Ապահովվել է համապետական եւ մարզային ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացումը մարզպետի կողմից համակարգվող բնագավառներում: Մասնավորապես, իրականացվել են արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացմանը եւ բնակչության պաշտպանությանն ուղղված հրամանաշտաբային ուսումնավարժանքներ եւ զորահավաքային միջոցառումներ: 2011թ. տարեկան զորակոչային առաջադրանքը կատարվել է 104.6 %:
Մարզում հասարակական կարգի պահպանությունը գտնվում է պատշաճ վիճակում, վերահսկելի է մնում օպերատիվ իրավիճակը:
Սահմանված կարգի պահանջների համաձայն կազմակերպվեց բնակչության մարդահամարի անցկացման եւ դպրոցահասակ երեխաների պետռեգիստրում գրանցման, ինչպես նաեւ մարզի համայնքներում ՏԻՄ ընտրությունների աշխատանքները:
2011թ. ՀՀ պետական բյուջեից մարզին նախատեսված միջոցների ֆինանսավորումը եւ համայնքներին լրավճարները հատկացվել են ամբողջությամբ:
Պետական բյուջեից մարզպետարանի միջոցով ֆինանսավորվող ծրագրերի եւ համայնքների բյուջեի ծախսերի գծով 2011թ. պարտքեր չեն առաջացել:
Համայնքների հողի հարկը հավաքվել է 100%-ով, գույքահարկի գծով եկամուտները հավաքվել են 102%-ով, կամ համապատասխանաբար` 196 եւ 213 մլն դրամ: Համայնքների սեփականություն համարվող հողերի եւ գույքի վարձակալության գծով եկամուտները կազմել են 354 մլն դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա մուտքերը շուրջ 93 մլն դրամով:
Մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ապրանքային արտադրանքի ծավալը 2011թ., նախնական տվյալներով, ընթացիկ գներով կազմել է շուրջ 176.0 մլրդ դրամ, նախորդ տարվա նկատմամբ աճը համադրելի գներով կազմել է մոտ 23%: Իրացվել է ավելի քան 158.0 մլրդ դրամի արտադրանք:
Արտադրվել է մոտ 1376.0 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, սպառվել է 40.3 մլն. խոր.մ. գազ:
2011թ. 10 ամսվա տվյալներով մարզում տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմել է 56.2 հազար մարդ: Գրանցված գործազուրկների թիվը կազմել է 4687 մարդ, որը կազմում է հանրապետության համապատասխան ցուցանիշի 6.7%-ը, գործազրկությունը մարզում կազմում է 8.3%, որը հանրապետության միջին ցուցանիշից բարձր է 1.3 անգամ:
Միջազգային կառույցների, հիմնադրամների եւ բարեգործական կազմակերպությունների միջոցով նախնական տվյալներով իրականացվել են շուրջ 11 մլրդ. դրամի ներդրումային, հումանիտար եւ վարկային ծրագրեր` ընդգրկելով մարզի գրեթե բոլոր համայնքները:
Մարզի փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցման նպատակով իրականացվել են մոտ 6.9 մլրդ դրամի վարկային ծրագրեր: Իրականացվել են նաեւ շուրջ 4 մլրդ դրամի զարգացման ծրագրեր:
2011թ. սկսվել են գերմանական զարգացման բանկի /KFW/ ֆինանսավորմամբ Շիկահողի կենսոլորտային արգելոցի եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կարիքների գնահատման նախապատրաստական աշխատանքները: Ծրագրի ընդհանուր ներդրման չափը կկազմի 8250.0 հազ. եվրո, որը կուղղվի Շիկահողի կենսոլորտային արգելոցի ստեղծման եւ Կապան, Շիկահող, Ծավ, Սրաշեն, Ճակատեն, Ն. Հանդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը:
Ծրագրի իրականացման մեկնարկը կտրվի 2012 թվականից:
Մարզի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների իրականացման նպատակով ՀՀ կառավարության 2011թ փետրվարին 3-ի 108-Ն որոշմամբ Սյունիքի մարզին հատկացվել է 720 մլն դրամ, որը նպատակաուղղվել է քաղաքային համայնքների ճանապարհային ցանցի ասֆալտապատմանը, վերանորոգմանը, ինչպես նաեւ կրթական, մշակութային, բնակելի ֆոնդի հիմնանորոգման, պահպանման եւ խմելու ջրի ներքին ցանցերի նորոգման աշխատանքներին: Ասֆալտապատվել եւ նորոգվել է Կապան քաղաքի Ռ.Մինասյան, Գորիսի Խորենացու փողոցը եւ Ավանգարդ թաղամասը, Ագարակի Չարենցի փողոցը, Սիսիանի Հովհան Որոտնեցու փողոցը: Հիմնանորոգվել են Կապանի երկրագիտական թանգարանը, Գորիսի Ա.Սաթյանի անվան երաժշտական դպրոցը, Սիսիանի Որոտան գետի ջրային հայելիները, Խնձորեսկ գյուղի խմելու ջրի ներքին ցանցը:
2011թ սեպտեմբերի 29-ի ՀՀ կառավարության 1436-Ն որոշմամբ Սյունիքի մարզին հատկացվել է եւս 720 մլն դրամ, որից 404 մլն դրամը նպատակաուղղվել է քաղաքային համայնքների ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատմանը եւ նորոգմանը, ինչպես նաեւ դպրոցների, նախակրթարանների հիմնանորոգմանը, մատաղ սերնդի դաստիարակության պայմանների բարելավմանը:
Սկսվել են Կապան քաղաքի Գ.Արզումանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները, ավարտին կհասցվեն Գորիս քաղաքի Խորենացի փողոցի, Մեղրու միջպետական մայրուղուն կապող կամրջի հիմնանորոգման աշխատանքները, որոշակիորեն կբարեկարգվի Սիսիանի Կամոյի փողոցը: Մեղրի քաղաքի թիվ 1 թաղամասում իրականացվել է փողոցի ասֆալտապատում, եւ ավարտին են հասցվել Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Նշված ծրագրի շրջանակներում կավարտվեն Աճանան համայնքի դպրոցական շենքի տանիքի եւ կոյուղագծի, Կապանի երկրագիտական թանգարանի, Կապանի թիվ 4 եւ Սիսիանի թիվ 3 մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները, կհիմնանորոգվեն Գորիսի N2 եւ N5 դպրոցները, Գորիսի պետական քոլեջի սանհանգույցները, Սիսիանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքը, ինչպես նաեւ Սառնակունք համայնքի հանդիսությունների տունը: Հատկացված միջոցների հաշվին Իշխանասար համայնքի համար գնվել է վարչական շենք: Կամրացվի եւ կուժեղացվի Սիսիանի Ֆիզկուլտուրնիկների փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքի վթարային 4-րդ մուտքը:
Որպես համաներդրում` 65 մլն դրամ է հատկացվել Գորիսում սոցիալական տան կառուցման համար, որի աշխատանքներն իրականացվում են Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության "Սոցիալական տուն` աջակից պայմաններով" ծրագրի շրջանակում:
Ընդհանուր առմամբ հատկացված 1 մլրդ 440 մլն դրամով լուծում կտրվի մարզի ավելի քան 30 առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների: Մարզում զգալի աշխատանքներ են կատարվել գյուղատնտեսության բնագավառում:
2011թ. կատարվել է 24761 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք:
2011թ. կատարվել է 11200հա աշնանացան եւ 2800հա ցրտահերկ, նախորդ տարվա 10288հա աշնանացանի եւ 2200հա ցրտահերկի փոխարեն:
2010 թ. համեմատությամբ աշնանացանի ցանքատարածություններն ավելացել են 912 հա-ով:
2011թ. մարզին հատկացվել է Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 341տ ցորենի "էլիտա" եւ ֆերմերների կողմից հետ վերադարձված 501տ առաջին վերարտադրության սերմացու /որից 90տ` մարզպետի միջնորդության շնորհիվ/: Ռուսաստանի Դաշնությունից հանրապետություն ներկրված սերմացուն բաշխվել է 7հա եւ ավելի վարելահող ունեցող ֆերմերներին: Տրամադրված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուն բաշխվել է 1-3հա հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսություններին: Սերմացուն գյուղացիական տնտեսությունների կողմից ամբողջությամբ ցանվել է: Կատարված ուսումնասիրությունների արդյունքները բավարար հիմք են տալիս ակնկալելու բարձր բերքատվության ցուցանիշներ:
Համակարգված աշխատանքների արդյունքում բերքահավաքը իրականացվել է ամբողջությամբ: Հացահատիկի միջին բերքատվությունը մարզում կազմել է 22-23ց:
Տարվա ընթացքում մարզ է ներկրվել 1200 տ պարարտանյութ, որից 500տ բաշխվել է զգալիորեն զեղչ գներով (յուրաքանչյուր պարկի համար Սյունիքի մարզպետի կողմից 2000դրամի չափով փոխհատուցվել է գյուղացիներին):
2011 թվականին, նախնական տվյալներով, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է մոտ 52000 գլուխ կամ նախորդ տարվա համեմատ աճել մոտ 800-ով: Զգալի աշխատանք է կատարվել ոռոգման համակարգերի ընդլայնման եւ վերականգնման ուղղությամբ` ավելի քան 1 միլիարդ դրամի չափով: Ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրումը կազմել է 96%:
Անասնաբուժության ոլորտում ամբողջությամբ իրականացված պրոֆիլակտիկ միջոցառումների արդյունքում սուր վարակիչ հիվանդություններ չեն գրանցվել:
Մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք է բերվել նոր գյուղատնտեսական տեխնիկա:
Մարզի 42 հանքավայրերի համար տրվել են ընդերքօգտագործման լիցենզիաներ, որոնցից ներկայումս շահագործվում է 27-ը, որից 6-ը` մետաղական, 21-ը` ոչ մետաղական: Բոլոր հանքօգտագործողներն ունեն հողահատկացման եւ ընդերքի օգտագործման համապատասխան փաստաթղթեր:
Թվով 45 կազմակերպության տրվել են ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներ:
Համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության հողերից 2011թ. օգտագործման համար վարձակալությամբ հատկացվել է 30.5 հազար հա հողամաս, որը 2010թ. համեմատ 1500 հա-ով ավելի է:
Նախատեսված 146.0 մլն դրամ վարձավճարներից 2011թ. գանձումները կազմել են 140.1 մլն դրամ կամ 96.0 %:
Համայնքային սեփականության հողերից օտարվել է 41.99 հեկտար հողամաս, որից մուտքերը կազմել են 43.2 մլն դրամ, ինչը օտարված հողամասերի կադաստրային արժեքների հանրագումարը գերազանցել է 12.7 մլն դրամով:
Մարզային ենթակայության առողջապահական հաստատություններում աշխատում է 1298 մարդ, որից 277 բժիշկ, 683 միջին եւ կրտսեր բուժաշխատող: Կարիք կա 50-ից ավելի բժիշկ -մասնագետների: 2011թ. ավարտվել են Կապանի բժշկական կենտրոնի հիմնանորոգման եւ Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները: 2012թ. կսկսվեն շինարարական աշխատանքները: Ավարտվել են նաեւ Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները: Ընթացքի մեջ են Քաջարանի բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: 19 մլն դրամ հատկացվել է Սիսիանի բժշկական կենտրոնի վերանորոգման նպատակով:
Մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների պետական պատվերի գլոբալ բյուջեն կազմել է շուրջ 1.7 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99.6%: Ֆինանսական փոխհատուցումը իրականացվել է 100%:
Մարզի առողջապահական հաստատությունները չունեն կրեդիտորական պարտքեր, այդ թվում` աշխատավարձի եւ սոցվճարների գծով:
Վճարովի ծառայություններից մուտքագրվել է շուրջ 88 մլն դրամ:
2011թ. նոյեմբերի 27-ի դրությամբ Սյունիքի մարզում համավճարի սկզբունքով բուժվել է 413 հիվանդ, համավճարի սկզբունքի կիրառմամբ մուտքագրվել է 19.6 մլն դրամ:
Մարզի բժշկական կենտրոններում ստացիոնար բուժօգնություն է ստացել 8373 հիվանդ, որոնցից վիրահատական բուժօգնություն` 1524-ը: Շտապ օգնության ծառայության միջոցով իրականացվել է 17682 կանչ: Պրոֆիլակտիկ պատվաստումներում ընդգրկվածությունը կազմել է 96%:
Ծնվել է 1535 երեխա: Գրանցված ծնունդների 97.3% եղել է մարզի բժշկական կենտրոններում: Մանկական մահացությունը նվազագույններից է հանրապետությունում:
Մարզի բուժհաստատությունների կողմից հիվանդներին տրամադրվել է 211 մլն դրամի անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղորայք:
Սոցիալական անապահով խմբերում չընդգրկված, սակայն ծանր սոցիալական վիճակում գտնվող 285 բնակիչ մարզպետի միջնորդությամբ ուղեգրվել է Երեւան /95 հոգի/ եւ մարզի այլ բուժհաստատություններ /190 հիվանդ/:
2011թ. ընթացքում, համաձայն մարզպետի կողմից հաստատված ժամանակացույցի, իրականացվել է "Բաց դռների օր" միջոցառումը մարզի տարածաշրջաններում գործող բոլոր առողջապահական ընկերություններում: Միջոցառումների շրջանակներում հետազոտվել է 1700 մարդ, իսկ 58 հիվանդի տրվել է միջնորդագիր հիվանդանոցային պայմաններում անվճար բուժօգնություն ստանալու համար:
Հաշվետու տարում 63 հաշմանդամի անվճար հատկացվել է առողջարանային ուղեգիր, որից 5-ը` մանկուց հաշմանդամի:
Կազմակերպվել է "Պրոթեզաօրթոպեդիկ" ՍՊԸ-ի աշխատակիցների այցը մարզ, որոնց միջոցով մարզի 400 հաշմանդամների հատկացվել է 47 լսողական սարք, 122 պրոթեզի կոշիկ, 165 կոշիկի չխոլ, 39 ձեռնափայտ, 26 հենակ, 1 քայլակ:
Հաջողությամբ շարունակվել է "Սոցիալական տուն` աջակից պայմաններով" ծրագրի հիմնական` "Գորիս-2" փուլը, որն իրականացվում է Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորումով: Այս փուլում լուծում կստանա սոցիալապես անապահով, վագոն-տնակներում բնակվող 22 ընտանիքի բնակարանային ապահովության հարցը: Ծրագիրը միաժամանակ նպատակ ունի ուժեղացնելու համայնքային իշխանությունների կարողությունը սոցիալական աշխատանքի բնագավառում:
Մարզպետարան դիմած 961 քաղաքացուց 826-ին տրվել է դրամական օգնություն:
2011թ. ընթացքում, սահմանված կարգի համաձայն, լիցենզավորվել է 105 դպրոց, գործընթացը գտնվում է ավարտական փուլում:
ՀՀ կառավարության որոշման համաձայն` 2011թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզային ենթակայության 114 դպրոցից 84-ում կազմակերպվել եւ անցկացվել են տնօրենների պաշտոնների համար մրցույթներ, 2012թ. առաջին եռամսյակում կանցկացվեն եւս 11-ում: Մարզի 12 դպրոցում ընտրվել է նոր տնօրեն:
"Կրթության մատչելիության ապահովում" ծրագրի շրջանակներում մարզում գործող 16 նախակրթարաններում կատարվել են վերանորոգման աշխատանքներ. տրամադրվել է նաեւ համապատասխան գույք:
2011թ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում "Փյունիկ" հիմնադրամի կողմից մարզի դպրոցներին տրամադրվել են 15 լաբորատոր սարքավորումներ եւ 50 համակարգիչ: Գործընթացը շարունակական է:
Մարզի դպրոցականներն ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել մարզային եւ հանրապետական ամենատարբեր մրցույթների ու փառատոների:
Առարկայական օլիմպիադաներից 73 աշակերտ մասնակցել է հանրապետական փուլին, 19 մասնակից արժանացել է 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմի, 17-ը` գովասանագրի:
2011թ. մարզի համայնքներում պատշաճ մակարդակով նշվել են ազգային, պետական տոները, հոբելյանները: Կազմակերպվել եւ անց են կացվել բազմաբնույթ մշակութային եւ սպորտային միջոցառումներ, փառատոներ, ցուցահանդեսներ, երիտասարդական հավաքներ:
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպվել եւ անց են կացվել "Երազի իմ երկիր", "Սյունիք", "Սյունիքի մշակութային օրեր ԼՂՀ-ում" մարզամշակութային փառատոները, "Կինոաշուն, ազգային կինոյի ամիս" միջացառումը:
ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ բարեկամության 20-ամյակին նվիրված կազմակերպվել եւ անց են կացվել "Հայ-Իրանական բարեկամության օրեր Մեղրիում" միջոցառումների ծրագիրը, "Եվրոպական ժառանգության օրեր Գորիսում" հանրապետական միջոցառումը:
Բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել` նվիրված Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման 15-ամյակին: Այս միջոցառումների շրջանակներում մարզն ակտիվ մասնակցություն է ունեցել Գյումրի քաղաքում կայացած "Expo-ցուցահանդես եւ մշակութային միջմարզային մրցույթ փառատոն"-ին` գրավելով մեկ առաջին եւ մեկ երկրորդ տեղ:
Գ.Նժդեհի 125 եւ Լեռնահայաստանի 90-ամյակներին նվիրված միջոցառումների շրջանակներում Տաթեւ գյուղում եւ Կապան քաղաքում կազմակերպվել եւ անց են կացվել հանրապետական գիտաժողովներ:
2011թ. ընթացքում տեղի ունեցած մարզական բազմաթիվ մրցաշարերին ու ստուգատեսներին ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել մարզի ներկայացուցիչները:
"Լավագույն մարզական քաղաքային համայնք" ստուգատեսի հանրապետական փուլում լավագույն քաղաք է ճանաչվել Կապանը, "Լավագույն մարզական բակ" ստուգատեսի հանրապետական փուլում Քաջարան քաղաքը զբաղեցրել է 2-րդ տեղը:
2011թ. շարունակվել է արտաքին կապերի ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
Մարզում գերակա հիմնախնդիրը շարունակում է մնալ աշխատատեղերի ստեղծման եւ գործազրկության մակարդակի իջեցման հարցը, դրանով իսկ մեր համաքաղացիների բարեկեցության աճի ապահովումը:
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ






