11/15/2019

Արցախը որոշիչ ձայն ունի, բանակցություններում ներգրավելու հարցում դրական դինամիկա կա․ հանդիպել են ՀՀ եւ Արցախի ԱԳՆ-ները

Արցախը որոշիչ ձայն ունի, բանակցություններում ներգրավելու հարցում դրական դինամիկա կա․ հանդիպել են ՀՀ եւ Արցախի ԱԳՆ-ները

Այսօր՝ հունվարի 12-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի եւ Արցախի ԱԳՆ ղեկավարները կարեւորել են երկու քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացվող պարբերական քաղաքական խորհրդակցությունները եւ արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Զոհրաբ Մնացականյանը եւ Մասիս Մայիլյանը հանգամանալից մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության ծրագրում դեռեւս նախորդ տարվա մայիսին ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արտացոլված սկզբունքները: Նա մասնավորապես ընդգծել է, որ Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են, եւ վերստին շեշտել է խաղաղության գործընթացում Արցախի որոշիչ ձայնի ու ներգրավվածության կարեւորությունը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ այս դիրքորոշումը քաջածանոթ է հատկապես նրանց, ովքեր Հայաստանի հետ ներգրավված են հանգուցալուծման գործընթացում: Ընդ որում, այս շրջանակներում վերջին ամիսներին անցկացվող հանդիպումներն արձանագրել են դրական դինամիկա:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն` երեկ կառավարության ընդլայնված նիստում  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են։

Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ հիմնահարցի հանգուցալուծման համար հարկավոր է հակամարտության բոլոր կողմերի` խաղաղության հասնելու իրական հանձնառությունը: Կարեւորվել է լարվածության բացառման, ռիսկերի նվազեցման գործիքների կիրառման եւ դրանց շարունակական զարգացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, որոնք բաղկացուցիչ մասն են կազմում խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման համար: Երկուստեք նշվել է, որ ագրեսիվ հռետորաբանության օգտագործումից զերծ մնալը կարող է լավագույնս բնորոշել խաղաղ հանգուցալուծման հանձնառությունը:

Կողմերը եւս մեկ անգամ ընդգծել են, որ խաղաղությունը գերակա է, բայց դա չպետք է շփոթվի վճռականության պակասի հետ:

Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են առաջիկայում Մինսկի խմբի համանախագահների օրակարգում ներառված միջոցառումներին եւ կարեւորել են դրանց նախօրեին միմյանց միջեւ մտքերի փոխանակման ձեւավորված գործառույթը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Արցախի միջեւ ոլորտային համագործակցությանն ու երկկողմ օրակարգին առնչվող հարցերին:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: