09/18/2019

Դառը ճշմարտություն. Գեղանուշ, 1993թ.

Դառը ճշմարտություն. Գեղանուշ, 1993թ.

ՀՐԱՆՏ ԷԼՉՅԱՆ
Ձմեռը կամաց-կամաց նահանջում էր գյուղի փեշերից։ Գարնան մուտքն այդ տարի տխուր էր։ Պատերազմի նահանջն առանց տխրության հետքերի չմնաց, իսկ մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորությունից դեռ լսվում էին թնդանոթների որոտները, որոնք տխուր սպասումների տեղիք էին տալիս անընդհատ։ Քաղաքում նոր զորահավաք էր։ Իմ որդին նույնպես ստացել էր զորակոչի թերթիկ։ Հրաժեշտի համար դուրս եկանք գյուղամեջ։ Գյուղի կենտրոնում մարդկանց բազմություն էր հավաքվել, մենք մոտեցանք նրանց եւ ողջունեցինք։ Չպատասխանեցին, լռությամբ գլխով արեցին մեր բարեւին ու շարունակեցին քննարկել պատերազմի վիճակը։ Կողանց կանգնածներից մեկը, ով նույնպես նոր էր միացել մեզ, ինձ հարցրեց.

- Իջնե՞նք ներքեւ, - այս խոսքի տոնից տխրության հոտ փչեց։
- Ո՞ւր, - հարցրի ես։
- Գուրգենին, չգիտե՞ս, բերել են, զոհվել է, իջնենք ցավակցելու։
Գուրգենը որդուս հասակակիցն էր ու ընկերը։
Որդիս, ով ինձ մոտ կանգնած էր, հանկարծակի պոռթկաց.
- Ինչպե՞ս թե, ախր նա հրետանավոր էր։
Տարեց մի մարդ իրադրությունը մեղմելու համար շարունակեց.
- Պատերազմը մասնագիտություն չի հարցնում։

Քիչ այն կողմ Գուրգենենց տունն էր, երկհարկանի, առաջին հարկի լայն դիմային կտուրով, որի վրա գյուղացիք խմբված, լռությամբ, գլուխները կախ եկել էին վիշտը կիսելու։ Հորթն արդեն մորթում էին, ոմանք հուղարկավորության ծաղկեպսակներ էին պատրաստում։ Ամեն մարդ ցանկանում էր իր մի փոքր գործով թեթեւացնել սգվորների վիշտը։ Առաջին հարկի կտուրից սկսվում էին աստիճանները, որով անցուդարձը, վերուվարը չէին պակասում։

Բարձրացանք երկրորդ հարկ, որտեղ հարեւան կանայք շրջապատել էին Գուրգենի դին` կարմիր դագաղի մեջ։ Գլխավերեւում նրա մայրն էր, լացից ձայնն արդեն կտրվել էր։ Ես ու տղաս, չկարողանալով զսպել արցունքները, դուրս եկանք միջանցք, հետո խառնվեցինք առաջին հարկի կտուրին կանգնած մարդկանց։ Որոշված էր` Գուրգենի թաղման արարողությունը կկատարվի վաղը։ Ավանդույթի համաձայն` գյուղացիք եւ քաղաքից եկած մարդիկ մտնում, ցավակցում էին ծնողներին ու կարեկցում իրենց ներկայությամբ։ Ամեն բան ընթանում էր սգվորներին օգնական լինելու ավանդական ընթացքով։

Ժամը 19-ին քաղաքից ժամանած մեքենայից իջավ մի զինվոր` հրազենն ուսին, հագուստը ցեխի ու կեղտաջրի մեջ կորած. հասկանալի էր, որ ուղիղ առաջին գծից է տուն դարձել։ Բոլորս, կարծեք, մագնիսական դաշտի ձգողությամբ շարժվեցինք դեպի զինվորը։ Էդիկն էր` ջոկի հրամանատար, մեր գյուղի խիզախներից, ով պատերազմի սկզբից գյուղի սահմաններից մինչեւ ռազմաճակատի վերջին գիծը կռվել էր։ Բոլորի հետ ձեռք սեղմեց, հետո վառեց ծխախոտն ու տեսնելով շատ մարդկանց, հարցրեց.

- Էսքան պարապ մարդ կլինի՞, աչքիս ինձ եք դիմավորում։
Բոլորս լուռ էինք։ Լռությունը կոտրեց տարեց մի մարդ.
- Պատմիր, տեսնենք Գուրգենի մահն ինչպես է պատահել։
- Ի՞նչ Գուրգեն, Գուրգենն իմ ճակատը համբուրել ու ինձ տուն է ճանապարհել առավոտյան ժամը իննին, իսկ ինքը հրետանու վրա է…
 Գյուղացիներից մեկն ուղղեց.

- Խոսքը մեր գյուղի Գուրգենի մասին է, - ու գլխով ցույց տվեց հանգուցյալի տունը։
- Հա, Գուրգենին հրետանու մոտ թողել ու եկել եմ, բոլորիդ բարեւում է, իջնեմ ծնողներին տեսնեմ ու տուն գնամ` հոգնած եմ։

Թեքվեց գնալու, հայրը թեւից բռնեց ու ավելի լրջորեն ասաց.
- Գուրգենին այսօր բերել են, գնդակը նրա ողնաշարը փշրել է, վաղը թաղումն է։
- Առաջին գծից մինչեւ այստեղ ուրիշ ճանապարհ չկա, այդ ինչպե՞ս հասցրիք, գուցե ինքնաթիռո՞վ եք նրան բերել:

Գյուղացիք զայրացան Էդիկի խոսքերից` սթափ չէ երեւի, որ այդպես անկապ դուրս է տալիս: Զինվորն իջավ սգատուն, բարձրացավ երկրորդ հարկ, մոտեցավ Գուրգենին։ Գուրգենի մայրը լացի մեջ սկսեց շեշտել` վեր կաց, Գուրգեն ջան, Էդիկն է եկել…
Էդիկն իր լացը չկարողացավ զսպել, դուրս եկավ կտուր, ծխախոտը վառեց, մի քանի անգամ ծուխը ներս քաշեց ու հանկարծ բարձր գոռաց.

- ժողովո՜ւրդ, հնարավոր չէ, որ այս զինվորը Գուրգենը լինի։
Գյուղացիք հայտնվել էին անելանելի վիճակում։ Կանչեցին Գուրգենի հորը, հետո մորը։ Նրանք պնդեցին, որ դագաղում պառկածը Գուրգենն է, ստիպված էին մահացածին նստեցնել նույնիսկ, էլի Գուրգենն էր, ոչ մի կասկած չկար, որ զոհվածը Գուրգենն է։ Էդիկը նորից պնդեց.

- Գտեք մեքենա եւ տվեք թույլտվություն` գնամ Գուրգենին բերեմ։
Գյուղի հեղինակավոր մարդիկ անցան գործի, մի խումբը` դեպի զինկոմիսարիատ, մյուսը` ՆԳ բաժին: Ժամ հետո մեքենա նստեցին Էդիկը, Գուրգենի եղբայրը եւ միլիցիայի մեկ աշխատակից ու մեկնեցին առաջին գիծ, որը 150կմ այն կողմ էր։

Հոգեմաշ սպասումը չարիք է մարդկանց համար, այս անգամվա սպասումը, այն էլ` ամբողջ գյուղով, առավել եւս, մանավանդ որ գյուղը ճաշակել էր պատերազմի համն ու հոտն իր սեփական տարածքում եւ այն էլ զոհերով: Օրն ու գիշերը խառնվեցին իրար։ Այդ գիշերը երկարեց, նմանվեց շաբաթների, հետո` ամիսների, ու թվում էր` ուր որ է ժամացույցները դանդաղկոտությունից կանգ կառնեն։ ժամանակն իսկապես կանգ էր առել…

Եվ ահա առավոտյան հեռախոսը զրնգաց. կրակագծից վերադարձող մեքենայի վարորդն էր զանգել քաղաքի ամենամոտ հեռախոսատնից` թաքուն, առանց իմաց տալու մեքենայի ուղեւորներին։ Լսափողը վերցրեց տանտերը.

- Գալիս ենք, Գուրգենի հետ ենք, մի բան արեք` Գուրգենը չտեսնի։
ժամը յոթն էր։ Շատ արագ զոհվածի դին տեղափոխեցին բեռնատար ավտոմեքենայի թափք, մի քանի տղաների հետ ուղղություն վերցրին դեպի քաղաք` հիվանդանոցի դիարան։
Հետո եկավ Գուրգենը, գյուղով մեկ սկսեցին գրկախառնվել, կանգնեցին տան կտուրին: Ոչինչ չկասկածելով պատահածի մասին, Գուրգենը սկսեց պատմել պատերազմի դժվարություններից։ Երկրորդ հարկում սեղանն արդեն պատրաստ էր, բարձրացան, տեսնելով սեղանի ճոխությունն ու մարդկանց տխուր-տրտում հայացքները, հարցրեց.

- Կարո՞ղ է Սաքոյից վատ խաբար է եկել, որ էսպես հրատապ ինձ կանչել եք:

Սաքոն նրա փոքր եղբայրն էր` կռվում էր հյուսիսային ճակատում: Պատասխանեցին` ոչ։
Գյուղի տարեց մի մարդ բաժակը լցրեց ու հայտարարեց լռության րոպե։ Բոլորը ոտքի կանգնեցին:
- Օղորմի զոհվածին, - բարձրաձայնեց տարեցը։

Թվում էր, թե աշխարհի դառնությունները խառնվել են իրար ու լցվել օղու բաժակը եւ, կամա թե ակամա, բոլորը միասին պետք է ճաշակեինք այն:

- Օղորմի, - միաբերան ըմպելով դառնության բաժակը` լռությամբ նստեցին։ Սեղանին բոլորը լաց էին լինում, բաժակն ուղղում կենդանի Գուրգենի կողմը եւ լռությամբ ըմպում ու սրտների մեջ լռությամբ հիշում զոհվածին։ Երկրորդ գիշերը նույնպես գյուղացիք չքնեցին։ Առավոտյան ստիպված եղան պատմել ողջ ճշմարտությունը։

Հետո Գուրգենը մեքենայով շտապ մեկնեց քաղաք, ծաղկեպսակը ձեռքին այցելեց դիարան եւ իր հարգանքի տուրքը մատուցեց զոհվածին, ով իսկապես իր նմանակն էր։
Անցան ամիսներ: Օրերից մի օր երկու ծնող, ամբողջ ռազմաճակատի գիծն անցնելով ու չգտնելով իրենց որդուն, տեղեկանում են, որ Կապանում եղբայրական գերեզմանատանը հանգչում է անհայտ մի զինվորի դի։ Մինչ գերեզմանատուն գնալը նրանք լսում են այս եղելությունը եւ այցելում գյուղ ու զարմանում իրենց որդու նմանակով։ Հաջորդ օրը նրանք գտնում են իրենց զոհված որդու` Գեւորգի շիրիմը եւ աճյունը տեղափոխում Իջեւան` հայրական օջախ։
Երկու ընտանիքի բարեկամությունը շարունակվում է, իսկ ժամանակն անկարող է մաշեցնել այս պատմությունը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: