08/22/2019

Մեկնարկեց ամառային զորակոչը

Մեկնարկեց ամառային զորակոչը

Մարզկենտրոն Կապանում հուլիս 8-ին մեկնարկեց հայոց ազգային բանակի ամառային թարմացման գործընթացը: Զինվորացու տղաները գնացին փոխարինելու սահմանադրական պարտքը կատարած իրենց ավագ ընկերներին: Առաջին անգամ զորակոչն իրականացրեց Սյունիքի մարզի զինկոմիսարիատը: Զորակոչի անդրանիկ հավաքն ավանդույթի համաձայն մեկնարկեց Գարեգին Նժդեհի հուշահամալիրից, իսկ մինչ այդ հայրենիքի ապագա պաշտպաններին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հայրենիքին արժանապատվորեն ծառայելու օրհնանքներ եւ մաղթանքներ հղեց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը:

«Խաղաղությամբ ծառայեք եւ վերադառնաք ձեր օջախները: Եղեք համբերատար եւ հարգալից բոլորի նկատմամբ, սիրեք մեկմեկու, դուք թանկ եք մեզանից յուրաքանչյուրի համար: Ձեր հայրենիքը, նրանց անդորրը, ձեր մայրերի, քույրերի, եղբայրների խաղաղությանը: Որպես ժողովուրդ մենք խաղաղասեր ենք եւ որեւէ մեկի ունեցվածքի վրա աչք չենք դրել: Սակայն չպետք է կորցնենք մեր զգոնությունը, եւ միշտ պատրաստ լինենք թշնամուն հակահարված տալ: Իսկ դրա համար, առաջին հերթին, պիտի ունենանք ուժեղ եւ միասնական բանակ: Ուժեղ բանակ, նախեւառաջ մտքով, ոգով, հավատքով եւ բազկով»,- պատգամեց հոգեւոր հովիվը: Իսկ հուշահամալիրում արդեն հնչում էին ազգային- հայրենասիրական երգեր, զինակոչիկների հարազատներն ու մտերիմները սպասում էին միջոցառումը սկսելուն: Զորակոչի անդրանիկ հավաքին մասնակցում էին մարզային եւ համայնքնային իշխանությունների ներկայացուցիչներ, արցախյան գոյամարտի մասնակիցներ, զինվորականներ, տարբեր զբաղմունքի եւ տարիքի մարդիկ:

Ապագա զինվորները նախ ծաղիկներ խոնարհեցին հայ ազգի նվիրյալ Գարեգին Նժդեհի հուշարձանին, այնուհետեւ Սյունիքի զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի պետ, փոխգնդապետ Գարիկ Ներսիսյանը զեկուցեց Սյունիքի զինկոմին զինակոչիկների՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնելու մասին: Հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը: Հայոց ազգային բանակի ապագա պաշտպաններին ողջերթի խոսքեր հղեց Սյունիքի զինկոմ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Արարատ Մանուչարյանը: Սյունիքի զինկոմը մասնավորապես այն միտքը հայտնեց, որ սյունեցի զինակոչիկները պարտավոր են շարունակել իրենց հայրերի ավանդույթները, ովքեր Արցախյան գոյամարտի տարիներին հակառակորդին հետ մղեցին մեր սահմաններից, այլեւ ազատագրեցին մեր պատմական տարածքները:

Կապանի համայնքապետարանի կողմից զինակոչիկներին հանձնվեցին հիգիենիայի պարագաներով փաթեթներ:

«Թող այսօրվա զինակոչիկները լինեն խաղաղ օրերի զինվորներ»,- այսպես կարելի է ձեւակերպել բանակ ճանապարհողների մաղթանքը:

Ամառային զորակոչի անդրանիկ հավաքի ժամանակ Կապանի եւ Քաջարանի տարածաշրջաններից կենտրոնական հավաքակայան մեկնեց 50 զորակոչիկ՝ համալրելու հայոց բանակի շարքերը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: