենասիրական գործում: Մենք հույս ունենք, որ այդ աջակցությունը շարունակություն կունենա մինչեւ խնդրի հաղթական լուծումը:

Այսօր ուզում եմ անդրադառնալ եւս մի քանի հարցի, որոնք հրատապ են պայքարի ներկա փուլում:

1. Գյուղի տարածքը Քաջարանի կոմբինատին տալու կողմնակիցները հաճախ են շեշտում "հանրային գերակա շահ" հասկացությունը: Մինչեւ հիմա, սակայն, ոչ ոք չի փորձել պարզաբանել, բացատրել այդ բառակապակցության իմաստը: Հիմա ուզում եմ վերջնականապես հասկանանք, թե ինչ է նշանակում "հանրային գերակա շահ":

Ուրեմն` կշեռքի մի նժարին սահմանային Քաջարան գյուղն է, մյուսին` մի քանի անհայտ, ծպտված մարդկանց անձնական շահը, փողի, թալանի հանդեպ անզուսպ մոլուցքը: Եկեք որոշենք` սահմանային Քաջարան գյո՞ւղն է գերակա շահ մեր երկրի համար, թե՞ մի քանի հոգու (որոնց անունները գաղտնի են պահվում հանրությունից) անձնական շահը:

Հանրային գերակա շահի մասին խոսելիս հաճախ են մեզ հիշեցնում, թե դրա արդյունքում պետական բյուջե ավելի շատ փող կմտնի: Դե իհարկե պիտի դրանից հարկերի չափն ավելանա: Մի՞թե հարկեր վճարելն էլ ուզում են բարեհոգություն համարել: Բյուջեի փողի նպատակն էլ ի վերջո պետք է սահմանամերձի ամրացումը լինի: Եթե բյուջեում փող ունենք, իսկ սահմանում` լքված գյուղեր, ապա ո՞ւմ է պետք այդ բյուջեն:

Ելնելով վերն ասվածից, մեկ անգամ եւս հայտարարում եմ` գերակա հանրային շահը նախեւառաջ սահմանային գյուղի պաշտպանությունն ու ամրապնդումն է: Այլ գերակա շահ չեմ պատկերացնում:

2. Վերջին ամիսներին մոդայիկ է դարձել մայրաքաղաքից որոշ պաշտոնյաների` Քաջարան գյուղ գալ-գնալը: Եվ բոլորն էլ միաբերան, այցի ավարտից հետո, հայտարարում են, թե Քաջարան գյուղում ընդամենը մի քանի ընտանիք է ապրում: Մաքսիմ Հակոբյանը Նոր տարվա նախօրյակին հայտարարեց, թե տասներկու ընտանիք է ապրում գյուղում: Այդ կարգի հայտարարությունները ոչ միայն սուտ են ու զրպարտչական, այլեւ ամոթալի հենց Մաքսիմ Հակոբյանի համար: Եթե իսկապես Քաջարան գյուղում ընդամենը տասներկու ընտանիք է ապրում, ապա առաջին հերթին դրանից պետք է ամաչի կոմբինատի տնօրենը: Նրա եւ մյուս պրոպագանդիստների հորինած տեղեկատվությունը եւս մեկ անգամ հաստատում է, որ տարիներ շարունակ այնքան է անտեսվել Քաջարան գյուղի շահը, որ մարդկանց մի մասը հեռացել է այնտեղից: Եթե մենք մի քիչ բարոյականություն ունենանք, ապա պետք է գյուղում ապրողներին խրախուսենք, մարդկանց պատճառած ամենօրյա վնասը փոխհատուցենք, այլ ոչ թե մնացածներին վարկաբեկենք, ահաբեկենք ու քշենք գյուղից:

3. Նոր տարվա նախօրյակին Կապանի տեղական հեռուստատեսությամբ, երկար լռությունից հետո, ելույթ է ունեցել "ԶՊՄԿ" ՓԲԸ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը. աչքներս լույս: Նրա ելույթը լսելուց հետո եւս մեկ անգամ եզրակացրինք, որ հայրենիքի նրա ընկալումը եւ մեր պատկերացումն իրար հետ ոչ մի կապ չունեն: Այդ ելույթը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք պայքարում ենք սահմանային Քաջարանի լինելիության, մեր պետության հարավային սահմանների ամրապնդման համար, իսկ Մաքսիմ Հակոբյանը եւ իր ծպտյալ գործընկերները պայքարում են իրենց, իրենց անհամար եղբայրների ու զավակների, իր` կասկածելի դավանանքի տեր տեղակալների ու օգնականների հարստացման համար: Պետական գերակա շահի անունից խոսող այդ մարդիկ նույնիսկ իրենց զավակներին բանակ չեն ուղարկել, իրենց հայրենի գյուղում թիկնապահներով են շրջում եւ օրերով փակվում Քաջարանից դուրս գտնվող իրենց պալատներում:

Նրանք խոսում են գյուղին իբր մի քանի միլիոն դրամ տալու մասին, իսկ իրենցից յուրաքանչյուրի ամսական աշխատավարձը միայն կազմում է մի քանի միլիոն դրամ, որոշներինը` մի քանի տասնյակ միլիոն դրամ, երբ նույն կոմբինատի բազմաթիվ աշխատողների ամսական միջին աշխատավարձը մոտ 80-90 հազար դրամ է: Այդ մարդիկ շատ վաղուց պետական ու հանրային շահը շփոթում են անձնական շահի հետ: Եթե չեք հավատում, ապա հաշվեք-հաշվարկեք, թե կոմբինատի` այսպես կոչված "արբանյակ" ձեռնարկություններից քանիսն են պատկանում Մաքսիմ Հակոբյանին ու նրա մերձավորներին, փորձեք ճշտել, թե տարեկան քանի միլիարդ դրամ է փոխանցվում հորինված այդ ձեռնարկություններին: Այնպես որ` Մաքսիմ Հակոբյանի եւ մեր պատկերացրած հայրենիքը միանգամայն տարբեր հասկացություններ են: Ուրեմն` գյուղի ճակատագրի շուրջ Մաքսիմ Հակոբյանի եւ նրա ծառաների հետ բանակցելն անլուրջ գործ ենք համարում, ինչի համար եւ վաղուց հրաժարվել ենք այդ բանակցություններից:

4. Ինչպես գիտեք, օրեր առաջ հրաժարականի դիմում էի ներկայացրել տարածքային իշխանությանը: Տեղյակ եմ պահում, որ այդ դիմումը ընթացք չի ստացել, դեռեւս ուժի մեջ է եւ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության կառավարությունը չի հրաժարվել հայտնի հակաազգային որոշումից:

5. Վերջին շրջանում կոմբինատի պաշտոնյաների կողմից համառորեն կեղծիքներ են տարածվում այն մասին, թե իբր Քաջարան գյուղի բնակիչները 1968թ. հայտնի երկրաշարժից հետո փոխհատուցում են ստացել: Հայտարարում եմ` դա զրպարտություն է: Այն ժամանակ պետության կողմից մասնակիորեն փոխհատուցվել են երկրաշարժի պատճառած վնասները, եւ երբեք խոսք չի եղել մարդկանց տների ու ունեցվածքի ամբողջական փոխհատուցման մասին: Ավելին, մոտ 50 տարի փայտե` վաղուց փտած տներում մարդկանց պահելը մեծագույն ամոթ է նախեւառաջ կոմբինատի համար:

6. Ուզում եմ հայ հանրությանը տեղյակ պահել, որ գյուղի տարածքի համար վերջին ամիսներին մղվող պատերազմի ընթացքում Քաջարանի կոմբինատի վերնախավը ահուսարսափի քաղաքականություն է իրականացնում գյուղի եւ գյուղացիների հանդեպ, թեեւ նրանց ահաբեկումներից մենք չենք ընկճվում: Դեռեւս երկու տարի առաջ են գյուղի երկու ճանապարհի վրա արգելափակոց դրել եւ շուրջօրյա հսկողություն սահմանել դեպի գյուղ եկող-գնացողների վրա: Իսկ հիմա` Քաջարան գյուղի` բանակից զորացրված երիտասարդներին աշխատանքի չեն ընդունում` մարդկանց հուսահատության մատնելու համար:

7. Մենք դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին` իրենց երկրի կառավարության միջոցով ապահովել "Քրոնիմետ մայնինգ" ընկերության տնօրեն Պիլարսկու այցը Քաջարան գյուղ, քանի որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հենց այդ ընկերությունն է կոմբինատի գլխավոր սեփականատերը: Գյունտեր Պիլարսկին պետք է բացատրություն տա քաջարանցիներին, թե ինչու են անպայման հավակնում մեր գյուղի տարածքին, երբ գործող հանքավայրը կբավականացնի եւս 2 դար:

8. Դիմում եմ նաեւ Հայաստանի կառավարությանը` վերջնականապես բացահայտել Քաջարանի կոմբինատի իրական սեփականատերերի անունները, որպեսզի Քաջարան գյուղի բնակիչները նրանցից պահանջեն փոխհատուցում` ամեն օր գյուղի օդային ավազանին եւ շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը հասցվող աներեւակայելի վնասների համար:

9. Օգտվելով առիթից` եւս մեկ անգամ ի լուր ամբողջ Հայաստանի, գյուղի ամբողջ բնակչության անունից, հայտարարում եմ` գյուղի տարածքի որեւէ մաս "ԶՊՄԿ" ՓԲԸ-ին տալու շուրջ որեւէ զիջում կամ բանակցություն լինել չի կարող: Մեր պայքարը շարունակական է: Դարերի ընթացքում քաջարանցին քանիցս պաշտպանել է իր գյուղն օտար զավթիչներից: Այսօր էլ մենք վճռական ենք` մինչեւ վերջ տեր կանգնելու մեր բնօրրանին եւ դիմագրավելու զավթիչներին: Եթե շատ-շատերի համար Քաջարան գյուղը հանքավայր է, նորանոր միլիոններ դիզելու միջոց, ապա մեզ համար այն Հայրենիք է, որի շուրջ որեւէ սակարկություն լինել չի կարող:

Կոչ եմ անում իմ հայ ժողովրդին` միանալ քաջարանցիների անզիջում պայքարին: Օգտվելով ընձեռված առիթից` թույլ տվեք շնորհավորել հայ ազգի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ ազգիս համար 2012-ը լինի նվաճումների եւ հաղթանակների տարի:

ՌԱՖԻԿ ԱԹԱՅԱՆ
ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ,
09 հունվարի 2012թ.
Հեռ.` 094-328111

Հ.Գ. 2011թ. դեկտեմբերի 29-ին, ՀՀ կառավարության 2011թ. N627-Ն որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով, մի խումբ բնապահպաններ նամակ են փոխանցել Հայաստանի նախագահի նստավայր: Մինչ այդ` բողոքի երթով բնապահպանները կառավարության շենքից հասել էին նախագահի նստավայր: Երթի ընթացքում բնապահպան ակտիվիստները երգում էին Քաջարանին նվիրված նոր երգը: Իսկ կառավարության շենքի բակում բնապահպանները գետնի վրա շարիկ էին գլորում. դա այն խաղն է, որով մեր նախարարները զբաղվում են Ազգային ժողովի նիստերի ընթացքում:

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հայտարարությունը

ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պատասխանում է Քաջարանի գյուղապետի մեղադրանքներին:
"ԶՊՄԿ" գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պնդում է, որ Քաջարան գյուղի հողատարածքները կոմբինատը չի պատրաստվում շահագործել
2011թ. դեկտեմբերի 30-ին "Զանգեզուրի ՊՄԿ" ՓԲԸ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հարցազրույց է տվել կապանյան հեռուստալրատվամիջոցներին
"Խուստուփ" հեռուստատեսությունը հունվարի 9-ին եթեր է սփռել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահեի խոսքը` Սուրբ ծննդի առիթով:

Սյունիքի մարզպետարանի 2011թ. գործունեության եւ մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին

Ութօրյա ճանաչողական այցով Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի քաղաքապետարանի հրավերով Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի գլխավորած չորս հոգանոց պատվիրակությունը Մոնտելիմարում էր:

Կապան հոգեւոր-մշակութային տարածքի մերօրյա իշխաններից մեկը, թույլ տվեք ասել, Արմո Արտաշեսի Մկրտչյանն է:

2011թ. արդյունքներով ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում հանրապետության նախագահի մրցանակ է շնորհվել Կապան քաղաքին:

Վերջին շաբաթվա ընթացքում "Սյունյաց երկիր" թերթի խմբագրություն զանգահարող քաղաքացիները դժգոհում էին, որ հունվարի 9-ից մարզի նախակրթարանները չեն աշխատելու...

Խնձորեսկի Արամ Սաթունցի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվեց գրական - երաժշտական ցերեկույթ` նվիրված հայ օպերային բեմի մեծ վարպետ Տաթեւիկ Սազանդարյանի ծննդյան 95-ամյակին:

"Հայաստանի էլցանցեր" ՓԲԸ "Տաթեւ" մասնաճյուղի տնօրեն Արայիկ Գրիգորյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Դեկտեմբերի 28-ին` ժամը 21:17-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում, թիվ 4 ա շենքին հարակից, տեղի է ունեցել ավտոպատահար

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով կա երեք տուժած: