05/27/2020

Լույս է տեսել Հռիփսիմե Զաքարյանի «Շարլ Ազնավուր» մենագրությունը

2016թ. ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում լույս է տեսել երիտասարդ բանասեր Հռիփսիմե Զաքարյանի «Շարլ Ազնավուր» մենագրությունը, որ նվիրված է աշխարհահռչակ հայ շանսոնյե եւ օտարագիր գրականության ֆրանսիական թեւի բացառիկ ներկայացուցիչ Շարլ Ազնավուրին, ում մեջ երգիչն ու բանաստեղծն ասես միաբանվելով՝ ստեղծել են բանաստեղծական արվեստի այնպիսի գործեր, որոնք պատիվ կբերեն ցանկացած դասական բանաստեղծի:

Քննելով Ազնավուրի բանաստեղծական ժառանգության մոտիվներն ու գեղարվեստական առանձնահատկությունները՝ նա փորձել է ներկայացնել Շարլ Ազնավուր բանաստեղծի տեղն ու դերը օտարագիր հայ գրականության մեջ:

Ինչպես նշում է ուղերթի խոսքում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Կիմ Աղաբեկյանը. «Հռիփսիմե Զաքարյանի ուսումնասիրությունը հրաշալի տպավորություն է թողնում ընթերցողի վրա: Նրա առաջադրած խնդիրները արդիական են եւ ինքնատիպ: Նա մանրամասնությամբ ուսումնասիրել է Ազնավուրի մասին գրված գրքերն ու հոդվածները, երգարվեստի շուրջ եղած կարծիքները, ուսումնասիրել դրանց առանձնահատկությունները, շրջանառության մեջ դրել Ազնավուրի՝ երեւույթների նկատմամբ ունեցած մոտեցումների ներհոգեկան ընկալումները:

Հռիփսիմե Զաքարյանի գիրքը բացում է մեծ երգչի՝ իրականության, ազգային հոգեբանության ներքին շերտերը, հանդիպումի հրճվանքը լիցքավորում բաժանումի տագնապով: Երգը բանաստեղծություն է, բանաստեղծությունը՝ երգ: Հռփսիմեն ընդգծում է մեծ շանսոնյեի ստեղծագործական առանձնահատկությունները: Նա երգի մեղեդայնությունը եւ բանաստեղծական գյուտը ներդաշնակել է համահունչ ամբողջության մեջ:

Հռիփսիմեի այս ուսումնասիրությունը գրված է մեծ սիրով ու նվիրումով եւ արժանի է տպագրության»:

Գիրքը կազմված է ներածությունից, երկու գլխից եւ վերջաբանից: Ներածության մեջ հեղինակը համառոտ ներկայացնում է օտարալեզու հայ գրականության ծագումը, որոշ հայազգի հեղինակների եւ անդրադառնում սփյուռքահայ գրականությանը բնորոշ որոշակի առանձնահատկություններին: «Ազգային ոգու առկայությունը եւ հայ գրական ընտանիքին պատկանելու ցանկությունը բավարար նախադրյալներ են՝ ասելու, որ օտարագիր հայ գրողներից շատերի երկերը պատկանում են նաեւ հայ գեղարվեստական մտքին: Թեեւ ազգային գրականության առաջնահերթ նախապայմանը մայրենի լեզուն է, բայց պատմական ճակատագրով իր հայրենիքից տարագրության դատապարտված հայության համար այդ գրականությունը պետք է համարել ազգային գրականության մաս, - նշում է հեղինակը եւ հավելում, - օտարագիր հայ գրողի ստեղծագործության հիմնական արծարծումներից են ինքնաճանաչումն ու ինքնաբացահայտումը: Գրողը ինքնադրսեւորվելու, իր հույզերն ու խոհերը արտահայտելու համար պետք է իմանա, ճանաչի իրեն եւ հայտնաբերի սեփական էության հատկանիշները, հոգեբանության ու մտայնության ակունքները»:

«Կյանքի ստեղծագործական ուղին» վերնագրով առաջին գլխում Հռիփսիմե Զաքարյանը ներկայացնում է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի ստեղծագործական կյանքի դժվարին, բայց ազնիվ ու մաքրամաքուր ընթացքը՝ իր խոսքն ավարտելով նրա մարդկային անզուգական կերպարի գնահատանքով ու երկարակեցության մաղթանքով. «Ազնավուրը որոշել է ապրել 100 տարի եւ միշտ լինել բեմում ու տա Աստված, որ նրա կյանքը, որը պայծառ եւ ուսանելի մի հրաշալի ֆիլմ է՝ աշխատասիրության, սիրո, հումանիզմի, հայրենասիրության դասերով, շարունակվի»:

Գրքի՝ «Բանաստեղծ երգիչը» երեք ենթագվերնագրից բաղկացած երկրորդ գլխում հեղինակը բացահայտում է Շարլ Ազնավուր բանաստեղծին՝ իր քնարական նուրբ աշխարհով:

«Շանսոնը՝ երաժշտարվեստի ժանր» ենթագլխում հեղինակը համառոտ ներկայացնում է շանսոնի ծագման պատմությունը՝ նշելով, որ շանսոնը երաժշտարվեստի ժանր է, որի ծնունդն ու պատմական զարգացումը տեղի են ունեցել Ֆրանսիայում: Հարյուրամյակներ առաջ շանսոն կատարող երգչին անվանում էին տրուբադուր (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է գտնել, հայտնագործել): 16-րդ դարից սկիզբ առած երգարվեստի նոր՝ շանսոն ժանրն ապրել է իր պատմական զարգացումը: «Շանսոն ժանրի առանձնահատկությունը ոչ միայն երաժշտությունն է, այլեւ ունկնդիրների հետ անմիջական շփումը: Հավանաբար, հենց այդ պատճառով բոլոր ժամանակներում շանսոնը մեծ հաջողություն է ունեցել ունկնդիրների շրջանում»:

«Թարգմանչական արվեստի հնարավորությունների կիրառումը Շարլ Ազնավուրի պոեզիայում» ենթագլխում ազնավուրյան երգերի թարգմանությունների շուրջ է հեղինակը խոսք ծավալում՝ անդրադառնալով Աբրահամ Ալիքյանի, Սամվել Գասպարյանի, Պերճ Թյուրաբյանի կատարած թարգմանություններին: «Ա.Ալիքյանի եւ Ս.Գասպարյանի հայերեն թարգմանությունները հնարավոր չէ երգել, քանի որ թարգմանիչները առավելաբար ընթերցելու, ոչ թե երգելու համար են նախատեսել թարգմանությունները: Դրանք օգնել են մեզ՝ գիտակցելու, թե ինչ բանաստեղծ է Ազնավուրը, իսկ Թյուրաբյանի թարգմանությունները, որոնք արվել են հատկապես երգելու համար, նաեւ բացարձակ բանաստեղծական են եւ որքան բնագրին են հարազատ, այնքան էլ երաժշտական են», - գրում է հեղինակը:

«Շարլ Ազնավուրի պոեզիայի գեղագիտական առանձնահատկությունները» ենթագլխում հեղինակը բացահայտում է Շարլ Ազնավուր բանաստեղծին՝ վերլուծելով հատկապես նրա առավել հայտնի երգ-բանաստեղծությունները: «Ազնավուրի երգերի աշխարհը յուրօրինակ հանրագիտարան է, որում ամեն ինչ կա: Նա, ինչպես արդեն նշել ենք, գրել է տարբեր մոտիվներով, բայց իր երգերի թեման կյանքն է՝ բոլոր կողմերով հանդերձ», - ընդհանրացնում է Հ.Զաքարյանը:

Որպես վերջաբան՝ երիտասարդ բանասերն իր խոսքն ամփոփելով գրում է. «Փոքր ազգի մեծ Մարդը, որը մեծ ազգերի կողմից դեռեւս տասնամյակներ առաջ գրականության եւ արվեստի բնագավառում արժանացել է դափնիների, արժանի է, որ իր իսկ ժողովրդի կողմից գնահատվի ըստ արժանվույն եւ քաղաքական գործիչ ու բարեգործ Ազնավուրի հետ մեկտեղ գնահատվի նաեւ բանաստեղծ երգիչը: Եվ ինչպես սերն է հավերժորեն իշխում երկրի վրա, այնպես էլ նրա հավերժական թեմաների շուրջ պտտվող երգերը, որոնք, անշուշտ, կապրեն հավերժորեն, նաեւ հայերենով կհնչեն ու կթեւածեն աշխարհի բոլոր անկյուններում…»:

Ողջունելի է, որ երիտասարդ բանասեր Հռիփսիմե Զաքարյանն իր գիտական գործունեությունը սկսել է մի այնպիսի տաղանդավոր հայ մարդու բանաստեղծական աշխարհի ուսումնասիրությամբ, ինչպիսին Շարլ Ազնավուրն է: Մաղթենք նրան բանասիրության բնագավառում նորանոր հաջողություններ եւ բեղմնավոր աշխատանք:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: