06/16/2019

Աղվան Հովսեփյանի որդին Վահեի գլխավորած մասնավոր հիմնադրամին նվիրաբերել է 51 մլն դրամ, ինչո՞ւ

Աղվան Հովսեփյանի որդին Վահեի գլխավորած մասնավոր հիմնադրամին նվիրաբերել է 51 մլն դրամ, ինչո՞ւ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը, որի հիմնադիրն է Քաջարանի կոմբինատը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր եւ է Վահե Հակոբյանը, 2016 թվականին ունեցել է 883.3 մլն դրամ ֆինանսական մուտքեր:

Ֆինանսավորման աղբյուրների մեջ նշված է նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար, շատ հարգելի  Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակ Աղվանի Հովսեփյանի անունը, ով 50 մլն դրամ է նվիրաբերել Վահե Հակոբյանի գլխավորած մասնավոր հիմնադրամին:

Հիմնադրամին 1 մլն դրամ է նվիրաբերել «Բելազ Կավկազ Տրանս Սերվիս» ՍՊ ընկերությունը, որը նույնպես պատկանում է Միսակ Հովսեփյանին:

Առաջին հայացքից առավել քան սովորական վիճակ է՝ քաղաքացին 51 մլն դրամ է նվիրաբերել ինչ-որ մասնավոր հիմնադրամի, բայց…

Հայաստանի երրորդ հանրապետության ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Աղվան Հովսեփյանի ընտանիքը 51 մլն դրամ է նվիրաբերում Հայաստանի ամենախոշոր լեռնահանքային ընկերության՝ Քաջարանի կոմբինատի կողմից հիմնադրված մասնավոր հիմնադրամին:Դա էլ, միգուցե, համարենք սովորական հանգամանք, սակայն…

Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող «Բելազ Կավկազ Տրանս Սերվիս» ՍՊ ընկերությունն առեւտրային կապերի մեջ է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության հետ, որի ստվերային ղեկավարը 2014-ի հուլիսից Վահե Հակոբյանն է:

Ըստ Քաջարանից ստացված տեղեկությունների՝ այդ ՍՊԸ-ն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ին մատակարարում «Բելազ» -ի եւ այլ մեքենաների ավտոդողեր. այո, հենց այդ ՍՊ ընկերությանն է տրվել բացառիկ այդ բիզնեսը:

Այնուհետեւ՝ Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող մեկ այլ ընկերություն էլ Մեղրի գետի վրա կառուցել եւ շարունակում է կառուցել հիդրոէլեկտրակայաններ:

Սակավաջուր, իսկ ամռան ամիսներին գրեթե ջրազուրկ Մեղրի գետի վրա հէկերի կառուցման դեմ ընդվզող մեղրեցիների դժգոհություններին հետեւողականորեն ընթացք չի տվել Սյունիքի երբեմնի մարզպետ Վահե Հակոբյանը:

Կարելի է ենթադրել, որ Աղվան Հովսեփյան զորավոր մարդու ընտանիքը հենց այդ կապերի եւ առնչությունների անսասանությունն ապահովելու համար է երախտագիտություն հայտնել Վահեին՝ նրա գլխավորած մասնավոր հիմնադրամին նվիրաբերելով 51 մլն դրամ:

Հո չե՞նք ասի, որ  գումարը տրվել է Սյունիքի մարզին, մանավանդ որ պարզ չէ դեռեւս, թե այդ հիմնադրամը Սյունիքում ինչ աշխատանքներ է կատարել:

Դա էլ՝ մի կողմ:

Այլ հարց է հիմա մեզ հետաքրքրում:

Արդյո՞ք Աղվան Հովսեփյանի ընտանիքն այդկերպ է միայն երախտագիտություն հայտնել Վահե Հակոբյանին:Արդյո՞ք այդ կապերի եւ առնչությունների շնորհիվ էր, որ Վահե ավազակապետը տեղի-անտեղի հայտարարում էր, թե ինքն է Սյունիքում քրեական գործեր հարուցում, քրեական գործեր կարճում, նախաքննության ժամկետներ երկարաձգում:

Արդյո՞ք «Բելազ»-ի ավտոդողերի մատակարարման անխափանությունն ապահովելու համար չէ ՀՀ քննչական կոմիտեն լռությամբ հետեւել, թե ինչպես է Սյունիքի ավազակապետը,  տեղի ոստիկանների ինքնիրավչությամբ, շրջանցելով Հայաստանի Հանրապետության օրենքներն ու Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, «Սյունյաց երկրի» դեմ մի քանի օրվա ընթացքում չորս-հինգ քրեական գործ  շինել:

Մենք չկարողացանք ձեռք բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի 2015 եւ 2017 թվականների հաշվետվությունները եւս. հակառակ գործող օրենքի ՝ դրանք չեն հրապարակվել սահմանված կարգով: Ուստի եւ չենք կարող ասել, թե վերոգրյալ առեւտրային հարաբերություններն ինչ դրսեւորումներ են ունեցել 2015 եւ 2017 թվականներին: Առայժմ խոսքը միայն 2016-ի մասին է:

Եւ հույս ենք հայտնում, որ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությանն առնչվող քրեական հնարված գործերի նախաքննության ընթացքում, Վահե Հակոբյանին հարցաքննելուց բացի, ջրի երես կհանվի Վահե Հակոբյանի եւ Աղվան Հովսեփյանի ընտանիքի առեւտրային կապերի ամբողջական պատկերը, այլապես խոսք լինել չի կարող նախաքննության օբյեկտիվության եւ օրինականության մասին:

Սամվել Ալեքսանյան













ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: