Վերջին շաբաթվա ընթացքում "Սյունյաց երկիր" թերթի խմբագրություն զանգահարող քաղաքացիները դժգոհում էին, որ հունվարի 9-ից մարզի նախակրթարանները չեն աշխատելու, եւ իրենք չգիտեն, թե որտեղ թողնեն երեխաներին արձակուրդի ավարտից հետո: Պարզվեց, որ գործող նախակրթական հաստատությունները հունվարի 9-ից անցել են աշխատանքի: Իսկ Գորիսի քաղաքապետարանից տեղեկացրին, որ մանկապարտեզները կգործեն փետրվարի 1-ից, քանի որ քաղաքում ջրծաղկի դեպքեր են գրանցվել, ինչի հետեւանքով պարապուրդ է ձեւակերպվել: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզի տարածքային կենտրոնի տնօրեն Լենա Մալինցյանը վերահաստատեց, որ Գորիսի N1 նախակրթարանում ջրծաղկի համաճարակ է գրանցվել, ինչի պատճառով էլ հայտարարվել է կարանտին մինչեւ հունվարի 17-ը, եթե վարակը չանցնի, այդ ժամկետը կերկարացվի: Լ.Մալինցյանի խոսքերով` մանկապարտեզներից բացի ջրծաղկով հիվանդներ կան նաեւ Գորիսի դպրոցներում, եւ նրանց խնամքը տարվում է տնային պայմաններում: Բացի Գորիսից, մարզի մյուս քաղաքներում ջրծաղկի դեպքեր չեն գրանցվել: Վերանորոգման պատճառով կերկարաձգվի նաեւ Սիսիանի N3 մանկապարտեզի արձակուրդը: