06/16/2019

Տիրայր Ղահրամանյան. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ մարզպետը պատասխան տա իր արածների համար, իսկ Կապանի քաղաքապետը հեռանա…»

Տիրայր Ղահրամանյան. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ մարզպետը պատասխան տա իր արածների համար, իսկ Կապանի քաղաքապետը հեռանա…»

Այցեքարտ

Տիրայր Ղահրամանյան. ծնվել է Կապանում 1989 թվականին հունիսի 11-ին: Մինչեւ յոթերորդ դասարանը սովորել է Կապանի N2 միջնակարգ դպրոցում, այնուհետեւ տեղափոխվել է N7 միջնակարգ դպրոց: Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում: Նաեւ հաշվապահական դասընթացներ է ավարտել: Հաշվապահությամբ է զբաղվել, այժմ «Սունալուս-շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահն է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապանյան կառույցի հիմնադիրներից է, նրա խորհրդի անդամը:

- Պարոն Ղահրամանյան, ի՞նչ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապանյան կառույց եւ ե՞րբ է հիմնադրվել:

- ՔՊ Կապանի կառույցը հիմնադրվել է 2015թ. վերջին, 2016թ. սկզբին, ղեկավար մարմինը Կապանի տարածքային խորհուրդն է՝ բաղկացած հինգ հոգուց՝ Արշավիր Խալափյան, Մարինա Ղազարյան, Նարեկ Ղահրամանյան, Նարեկ Բաբայան, Տիրայր Ղահրամանյան: Կառույցին ներկայումս անդամակցում է մոտ 40 մարդ: Բայց օրավուր կուսակցությանն անդամագրվել ցանկացողների թիվն ավելանում է:

- Իսկ ի՞նչ կասեք մարզի մյուս տարածաշրջանների՝ Գորիսի, Սիսիանի, Մեղրու մասին:

- Մտադրություն ունենք այդ տարածաշրջաններում եւս կուսակցության գրասենյակներ բացել: Այդ տարածաշրջաններից, նաեւ Քաջարանից, Ագարակից մարդիկ զանգահարում են եւ հայտնում, որ պատրաստ են անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

- Ի՞նչ սկզբունքով եւ պայմաններով եք մարդկանց ընդունում կուսակցության շարքերը:

- Դիմում են տալիս, որից հետո ուսումնասիրում ենք նրա անցյալը, ներկա գործնեությունը, որովհետեւ չի բացառվում, որ Հանրապետական կուսակցությունից դուրս եկած մարդիկ ցանկանան համալրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը: Ցանկացած դիմումատուի կարող ենք ընդառաջել, եթե մարդը նորմալ անցյալ է ունեցել: Բայց եթե ընտրակեղծարար կամ ընտրակաշառք բաժանող է եղել, տեղ չպետք է ունենա մեր շարքերում: Մենք դիմումներն ուղարկում ենք կուսակցության վարչություն, որտեղ էլ ծանոթանում են փաստաթղթերին, ըստ այդմ՝ որոշում նրանց ընդունելության հարցը:

- Քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ բազմաթիվ կոչեր հնչեցրիք, որոնցից մեկն առնչվում էր Սյունիքի մարզպետին, ավելի ստույգ՝ նրա հրաժարականին, մյուսն էլ՝ Կապանի քաղաքապետի հրաժարականին: Այդ կոչերն օրակարգո՞ւմ են, թե՞ պարզապես հնչել-գնացել են:

- Սյունիքի մարզպետն իրեն այնպես է պահել մարզում, որ միայն հրաժարական տալով չի պրծնի: Մենք ամեն ինչ անելու ենք, որ նա պատասխան տա իր արածների համար, մանավանդ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին առնչվող գործողությունների համար: Հանրապետության վարչապետն էլ ասաց, որ հանքարդյունաբերական ձեռնարկություններում ստուգումներ կիրականացվեն: Մենք հետամուտ ենք լինելու, որ Սյունիքի մարզպետը պատասխան տա, քանզի, ամեն ինչից զատ, իր թիկնազորից մարդիկ ապրիլյան իրադարձությունների ժամանակ հարձակվել են ցուցարարների վրա: Նաեւ ֆուտբոլը Կապանից տանելու եւ մարզում կադրային ջարդ անելու համար պիտի պատասխան տա:

Վահե Հակոբյանի հետ կապված խնդիրը մինչեւ թավշյա հեղափոխություն էլ առանձին ներկայացրել ենք Նիկոլ Փաշինյանին:

Մենք մեր տարածաշրջանի առկա խնդիրները հանրայնացնելու ենք, հասցնելու ենք ընդհուպ մինչեւ քննչական ծառայություններ: Նույնն էլ Կապանի համայնքապետին առնչվող: Բոլոր ապօրինությունները ջրի երես պիտի բերվեն:

- Կուզեինք մի հարցի շուրջ եւս զրուցել. հանրության մեջ տպավորություն է ձեւավորվել, որ յուրաքանչյուր հեղափոխությանը հետեւում է պաշտոնակռիվը, ձեր դեպքում, քանի որ վարչապետի կուսակիցներն եք, նման բան կա՞, թե՞ ոչ:

- Կարող եմ հավաստիացնել, որ նման բան չկա, եթե նման բան լիներ, իսկույն հայտնի կդառնար, քանի որ փոքր քաղաքում ենք բնակվում, իրար գիտենք: Եթե կադրային խնդիր էլ ծագի, մենք չենք առաջնորդվի զուտ կուսակցական պատկանելության սկզբունքով: Դուք տեսնում եք, որ ոչ մեկս պաշտոն չունի այս պահի դրությամբ: Մեզ համար կարեւորն անձնավորության մարդկային, մասնագիտական եւ գործնական որակներն են:

- Մի քանի օր է, ինչ բուռն քննարկվում է Սյունիքի մարզպետի հնարավոր թեկնածուների խնդիրը: Տարբեր անուններ են շրջանառվում: Մեկ շաբաթ առաջ էլ տարածվեց, թե այդ պորտֆելը տալիս են «Ծառուկյան» դաշինքին: Իրո՞ք, այդպես է:

- Վերջնական որոշում չկա, ընդամենը խոսակցություններ են:

- Իսկ այդ խնդրում հուշելու, դիրքորոշում հայտնելու հնարավորություն ընձեռվե՞լ է Ձեզ:

- Մեզ հետ քննարկում չի եղել, բայց ասել են, որ մեզ հետ պիտի քննարկեն այդ խնդիրը: Մեր դիրքորոշումն այն էր, որ մարզպետը լինի մեր կուսակցությունից: Բայց քանի որ կառավարությունը կազմվել է կոալիցիոն սկզբունքով, ընբռնումով ենք մոտենում իրավիճակին, որ մարզպետն այլ կուսակցությունից էլ կարող է լինել: Եւ այդ հարցում խոչընդոտ չենք հանդիսանում:

- Նույն կերպ լուրեր էին շրջանառվում Կապանի համայնքապետի առնչությամբ: Ասում էին, որ Ձեր կուսակցությունը հավակնում է այդ պաշտոնում տեսնել…

- Դարձյալ քննարկման փուլում է: Առայժմ հստակ ոչինչ չկա: Մի բան է հստակ՝ քաղաքում ստեղծված նոր իրավիճակում չի կարող Աշոտ Հայրապետյանը վարել այդ պաշտոնը:

- Եվ վարչապետը, եւ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն էլ թաքցնում, որ ներկա կառավարության առաջնահերթություններից մեկն  արտահերթ խորհրդանական ընտրությունների անցկացումն է: Դուք շատ լավ իմանալով Կապանը, նաեւ Սյունիքը, ինչպե՞ս եք գնահատում ուժերի ներկա դասավորությունը Սյունիքում:

- Վստահ եմ՝ եթե Ընտրական օրենսգիրքը փոխվի, ռեյտինգային  համակարգը վերանա, հարյուր տոկոսանոց համամասնական սկզբունքը գործի դրվի, մեր կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կապահովի ե՛ւ Կապանում, ե՛ւ Սյունիքում: Ըստ իս՝ առաջիկա ընտրություններում բացառվելու են ե՛ւ ընտրակաշառքը, ե՛ւ ահաբեկումը, ե՛ւ այլ արատավոր երեւույթներ: Ամենամաքուր ընտրությունները պիտի կազմակերպենք…

- Եվ չե՞ք կարծում, որ եթե մարզպետը, համայնքապետերը Ձեր կուսակցությունից չլինեն, Ձեր նշած ամենամաքուր ընտրություններն անիրականանալի խնդիր կդառնան առնվազն Սյունիքում:

- Մենք նաեւ այդ հանգամանքն ենք հաշվի առել: Իշխանական լծակները միշտ էլ վճռորոշ դեր են խաղում ընտրությունների ժամանակ, բայց չենք կասկածում, որ ընտրությունները կանցնեն օրինականության սահմաններում: Համոզված ենք, որ մարդիկ ազատ կամարտահայտման հնարավորություն կունենան:

- Եթե անկեղծ լինենք՝ հեղափոխության շունչը դժվար է հասնում մեր մարզ, կես-լուրջ, կես-կատակ ասում են՝ հեղափոխության արդյունքն առայժմ այն է, որ հայտնի թռչող սարքը Կապանի երկնակամարում չի երեւում այլեւս: Բայց մեզ համար հաճելի նորությունն այն է, որ վարչապետի հանձնարարությամբ հանրապետության լեռնամետալուրգիական ձեռնարկություններում ստուգումներ են անցկացվելու:

- Դա նաեւ նրանով է պայմանավորված, որ խոշոր հարկատուների ցուցակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատ» ՓԲԸ-ն զգալիորեն զիջել է դիրքերը, թեեւ հանքաքարի արդյունահանման ծավալները գնալով ավելացել են: Հանքարդյունաբերական ձեռնարկություններ Հայաստանում շատ կան, բայց, կարծում եմ, ստուգումները, նախեւառաջ, Սյունիքին են վերաբերում, մասնավորապես հանրապետության լեռնահանքային հսկային` Քաջարանի կոմբինատին:

- Ձեր կուսակցությունը դիրքորոշում ունի՞ այդ կապակցությամբ:

- Մենք էլ ենք կարծում, որ անպայման ստուգումներ պիտի լինեն, այն տպավորությունն ունենք, որ Վահե Հակոբյանի խարդախությունների հետեւանքով է, որ Քաջարանի կոմբինատը հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը: Ավելին՝ մի բուռ մարդկանց, հիմնականում ղեկավարների, աշխատավարձը միլիոնների է հասնում` ընդհուպ քսան միլիոն, իսկ բանող զանգվածինը` 100-220 հազար դրամ, ինչի համար վերջերս ընդվզում եղավ կոմբինատում, դադարեցվեց ձեռնարկության աշխատանքը, որն աննախադեպ երեւույթ էր վերջին քսան-քսանհինգ տարում:

- Եթե չենք սխալվում, Ձեզ հետ նաեւ կոմբինատից խտանյութ տեղափոխող բեռնատարների տեղացի վարորդներն են հանդիպել: Մի քանի խոսք այդ մասին:

- Վարորդներն ասում էին, որ խտանյութը հիմնականում տեղափոխում են մարզպետի բեռնատարները, ինչի պատճառով իրենք անգործ են մնացել: Նախեւառաջ տեղացի վարորդները  պիտի տեղափոխեն բեռները, մեզ համար անընդունելի է, որ դրսեկ վարորդներն ապահովված են աշխատանքով, իսկ տեղացի վարորդներն անգործ են մնացել:

- Դուք երաշխիք կտա՞ք, իշխող կուսակցություն լինելով հանդերձ, որ չեք թողնի տարբեր պատեհապաշտներ սողոսկեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը:

- Դա լուրջ պրոբլեմ է, որովհետեւ մեզ շատ են դիմում. փող բաժանող հանրապետականն է գալիս, այլ կուսակցություններից եւս դիմողներ կան: Կապանում բոլորին գիտենք: Դիմումատուների կենսագրությունները, ինչպես նշեցի քիչ առաջ, ներկայացնում ենք մայրաքաղաք` կուսակցության կենտրոնակայան, այնտեղ պիտի որոշվի` ընդունե՞լ կուսակցության շարքերը, թե՞ ոչ: Եթե իր կենսագրության վրա բիծ է ունեցել, միանշանակ չի ընդունվելու կուսակցության շարքերը:

- Ձեր կուսակցության դիրքորոշումը, որքանով հասկանում ենք, Սյունիքում իրականացվող տարածքային քաղաքականության համար կարեւոր է լինելու, ինչպե՞ս եք կարողանալու Ձեր մոտեցումները տեղյակ դարձնել հանրությանը:

- Մեր գրասենյակի միջոցով, նաեւ մեր ֆեյսբուքյան էջով, լրատվամիջոցներով եւ մյուս հնարավոր խողովակներով:

- Վերջին ժամանակներս Կապանում մեծ աղմուկ բարձրացրած հարցերից մեկն էլ մարզադաշտի հետ է կապված, ավելի ստույգ` այն մասին, որ «Գանձասար-Կապան» թիմը տնային հանդիպումները դրսում է անցկացնում:

- Այո, Սյունիքի ներկայիս մարզպետը կապանցի ֆուտբոլիստներին զրկել է իրենց մարզադաշտում խաղալու հնարավորությունից: Կապանյան թիմը հանրապետության գավաթն է նվաճել, բայց հաղթանակը տոնում  են Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Քաջարանում: Որքանո՞վ է դա տրամաբանական: Հավանաբար մարզպետը վախենում է նման միջոցառում կազմակերպել Կապանում. դա կարող է համաքաղաքային բողոքի նոր ալիք բարձրացնել: Մենք (դեռեւս մինչեւ վարչապետ դառնալը) Կապանի մարզադաշտի խնդրով դիմել ենք Նիկոլ Փաշինյանին, ով հավաստիացրել է, որ հարցը դրական լուծում կստանա՝ հօգուտ Կապանի:

Մեկ տարուց ավելի է` այդ հարցով զբաղվում ենք, ձգտում ենք, որ գոնե օգոստոսից, երբ մեկնարկի նոր խաղաշրջանը, «Գանձասարը» հանդես գա սեփական հարկի տակ:

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ եւ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: