06/16/2019

Գրքերի շնորհանդես

Գրքերի շնորհանդես

Գիրքը ընթերցողին մոտեցնելու նպատակով Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում «Էդիթ-Պրինտ» հրատարակչությունը եւ «Սյուն» գրախանութների ցանցը համատեղ կազմակերպել էին միանգամից երկու գրքի շնորհանդես: «Խաղացողը» գիրքը հեղինակել է ամերիկացի հետաքննող լրագրող, կենսագրական գրքերի հեղինակ Ուիլյամ Չ. Ռեմփելը: Սա գիրք է այն մասին, թե ինչպես անփող, ութամյա կրթությամբ, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարներից մեկը: Երկրորդ գրքի «Հայկական թավշյա հեղափոխություն» հեղինակը քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանն է: Գրքում ներկայացվում է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018թ.մարտի 31-ից, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրի քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց  քայլարշավը միչեւ Երեւան, մինչեւ մայիսի 8-ը, երբ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ:

Թատրոնի դահլիճում մշակութային այս միջոցառման առթիվ բարեմաղթանքի խոսք ասաց Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը: «Էդիթ-Պրինտ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը ներկայացրեց «Էդիթ-Պրինտ» հրատարակչությանը, որ հիմնադրվել է մոտ 25 տարի առաջ: Պատմեց, թե վերջերս ինչ գրքեր են դրվել ընթերցողի սեղանին: Մասնավորապես, «Խաղացողը» գիրքը լեւյս է տեսել այս տարվա հունվարի 23-ին եւ հասցրել դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային բեսթսելլեր՝ այսինքն՝ ամենաշատ վաճառված գրքերից: «Էդիթ-Պրինտ» հրատարակչությունն անմիջապես ձեռք բերեց գրքի հեղինակային իրավունքը եւ այն Հայաստանում արդեն իսկ հասցրել է դառնալ ազգային բեսթսելլեր: «Էդիթ Պրինտ» հրատարակչության կոմերցիոն տնօրեն Արեգ Կարապետյանը նշեց, որ իրենց համար շատ կարեւոր է, որ մարզաբնակ ընթերցասերն անմասն չմնա մշակութային միջոցառումներից: Նաեւ նշեց, որ երկու գրքերն էլ լույս են ընծայվել միաժամանակ: Գրքերի շնորհանդեսի անհրաժեշտությունը իր ելույթում կարեւորեց «Ծիածան» առաջնորդների կենտրոնի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը: 

Ի դեպ, թատրոնի ճեմասրահում «Էդիթ-Պրինտ» հրատարակչության գրքերի ցուցադրանք-վաճառք էր կազմակերպվել: Կապանցի ընթերցողը հնարավորություն ունեցավ ձեռք բերել իր նախընտրած գիրքը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: