"Ուզում եք ասել, որ այս ամբողջ աղմուկը անիմաստ տե՞ղն էր բարձրացվել"` մեր հարցին պարոն Հակոբյանը պատասխանեց. "Էնդեղ մարդ կա, որ անձնական շահ ունի, մեծ ակնկալիքներ են, ուզում է օգտագործել, չգիտեմ ինչեր անի… ": Մեր ճշտող հարցին` "գյուղապետ Ռաֆիկ Աթայանի՞ն նկատի ունեք", նա պատասխանեց. "Գյուղապետն ա, Արզումանյան Լեւոնն ա… Գյուղապետը կրթութուն չունեցող, աշխարհից բեխաբար մեկն ա, կողքից ասում են` գնա հայտարարի, ինքը գնում-հայտարարում ա: Նա էդ կատեգորիայի մարդ չի, ես մի քանի անգամ կանչել եմ, բացատրել եմ, "այո, այո" ա ասում, հետո գնում ա, մեկը մի բան ա ասում` վեր ա կենում, խոսում: Արզումանյան Լեւոնը կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալն է եղել, գործից հանել են: Կենսագրությունը որ նայեք` աշխատանքից միշտ հեռացրել են …":
Իսկ ինչո՞ւ եք գյուղի ճանապարհները փակել` այս հարցին պարոն Հակոբյանը պատասխանեց. "Էդ ճանապարհը մենք տեխնոլոգիական բաների համար ենք փակել, դա առաջ էլ կար, դա մեր անվտանգության համար է, ներքին անվտանգության ծառայություն ունենք, որտեղ 70 մարդ է աշխատում, ամիսը 1 մլն 200 հազար լիտր սալյարկա ենք օգտագործում, էդ սալյարկան գողանում են եւ էդ գյուղի տարածքով են տանում, մենք էդ ճանապարհները սահմանափակել ենք, որ չկարողանան գողանան: Ինչ վերաբերում է գյուղին, հենց պրյամոյ տենց էլ գրի` ա°յ հաստագլուխ, որ էդ մարդը ճանապարհը փակել ա, ամեն օր ինչի՞ ա կոմբինատի ավտոբուսը տրամադրում ձեզ` ով ցանկանում ա գնում ա գյուղ-գալիս: Ձրի, առանց որեւէ մի կոպեկի ամեն օր էդ ավտոբուսը գնում ա գյուղ-գալիս: Գյուղի հոսանքը մենք ենք տալիս ձրի, անջատե՞մ…":
"Էն օրը մեկը խոսում ա հեռուստատեսությամբ: Էդ մարդը մի օր մեր կադրերի բաժնի պետին խեղդում էր, լավ ա` մարդա եղել մոտը, բռնել ա, չի թողել: Դա շիզոֆրենիկ ա, մի քանի անգամ անկարգության համար գործից դուրս եմ հանել, նորից մայրը եկել ա, լացել, ես աշխատանքի եմ ընդունել, դրանով են ապրում, թե չէ` կորած մարդիկ են: Մի կին էլ հեռուստատեսությամբ կանգնել-ասում ա` ես անասուն եմ պահում տանը, որ չորս երեխաներիս պահեմ: Դրա ամուսինը 70-ն անց մարդ ա, մինչեւ այս հունվարի մեկը կոմբինատում որպես վաստակաշատ մարդ աշխատում էր, տղան մի քանի անգամ դուրս եկավ, գնաց Երեւանի փողոցներում թափառեց-եկավ, հիմա դրել եմ բարձր աշխատավարձով կոմբինատում տեղամասի պետի տեղակալ ա, հարսը հաշվապահ ա կոմբինատում… իրան չեն ընդունում, տանից դուրս են արել, գնացել ա ընդեղ ա մնում ու հայտարարում ա, որ` տանը անասուն եմ պահում: Տանը անասուն պահելը ո՞րն ա, դա մտածելու բան ա, թե էդ ո՞ւմ ի նկատի ունի", - իրենից բողոքողներին հերթով անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենը:
Բաժին հասավ նաեւ Քաջարանի գյուղապետին. "Գյուղապետի եղբայրը մոլիբդեն գողանալու համար գտնվում ա բանտում` ութ տարի նստացրել են: 2008թ. մարտի 1-ի օրը իրեն բռնել են գիշերը, իրեն ու մի քանի հոգու էլ: Փառքուպատիվ մեր իրավապահներին, որ բռնեցին, հիմա գտնվում ա բանտում: Էն բնակարանը, որտեղ որ հիմա գյուղապետը ապրում ա, պետությունը, դատարանը որոշում էր կայացրել, որ որպես վնասի փոխհատուցում պիտի տար: Մինչեւ հիմա վնասը չի փոխհատուցել, պիտի փոխհատուցեր 5 մլն դրամ, բայց ես ասել եմ` պետք չի, ջհանդամը… ":
www.aravot.am, 11.01.2012թ.






