06/16/2019

Կապանում չկայացավ «Արարատցեմենտի» արտադրամաս կառուցելու վերաբերյալ հանրային քննարկումը

Կապանում չկայացավ «Արարատցեմենտի» արտադրամաս կառուցելու վերաբերյալ հանրային քննարկումը

Այսօր ժամը 15-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում պիտի տեղի ունենար «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված Կապան քաղաքում նախատեսվող թիվ 2 ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների երրորդ փուլը: Բայց մինչեւ հանրային քննարկումը սկսվելը «Երկիր ծիրանի», «Ելք» կուսակցությունների ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, բնապահպանները շրջափակել էին համայնքապետարանի դահլիճի մուտքը: Իսկ երբ սկսվեց քննարկումը, նրանք  մտան դահլիճ եւ վանկարկումներով ու իրենց պահանջներով փաստորեն վիժեցրին հանրային քննարկումը: Նրանց մտահոգությունն այն էր, որ տարածաշրջանի բնապահպանական խնդիրներին ավելանում է եւս մեկը: «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության գլխավոր իրավաբան Ալիկ Ալեքսանյանը հայտնեց, որ վերջին տասը օրում կապանցիներից որեւէ հարցադրում, մտահոգություն, առաջարկություն չեն ստացել: Որեւէ մտահոգվող անձ կառուցվող արտադրամասի շինհրապարակ չի այցելել: Ի վերջո, Կապանի համայնքապետի տեղակալ Արգամ Գրիգորյանը, որ վարում էր հանրային քննարկումը, այն չկայացած համարեց, ինչից հետո միայն կրքերը հանդարտվեցին: 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: