09/18/2019

Գորիսի պետական համալսարանի ռեկտորն արմատական քայլերի է դիմում

Գորիսի պետական համալսարանի ռեկտորն արմատական քայլերի է դիմում

Գորիսի պետական համալսարանից ստացված տեղեկությունների համաձայն՝ ռեկտոր Արտյուշա Ղուկասյանի հուլիսի 3-ի հրամանով համալսարանի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Մհեր Քումունցն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. դրան նախորդել էր կարգապահական երկու տույժ:

Հիշեցնենք, որ Մ. Քումունցը դեկան էր ընտրվել 2017թ. դեկտեմբերին` հասարակությանը հայտնի աղմկահարույց ընտրությունների բովում: ԳՊՀ 2018թ. հունվարի 19-ի գիտական խորհրդի նիստում ռեկտոր Ա. Ղուկասյանը հայտնել էր ընտրության արդյունքների հավաստիության հետ կապված իր մտահոգությունները եւ հայտարարել այն չեղարկելու իր մտադրության մասին: Սակայն կարճ ժամանակ անց հաստատել էր արդյունքները եւ Մ. Քումունցի հետ կնքել աշխատանքային պայմանագիր, ինչպես դեկանի ընտրության կարգն է սահմանում:

Ս.թ. հունիսի 15-ին համալսարանում գումարված գիտական խորհրդի նիստից հետո, որը լուսաբանվեց նաեւ «Սյունյաց երկիր» թերթում, Մ. Քումունցն իր ֆեյսբուքյան էջում հանկարծակի հանդես եկավ ռեկտորի հրաժարականի պահանջի հայտարարությամբ եւ տարբեր մեդիահարթակներում սանձազերծեց մեղադրանքների շարան:

Խնդիրը ծագել էր համալսարանում ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Սյունիքի հոգեւոր եւ նյութական ժառանգությունը» խորագրով գիտական ծրագրի շուրջ, որը 2019 թվականին ղեկավարելու համար հայտ էր ներկայացրել ոչ միայն ծրագրի հիմնադիր ղեկավար Մարտին Զիլֆուղարյանը, այլեւ Մ. Քումունցը, ով պահանջ էր դրել գիտական խորհրդի առջեւ` մերժել Զիլֆուղարյանի հայտը եւ առաջնությունը տալ իր հայտին:

Համալսարանում վերջին օրերին տեղի ունեցող խմորումներին, ռեկտորի կողմից կիրառված կարգապահական տույժերի հանգամանքներին կփորձենք առաջիկայում անդրադառնալ ռեկտորի հետ հարցազրույցի շրջանակում:

Հավելենք, որ Ա. Ղուկասյանի մեկ այլ հրամանով կարգապահական տույժի է ենթարկվել նաեւ համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ Մալիկ Թելունցը: 

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: