06/16/2019

Բնապահպանության նախարարը Սյունիքում

Բնապահպանության նախարարը Սյունիքում

Բնապահպանության նախարարության ստորաբաժանումների գործունեությանը, մասնավորապես, հատուկ պահպանվող տարածքներին աջակցության ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով երկօրյա այցով Սյունիքում էր բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նրան ուղեկցում էին նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, կենսաբազմազանության կառավարման գործակալության պետ Արտյոմ Թարզյանը, նախարարության աշխատակիցներ, լրագրողներ: Պատվիրակության կազմում էր գերմանական զարգացման բանկի (KFW) Արեւելյան  Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների էներգակիրների եւ բնական պաշարների ծրագրի գլխավոր մասնագետ Ալվարո Բերիելը: Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի, բնապահպանության նախարարության մարզային եւ տեղական կառույցների ղեկավարների հետ: Նախարարը, նախեւառաջ, ներկայացրեց առաջիկայում ներկայացվելիք ծրագրերը, տեղեկացրեց, որ «Հայանտառի» Կապանի մասնաճյուղի միջոցով Շիկահողի եւ հարակից գյուղերի բնակիչներին 2300 խորանարդ մետր վառելափայտ է հատկացվելու: Գործնական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում  «Հայանտառի» Կապանի անտառտնտեսությանը եւ Զանգեզուրի կենսոլորտային համալիրին նոր մեքենաներ էին հատկացվել, որոնք ցուցադրված էին Գարեգին Նժդեհի հրապարակում:

«Հատուկ պահպանվող տարածքներ. Հայաստան» ծրագրի շրջանակում «Հայանտառի» Կապանի անտառտնտեսության, Զանգեզուրի կենսոլորտային համալիրի եւ ջրային ռեսուրսների կառավարման մարզային կենտրոնի համար ձեռք է բերվել նոր տարածք՝ Մինաս Պապյան 10ա հասցեում (այդտեղ նախկինում «Խուստուփ» հեռուստատեսությունն էր): Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց այդտեղ, ծանոթացավ երկհարկանի կառույցի շենքային պայմաններին: Այնուհետեւ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի գրասենյակում  զրույց անցկացրեց կառույցի աշխատակիցների եւ մարզի բնապահպանության ոլորտի պատասխանատուների հետ, խոսվեց առկա խնդիրների ու դժվարությունների մասին, քննարկվեցին էկոտուրիզմի զարգացման հետ առնչվող խնդիրներ:

Աշխատանքային օրվա ավարտին Է. Գրիգորյանը մարզպետարանի դահլիճում հանդիպեց հասրակական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների, ազդակիր բնակավայրերի բնակիչների հետ: Վերջիններս, մասնավորապես, բարձրաձայնեցին Արծվանիկի պոչամբարի հետ կապված բնապահպանական խնդիրներ:

Սեպտեմբերի 15-ին նշվում է համաշխարհային մաքրության օրը: «Մաքուր մոլորակ» միջոցառման շրջանակում բնապահպանության նախարարության պատվիրակությունը Սյունիքի մարզպետ Կարեն  Համբարձումյանը, Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը, Կապանի 6 հիմնական դպրոցի աշակերտներն այցելեցին Շիկահող: Ճանապարհին սանմաքրման աշխատանքներ կատարեցին՝ պլաստիկ եւ կենցաղային աղբից մաքրելով աղբյուրի տարածքը (տեղացիները Կռնասի աղբյուր են ասում): Այնուհետեւ նախարարը եւ մարզպետը Շիկահողի գյուղամիջում հանդիպեցին իրենց սպասող բնակիչներին (նրանց բարձրացրած հարցերը վերաբերում էին վառելափայտին): Հետո այցելեցին Շիկահողի պետարգելոցի պետական շենք, որտեղ ծանոթացան զբոսաշրջիկների համար ստեղծված պայմաններին, եղան գյուղի սուրբ Ստեփանոս նախավկա եկեղեցում:

Վահրամ Օրբելյան

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: